2009
Մենք եկել ենք տեսնելու Տաճարը
Հոկտեմբեր 2009


Մենք եկել ենք տեսնելու Տաճարը

Րիս Բենդլի, Յուտա, ԱՄՆ

Աշնանային մի օր Սոլթ Լեյք Տաճարում իմ հերթափոխի ժամանակ եկավ մի երիտասարդ իր ընկերների հետ, որոնք ակնհայտորեն տաճարի երկրպագության համար չէին հագնված:

«Մենք եկել ենք տեսնելու տաճարը», - ասաց երիտասարդը:

«Դուք ունե՞ք երաշխավորագիր», - հարցրեցի ես:

Երիտասարդը մի պահ մտածեց: Ապա ասաց. «Այո: Մայրս Մորմոն ընկերուհի ունի Մինեսոտայում: Նա խորհուրդ է տվել մեզ գալ և տեսնել տաճարը»:

Ես զգացի, որ պետք է երիտասարդներին մի կողմ տանեմ և խոսեմ նրանց հետ: Երիտասարդի անունը Լարս էր: Ես նրան բացատրեցի, որ նա ոչ միայն կարող է գալ տաճար, այլ Երկնային Հայրը նույնպես ցանկանում է, որ նա գա: Ես Լարսին ասացի, որ նա նախ պետք է պատրաստվի, ապա բացատրեցի, թե ինչպես:

Այդ ժամանակ ես Եկեղեցում ակտիվ էի դարձել միայն վերջերս: Ես ծառայել էի միսիայում, բայց հետո հեռացել էի Եկեղեցուց, քանի որ աշխատում էի զվարճությունների բնագավառում և օգտագործում էի թմրանյութեր և ալկոհոլ: Ես կարծում էի, թե իմ ընտանիքը պետք է որ տպավորված լինի իմ կարիերայով և հարստությամբ, բայց մորս դա չէր հետաքրքրում: Փոխարենը, նա միշտ իմ անունը դնում էր տաճարի աղոթքի փաթեթի մեջ, ինչը ինձ բարկացնում էր:

Կինը, որի հետ ես ամուսնացա, նույնպես հեռացել էր Եկեղեցուց: Այն ժամանակ, երբ մեր ութ տարեկան դուստրը, Տորին, սկսեց հարցեր տալ Հիսուս Քրիստոսի մասին, մենք գրեթե կորցրել էինք մեր հոգևորականությունը: Չնայած իմ միսիոներական ծառայությանը, ես չէի կարողանում որևէ բան հիշել Փրկչի մասին:

«Կան մարդիկ, որոնք կարող են ուսուցանել քեզ Հիսուսի մասին», - ասացի ես Տորիին: «Կարող ես նրանց հետ խոսել»:

Մի քանի օր անց երկու քույր միսիոներներ թակեցին մեր դուռը: Տորին նրանց ներս հրավիրեց և սկսեց մասնակցել զրույցներին: Ականջ դնելով մյուս սենյակից, ես լսում էի, քույրերի սովորեցրած վարդապետությունները, որոնք հասկանում էի, որ ճշմարիտ են:

«Դու կուզենա՞ս մկրտվել, - հարցրեց քույրերից մեկը Տորիին երրորդ զրույցից հետո:

«Այո», - պատասխանեց նա:

«Քո հայրը կմկրտի՞ քեզ»:

Ես Եկեղեցի չէի գնացել արդեն 20 տարի, բայց գիտեի, որ կյանքս շուտով պետք է փոխվեր: Ես նստեցի վերջին մի քանի զրոյցներին, մենք սկսեցինք հաճախել եկեղեցի, և ես ու կինս հանդիպեցինք եպիսկոպոսի հետ: Ապաշխարելուց հետո ես որոշեցի անել հնարավորին ամեն ինչ, որպեսզի փոխհատուցեմ կորցրած տարիները: Ես փոխեցի աշխատանքս, կատարելագործվեցի Եկեղեցու իմ կոչումներում, կնքվեցի կնոջս և աղջկաս հետ և դարձա տաճարի աշխատող: Այդ պատճառով ես գիտեի, որ հետաքրքրասեր երիտասարդների խումբը կարող էր արժանի դառնալ տաճար մտնելուն:

Հաջորդ գարնանը Լարսը ինձ նամակ ուղարկեց, շնորհակալություն հայտնելով, որ ես բացատրեցի նրան տաճարի երաշխավորագրի իսկական նշանակությունը: «Ես ավելի շատ բան սովորեցի տաճարային երաշխավորագրի մասին», - գրում էր նա: «Ես մկրտվել եմ և անցած հունվարին ստացել իմ անձնական երաշխավորագիրը»: Աչքերս արցունքներով լցվեցին, երբ նայում էի նրա ուղարկած լուսանկարին, որի վրա մկրտության սպիտակ հագուստով նա նկարված էր իրեն ուսուցանած միսիոներների հետ:

Դեպի տաճար իմ վերադարձի ճանապարհը նշանակալից էր, իսկ Լարսի ճանապարհորդության մասին լսելը հիանալի օրհնություն էր, որն ինձ հիշեցրեց այն մասին, թե ինչպես մենք բոլորս կարող ենք փոխել մարդկանց կյանքը դեպի լավը: