2011
Գերագույն Համաժողով`ոչ սովորական օրհնություն
Սեպտեմբեր 2011


2011թ. Սեպտեմբեր Առաջին Նախագահության Ուղերձ

Գերագույն Համաժողով` ոչ սովորական օրհնություն

Եկեղեցու մի լավ անդամ խոսում էր հարևանի հետ, որը մեր հավատքից չէր: Երբ սկսեցին զրուցել գերագույն համաժողովի մասին, հարևանը հարցրեց. «Դու ասում ես, որ ունեք մարգարեներ և առաքյալնե՞ր: Եվ տարին երկու անգամ ամբողջ աշխարհում համաժողովի ժամանակ նրանք հայտնում են Աստծո խո՞սքը»:

«Ճիշտ այդպես», - վստահորեն պատասխանեց անդամը:

Հարևանը մի պահ մտածեց այդ մասին: Նա, կարծես, իսկապես հետաքրքրված էր և ապա հարցրեց. «Ի՞նչ են նրանք ասել վերջին գերագույն համաժողովի ժամանակ»:

Այդ պահին Եկեղեցու լավ անդամի ավետարանով կիսվելու ոգևորությունը վերածվեց ամոթի: Որքան էլ փորձեց, նա չկարողացավ մտաբերել գոնե մեկ ելույթի մանրամասները:

Նրա ընկերը զգաց այս մտահոգ վիճակը և ասաց. «Դու ուզում ես ինձ ասել, որ Աստված խոսում է մարդու հետ մեր օրերում և դու չես կարողանում հիշել, թե ի՞նչ Նա ասաց»:

Եղբայրը ընկճվեց այս զրույցից: Նա խոստացավ, որ ավելի լավ կփորձեր հիշել գերագույն համաժողովի ժամանակ Տիրոջ ծառաների կողմից ասված խոսքերը:

Մենք բոլորս էլ գիտենք, թե որքան դժվար է հիշել գերագույն համաժողովի յուրաքանչյուր ուղերձը, և ես վստահ եմ, որ մենք կարիք չունենք ամաչելու, եթե ամեն բան չենք հիշում: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր գերագույն համաժողովի ժամանակ՝ որպես երկնային պարգև և օրհնություն, տրվում են ուղերձներ հատուկ մեր անձնական կյանքի իրավիճակների համար:

Գերագույն համաժողովին պատրաստվելու համար թույլ տվեք ինձ խորհուրդ տալ երեք հիմնական գաղափարներ, որոնք կարող են մեզ օգնել ավելի լավ ստանալ, հիշել և կիրառել Տիրոջ ծառաների կողմից ասված խոսքերը:

1. Եկեղեցու անդամները լիազորված են ստանալ անձնական հայտնություն, մինչ նրանք լսում և ուսումնասիրում են գերագույն համաժողովի ժամանակ ասված ոգեշնչված խոսքերը:

Երբ դուք պատրաստվում եք գերագույն համաժողովին, ես հրավիրում եմ ձեզ մտածել այն հարցերի մասին, որոնց պատասխանների կարիքն ունեք: Օրինակ, դուք կարող եք ցանկանալ Տիրոջ առաջնորդությունը ձեր առաջ ծառացած դժվարությունները հաղթահարելու համար:

Ձեր հատուկ աղոթքների պատասխանները կարող են գալ անմիջապես որրևէ ելույթից կամ արտահայտությունից: Այլ պահերի պատասխանները կարող են գալ, կարծես թե, առնչություն չունեցող բառից, արտահայտությունից կամ երգից: Կյանքի օրհնությունների հանդեպ երախտագիտությամբ լցված սիրտը և խորհրդին հետևելու անկեղծ ցանկությունը կպատրաստի անձնական հայտնության ուղին:

2. Մի անտեսեք ուղերձը լոկ այն պատճառով, որ այն ծանոթ է թվում:

Մարգարեները միշտ ուսուցանվել են կրկնողություններով. դա սովորելու օրենքն է: Գերագույն համաժողովի ժամանակ դուք կլսեք թեմաների և վարդապետությունների կրկնողություններ: Թույլ տվեք հավաստիացնել ձեզ` սա ստեղծարար մտքի կամ երևակայության պակասի արդյունք չէ: Մենք շարունակում ենք լսել ուղերձներ նմանատիպ հարցերի շուրջ, որովհետև Տերն ուսուցանում և մեր մտքում ու սրտում սերմանում է հավերժական կարևորություն ունեցող որոշակի հիմնարար սկզբունքներ, որոնք պետք է հասկացվեն և կիրառվեն, մինչև որ մենք կարողանանք անցնել այլ բաների: Իմաստուն շինարարը, մինչև պատերի և տանիքի կառուցելը, նախ հիմքն է դնում:

3. Գերագույն համաժողովի ժամանակ ասված խոսքերը պետք է կողմնացույց լինեն, որոնք մեզ ցույց են տալիս ճանապարհը եկող ամիսների ընթացքում:

Եթե մենք լսենք և հետևենք Հոգու հուշումներին, դրանք կծառայեն որպես Լիահոնա, առաջնորդելով մեզ անհայտ, դժվարին հովիտներով և լեռներով, որոնք առջևում են (տես 1 Նեփի 16):

Աշխարհի սկզբից ի վեր, Աստված բարձրացրել է մարգարեներ, ովքեր հայտնում են երկնքի կամքը իրենց ժամանակների մարդկանց: Մեր պարտականությունն է լսել և այնուհետև կիրառել ուղերձները, որոնք Տերը պատրաստում է մեզ համար:

Մեր բարեգութ և սիրող Երկնային Հայրը չի լքել և չի լքի Իր զավակներին: Այսօր, ճիշտ այնպես, ինչպես հին ժամանակներում, Նա նշանակել է առաքյալներ և մարգարեներ: Նա շարունակում է Իր խոսքը հայտնել նրանց:

Ի~նչ հրաշալի հնարավորություն է գերագույն համաժողովի ժամանակ լսել Աստծո ուղերձները` ուղղված յուրաքանչյուրիս: Եկեք լավ պատրաստվենք աստվածային առաջնորդության այս մեծ օրհնությանը, որը տրվում է Նրա ընտրյալ ծառաների կողմից:

Քանզի սա ոչ սովորական օրհնություն է:

Ուսուցանում այս ուղերձից

  • Միասին կարդացեք ուղերձը: Խրախուսեք ընտանիքին նշել բաներ, որոնց վերաբերյալ կցանկանային լսել գերագույն համաժողովի ընթացքում:

  • Որպեսզի օգնեք փոքր երեխաներին կիրառել Նախագահ Ուխդորֆի կողմից տրված խորհուրդը, ցույց տվեք նրանց Բարձրագույն Իշխանությունների նկարները (գտնվում է Լիահոնա–ի համաժողովի համարում): Թող նրանք իմանան, որ Առաջին Նախագահությունն ու Տասներկու Առաքյալների Քվորումը խոսելու է գերագույն համաժողովի ժամանակ: Խրախուսեք երեխաներին լսել համաժողովը և նկար նկարել, որը կօգնի նրանց հիշել իրենց սովորածը: Ծնողները կարող են այցելել conferencegames.lds.org կայքը՝ երեխաների համար համաժողովի վերաբերյալ լրացուցիչ վարժություններ գտնելու համար:

Աջում. լուսանկար Լես Նիլսոնի կողմից