2009
Բռնվել ամուր արմատներից
Հոկտեմբեր 2009


Բռնվել ամուր արմատներից

Մելսիդա Հակոբյան, Հայաստան

Երբ ես աշակերտուհի էի Ռուսաստանում, կարդացի երկու տղաների մասին մի սարսափելի պատմություն, որոնք անտառում արջի էին հանդիպել: Տարիներ անց, երբ ես ուսուցչուհի դարձա, ընկերներս ինձ խնդրեցին իրենց հետ գնալ սունկ հավաքելու: Ես դեռ վախենում էի անտառից, սակայն համաձայնվեցի գնալ նրանց հետ:

Անտառ մտնելուն պես ես վերցրեցի մի փայտ, որպեսզի կարողանայի պաշտպանվել, եթե հանկարծակի արջի հանդիպեի: Ընկերներս շատ արագ գտան այն շագանակագույն սնկերը, որ փնտրում էին: Իսկ ես փնտրում էի վառ կարմիր գլխարկով սնկեր և գնացի այլ ուղղությամբ: Մինչև հասկացա, արդեն մենակ էի:

Երբ փնտրում էի, սայթաքեցի և ընկա: Սնկերով իմ զամբյուղը օդ թռավ, բայց ես ամուր բռնել էի իմ փայտը: Երբ փորձեցի վեր կենալ, նկատեցի, որ հողը ցեխոտ և կպչուն է: Սարսափով ես հասկացա, որ ընկել եմ ճահճի մեջ: Ռետինե կոշիկներս լցվեցին ջրով, և ես սկսեցի սուզվել: Ես փորձեցի շարժել ոտքերս, բայց ինձ ազատելու փոխարեն, ավելի խորը սուզվեցի: Երբ ցեխը հասավ կրծքիս, ինձ պատեց սարսափը:

Ես գոռում էի, որ ընկերներս լսեին, սակայն միակ պատասխանը գալիս էր բզզացող ճպուռներից և կռկռացող գորտերից: Երբ սկսեցի լաց լինել, հանկարծ հիշեցի տատիկիս: Երբ նա դժվար իրավիճակի մեջ էր հայտնվում, աղոթում էր: Նա հաճախ էր ինձ հրավիրում աղոթելու, բայց ես միշտ մերժում էի, պատասխանելով. «Աստված չկա»:

Բայց մահվան շեմին կանգնած, աղոթելուց բացի էլ ոչինչ չէի կարող անել, և ես օգնության համար կանչեցի առ Աստված: «Եթե Դու կաս, խնդրում եմ, օգնիր ինձ»: Ես լաց եղա:

Գրեթե անմիջապես լսեցի մի բարի ձայն. «Հավատա և մի վախեցիր: Բռնվիր ծառի ամուր արմատից»:

Նայելով շուրջս, իմ ետևում տեսա մի մեծ ծառի արմատ: Փայտիս օգնությամբ կարողացա հասնել դրան: Ապա ինչ-որ ձևով ուժ ստացա և կարողացա դուրս գալ ճահճից:

Ամբողջովին ցեխոտված ես ընկա գետնին և շնորհակալություն հայտնեցի Աստծուն իմ աղոթքին պատասխանելու համար: Այժմ ես հավատում եմ, որ Նա ապրում է: Ես զգացել եմ Նրա ներկայությունը և լսել եմ Նրա ձայնը, և Նա ինձ ուժ է տվել ազատվելու:

Որոշ ժամանակ անց, երբ լիաժամկետ միսիոներները ինձ ուսուցանում էին, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացել է Սուրբ Պուրակում իր աղոթքի պատասխանը, ես նրանց հավատացի: Ի վերջո, Աստված պատասխանել էր իմ աղոթքին անտառում: Ես բռնվեցի ավետարանի ամուր արմատներից, շուտով մկրտվեցի և այսօր ծառայում եմ Հայաստանում Գյումրի Ճյուղում:

Ես գիտեմ, որ Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին, և ես երախտապարտ եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ: Ես նաև երախտապարտ եմ այն բազմաթիվ օրհնությունների համար, որոնք ստացել եմ Երկնային Հորից, հատկապես տարիներ առաջ անտառում աթեիստի իմ աղոթքին պատասխանելու համար:

Երբ ցեխը հասավ կրծքիս, ինձ պատեց սարսափը: Ես գոռում էի, որ ընկերներս լսեին, սակայն միակ պատասխանը գալիս էր բզզացող ճպուռներից և կռկռացող գորտերից: