2010
Կարո՞ղ ենք մենք տեսնել Քրիստոսին:
Դեկտեմբեր 2010


Առաջին Նախագահության ուղերձ, դեկտեմբեր 2010

Կարո՞ղ ենք մենք տեսնել Քրիստոսին:

Մի օր երեկոյան պապիկը պատմություն էր կարդում իր չորս տարեկան թոռնուհու համար, երբ նա վեր նայեց ու ասաց. «Պապիկ, նայիր աստղերին»: Ծերունին մեղմորեն ժպտաց ու ասաց. «Մենք սենյակում ենք, քաղցրիկս: Այստեղ աստղեր չկան»: Սակայն երեխան պնդեց. «Դու աստղեր ունես քո սենյակում: Նայիր»:

Պապիկը վեր նայեց և, ի զարմանս իրեն, նկատեց, որ առաստաղը պատված է պսպղուն մետաղով: Այն մեծամասամբ անտեսանելի էր լինում, բայց երբ առաստաղը լուսավորվում էր որոշակի ձևով, այն իրոք նմանվում էր աստղազարդ երկնքի: Երեխայի աչքերն էին, որ տեսան դրանք, չնայած որ դրանք միշտ այնտեղ էին: Եվ այդ պահից սկսած, երբ պապիկը մտնում էր այդ սենյակը և նայում էր վեր, նա կարողանում էր տեսնել այն, ինչը մինչ այդ չէր տեսնում:

Մենք մուտք ենք գործում ևս մեկ հրաշալի Սուրբ Ծննդյան ժամանակաշրջան` լի երաժշտությամբ ու լույսերով, խնջույքներով ու նվերներով: Բայց բոլոր մարդկանցից զատ, մենք, որպես Փրկչի անունը կրող եկեղեցու անդամներ, պետք է նայենք ժամանակաշրջանի արտաքին տեսքից այն կողմ և տեսնենք վսեմ ճշմարտությունն ու գեղեցկությունը տարվա այս պահի:

Հետաքրքիր է, քանի՞սը Բեթլեհեմում գիտեին, որ հենց այնտեղ էր՝ իրենց մոտ, ծնվել Փրկիչը: Աստծո Որդին, երկար սպասված և խոստացված Մեսիան նրանց մեջ էր:

Դուք հիշու՞մ եք, թե ինչ ասաց հրեշտակը հովիվներին: «Այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»: Եվ նրանք իրար ասացին. «Եկէք գնանք մինչեւ Բեթլէհէմ, եւ տեսնենք այս եղած բանը» (Ղուկաս Բ.11, 15):

Հին ժամանակների հովիվների պես մենք պետք է ասենք մեր սրտերում. «Եկեք տեսնենք այս եղած բաները»: Մենք պետք է մեր սրտերում ունենանք այդ ցանկությունը: Եկեք տեսնենք Իսրայելի Սրբին մսուրում, տաճարում, լեռան վրա և խաչի վրա: Եկեք մենք էլ հովիվների պես փառաբանենք ու գովերգենք Աստծուն այս մեծ ուրախության ավետիսի համար:

Երբեմն ամենադժվարը այնպիսի բաները տեսնելն է, որոնք մշտապես հենց մեր առջևում են: Պապիկի նման, որը չէր տեսել առաստաղի աստղերը, մենք էլ երբեմն չենք կարողանում տեսնել այն, ինչը շատ պարզ է:

Մենք, որ լսել ենք Աստծո Որդու գալստյան փառահեղ ավետիսը, մենք, որ մեզ վրա ենք վերցրել Նրա անունը և ուխտել ենք քայլել Նրա ճանապարհով` որպես Նրա հետևորդներ, մենք պետք է բացենք մեր սրտերն ու մտքերը և իրոք տեսնենք Նրան:

Սուրբ Ծննդյան ժամանակաշրջանը հրաշալի է բազում պատճառներով: Այն բարությամբ և եղբայրասիրությամբ բարեգործական արարքներ կատարելու ժամանակ է: Այն մեր կյանքին և մեր օրհնություններին ավելի շատ անդրադառնալու ժամանակ է: Այն ներելու և ներվելու ժամանակ է: Այն երաժշտությունն ու լույսերը, խնջույքներն ու նվերները վայելելու ժամանակ է: Սակայն ժամանակաշրջանի փայլը չպիտի երբեք մշուշի մեր տեսողությունը և խանգարի մեզ իսկապես տեսնել Խաղաղության Իշխանին Իր ողջ վեհությամբ:

Եկեք մենք բոլորս այս տարի Սուրբ Ծնունդը դարձնենք ուրախության ու տոնախմբության ժամանակ, ժամանակ, երբ մենք երախտապարտ ենք այն հրաշքի համար, որ աշխարհը փրկելու համար Ամենակարող Աստված ուղարկեց Իր Միածին Որդուն`Հիսուս Քրիստոսին:

Մտքեր այս ուղերձն ուսուցանելու համար

  1. «Ուշադրություն գրավող վարժություններ կարող են օգտագործվել հետաքրքրություն առաջացնելու և դասի թեմայի վրա լսողների ուշադրությունը կենտրոնացնելու համար: … Նկարները արժեքավոր գործիքներ են դասի հիմնական նպատակը ընդգծելու համար և օգնելու սովորողներին կենտրոնացած մնալ» (Teaching, No Greater Call [1999], 160, 176): Այս ուղերձով կիսվելիս մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել ուշադրություն գրավող որևէ վարժություն, ինչպես օրինակ`նկար ցուցադրել կամ սուրբ գրությամբ կիսվել և խնդրել ընտանիքին մտածել այն մասին, թե ինչպես է այն վերաբերում ուղերձին:

  2. «Ձեր ամենակարևոր նպատակներից մեկը պետք է լինի օգնելը ուրիշներին կիրառել ավետարանի սկզբունքները առօրյա իրավիճակներում: … Օգնեք սովորողներին գտնել այն օրհնությունները, որոնք գալիս են, երբ մենք ապրում ենք ավետարանով» (Teaching, No Greater Call, 159): Այս ուղերձով կիսվելուց հետո կարող եք հրավիրել ընտանիքի անդամներին կիսվել իրենց ունեցած փորձառություններով, որոնք կենտրոնացած են Փրկչի վրա Սուրբ Ծննդյան ժամանակ: