2012
Միշտ մեջտեղում
Հուլիս 2012


Առաջին Նախագահության ուղերձ, հուլիս 2012

Միշտ մեջտեղում

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Աշխարհի շատ օրացույցներում հուլիսը տարվա կեսը նշող ամիսն է: Մինչ երևույթների սկիզբն ու վերջը տոնվում են և հիշվում, հաճախ երևույթների միջին մասը անուշադրության է մատնվում:

Սկիզբը որոշումներ կայացնելու, ծրագրեր կազմելու, էներգիայի պոռթկումների ժամանակն է: Վերջը ցած գլորվելու ժամանակ է և կարող է առաջացնել ավարտի կամ կորստի զգացողոթյուն: Սակայն պատշաճ հեռանկար ունենալու դեպքում, երբ մենք մեզ տեսնենք ժամանակի մեջտեղում, մենք կկարողանանք մեր կյանքը ոչ միայն մի փոքր ավելի լավ հասկանալ, այլ նաև ապրել այն մի փոքր ավելի իմաստալից ձևով:

Միսիոներական աշխատանքի մեջտեղում

Երբ ես խոսում եմ մեր երիտասարդ միսիոներների հետ, հաճախ ասում եմ նրանց, որ նրանք իրենց միսիայի մեջտեղում են: Եթե նույնիսկ նրանք մեկ օր առաջ են եկել կամ մեկ օր հետո տուն են գնալու, ես խնդրում եմ նրանց մտածել, կարծես իրենք միշտ մեջտեղում են:

Նոր միսիոներները կարող են զգալ, թե շատ անփորձ են արդյունավետ լինելու համար, և ուստի նրանք հապաղում են համարձակ խոսել կամ գործել: Փորձված միսիոներները, ովքեր մոտ են իրենց միսիան ավարտելուն, կարող են տխրել, որ իրենց միսիան մոտենում է ավարտին կամ դանդաղեցնել իրենց տեմպերը, մտորելով, թե ինչ են անելու միսիայից հետո:

Ինչ պայմաններում և որտեղ էլ նրանք ծառայեն, ճշմարտությունն այն է, որ Տիրոջ միսիոներները բարի լուրերի անհամար սերմեր են ցանում ամեն օր: Իրենց միսիայի մեջտեղում միշտ իրենց տեսնելը համարձակություն և էներգիա կհաղորդի Տիրոջ այս հավատարիմ ներկայացուցիչներին: Սա վերաբերում է ինչպես լիաժամկետ միսիոներներին, այնպես էլ բոլորիս:

Մենք միշտ մեջտեղում ենք

Սա մտածելակերպի փոփոխություն է, ոչ թե պարզապես մտքի հնարք: Վեհ մի ճշմարտություն կա այն մտքի ետևում, որ մենք միշտ մեջտեղում ենք: Եթե մենք մեր բնակության վայրը գտնենք քարտեզի վրա, կարող ենք ասել, որ մենք սկզբում ենք: Սակայն եթե մենք ավելի մոտիկից նայենք, որտեղ էլ որ մենք լինենք, այն պարզապես ավելի մեծ վայրի կենտրոնն է դառնում:

Ճիշտ ինչպես սա վայրին է վերաբերվում, այնպես էլ ժամանակին: Մենք կարող ենք զգալ, թե մեր կյանքի սկզբում կամ վերջում ենք, սակայն երբ մենք նայենք, թե մենք որտեղ ենք հավերժության տեսանկյունից, երբ մենք գիտակցենք, որ մեր հոգին գոյություն է ունեցել այն ժամանակներից առաջ, որի ըմբռնումը մեր հնարավորությունից վեր է, և Հիսուս Քրիստոսի կատարյալ զոհաբերության և Քավության շնորհիվ է, որ մեր հոգին գոյություն կունենա եկող հավերժության մեջ, մենք կարող ենք գիտակցել, որ մենք իսկապես մեջտեղում ենք:

Վերջերս ես հուշում ստացա, որ պետք է վերափոխեմ իմ ծնողների գերեզմանի տապանաքարը: Ժամանակը բարի չէր գտնվել գերեզմանի հանդեպ, և ես զգացի, որ նրանց օրինակելի կյանքը հիշատակելու համար պատշաճ կլիներ ավելի նոր տապանաքարը: Երբ ես նայեցի տապանաքարի վրա ծննդյան և մահվան տարեթվերին, որոնք իրար էին միացված սովորական աննշան փոքրիկ գծիկով, կյանքի տևողության այս փոքրիկ խորհրդանիշը հանկարծ լցրեց իմ միտքն ու սիրտը անհամար հարուստ հիշողություններով: Այս փայփայված հիշողություններից յուրաքանչյուրը կապված էր ծնողներիս և իմ կյանքի միջին հատվածի հետ:

Ինչ տարիքի էլ որ մենք լինենք, որտեղ էլ որ գտնվենք, երբ մեր կյանքում բաներ են պատահում, մենք միշտ մեջտեղում ենք լինում: Դեռ ավելին, մենք ընդմիշտ կլինենք մեջտեղում:

Մեջտեղում լինելու հույսը

Այո, մեր կյանքի ընթացքում կլինեն սկզբի պահեր և վերջի պահեր, սակայն սրանք ընդամենը մեր հավերժական կյանքի մեծ մեջտեղի նշաններն են: Լինենք մենք սկզբում, թե վերջում, լինենք մենք երիտասարդ, թե ծեր, Տերը կարող է օգտագործել մեզ Իր նպատակների համար, եթե մենք պարզապես մի կողմ դնենք ցանկացած միտք, որը սահմանափակում է ծառայելու մեր ունակությունը, և եթե թույլ տանք, որ Նրա կամքը ներգործի մեր կյանքի վրա:

Առակացում ասվում է. «Սա այն օրն է որ Տէրն արաւ, թող ցնծանք եւ ուրախ լինինք սորանում» (Սաղմոս ՃԺԸ.24): Ամուղեկը հիշեցնում է մեզ, որ «մարդկանց համար այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու` հանդիպելու Աստծուն. այո, ահա, մարդկանց համար այս կյանքի օրն է իրենց գործերը կատարելու օրը» (Ալմա 34.32, շեշտադրումն ավելացված է): Իսկ բանաստեղծը գրել է. «Հավերժությունը բաղկացած է ներկա պահերից»:1

Միշտ մեջտեղում լինելը նշանակում է, որ խաղը երբեք չի ավարտվում, հույսը երբեք չի կորչում, պարտությունը երբեք վերջնական չէ: Անկախ նրանից, թե որտեղ ենք մենք կամ ինչ պայմանններում, սկզբի ու վերջի հավերժությունները ձգվում են մեր առջև:

Մենք միշտ մեջտեղում ենք:

Հղում

  1. Emily Dickinson, “Forever—is composed of Nows,” in The Complete Poems of Emily Dickinson, ed. Thomas H. Johnson (1960), 624.

Այս ուղերձի ուսուցումը

Քննարկեք ընտանիքի հետ, թե ինչպես են նրանք «միշտ մեջտեղում», եթե նույնիսկ սկսում կամ ավարտում են ինչ-որ բան: Քաջալերեք նրանց լավագույնն անել իրենց ներկա գործունեության մեջ, որպեսզի չապրեն անցյալով կամ սպասեն հաջորդ գործունեությանը կամ ծրագրին: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք ընտրեն մեկ բան, որ կարող են անել ընտանիքով այս խորհուրդը իրագործելու համար, և որոշեն օրը, երբ կհասնեն իրենց նպատակին: