2009
Ե՞ս: Իսրայելի Հովի՞վ:
Հոկտեմբեր 2009


Ե՞ս: Իսրայելի Հովի՞վ:

Ես ականատես և մասնակից եմ եղել հազարավոր հովվական այցելությունների: Ես վկայում եմ, որ դրանք ուղեկցվում են Հոգու զարմանահրաշ դրսևորմամբ:

Նկար
Elder Daniel L. Johnson

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու յուրահատկություններից մեկը չվարձատրվող հովիվներ ունենալն է: Եկեղեցու ծխերում, ճյուղերում, ցցերում և շրջաններում մենք չունենք վարձատրվող հոգևորականություն. այլ անդամները իրենք ծառայում են մեկմեկու:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու յուրաքանչյուր անդամ Իսրայելի հովիվ լինելու կոչում ունի: Հովիվ-անդամները ծառայում են որպես եպիսկոպոսության կամ ճյուղի նախագահության անդամներ, որպես քահանայության և օժանդակ կազմակերպության ղեկավարներ, որպես գործավարներ, ուսուցիչներ տարբեր տեսակի, այդ թվում նաև տնային և այցելող ուսուցիչներ, և բազմաթիվ այլ կոչումներում:

Չվարձատրվող հովիվները մի քանի ընդհանուր բաներ ունեն: Յուրաքանչյուրը նշանակված ոչխարներ ունի հոգ տանելու համար: Յուրաքանչյուրը կանչված է Տիրոջ կողմից իր նշանակված ծառաների միջոցով: Որպես հովիվ՝ յուրաքանչյուրը պատասխանատվություն ունի Տիրոջ առաջ:

Փնտրել կորած ոչխարներին

1980 թվականին Ջոզեֆ Սերժ Մերիլուսը 19 տարեկանում հեռացավ իր հայրենի Հայիթիից և տեղափոխվեց Դոմինիկյան Հանրապետություն՝ աշխատանք փնտրելու: Տասնութ ամիս անց նա ետ գնաց Հայիթի, սիրահարվեց և իր հարսնացուի՝ Մերի Ռեյմոնդ Էստերլինի հետ կրկին վերադարձավ Դոմինիկյան Հանրապետություն:

Սկսելով իրենց ամուսնական կյանքը նոր որդեգրած երկրում՝ Ջոզեֆը հոգևոր սով էր զգում: Նրանք Մերիի հետ այցելեցին տարբեր եկեղեցիներ, ձգտելով այդ սովը հագեցնել, սակայն, խոսելով Հայիթիի կրեոլյան լեզուն իսպանախոս երկրում, նրանք հասկանալու և հասկացվելու դժվարություն ունեին: Ի վերջո, նրանք հանդիպեցին երկու միսիոներների՝ Վերջին Օրերի Սրբերի, որոնք նրանց հրավիրեցին եկեղեցի: Նրանից հետո, երբ Ջոզեֆը և Մերին մի քանի անգամ հաճախեցին եկեղեցի, միսիոներները համբերատար ուսուցանեցին նրանց զրույցները իսպաներեն, և 1997 թվականի սեպտեմբերին նրանք մկրտվեցին:

Ջոզեֆը կանչվեց ծառայելու որպես Կիրակնօրյա Դպրոցի նախագահ, ապա որպես խորհրդական ճյուղի նախագահությունում, իսկ ավելի ուշ, որպես նախագահ: Սակայն որոշ թյուրիմացությունների և վիրավորանքների պատճառով, որոնց պատճառը մեծամասամբ հաղորդակցվելու խնդիրն էր, Ջոզեֆը և Մերին և նրանց հինգ երեխաները պասիվացան Եկեղեցում և մոռացվեցին տեղի Եկեղեցու անդամների կողմից:

Հաջորդ յոթ տարիների ընթացքում նրանք ունեցան ևս չորս երեխա և իրենց զարմիկին ու զարմուհուն Հայիթիից հրավիրեցին իրենց տուն: Մեծ ջանքերի շնորհիվ Ջոզեֆ լավ սովորել էր իսպաներեն և անգլերեն և սկսել էր անգլերեն և Հայիթիի կրեոլյան լեզուն ուսուցանել տեղի ժողովրդին:

2007 թվականի օգոստոսին, քահանայության երկու ղեկավար, Տիրոջ կորած ոչխարներին փնտրելու ճանապարհին հայտնվեցին ընտանիքի դռան մոտ: Նրանք հայտնաբերեցին, որ Ջոզեֆը և Մերին դեռևս ունեն ավետարանի վկայությունը, չնայած որ յոթ տարի չէին այցելել ժողովների: Ղեկավարները ընտանիքին հրավիրեցին վերադառնալ եկեղեցի, որը նրանք ընդունեցին և հաջորդ օրը գնացին եկեղեցի՝ բոլոր 13 հոգով: Դրանից հետո նրանք միշտ ակտիվ են:

Այսօր Ջոզեֆը ճյուղի միսիոներական աշխատանքի ղեկավար է Բարահոնայում, որը գտնվում է Դոմինիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում: Նրա երկու ավագ որդիները նույնպես ծառայում են ճյուղի ղեկավարության կազմում, իսկ նրա զարմիկը՝ նոր կարգված երեցը, Երիտասարդ Տղամարդկանց նախագահն է: Վերջերս ընտանիքը գնաց տաճար, որտեղ նրանք կնքվեցին որպես հավերժական ընտանիք:

Մտածեք միայն՝ 13 կորած ոչխարներ այժմ գտնվել են, որովհետև երկու հովիվ-անդամներ ցանկություն ունեցան փնտրելու, սնելու և Տիրոջ փարախը ետ բերելու այս ընտանիքին: Նրանք առաջնորդվեցին դեպի այս տունը ճիշտ այնպես, ինչպես ես և դուք կառաջնորդվենք մեր պատասխանատվության տակ գտնվող կորած ոչխարներին փնտրելիս:

Ես ականատես և մասնակից եմ եղել հազարավոր հովվական այցելությունների: Ես վկայում եմ, որ դրանք ուղեկցվում են Հոգու զարմանահրաշ դրսևորմամբ: Ես տեսել եմ ինչպես են շատ կորած ոչխարներ վերադարձել և զգացել եմ ուրախությունը, որ առաջանում է, երբ նրանց ողջունում են փարախում: Ես տեսել եմ, թե ինչպես են սրտեր լցվել, օրհնություններ հայտարարվել, արցունքներ թափվել, վկայություններ բերվել, աղոթքներ ասվել ու պատասխանվել և սեր արտահայտվել: Ես տեսել եմ փոխված կյանքեր:

Արածեցնել հոտը

Մ.թ.ա. մոտավորապես 592 և 570 թվականների միջև Աստված խոսել է իր Մարգարե Եզեկիելի հետ անփույթ հովիվների վերաբերյալ: Նրանց անփութության պատճառով հոտը ցրվել էր: Այդ հովիվների մասին Տերն ասել է.

«Մարդի որդի, մարգարեացիր Իսրայելի հովիվների մասին, մարգարեացիր և ասիր նրանց՝ այդ հովիվներին, թե Այսպես է ասում Տեր Եհովան… : հովիվները չէ՞, որ հոտը պիտի արածեցնեն … :

Տկարներին չուժովացրիք, և հիվանդին չբժշկեցիք, և դուք կոտրածին չկապեցիք, և մոլորվածին ետ չբերիք, և կորածին չորոնեցիք …

 երկրի բոլոր երեսի վրա ցրվել են իմ ոչխարները. և որոնող չկա ու հարցնող չկա:

Այսպես է ասում Տեր Եհովան… : իմ ոչխարներին պիտի պահանջեմ նրանց ձեռքից» (Եզեկիել ԼԴ.2, 4, 6, 10):

Ինչ-որ առումով, մենք դարձել ենք ժողովարանում գործող եկեղեցի: Մենք մեծ ջանքեր ենք գործադրում հոգևոր և հուզական սնունդ ապահովելու նրանց, ովքեր գալիս են եկեղեցի, բայց ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր կորցրել են ժողովարանի ճանապարհը:

Եթե ես ծառայելու կոչում եմ ստացել Եկեղեցում, ապա ոչխարներ ունեմ, որոնց պարտավոր եմ սպասավորելու և ծառայելու: Օրինակ՝ որպես ուսուցիչ, ես հովիվ եմ ոչ միայն նրանց համար, ովքեր գալիս են իմ դասարան, այլ նաև նրանց համար, ովքեր չեն այցելում: Ես պարտականություն ունեմ գտնելու նրանց, ծանոթանալու նրանց հետ, նրանց ընկերը լինելու, հոգալու նրանց կարիքները և ետ բերելու դեպի հոտը:

Օգնել, որ վերադառնան

Որպես հովիվ-անդամներ՝ լավ կանենք, որ հիշենք և խորհենք Ղուկասի ԺԵ գլխի ուսմունքները: Այդ գլխում Տերն ուսուցանել է կորած ոչխարի, կորած դրամի և անառակ որդու առակները: Երեք առակներն էլ վերաբերում են «կորածը» կրկին գտնելուն: Կորած ոչխարի առակում Տերը հարցնում է.

«Ձեզանից ով է այն մարդը, որ հարյուր ոչխար ունենա և նրանցից մեկը կորցնե. չի՞ թողնի իննսունևինը անապատում և այն կորածի ետևից գնա, մինչև որ գտնե նրան:

Եվ երբոր գտնե, ուրախանալով իր ուսերի վրա կդնե նրան:

Եվ տուն գալով, բարեկամներին և դրացիներին կկանչե, և նրանց կասե. Ուրախացեք ինձ հետ. որովհետև իմ կորած ոչխարը գտա:

Ասում եմ ձեզ, թե այսպես ուրախություն կլինի երկնքում մեկ մեղավորի համար, որ ապաշխարե, քան թե իննսունևինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ» (Ղուկաս 15:4–7):

Առակում միայն մի ոչխար էր խոտորվել կամ կորել, ինչը հազվադեպ է լինում մեր ծխերում և ճյուղերում: Առակի կիրառումը, այնուամենայնիվ, նույնն է, անկախ հոտից հեռացած ոչխարների քանակից:

Առակը չի նշում, թե որքան տևեց ետ բերելու գործընթացը: Հովվական մեր ջանքերի ժամանակ, որոշ ոչխարներ կվերադառնան մեկ այցելությունից հետո, մինչդեռ մյուսների համար կպահանջվի նուրբ քաջալերանքի տարիներ:

Մեր եղբայրներին և քույրերին ետ վերադարձնելու ընթացքում եկեք չմոռանանք, որ ոչխարները, որոնց «վերադարձնում ենք հոտ», «թանկ են Հովվի սրտի համար»:1 Նա անհատապես գիտի նրանցից յուրաքանչյուրին: Նա կատարյալ սիրով սիրում է նրանցից յուրաքանչյուրին: Քանի որ նրանք Նրանն են, Նա կուղեկցի մեզ, կառաջնորդի մեզ և կոգեշնչի մեզ ասելու ինչ որ պետք է, եթե խնդրենք և ապա լսենք Հոգու ձայնը: Երբ մենք անկեղծորեն և խոնարհությամբ ձեռք մեկնենք, Սուրբ Հոգու զորությամբ շատերը դրական կարձագանքեն:

Թող որ մենք հիշենք հովիվ լինելու մեր պարտականությունները, որպեսզի լավ հաշվետու լինենք Տիրոջը մեզանից յուրաքանչյուրին նշանակված ոչխարների տնտեսության համար:

Հղումներ

  1. «Dear to the Heart of the Shepherd», Hymns, no. 221:

Հատված Ջոզեֆ Բրիկլիի «Բեթլեհեմի ճանապարհը» նկարից. աջից՝ հատված Ռոբերտ Թ. Բարետի «Կայենը և Հաբելը» նկարից

Գրեգ Ք. Օլսոնի «Այլևս մի կորցրու» . պատճենահանել չի կարելի. նկարազարդման հեղինակ՝ Լաուրենի Ֆոչետտո