2012
Ուսուցանել արդարություն տանը
Հոկտեմբեր 2012


Ավետարանի դասականներ

Ուսուցանել արդարություն տանը

Դելբերտ Լ. Ստեպլին ծնվել է 1896թ. դեկտեմբերի 11-ին Արիզոնայիում, ԱՄՆ: Նա հաստատվել է որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ 1950թ. հոկտեմբերի 5-ին և ծառայել է այդ քվորումում մինչև իր մահը՝ 1978թ. օգոստոսի 19-ը: Այս հոգևոր ելույթը տրվել է Բրիգամ Յանգի Համալսարանում 1977թ. փետրվարի 1-ին: Այս ելույթն ամբողջությամբ կարող եք գտնել speeches.byu.edu կայքում:

Նկար
Երեց Դելբերտ Լ. Ստեպլի

Ծնողների պարտականությունն ու օրհնությունն է՝ ուսուցանել իրենց երեխաներին արդար ապրել:

Ծնողները հնարավորություն ունեն ուսուցանելու իրենց փոքր երեխաներին և ձևավորելու նրանց բնավորությունը, նախքան Սատանան զորություն կունենա գայթակղելու նրանց և մինչև նրանք կհասնեն ութ տարեկանին, երբ նրանք պատասխանատու կդառնան Աստծո առաջ: … Տերը տվել է ծնողներին այս թանկարժեք տարիները, երեխայի կյանքի առաջին տարիները, երբ երեխաները պատասխանատու չեն այն բաների համար, ինչ նրանք ասում և անում են: Ծնողների պարտականությունն ու օրհնությունն է՝ ուսուցանել իրենց երեխաներին արդար ապրել:

Տանը արդարություն և կրոն ուսուցանելու ամենաարդյունավետ միջոցը օրինակն է: Հուսով ենք, ծնողներն իրենց իսկ կյանքն ապրում են անբիծ ու մաքուր, ուստիև կկարողանան արդյունավետորեն օգտագործել իրենց կյանքի օրինակը իրենց սեփական երեխաներին ուսուցանելիս: [Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը (1873–1970) ուսուցանել է.] «Եթե դուք ուսուցանեք հավատք առ Աստված, ինքներդ հավատք ցուցաբերեք առ Նա. եթե դուք աղոթք ուսուցանեք, ինքներդ աղոթեք. … եթե ցանկանում եք նրանք զսպված լինեն, ինքներդ խուսափեք անզուսպ լինելուց. եթե դուք ցանկանում եք ձեր երեխան ապրի առաքինի կյանքով, ինքնատիրապետող լինի, բարի համբավ ունենա, ապա արժանի օրինակ ծառայեք նրան այս բոլոր բաներում»:1 Այդ անելը այս ուսուցանումը կդարձնի ավելի տպավորիչ ձեր երեխաների համար. և նրանք, ծնողներից ստանալով այսպիսի առաջնորդություն, կարող են ուժեղացնել իրենց պաշտպանությունը Սատանայի գայթակղությունների դեմ, ում նպատակն է կործանել նրանց կյանքը, երբ նրանք հասնեն պատասխանատվության տարիքին: Ծնողները պարտականություն ունեն լինելու այնպիսին, ինչպիսին ուզում են իրենց երեխաները դառնան, ինչ վերաբերվում է քաղաքավարությանը, ազնվությանը, զսպվածությանը և բոլոր ժամանակներում ճիշտ վարվելու քաջությանը: Օրինակը շատ ավելի ազդեցիկ է, քան ցուցումներ տալը:

Առօրյա կյանքը տանը պետք է համապատասխանի մեր Եկեղեցու սկզբունքներին ու չափանիշներին: Մեր աշխատանքային գործարքները պետք է համապատասխանեն մեր կրոնի հետ: Երեխաները հեշտությամբ են նկատում կեղծավորությունը: Ջոն Միլթոնն ասել է, որ կեղծավորությունը միակ մեղքն է, որ քայլում է աննկատ, և նկատվում է միայն Աստծո կողմից: Երեխաները, այնուամենայնիվ, զգայուն են սխալ բաների նկատմամբ, և նրանց զայրացնում են կեղծավորությունը և կեղծ ձևականությունները: Մենք գիտենք, որ երեխաների վրա ավելի շատ ներգործում են այն քարոզները, որոնցով մենք ապրում ենք, քան այն քարոզները, որոնք մենք սովորեցնում ենք: Ծնողները պետք է միշտ ազնիվ լինեն իրենց զավակների հետ, պահելով երեխաներին տված իրենց խոստումները և նաև ճիշտ խոսելով: Հետևողական ծնողն է, որ արժանանում է իր երեխայի վստահությանը: Երբ երեխան զգում է, որ դուք հարգում եք նրա վստահությունը և փոխադարձ վստահություն եք դրսևորում, նա չի չարաշահի այն կամ անպատվություն չի բերի ձեր անվանը: …

Ծնողները երբեք չպետք է վիճեն իրենց երեխաների ներկայությամբ: Երբեմն վեճերը ծագում են երեխային ուղղելու կամ պատժելու փորձ կատարելիս: Ծնողներից մեկը քննադատում է, մյուսը առարկում է: Եվ երեխայի վրա տան միասնական ներգործությունը վերանում է: Ծնողները պետք է միասնական կարծիք ունենան, թե որ ճանապարհով պետք է երեխան գնա. հակառակ դեպքում նա շփոթության պատճառով կարող է սխալ ճանապարհներով գնալ: Ռիչարդ Լ. Էվանսն ասել է. «Տարաձայնությունը ծնողների միջև անընդունելի ու շփոթեցնող է, այն թուլացնում է ընտանիքի հիմքերը: Նրանք, ում երեխան պետք է նայի առաջնորդության համար, պետք է միասնական լինեն իրենց տված առաջնորդությունում»:2 Մենք գիտենք, որ երեխաները զգայուն են ընտանիքի տրամադրության և զգացմունքների հանդեպ. նրանք կարող են զգալ հակասություններն ու տարբերությունները, որոնք նրանք ոչ միշտ են կարողանում հասկանալ կամ գնահատել: …

Երեխան իրավունք ունի զգալու, որ իր տանը նա ապաստան ունի, պաշտպանության վայր արտաքին աշխարհի վտանգներից ու վնասակար ազդեցությունից: Ընտանիքի համերաշխությունն ու մաքրությունը անհրաժեշտ են այս կարիքը բավարարելու համար: Չկա մեկ այլ տեղ բացի տնից, որտեղ ճշմարիտ և հարատև երջանկություն կարելի է գտնել այս կյանքում: Հնարավոր է տունը դարձնել երկնքի մի մասնիկ. իսկապես, ես պատկերացնում եմ երկինքը որպես երկրային կատարյալ ընտանեկան կյանքի շարունակություն:3 …

Ավետարանը ինչպես որ քարոզվում է, ճշմարիտ է: Քրիստոսն ապրում է, Աստված ապրում է և փառահեղ բնակարաններ են պատրաստված վերևում Նրա բոլոր հավատարիմ ու նվիրված զավակների համար: Ծրագրեք այժմ ձեր ցանկացած տունն ու ընտանիքը և թե ինչպես եք հոգալու ձեր երեխաների կարիքները, որ պահեք նրանց արդար ուղղու վրա, որը կտանի ընտանիքը դեպի հավերժական կյանք երկնային տանը: Թող Աստված օրհնի ձեզանից յուրաքանչյուրին, իմ եղբայրներ և քույրեր: Ես կարծում եմ, որ դուք կկարողանաք հասկանալ ասվածից այնքանը, որքանը որ վերաբերվում է ձեզ: Եվ ձեր տունը սուրբ ձևով կազմակերպելն ու առաջ տանելը շատ կարևոր է փոքրիկների համար, որոնք կգան օրհնելու ձեր կյանքը:

Հղումներ

  1. David O. McKay, Secrets of a Happy Life, comp. Llewelyn R. McKay (1967), 11.

  2. Richard Evans’ Quote Book (1975), 23.

  3. Տես David O. McKay, Gospel Ideals (1953), 525–26:

Լուսանկարը՝ Քրեյգ Դայմոնդի © IRI