2012
Պատմիր մեզ քո Եկեղեցու մասին
Հոկտեմբեր 2012


Պատմիր մեզ քո Եկեղեցու մասին

Շոնա Մուր, Վիրջինիա, ԱՄՆ

Ես գնում էի եղբորս այցելության, և օդանավում նստատեղս գտնվում էր վերջում, որտեղ ուղեկցորդներն են նստում: Այդ մասում նստատեղերն իրար դիմաց էին դրված:

Ես ներկայացա շուրջս նստած մարդկանց և ապա նշեցի, որ հաճախելու եմ Բրիգամ Յանգ Համալսարան: Իմ դիմաց նստած տղամարդն ասաց, որ իր դուստրը մի լավ ընկեր ունի, որը նոր է ավարտել իր լիաժամկետ միսիան: Նրա դուստրը մի փոքր գիտեր Եկեղեցու մասին, սակայն նա գրեթե ոչինչ չգիտեր: Ուղեկցորդուհին անմիջապես հայտարարեց, որ ինքը չէր ցանկանա պատկանել «այդ եկեղեցուն», որովհետև այն դեմ է կանանց: Տղամարդն ասաց, որ ինքը ինչ-որ նման բան լսել է, որ Վերջին Օրերի Սրբերը կանանց ավելի քիչ տեղ են տալիս, քան տղամարդկանց, որ նրանք չեն կարող քահանայություն կրել կամ ժողովներին նախագահել, և որ Եկեղեցում տղամարդիկ են գերիշխում:

Ապա դառնալով ինձ, նա հարցրեց. «Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին»: Բոլոր յոթ հոգին շրջվեցին իմ կողմը՝ սպասելով պատասխանիս:

Սիրտս սկսեց բաբախել: Մանուկ հասակում անգիր էի սովորել Հավատո Հանգանակը նման պահի համար, իսկ դեռահաս և երիտասարդ տարիքում սովորել էի վկայություն բերել Ջոզեֆ Սմիթի տեսիլքի և Մորմոնի Գրքի մասին: Սակայն ես չնչին պատկերացում անգամ չունեի ինչպես պատասխանել այդ տղամարդու հարցին: Մտքումս աղոթեցի Երկնային Հորը, որ ինձ առաջնորդեր:

Ապա ես ասացի միտքս եկած առաջին բառերը. «Դուք պարզապես չգիտեք Սփոփող Միության մասին»: Նրանց հայացքներից ակնհայտ էր, որ նրանք չգիտեին:

«Քահանայությունը գործում է կանանց հետ համատեղ, որոնք բոլորը Սփոփող Միության անդամներ են, - բացատրեցի ես: - Մենք ունենք Սփոփող Միության կին նախագահ, որը ղեկավարում է Եկեղեցու կանանց գործունեությունը ողջ աշխարհում: Կանանց պատասխանատվությունն է մեղմություն և գթություն բերել անդամների և, հատկապես, նրանց ընտանիքների կյանք»:

Իմ շուրջը գտնվողներն ուշադիր լսում էին:

«Մենք ապրում ենք տարօրինակ ժամանակներում, երբ որոշ կանայք ուզում են, որ կանայք գործեն, մտածեն և լինեն տղամարդկանց պես: Բայց մենք հավատում ենք, որ Աստված բաժանում է գործերը: Մենք ակնկալում ենք, որ կանայք լինեն առաջնորդներ կանանց շրջանում և համատեղ ղեկավարներ իրենց տներում: Տղամարդիկ շատ հարցերում ապավինում են մեր խորհրդին: Դա արդար հավասարակշռություն է: Դա է հաջողության գրավականը Եկեղեցու կազմակերպություններում և մեր տներում: Եվ մենք իսկապես հավատում ենք, որ ոչ տղամարդն է առանց կնոջ, ոչ էլ կինն է առանց տղամարդու Տիրոջում (տես Ա Կորնթացիս ԺԱ.11): Մենք հավատում ենք, որ մենք ամբողջական չենք առանց միմյանց: Մենք հավատում ենք, որ ստեղծվել ենք ոչ թե մրցակցելու միմյանց հետ, այլ լրացնելու միմյանց»:

Ավարտելով խոսքս, ես ինձ օրհնված զգացի: Ես գիտեի, որ իմ արտասանած խոսքերը Հոգուց էին գալիս: Յուրաքանչյուր ոք, կարծես, բավարարված էր իմ բացատրությամբ: Այնուհետև այդ տղամարդն ասաց. «Ավելին պատմիր մեզ քո եկեղեցու մասին»:

Ապա, երկու ժամ շարունակ ես օգտագործեցի այդ հաճելի առիթը՝ խոսելով Վերականգնման մասին, պատասխանելով հարցերին և վկայություն բերելով իմ սիրելի ավետարանի մասին: