2009
Ծառայելու իմ արտոնությունը
Հոկտեմբեր 2009


Ծառայելու իմ արտոնությունը

Նախքան փրկության արարողություններ սպասավորելու համար Բրազիլիայի Ռեսայֆի Տաճարի դռներն առավոտյան կբացվեն, 70-ամյա Մարիա Խոսե դե Արաուջոն վեր է կենում պատրաստվելու անձնազոհ ծառայության ևս մեկ օրվա համար:

Տաճար հասնելու համար, Բրազիլիայի հյուսիս արևելյան ափին՝ Ռեսայֆի հարավում Կաբո դե Սանտո Ագոստինոյում գտնվող իր տնից Մարիան մեկուկես ժամ պետք է ճանապարհորդի չորս տարբեր ավտոբուսներով: Բայց նախքան մեկնելը, նա ուտելիք և այլ անհրաժեշտ բաներ է պատրաստում իր կույր զարմիկի համար, որին նա խնամում է իր տանը:

«Մարիան ուրիշներին ծառայելու լավ օրինակ է», - ասում է Կլետո Փ. Օլիվիերան, տաճարի արձանագրողը: «2000թ. դեկտեմբերին տաճարի նվիրագործումից ի վեր, նա կամավոր ծառայում է այստեղ ամեն օր, երբ տաճարը բաց է: Նա գալիս է նույնիսկ տոն օրերին»:

Ամեն երեքշաբթի առավոտյան ժամը 7:00-ից մինչև երեկոյան ժամը 3:00 Մարիան աշխատում է տաճարի ճաշարանում՝ լվանալով ամաններ և պատրաստելով աղցաններ: Նա ավելի երկար կաշխատեր, ասում է նա, բայց ավտոբուսով տուն երկար երթևեկելու պատճառով ստիպված է վաղ մեկնել՝ նախքան մթնելը տուն հասնելու համար:

Եղբայր Օլիվիերան ասում է՝ Մարիան պետք չէ, որ տաճար գա ամեն օր, բայց խոստովանում է, որ իրեն երկու հոգի պետք կլիներ նրան փոխարինելու համար: «Նա ուղղակի ժպտում է և ասում, որ իր կյանքը նվիրաբերել է Տիրոջը», - ասում է նա:

Մարիայի համար ամեն օր տաճարում ծառայելը մեծ արտոնություն է:

«Իմ Երկնային Հայրն օրհնել է ինձ լավ առողջությամբ, և իմ նպատակն է շարունակել ամեն օր գալ, որքան առողջությունս կների»,- ասում է նա: «Ես ուխտ եմ կապել նվիրել իմ բոլոր տաղանդներն ու ընդունակությունները Տիրոջը ծառայելուն: Երբ տաճարում ծառայելուց հետո տուն եմ գալիս, ես հոգնած չեմ զգում: Տերն այդպես է օրհնել ինձ»:

Նախկինում, երբ նա վեց տարի ծառայում էր իր ծխի ընտանեկան պատմության կենտրոնում, Մարիան հետազոտեց իր ընտանեկան տոհմագիծը: Այնուհետև բազմաթիվ շաբաթ օրեր առավոտյան, նախքան տաճարի ճաշարանում իր աշխատանքին անցնելը, նա փոխարինաբար տաճարային աշխատանք էր կատարում իգական սեռի չորս սերնդի իր նախնիների համար: Նա նաև աշխատանք կատարեց արական սեռի չորս սերունդների իր նախնիների համար:

Երբ նա սկսեց հետազոտել իր ընտանեկան պատմությունը, Մարիան զգաց, որ խնդիրն անհնարին էր, հատկապես, երբ նա չէր կարողանում գտնել երկու նախնիների անունները: Բայց մի գիշեր նրանց լրիվ անունները իրեն հայտնի դարձվեցին երազում: Սկզբում նա մտածում էր, թե արդյոք անունները ճիշտ էին, բայց երբ նա հետազոտեց իր մոր արձանագրությունները, նա գտավ այդ անունները և կարողացավ պարզել ընտանեկան կապերը, որոնք իր հիշողությունից կորել էին: Նա հավատում է, որ երազը եկավ որպես օրհնություն՝ Տիրոջը և Նրա զավակներին ծառայելու իր ջանքերի համար:

«Տաճարն իմ կյանքն է», - ասում է Մարիան: «Մարդիկ, ովքեր չեն գալիս տաճար, կորցնում են մեծ հնարավորություն և օրհնություն: Տաճարում ծառայելու միջոցով մենք սկսում ենք հասկանալ տաճարի իրական իմաստն ու զորությունը»:

«Մարդիկ, ովքեր չեն գալիս տաճար, կորցնում են մեծ հնարավորություն և օրհնություն», - ասում է Մարիա Խոսե դե Արաուջոն:

Մարիա Խոսե դե Արաուջոն, որն ամեն օր կամավոր Բրազիլիայի Ռեսայֆի Տաճար է գալիս, «ուրիշներին ծառայելու լավ օրինակ է», - ասում է տաճարային արձանագրող Կլետո Փ. Օլիվիերան, որը նկարում Մարիայի աջ կողմում է:

Նկարները Միշել Ռ. Մորիսի, բացի նշվածներից, Բրազիլիայի Ռեսայֆի Տաճարի լուսանկարը Ռ. Վալ Ջոնսոնի: