2012
Տերը մեզ չի մոռացել
Նոյեմբեր 2012


Տերը մեզ չի մոռացել

Նկար
Linda S. Reeves

Մեր Երկնային Հայրը և մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, գիտեն մեզ և սիրում են մեզ: … Մենք կարող ենք զգալ Նրանց սերը և կարեկցանքը մեր տառապանքի մեջ:

Հանդիպելով քույրերով աշխարհով մեկ, մենք հիանում ենք ձեր վկայությունների ուժով: Ձեզանից շատերը առաջին կամ երկրորդ սերունդն են, որ Եկեղեցու անդամ են: Մենք տեսնում ենք շատ քույրերի, որ ծառայում են բազմաթիվ կոչումներում, երկար ճանապարհ են անցնում Եկեղեցի այցելելու համար և զոհաբերություններ են անում սրբազան տաճարային ուխտեր կապելու և պահելու համար: Մենք հարգում ենք ձեզ: Դուք Տիրոջ արդի ժամանակաշրջանի պիոներներն եք:

Վերջերս իմ ամուսին Մելը և ես Ավստրալիայում թանգարան այցելելիս հանդիպեցինք Մոլլի Լենթալ անունով մի կամավոր էքսկուրսավարի: Մենք պարզեցինք, որ սիրալիր կինը՝ Մոլլին՝ մոտ 70 տարեկան, երեխաներ չուներ և երբեք չէր ամուսնացել: Նա միակ երեխան էր, և նրա ծնողները մահացել էին շատ տարիներ առաջ: Նրա ամենամոտ բարեկամները երկու զարմիկներն են, ովքեր ապրում են շատ հեռվում: Հանկարծ ես լցվեցի Հոգով, ով վկայեց էր ինձ, կարծես, թե Երկնային Հայրը խոսեր ինձ հետ. «Մոլլին միայնակ չէ: Մոլլին իմ դուստրն է: Ես նրա Հայրն եմ: Նա շատ կարևոր դուստր է իմ ընտանիքում և նա երբեք միայնակ չէ»:

Փրկչի կյանքի իմ ամենասիրած պատմություններից մեկը Ղազարոսի պատմությունն է: Սուրբ գրությունները մեզ ասում են, որ «Հիսուսը սիրում էր Մարթային, … նորա քրոջը [Մարիամին], եւ [նրանց եղբորը] Ղազարոսին»:1 Հիսուսին լուր ուղարկեցին, որ Ղազարոսը շատ հիվանդ էր, սակայն Հիսուսն անմիջապես չեկավ. Նա ևս երկու օր մնաց հեռվում, նշելով, որ «այն հիվանդությունը … Աստծո փառքի համար է, որ Աստծո Որդին նրանով փառավորվի»:2

Լսելով, որ Հիսուսը գալիս է, Մարթան «գնաց նրան դիմավորելու»,3 պատմելով նրան, թե ինչ էր պատահել: Ղազարոսը «արդեն չորս օր գերեզմանի մեջ»4 էր: Խորապես վշտացած՝ Մարթան ետ վազեց իր տուն, որ ասեր Մարիամին, որ Տերն էր եկել:5 Վշտաբեկ Մարիամը վազեց Հիսուսի մոտ, ընկավ Նրա ոտքերը և լաց եղավ:6

Մեզ ասվել է, որ «Հիսուսն էլ երբ որ [Մարիամին] տեսավ որ լաց էր լինում, … իր հոգովը խռովեց և հուզվեց», և հարցրեց, թե որտեղ էին դրել նրան:

«Նրան ասեցին. Տեր, եկ և տես»:7

Այնուհետև մենք կարդում ենք սուրբ գրությունների ամենակարեկցող, սիրառատ խոսքերը. «Հիսուսը արտասվեց»:8

Առաքյալ Ջեյմս Ի. Թալմիջը գրել է. «Մեծ վիշտ ապրող երկու կանանց տեսնելը այնքան վշտացրեց Հիսուսին, որ Նա հոգով խռովեց և խորապես հուզվեց»:9 Այս փորձառությունը վկայում է կարեկցանքի, ուրիշի ցավը ըմբռնելու և սիրո մասին, որ մեր Փրկիչը և մեր Երկնային Հայրը զգում են մեզանից յուրաքանչյուրի հանդեպ ամեն անգամ, երբ մենք խորապես հուսահատվում ենք տառապանքի, մեղքի, դժբախտությունների և կյանքի ցավալի իրադարձությունների պատճառով:

Սիրելի քույրեր, մեր Երկնային Հայրը և մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, գիտեն մեզ և սիրում են մեզ: Նրանք տեղյակ են, երբ մենք ցավ ենք ապրում կամ տառապում ենք ինչ-որ ձևով: Նրանք չեն ասում. «Ոչինչ, որ դուք հիմա ցավ եք զգում, քանի որ շուտով ամեն ինչ լավ կլինի: Դուք կլավանաք, կամ ձեր ամուսինը աշխատանք կգտնի, կամ ձեր թափառող զավակը կվերադառնա»: Նրանք զգում են մեր վշտի խորությունը , և մենք կարող ենք զգալ Նրանց սերը և կարեկցանքը մեր տառապանքի մեջ:

Ալման վկայել է.

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և դա՝ որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները:

Եվ նա իր վրա վեր կառնի … նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, … որպեսզի նա կարողանա իմանալ, … ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների»:10

Երբ մենք ուզում ենք իմանալ, թե արդյոք մեր Փրկիչն ու մեր Երկնային Հայրը ճանաչում են մեզ կամ որքան լավ են Նրանք մեզ անհատապես ճանաչում, մենք կարող ենք հիշել Փրկչի խոսքերը՝ ուղղված Օլիվեր Քաուդերիին.

«Եթե դու լրացուցիչ վկայություն ես փափագում, ուղղիր միտքդ դեպի այն գիշերը, երբ դու ինձ էիր կանչում քո սրտում, որպեսզի իմանայիր այս բաների ճշմարտության մասին»:11

Ավելի վաղ Փրկիչն ասել է նրան. «Չկա ուրիշ ոչ մեկը, բացի Աստծուց, որ իմանա քո մտքերը և մտադրությունները քո սրտի»:12

Փրկիչը հիշեցրեց Օլիվերին, որ նա գիտեր այդ աղերսող աղոթքի յուրաքանչյուր մանրամասը, և հիշում էր ստույգ ժամը, հենց այդ գիշերը:

Շատ տարիներ առաջ իմ ամուսինը ծանր հիվանդացավ հազվադեպ հիվանդությամբ: Մինչ շաբաթներն անցնում էին և նա ավելի հիվանդ էր դառնում, ես ավելի էի համոզվում, որ նա մահանում էր: Ես ոչ ոքի չէի ասում իմ մտավախության մասին: Մենք ունեինք մեծ, երիտասարդ ընտանիք և հավերժական ամուսնություն, և իմ ամուսնուն կորցնելու և իմ երեխաներին ինքնուրույն մեծացնելու միտքը լցնում էր ինձ միայնակությամբ, հուսահատությամբ և նույնիսկ զայրույթով: Ես ամաչում եմ ասել, որ ես հեռացել էի իմ Երկնային Հորից: Օրեր շարունակ ես դադարեցի աղոթել, ես դադարեցի ծրագրել: Ես լալիս էի: Ես վերջապես հասկացա, որ չէի կարող դա անել միայնակ:

Շատ օրերի ընթացքում առաջին անգամ ես ծնկի իջա և դուրս թափեցի իմ սիրտը իմ Երկնային Հոր առաջ, աղաչելով ներողամտություն, որ հեռացել էի Նրանից, պատմելով Նրան իմ բոլոր խորին զգացմունքները, և, վերջապես, բացականչելով, որ եթե սա իրոք այն էր, ինչ Նա ուզում էր, որ ես անեի, ես կանեի դա: Ես գիտեի, որ Նա պետք է ծրագիր ունենար մեր կյանքի համար:

Մինչ ես շարունակում էի ծնկների վրա դուրս թափել իմ սիրտը, ամենաքաղցր, ամենախաղաղ, սիրառատ զգացմունքը պարուրեց ինձ: Ինձ թվաց, թե սիրո վերմակը ցած իջավ ինձ վրա: Այն այնպիսի զգացողություն տվեց ինձ, որ, կարծես, Երկնային Հայրն ասում էր ինձ. «Սա այն ամենն էր, ինչ ես պետք է իմանայի»: Ես որոշեցի այլևս երբեք չհեռանալ Նրանից: Աստիճանաբար և զարմանալիորեն իմ ամուսինը սկսեց լավանալ, մինչև որ ամբողջովին ապաքինվեց:

Տարիներ անց իմ ամուսինն ու ես ծնկի էինք իջել մեր 17-ամյա դստեր կողքին և աղերսում էինք նրա կյանքի համար: Այս անգամ պատասխանը ոչ էր, սակայն սիրո և խաղաղության այդ նույն զգացողությունը, որ մեր Փրկիչը խոստացել էր մեզ, նույնքան հզոր էր, և մենք գիտեինք, չնայած, որ Երկնային Հայրը նրան ետ էր կանչում տուն, ամեն ինչ լավ կլիներ: Մենք սովորեցինք, թե ինչ է նշանակում դնել մեր բեռները Տիրոջ վրա, իմանալ, որ Նա սիրում է մեզ և կարեկցանք է զգում մեր հանդեպ մեր վշտի ու ցավի պահին:

Մորմոնի Գրքի հայր-որդի հարաբերությունների ամենաքաղցր պահերից է, երբ Ալմա Կրտսերը վկայում է իր որդի Հելամանին: Ալման նկարագրում է «աննկարագրելի սոսկումը», որը նա զգում էր, երբ պատկերացնում էր, որ պիտի գար Աստծո ներկայության մեջ, որ դատվեր իր բազում անօրինությունների համար: Իր բոլոր մեղքերի ծանրությունը երեք օր ու գիշեր զգալուց հետո նա ապաշխարեց և աղերսեց Փրկչին ողորմալ իրեն: Նա նկարագրեց Հելամանին իր ցավերը «այլևս» չհիշելու «ուժգին և քաղցր» ուրախությունը: Աստծո գահի առջև գալու մտքից «աննկարագրելի սոսկում» զգալու փոխարեն, Ալման տեսիլքում տեսավ «Աստծուն՝նստած իր գահի վրա» և հայտարարեց. «Իմ հոգին տենչում էր լինել այնտեղ»:13

Արդյոք դա այն չէ՞, ինչ մենք ենք զգում, իմ թանկագին քույրեր, երբ մենք ապաշխարում ենք և խորհում սիրո, ողորմության մասին և երախտագիտություն զգում մեր Երկնային Հոր և մեր Փրկչի հանդեպ, որ մենք նույնպես «տենչում ենք լինել այնտեղ», որ Նրանց սիրով լի բազուկները ևս մեկ անգամ գրկեն մեզ:

Ճիշտ ինչպես Տերը վկայել է ինձ, որ Նա չի մոռացել Իր թանկարժեք դստերը՝ Մոլլի Լենթալին, ես վկայում եմ, որ Նա չի մոռացել ձեզ՜: Ինչ մեղք կամ թուլություն կամ ցավ էլ որ դուք ունեք, ինչ փորձության կամ դժվարության միջով էլ որ դուք անցնում եք հիմա, Նա գիտի և հասկանում է այդ պահերը: Նա սիրում է ձեզ: Եվ Նա կտանի ձեզ այդ պահերի միջով, ճիշտ ինչպես Նա արեց Մարիամի և Մարթայի դեպքում: Նա վճարել է գինը, որ կարողանա իմանալ, թե ինչպես սատարել ձեզ: Դրեք ձեր բեռները Նրա վրա: Ասեք ձեր Երկնային Հորը, թե ինչպես եք ձեզ զգում: Ասեք Նրան ձեր ցավի ու չարչարանքների մասին և այնուհետև տվեք դրանք Նրան: Ուսումնասիրեք սուրբ գրությունները ամեն օր: Այնտեղ դուք նույնպես կգտնեք մեծ մխիթարություն և օգնություն:

Մեր Փրկիչը հարցրել է.

«Քանզի կարո՞ղ է կինը մոռանալ իր ծծկեր մանկանը, որ կարեկցանք չունենա իր արգանդի որդուն: Այո, նրանք կարող է մոռանան, սակայն ես քեզ չեմ մոռանա: …

… Ես փորագրել եմ քեզ իմ ձեռքերի ափերի վրա»:14

«Ես պատվիրեցի, որ ձեզանից ոչ ոք հեռու չգնա, այլ ավելի ճիշտ պատվիրեցի, որ դուք գաք ինձ մոտ, որպեսզի կարողանաք շոշափել և տեսնել. ճիշտ նույնպես դուք պիտի անեք աշխարհին»:15

Դա մեր պարտականությունն է: Մենք պետք է ինքներս զգանք և տեսնենք, և այնուհետև օգնենք Երկնային Հոր բոլոր զավակներին զգալ և տեսնել և իմանալ, որ մեր Փրկիչը ոչ միայն Իր վրա է վերցրել մեր բոլոր մեղքերը, այլ նաև մեր ցավերը և մեր տառապանքները և չարչարանքները, որպեսզի կարողանար իմանալ, թե ինչ ենք մենք զգում, և թե ինչպես մխիթարեր մեզ: Ես վկայում եմ Նրա մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: