2012
Եղեք անվեհեր խիզախության, ուժի և գործի մեջ
Նոյեմբեր 2012


Եղեք անվեհեր խիզախության, ուժի և գործի մեջ

Նկար
Bishop Gary E. Stevenson

Արժանի եղեք ինչպես 2000 պատանի զինվորները՝ լինելով անվեհեր խիզախության մեջ որպես արժանի քահանայություն կրողներ:

Այսօր ես հատկապես օրհնված եմ զգում որպես եպիսկոպոս խոսել երիտասարդ տղամարդկանց համար՝ Ահարոնյան Քահանյություն կրողների, ովքեր հավաքվել են ողջ աշխարհից քահանայության այս ընդհանուր ժողովում: Ես կկիսվեմ ձեզ հետ Մորմոնի Գրքի պատմվածքով, որը նկարագրում է Հելամանին և նրա 2000 պատանի զինվորներին: Այս սուրբ գրությունը ներըմբռնում կտա ձեզ այդ հնադարյան երիտասարդ տղամարդկանց բնավորության վերաբերյալ և կոգեշնչի ձեզ՝ վերջին օրերի երիտասարդ տղամարդիկ: Ես մեջ կբերեմ մի սիրված սուրբ գրության հատված. «Եվ նրանք բոլորը պատանիներ էին, և նրանք անսահման անվեհեր էին խիզախության մեջ, և նաև ուժի և գործունեության մեջ. Բայց ահա դա բոլորը չէր, նրանք տղաներ էին, որոնք հավատարիմ էին բոլոր դեպքերում»:1 Խիզախություն, ուժ, գործունեություն և ճշմարտություն՝ ինչպիսի հիանալի բնավորության գծեր:

Ես կկամենայի կենտրոնանալ առաջին հատկանիշի վրա, որը նկարագրում է նրանց. «անվեհեր խիզախության մեջ» արտահայտությունը: Իմ կարծիքով սա նկարագրում է այս երիտասարդ տղամարդկանց համոզմունքը խիզախորեն անելու այն, ինչ ճիշտ է, կամ ինչպես Ալման է նկարագրում. «կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում. … և բոլոր տեղերում»:2 2000 պատանի զինվորները անհաշիվ անգամներ ցույց տվեցին իրենց խիզախությունը: Ձեզանից յուրաքանչյուրը ևս կունենա խիզախություն պահանջող նշանակալի պահեր ձեր կյանքում: Իմ ընկեր Ջոնը կիսվել է ինձ հետ իր կյանքի այդ պահերից մեկով:

Տարիներ առաջ Ջոնը ընդունվել էր Ճապոնիայի մի բարձրակարգ համալսարան: Ողջ աշխարհից ուրիշ շատ բարձրակարգ ուսանողների հետ միասին նա մասնակցելու էր միջազգային ուսանողական մի ծրագրի: Ոմանք ցուցակագրվել էին իրենց հասկացողությունը խորացնելու՝ մշակույթի և լեզվի ասպարեզում, մյուսներն էլ ընդունվել էին՝ համարելով դա որպես սկզբնական կրթություն՝ Ճապոնիայում վերջնական մասնագիտություն ձեռք բերելու և աշխատելու համար, բայց բոլորն էլ թողել էին իրենց տունը՝ օտար երկրում սովորելու համար:

Ջոնի ժամանելուց ոչ շատ անց մի երեկույթի մասին խոսակցություններ տարածվեցին օտարերկրյա ուսանողների մեջ, որը տեղի էր ունենալու մասնավոր շենքի տանիքին: Այդ երեկո Ջոնը և երկու ընկերներ ուղևորվեցին դեպի ազդարարված հասցեն:

Վերելակով բարձրանալով շենքի տանիքը Ջոնը և իր ընկերները բարձրացան միակ նեղ աստիճաններով, որը տանում էր դեպի տանիքի վերնամասը և սկսեցին ծանոթանալ մյուսների հետ: Երբ գիշերը խորացավ մթնոլորտը փոխվեց: Աղմուկը, երաժշտության բարձր ձայնը և ալկոհոլը առատացավ՝ Ջոնի անհարմարավետության զգացումի հետ զուգահեռ: Ապա, հանկարծ, ինչ-որ մեկը սկսեց ուսանողների լայն շրջան կազմել մարիխուանայի ծխախոտ բաժանելու մտադրությամբ: Ջոնը դեմքի դժգոհ արտահայտությամբ իր երկու ընկերեներին հայտնեց, որ ժամանակն էր հեռանալու: Գրեթե ծաղրական տոնով նրանցից մեկը պատասխանեց. «Ջոն դա հեշտ է, մենք ուղղակի կկանգնենք շրջանի մեջ և երբ մեր հերթը գա, մենք, ծխելու փոխարեն, այն կփոխանցենք մյուսներին: Այդ ձևով մենք չենք ամաչի բոլորի առջև հեռանալով»: Դա Ջոնի համար հեշտ էր հնչում, բայց ոչ ճիշտ: Նա գիտեր, որ պետք է հայտարարեր իր մտադրությունը և գործեր: Մի րոպեից նա տիրապետեց իր խիզախությանը և ասաց նրանց, որ իրենք կարող էին անել, ինչպես ցանկանում էին, բայց նա հեռանում էր: Ընկերներից մեկը որոշեց մնալ և միացավ շրջանին, մյուսը դժկամորեն հետևեց Ջոնին՝ աստիճաններով ներքև իջնելով՝ վերելակ նստելու համար: Ի մեծ զարմանս նրանց, երբ վերելակի դռները բացվեցին, ճապոնական ոստիկանության սպաները դուրս թափվեցին, անցան նրանց կողքով և շտապեցին աստիճաններով դեպի վեր՝ տանիքի վերնամասը: Ջոնը և նրա ընկերը վերելակ մտան և հեռացան:

Երբ ոստիկանությունը հայտնվեց աստիճանների վերևնամասում, ուսանողներն արագ իրենց անօրինականթմրանյութով ծխախոտները տանիքից շպրտեցին, որպեսզի չբռնվեին: Սակայն աստիճանները վերահսկողության տակ պահելով՝ սպաները շարք կանգնեցրին բոլորին տանիքին և խնդրեցին, որ յուրաքանչյուր ուսանող առաջ մեկներ երկու ձեռքերը: Ապա սպաները քայլեցին շարքով, ուշադիր հոտոտելով յուրաքանչյուր ուսանողի բթամատերն ու ցուցամատերը: Բոլորը, ովքեր բռնել էին մարիխունան, անկախ նրանից ծխել էին թե ոչ, հանցավոր ճանաչվեցին և եղան վիթխարի հետևանքներ: Գրեթե առանց բացառության, ուսանողները, ովքեր մնացել էին տանիքի վերնամասում, հեռացվեցին իրենց համապատասխան համալսարաններից և հանցագործության համար դատապարտվողները, մեծ հավանականությամբ, Ճապոնիայից վտարվեցին: Կրթության վերաբերյալ երազանքները, տարիների նախապատրաստությունները և ապագա աշխատանքի հնարավորությունները Ճապոնիայում մի րոպեում կործանվեցին:

Այժմ թույլ տվեք պատմել, թե ինչ տեղի ունեցավ այդ երեք ընկերների հետ: Ընկերը, որը մնաց տանիքին, հեռացվեց Ճապոնիայի իր համալսարանից, որտեղ ընդունվելու համար նա շատ տքնաջան աշխատել էր, և նրանից պահանջվեց տուն վերադառնալ: Ընկերը, որը հեռացել էր երեկույթից՝ հետևելով Ջոնին, ավարտեց համալսարանը Ճապոնիայում և շարունակեց՝ գիտական աստիճաններ ստանալով Միացյալ Նահանգների երկու պատվավոր համալսարաններում: Նրա կարիերան տարավ նրան ետ՝ դեպի Ասիա, որտեղ նա վիթխարի մասնագիտական հաջողություն ունեցավ: Մինչև այսօր նա երախտապարտ է մնում Ջոնի խիզախ օրինակի համար: Ինչ վերաբերում է Ջոնին, նրա կյանքում անհամար հետևանքներ եղան: Նրա ժամանակը Ճապոնիայում այդ տարի հանգեց երջանիկ ամուսնության, որին հաջորդեց երկու որդիների ծնունդը: Նա շատ հաջողակ գործարար է և վերջերս դարձավ Ճապոնիայի համալսարանի դասախոս: Պատկերացրեք, թե որքան տարբեր կլիներ նրա կյանքը, եթե նա խիզախություն չունենար հեռանալու երեկույթից այդ կարևոր երեկո Ճապոնիայում:3

Երիտասարդ տղամարդիկ, կլինեն ժամանակներ, երբ դուք ստիպված կլինեք ցույց տալ ձեր արդար խիզախությունը ձեր հասակակիցների աչքի առջև, որի հետևանքով կարող է ձեզ ծաղրեն և ամաչեցնեն: Բացի այդ, ձեր աշխարհում հակառակորդի հետ մարտեր տեղի կունենան նաև լուռ, միայնակ մարտադաշտում՝ էկրանի առջև: Տեխնոլոգիան իր հիմնավոր օգուտներով հանդերձ բերում է մարտահրավերներ, որոնց չեն հանդիպել նախորդ սերունդները: Ազգային վերջին հետազոտությունները գտել են, որ այսօրվա դեռահասները ամեն օր տագնապալի չափով գայթակղության են ենթարկվում ոչ միայն դպրոցներում, այլ նաև եթերային աշխարհում: Այն բացահայտել է, որ դեռահասները, որոնք տեսնում են հարբեցողության և թմրամոլության պատկերներ սոցիալական վեբկայքերում, երեքից չորս անգամ ավելի հավանականություն ունեն օգտագործելու ալկոհոլ կամ թմրանյութեր: Մեկնաբանելով հետազոտությունը ԱՄՆ-ի աշխատակազմի նախկին քարտուղարը նշել է. «Այս տարվա հետազոտությունները ցույց են տվել դեռահասների մի նոր տեսակի հզոր ճնշում՝ համակարգչային ճնշում: Դեռահասների համակարգչային ճնշումը հեռացնում է երեխայի ընկերներին և այն երեխաներին, որոնց հետ նրանք շփվում են: Այն ներխուժում է տուն և երեխայի ննջարանը համացանցի միջոցով»:4 Արդար խիզախության ցուցադրումը կարող է նույնքան աննշմար լինել, ինչպես մկնիկով շրխկացնել, թե չշրխկացնելը: Միսիոներներին ուսուցանվում է Քարոզիր Իմ Ավետարանը գրքում. «Այն, ինչ ընտրում եք մտածել և անել, երբ դուք մենակ եք և դուք հավատացած եք, որ ոչ ոք չի նայում, ուժեղ չափորոշիչ է ձեր առաքինության համար»:5 Եղեք խիզախ: Եղեք ուժեղ: Կանգնեք սուրբ տեղերում և մի շարժվեք:6

Երիտասարդ տղաներ, ես խոստանում եմ՝ Տերը կզորացնի ձեզ: «Որովհետեւ Աստուած չտուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան»:7 Նա կպարգևատրի ձեզ ձեր խիզախության և արդար վարքի համար երջանկությամբ և ուրախությամբ: Այդպիսի խիզախությունը առ Հիսուս Քրիստոս և Նրա Քավությունը ձեր հավատքի, ձեր աղոթքների և պատվիրաններին ձեր հնազանդության արդյունքը կլինի:

Նախագահ Ն. Էլդոն Թաններն ասել է. «Երիտասարդ մի տղա դպրոցական տարածքում կարող է բարու համար հզոր ազդեցություն լինել: Երիտասարդ մի տղամարդ ֆուտբոլի թիմում, կամ հանրակացարանում կամ էլ իր գործընկերների մեջ կարող է ապրելով ավետարանով, պատվելով իր քահանայությունը և պաշտպանելով ճիշտը՝ անել անասելի բարիք: Հաճախ դուք կհանդիպեք շատ քննադատության և ծաղրի, նույնիսկ նրանց կողմից, ովքեր հավատում են, ինչպես դուք եք հավատում, չնայած որ նույն մարդիկ կարող է ձեզ հարգեն ճիշտն անելու համար»: Բայց հիշեք, որ անձամբ Փրկչին տանջեցին, ծաղրեցին, վրան թքեցին և, ի վերջո, խաչեցին, որովհետև նա չտատանվեց իր համոզմունքի մեջ: Երբևէ կանգ առե՞լ եք մտածելու, թե ինչ կպատահեր, եթե նա թուլանար և ասեր. «Օ՜հ, ի՞նչ օգուտ» և թողներ իր առաքելությունը: Միթե՞ մենք ուզում ենք լինել դասալիքներ, թե ուզում ենք լինել անվեհեր ծառաներ չնայած աշխարհում գոյություն ունեցող ողջ ընդդիմությանը և չարին: Եկեք խիզախություն ունենանք կանգնել և համարվել Քրիստոսի ճշմարիտ, նվիրված հետևորդներ»:8

Ես կոչ եմ անում ձեզ արժանի լինել ինչպես 2000 պատանի զինվորները՝ լինելով անվեհեր խիզախության մեջ որպես արժանի քահանայություն կրողներ: Հիշե՛ք, ինչ որ անում եք, ուր որ գնում եք և ինչ որ տեսնում եք, կձևավորի ձեզ, թե ով եք դառնալու: Ո՞վ եք ուզում դառնալ: Դառնալ արժանի սարկավագ, արժանի ուսուցիչ, արժանի քահանա: Նպատակ դրեք արժանի լինել՝ մտնելու տաճար այժմ և արժանի լինեք ստանալու ձեր հաջորդ արարողությունը համապատասխան տարիքում և ի վերջո ստանալու Մելքիսեդեկյան Քահանայություն: Սա է արդարակեցության ուղին, որը հրավիրում է աստվածային օգնություն: Տերը նշել է. «Նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը»:9

Ծնողները, քահանայության առաջնորդները և մարգարեական առաջնահերթությունները, որոնք գտնվում են Պարտավորություն Աստծո հանդեպ և Երիտասարդներին զորացնելու համար գրքույկներում կառաջնորդեն ձեզ ուղով:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը վերջերս խորհուրդ է տվել.

«Իմաստուն որոշումներ կայացնելու համար քաջություն է հարկավոր, քաջություն՝ ասելու ոչ, քաջություն՝ ասելու այո. …

Ես աղերսում եմ ձեզ վճիռ կայացրեք. … հենց այժմ, չշեղվել այն ուղուց, որը կտանի դեպի մեր նպատակը՝ հավերժական կյանք մեր Երկնային Հոր հետ»:10

Ճիշտ ինչպես 2000 պատանի զինվորներն արձագանքեցին իրենց առաջնորդ Հելամանի ճակատամարտի կոչին և դրևորեցին իրենց անվեհեր խիզախությունը, դուք ևս կարող եք անել նույնը՝ հետևելով ձեր մարգարե առաջնորդի՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի մարտակոչին:

Իմ երիտասարդ Ահարոնյան Քահանայություն կրողներ, եզրափակելով, ես ներկայացնում եմ իմ վկայությունը Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին և Ջոզեֆ Սմիթի խոսքերի վերաբերյալ. «Եղբայրնե՛ր, արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը: Գնացե՛ք առաջ և ոչ թե ետ: Քաջությո՛ւն, եղբայրնե՛ր և առա՛ջ, առաջ դեպի հաղթանակ»:11 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: