2009
Մենք հավատում ենք, որ ընտանիքը հաստատվել է Աստծո կողմից
Հոկտեմբեր 2009


Միացյալ ժամ

Մենք հավատում ենք, որ ընտանիքը հաստատվել է Աստծո կողմից

«Ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար» (Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին»):

Ամաղիկիան չար մարդ էր: Նեփիացիներին նա շատ բաներ խոստացավ, եթե նրանք իրեն թագավոր դարձնեին: Շատերը հավատացին նրան և հեռացան արդարակեցությունից:

Մորոնին Նեփիացիների բանակների զորավարն էր: Նա արդար մարդ էր և հավատում էր Հիսուս Քրիստոսին: Երբ Մորոնին լսեց, որ շատերը հետևել են Ամաղիկիային, Մորոնին զայրացավ նրա վրա: Նա գիտեր, որ կորցնելով իրենց ազատությունը մարդիկ վտանգի են ենթարկվում:

Մորոնին իր վերարկուից մի կտոր կտրեց և վրան գրեց. «Ի հիշեցում մեր Աստծո, մեր կրոնի, և ազատության, և մեր խաղաղության, մեր կանանց, և մեր զավակների» (Ալմա 46.12): Նա այդ կտորն ամրացրեց ձողի ծայրին, և այն կոչեց ազատության դրոշ: Ապա նա աղոթեց այդ մարդկանց համար և այցելեց նրանց՝ թափահարելով ազատության դրոշը և Նեփիացիներին կոչ անելով միանալ իրեն և պաշտպանել իրենց ազատությունը: (Տես Ալմա 46.1–21:)

Դուք ապրում եք մի ժամանակահատվածում, երբ Ամաղիկիայի պես մարդիկ կան, որոնք ցանկանում են հեռացնել մեզ Երկնային Հոր ծրագրից: Այդ ծրագրի ամենակարևոր կետերից մեկը նվիրված է ընտանիքին:

Երկնային Հայրը ցանկանում է, որ Եկեղեցու անդամները հասկանան ընտանիքին առնչվող Իր ծրագիրը: Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը գրեցին «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչկագիրը՝ հայտարարելով, թե ընտանիքի վերաբերյալ ինչպիսի դրույթների ենք մենք հավատում: Ազատության դրոշի պես այս հայտարարությունը քաջալերում է մեզ, որ հիշենք, և բացատրում է, թե ինչին ենք մենք հավատում:

Վարժություն

Հանեք էջ Ը4-ը, և փակցրեք ստվարաթղթի վրա: Հայտարարությունը կախեք ընտանիքի համար աչքի ընկնող տեղում, որ ընտանիքի անդամները տեսնեն և հիշեն միմյանց ամրապնդելու կարևորությունը:

Մտքեր Միացյալ ժամի համար

  1. «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» մեր օրերի հայտնություն է: Միասին կրկնեք հավատո իններորդ հանգանակը, և թող երեխաները ուշադրություն դարձնեն, թե քանի անգամ է հնչում «հայտնել» կամ «հայտնվել» բառերը: Ուսուցանեք, որ Աստված շարունակում է հայտնել Իր կամքը Իր զավակներին: Աստծուց տրված այս հաղորդակցությունը կոչվում է հայտնություն: Յուրաքանչյուր երեխայի տվեք «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագրի մի օրինակ, և բացատրեք, որ հռչակագիրը հայտնություն է տրված մեր օրերում Աստծո ընտրյալ ծառաների միջոցով: Յուրաքանչյուր խմբին հռչակագրից մի նախադասություն կամ արտահայտություն տվեք, որտեղ որոշ բառեր պակասում են: Թող նրանք միասին աշխատեն և դատարկ մասերը լրացնեն ճիշտ բառերով: Օրինակ. «Ընտանիքն ունի Արարչի Իր զավակների հավերժական ճակատագրի համար»: Խնդրեք յուրաքանչյուր խմբին կանգնել և անգիր ասել իրենց լրացրած արտահայտությունը կամ նախադասությունը: Երգեք «Ընտանիքը Աստծուց է» երգի առաջին տունը (Լիահոնա, հոկտ. 2008, Ը12–Ը13): Շեշտեք, որ ընտանիքի մասին հայտարարությունը հայտնություն է Աստծուց, և մենք պետք է հասկանանք և ապրենք այդ ուսմունքներով: Հավաքեք հայտարարության օրինակները. դրանք կրկին ձեզ պետք կգան 3-րդ շաբաթ:

  2. «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» ուսուցանում է ամուսնության կարևորությունը: Նախորոք եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հավանությունը ստանալուց հետո, հրավիրեք մի քանի անդամների մասնակցելու ամուսնության կարևորության մասին քննարկմանը (տես “Panel Discussions,” Teaching, No Greater Call [1999], 175–76): Նախորոք նրանց տվեք հարցերը: Օրինակ. Ինչպե՞ս է Երկնային Հայրը օրհնել ձեզ և ձեր կողակցին: Կարո՞ղ եք կիսվել ավետարանի մի ուսմունքի վերաբերյալ պատմությամբ, որը օգնել է ձեզ լինել լավ կին (կամ ամուսին): Ի՞նչ կարող են երեխաներն անել այժմ, որպեսզի պատրաստվեն հետագայում ամուսնանալուն: Դուք կարող եք առաջարկել, որ հրավիրված մասնակիցները վերանայեն «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը: Թող երեխաները հերթով ընտրեն և կարդան հարցերը: Թող հրավիրված անդամները կամավոր պատասխանեն հարցերին: Վկայություն բերեք Երկնային Հոր ծրագրում ամուսնության կարևորության մասին:

Լուսանկարը՝ Մեթյու Ռեյերի