2012
Կանչված Աստծո կողմից և հաստատված մարդկանց կողմից
հունիս 2012


Առաջին Նախագահության Ուղերձ, հունիս 2012

Կանչված Աստծո կողմից և հաստատված մարդկանց կողմից

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Որպես Եկեղեցու անդամներ մեզ հաճախ հրավիրում են հաստատել մարդկանց իրենց կոչումներում ծառայելու համար: Տարիներ առաջ 18 տարեկան մի ուսանող ցույց տվեց ինձ, թե ինչ է նշանակում Տիրոջ ծառային հաստատելը: Ես մինչև այժմ օրհնված եմ նրա խոնարհ օրինակով:

Նա նոր էր սկսել քոլեջի իր առաջին տարին: Նա մկրտվել էր մի մեծ համալսարանում իր կրթությունը սկսելու համար տանից մեկնելուց մոտ մեկ տարի առաջ: Այնտեղ ես ծառայում էի որպես նրա եպիսկոպոս:

Երբ ուսումնական տարին սկսվեց, ես մի կարճ հարցազրույց ունեցա նրա հետ եպիսկոպոսի գրասենյակում: Ես շատ բան չեմ հիշում այդ առաջին զրույցից, բացի նրանից, որ նա խոսեց նոր վայրում իր դժվարությունների մասին, սակայն ես երբեք չեմ մոռանա մեր երկրորդ զրույցը:

Նա խնդրեց, որ հանդիպեմ իր հետ իմ գրասենյակում: Ես զարմացա, երբ նա ասաց. «Կարո՞ղ ենք միասին աղոթել, և թույլ կտա՞ք ես ասեմ աղոթքը»: Ես ուզում էի ասել, որ արդեն աղոթել էի և, կարծում էի, որ նա էլ էր արդեն աղոթել: Փոխարենը ես համաձայնվեցի:

Նա սկսեց իր աղոթքը վկայությամբ, որ գիտեր, որ եպիսկոպոսը կանչված էր Աստծո կողմից: Նա խնդրեց Աստծուն ասել ինձ, թե ինչ պիտի ինքն աներ հոգևոր մեծ կարևորություն ունեցող խնդրի առնչությամբ: Երիտասարդն ասաց Աստծուն, որ ինքը վստահ էր, որ եպիսկոպոսն արդեն իսկ գիտեր իր կարիքները և որ նրան կտրվեր այն խորհուրդը, որը նա կարիք ուներ լսելու:

Մինչ նա խոսում էր, որոշակի վտանգներ, որոնց առջև նա կկանգներ, եկան իմ մտքում: Խորհուրդը շատ պարզ էր, սակայն տրված մեծ հստակությամբ` միշտ աղոթիր, հնազանդվիր պատվիրաններին և մի վախեցիր:

Այդ երիտասարդը, որ մեկ տարի էր Եկեղեցում, սովորեցրեց օրինակով, թե ինչ կարող է անել Աստված ղեկավարի հետ, որը հաստատվում է նրանց հավատքով ու աղոթքներով, ում նա կանչված է առաջնորդելու: Այդ երիտասարդը ինձ ներկայացրեց Եկեղեցու ընդհանուր համաձայնության օրենքը (տես ՎևՈՒ 26.2): Չնայած, որ Տերը կանչում է Իր ծառաներին հայտնությամբ, նրանք կարող են գործել միայն այն բանից հետո, երբ հաստատվում են նրանց կողմից, ում կանչված են ծառայելու:

Մեր հաստատող քվեարկությամբ մենք կարևոր խոստումներ ենք տալիս: Մենք խոստանում ենք աղոթել Տիրոջ ծառաների համար և որ Նա կառաջնորդի և կամրացնի նրանց (տես ՎևՈՒ 93.51): Մենք պարտավորվում ենք, որ կփնտրենք և կակնկալենք ոգեշնչում Աստծուց նրանց խորհրդում և ցանկացած դեպքում, երբ նրանք գործեն իրենց կոչումներում (տես ՎևՈՒ 1.38):

Այդ խոստումը պետք է հաճախակի նորոգվի մեր սրտերում: Կիրակնօրյա դպրոցի ձեր ուսուցիչը կփորձի ուսուցանել Հոգով, սակայն ճիշտ ինչպես դուք կարող էիք անել, ձեր ուսուցիչը կարող է սխալներ թույլ տալ դասարանի առջև: Դուք, ինչևիցե, կարող եք որոշել լսել և սպասել պահերին, երբ կկարողանաք զգալ ոգեշնչումը: Ժամանակի ընթացքում դուք կնկատեք ավելի քիչ սխալներ և ավելի հաճախ կրկնվող վկայություն, որ Աստված աջակցում է այդ ուսուցչին:

Երբ մենք ձեռք ենք բարձրացնում անձնավորությանը հաստատելու համար, մենք պարտավորվում ենք աշխատել Տիրոջ որ նպատակի համար էլ որ այդ անձնավորությունը կանչված է իրագործելու: Երբ մեր երեխաները փոքր էին, կինս մեր ծխում կանչվել էր ուսուցանելու փոքր երեխաներին: Ես ոչ միայն բարձրացրեցի իմ ձեռքը նրան հաստատելու համար, այլ նաև աղոթեցի նրա համար և այնուհետև թույլատվություն խնդրեցի նրան օգնելու համար: Երեխաների համար կանանց աշխատանքի և Տիրոջ սիրո վերաբերյալ իմ ստացած դասերը շարունակում են օրհնել իմ ընտանիքին և իմ կնոջը:

Վերջերս ես խոսեցի այն երիտասարդի հետ, ով հաստատել էր իր եպիսկոպոսին տարիներ առաջ: Ես իմացա, որ Տերը և մարդիկ հաստատել էին նրան որպես միսիոներ, որպես ցցի նախագահ և որպես հայր: Մեր զրույցի վերջում նա ասաց. «Ես շարունակում եմ աղոթել ձեր համար ամեն օր»:

Մենք կարող ենք որոշել ամեն օր աղոթել մեկի համար, ով կանչված է Աստծուց մեզ ծառայելու համար: Մենք կարող ենք շնորհակալություն հայտնել մեկին, ով օրհնել է մեզ իր ծառայությամբ: Մենք կարող ենք որոշել արձագանքել, երբ մեր կողմից հաստատված մեկը կամավորներ է խնդրում:1

Նրանք, ովքեր աջակցում են Տիրոջ ծառաներին Իր թագավորությունում, կաջակցվեն Նրա անսահման զորությամբ: Մեզ բոլորիս էլ պետք է այդ օրհնությունը:

Հղում

  1. Տես Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998), 211–12:

Ուսուցանում այս ուղերձից

Ուղերձով կիսվելուց հետո կարդացեք հետևյալ մեջբերումը. «Տերը ձեզ Իր ձեռքի գործիքը կդարձնի, եթե դուք խոնարհ եք, հավատարիմ և ջանասեր: … Դուք կստանաք ավելի մեծ ուժ, երբ դուք հաստատվեք ժողովրդի կողմից և ձեռնադրվեք» (Teaching, No Greater Call [1999], 20): Թող ընտանիքը հավաքվի մի ծանր առարկայի շուրջ և խնդրեք մի հոգու փորձել այն բարձրացնել: Հրավիրեք ընտանիքի մյուս անդամներին հերթով մոտենալ և օգնել բարձրացնել առարկան: Քննարկեք, թե ինչ է տեղի ունենում, երբ բոլորը օգնում են: Հատուկ ուշսդրություն դարձնելով Նախագահ Այրինգի խորհրդին, քննարկեք արդյունավետ միջոցները, որոնցով մենք կարող ենք աջակցել ուրիշներին իրենց կոչումներում: