2010–2019 թթ․
Աստծո անմիջական բարությունը
2019 թվականի ապրիլի գերագույն համաժողով


Աստծո անմիջական բարությունը

Նույնիսկ, երբ մենք համբերությամբ ապավինում ենք Տիրոջը, կան որոշակի օրհնություններ, որոնք մենք անմիջապես ենք ստանում:

Մի քանի տարի առաջ մեր հինգամյա որդին եկավ ինձ մոտ և հայտարարեց. «Հայրի՛կ, ես մի բան եմ իմացել: Ես պարզել եմ, որ այն, ինչ քեզ համար շուտով է, ինձ համար շատ երկար ժամանակ է»:

Երբ Տերը կամ Նրա ծառաներն ասում են. «Ոչ թէ շատ օրեր սորանից հետո» կամ «Ոչ շատ օրեր հետո», դա կարող է բառացիորեն նշանակել՝ ամբողջ կյանքի ընթացքում կամ ավելի երկար:1 Նրա ժամանակը, իսկ ավելի հաճախ Նրա ժամանակացույցը, տարբերվում է մեր ժամանակացույցից: Այստեղ կարևորը համբերությունն է: Առանց համբերության մենք չենք կարող հավատ զարգացնել կամ հավատ ցույց տալ առ Աստված, որն էլ տանում է դեպի կյանք և փրկություն: Սակայն իմ ուղերձն այսօր այն մասին է, որ նույնիսկ, երբ մենք համբերությամբ ապավինում ենք Տիրոջը, կան որոշակի օրհնություններ, որոնք մենք անմիջապես ենք ստանում:

Երբ Ալման և նրա ժողովուրդը գերեվարվեցին լամանացիների կողմից, նրանք աղոթեցին ազատության համար: Նրանք անմիջապես չազատվեցին, բայց մինչ նրանք համբերությամբ սպասում էին ազատմանը, Տերն Իր բարությունը ցույց տվեց որոշակի անմիջական օրհնությունների միջոցով: Նա անմիջապես փափկացրեց լամանացիների սրտերը, որպեսզի նրանք չկոտորեին նեփիացիներին։ Նա նաև զորացրեց Ալմայի ժողովրդին և թեթևացրեց նրանց բեռները:2 Երբ նրանք վերջապես ազատվեցին, ճամփորդեցին Զարահեմլա, որտեղ իրենց փորձառությունների մասին պատմեցին մարդկանց, ովքեր զարմանքից ապշել էին: Զարահեմլայի ժողովուրդը հիացել էր, և «երբ նրանք մտածում էին Աստծո անմիջական բարության և նրա զորության մասին՝ Ալմային ու նրա եղբայրներին Լամանացիների ձեռքից և ճորտությունից ազատելիս, նրանք բարձրացնում էին իրենց ձայնն ու գոհություն հայտնում Աստծուն»:3

Աստծո անմիջական բարությունը գալիս է բոլոր նրանց, ովքեր դիմում են Նրան իսկական վճռականությամբ և սրտի ողջ նվիրվածությամբ: Սա ընդգրկում է նրանց, ովքեր աղերսում են անկեղծ վհատությամբ, երբ ազատումը թվում է այնքան հեռու, իսկ տառապանքը՝ երկար, անգամ ավելի ուժգին:

Այդպես էր նաև երիտասարդ մարգարեի հետ, ով անսահման տառապում էր խոնավ զնդանում, երբ, ի վերջո, աղաղակեց. «Ո՜վ Աստված, ո՞րտեղ ես դու: … Որքա՞ն պիտի քո ձեռքը ետ պահվի … Այո, ո՜վ Տեր, որքա՞ն …»4 Ի պատասխան, Տերն անմիջապես չազատեց Ջոզեֆին, այլ անմիջապես խաղաղություն տվեց նրան:5

Աստված նաև անմիջական հույս ուղարկեց վերջնական ազատման համար:6 Կարևոր չէ՝ ինչպես, կարևոր չէ՝ որտեղ, Քրիստոսով և Քրիստոսի միջոցով հույսը միշտ էլ պայծառ ժպտում է մեր առաջ:7 Անմիջապես մեր առաջ:

Դեռ ավելին, Նա խոստացել է. «Իմ ողորմությունը քեզանից չի քաշուիլ»:8

Նախևառաջ, Աստծո սերն անմիջական է: Պողոսի հետ, ես վկայում եմ, որ ոչինչ չի կարող «մեզ բաժանել Աստծո սերիցը՝ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է»:9 Չնայած մեր մեղքերը կարող են որոշ ժամանակով բաժանել մեզ Նրա Հոգուց, սակայն դրանք չեն կարող բաժանել մեզ Նրա աստվածային հայրական սիրո հաստատունությունից և անմիջականությունից:

Սրանք են այն մի քանի եղանակներն ու միջոցները, որոնցով «նա անմիջապես օրհնում է [մեզ]»:10 Այժմ, որպեսզի ցույց տամ, թե որքանով են այս սկզբունքներն առնչվում միմյանց, ես ձեզ հետ կկիսվեմ երկու մարդկանց փորձառությամբ, ում կյանքը Աստծո անմիջական բարության վկայությունն է:

Իր պատանեկության տարիներից սկսած, Էմիլին տառապում էր թմրանյութերից կախվածությամբ: Փորձարկումը հանգեցրեց սովորության, որն, ի վերջո, դարձավ կախվածություն, որի դեմ նա մաքառում էր երկար տարիներ, չնայած դա երբեմն ընդհատվում էր առողջացման կարճ ընդմիջումներով: Էմիլին ամեն կերպ թաքցնում էր իր խնդիրը, հատկապես, երբ ամուսնացավ ու երեխա ունեցավ:

Նրա բուժման գործընթացը բոլորովին հույս չէր ներշնչում: Մի օր Էմիլին անցնում էր սովորական բժշկակական զննում, իսկ հաջորդ օրը շտապ օգնության մեքենան նրան տանում էր հիվանդանոց: Նա խուճապի էր մատնվում, երբ մտածում էր իր երեխաներից, ամուսնուց և տնից բաժանվելու մասին:

Այդ գիշեր Էմիլին մենակ էր ցուրտ ու մութ սենյակում, նա կծկվել էր իր անկողնում և հեկեկում էր: Անհանգստությունը, վախը, սենյակում և նրա հոգում տիրող ճնշող խավարը այլևս սպառել էին դատելու նրա ունակությունը, և Էմիլին իսկապես մտածում էր, որ ինքը կմահանա այդ գիշեր: Մենակ կմահանա:

Այդ հուսահատ վիճակում, Էմիլին ինչ-որ կերպ հավաքեց ուժերը, դուրս եկավ անկողնուց ու ծնկի իջավ: Առանց ձևականությունների, որոնք նախկինում ուղեկցում էին նրա աղոթքները, Էմիլին, իր կյանքը լիովին հանձնելով Տիրոջ տնօրինությանը, հուսահատ աղերսեց. «Թանկագի՛ն Տեր, ես քո կարիքն ունեմ: Խնդրու՛մ եմ, օգնի՛ր ինձ: Ես չեմ ցանկանում մենակ լինել: Խնդրում եմ, ինձ հետ եղիր այս գիշեր»:

Եվ ինչպես Պետրոսի դեպքում էր, Հիսուսն անմիջապես պարզեց Իր ձեռքը և բռնեց նրա խորտակվող հոգին:11 Այդ պահին Էմիլիի հոգին լցվեց զարմանալի հանգստությամբ, քաջությամբ, հավաստիացումով և սիրով: Սենյակն այլևս ցուրտ չէր թվում, և Էմիլին գիտեր, որ մենակ չէ: 14 տարեկանից ի վեր, առաջին անգամ նա հասկացավ, որ ամեն ինչ լավ է լինելու: Երբ Էմիլին «զարթնեց առ Աստված»,12 նա խաղաղ քուն մտավ: Եվ այսպիսով մենք տեսնում ենք, որ «եթե դուք կամենաք ապաշխարել և չկարծրացնեք ձեր սրտերը, փրկագնման մեծ ծրագիրն անհապաղ պիտի իրագործվի ձեզ համար»:13

Նկար
Ընտանիքը տաճարում

Երկար ժամանակ պահանջվեց Էմիլիի վերջնական բուժման և կախվածությունից ազատվելու համար. ամիսներ տևող բուժում, ուսուցում և խորհրդատվություն, որի ընթացքում նրան ուղեկցում և աջակցում էր Աստծո անմիջական բարությունը: Եվ այդ բարությունն էր աջակցում Էմիլիին, երբ նա տաճար մտավ իր ամուսնու և երկու զավակների հետ՝ հավերժ միասին կնքվելու համար: Զարահեմլայի ժողովրդի նման այժմ Էմիլին զարմանում է, երբ մտածում է Աստծո անմիջական բարության և Նրա զորության մասին, որն ազատեց իրեն կախվածության կապանքներից:

Այժմ մեկ այլ պատմություն ևս մեկ հավատավոր մարդու մասին: 2013թ.-ի դեկտեմբերի 27-ին Ալիշա Շրոդերը ուրախությամբ դիմավորեց իր սիրելի ընկերներին՝ Շեն և Շարլա Չիլկոտներին, ովքեր անսպասելի հայտնվեցին նրա դռան շեմքին: Շենը, ով նաև Ալիշայի եպիսկոպոսն էր, նրան տվեց իր բջջային հեռախոսը և վշտահար ասաց. «Ալիշա, մենք սիրում ենք քեզ: Դու պետք է պատասխանես այս զանգին»։

Զանգահարողը Ալիշայի ամուսինն էր՝ Մարիոն: Նա իրենց մի քանի երեխաների հետ մեկնել էր մի մեկուսի վայր՝ ձյունագնաց մեքենայով ճամփորդելու համար, որին բոլորը շատ էին սպասում: Սարսափելի վթար էր պատահել: Մարիոն լուրջ վնասվածք էր ստացել, իսկ նրանց տասնամյա որդի Քալեբը մահացել էր: Երբ Մարիոն արտասվելով Ալիշային ասաց Քալեբի մահվան մասին, կինն այնպիսի ցնցում և վիշտ տարավ, որ մեզանից քչերը երբևէ կիմանան, թե ինչ է դա: Նա վայր ընկավ: Սարսափելի վշտից կաթվածահար եղած Ալիշան չէր կարողանում խոսել ու շարժվել:

Եպիսկոպոս և քույր Չիլկոտները արագ, բարձրացրին նրան և պահեցին: Որոշ ժամանակ նրանք միասին վշտալից արտասվում էին: Ապա եպիսկոպոս Չիլկոտն առաջարկեց օրհնություն տալ Ալիշային:

Այն, ինչ պատահեց դրանից հետո, անըմբռնելի է առանց Հիսուս Քրիստոսի Քավության և Աստծո անմիջական բարության մասին որոշակի հասկացողության: Եպիսկոպոս Չիլկոտը իր ձեռքերը դրեց Ալիշայի գլխին և դողացող ձայնով սկսեց խոսել: Ալիշան լսեց երկու բան, որոնք, կարծես, Աստված էր ասում Իր բերանով: Նախ, նա լսեց իր անունը՝ Ալիշա Սյուզան Շրոդեր: Հետո նա լսեց, որ եպիսկոպոսը օգնության է կանչում Ամենակարող Տիրոջը: Այդ պահին, երբ պարզապես նշվեց նրա անունը և Աստծո զորությունը, անասելի խաղաղությունը, սերը, հանգստությունը, սփոփանքը և, ինչ-որ առումով, ուրախությունը պարուրեցին Ալիշային: Եվ այդ զգացումները երբեք չլքեցին նրան:

Իհարկե այժմ Ալիշան, Մարիոն և նրանց ընտանիքը շարունակում են սգալ Քալեբի մահը և կարոտել նրան: Դժվար է: Երբ ես խոսում եմ Ալիշայի հետ, նրա աչքերը լցվում են արցունքներով, և նա պատմում է ինձ, թե որքան է սիրում ու կարոտում իր փոքրիկ տղային: Եվ նրա աչքերը դեռևս թաց են, երբ նա պատմում է ինձ, թե Մեծ Փրկարարն Իր անմիջական բարությամբ ինչպես է նեցուկ եղել իրեն իր փորձության և հուսահատության ամենավատ պահերին, և հիմա էլ շարունակում է՝ քաղցր միավորման պայծառ հույսով, որը «շատ օրեր սորանից հետո» է լինելու:

Ես գիտեմ, որ փորձությունները դժվարություններ ու խառնաշփոթ են բերում մեր կյանք, որոնք խոչընդոտում են ընդունել կամ հասկանալ այն թեթևացումը, որը ստացան Էմիլին ու Ալիշան: Ես անցել եմ այդպիսի ժամանակների միջով։ Ես վկայում եմ, որ այդպիսի ժամանակներում մեր պաշտպանությունն արտահայտվում է Աստծո անմիջական բարության նուրբ ու զորավոր դրսևորմամբ: Հիշեք, որ հին Իսրայելը վերջնականապես ազատվեց «այն նույն Աստծո կողմից, որը պահպանել էր նրանց»14 ամեն օր:

Ես բերում եմ իմ վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը Մեծ Փրկարարն է, և Նրա անունով ես խոստանում եմ, որ երբ դուք փնտրեք Նրան իսկական վճռականությամբ և սրտի ողջ նվիրվածությամբ, Նա կազատի ձեզ այն ամենից, ինչը սպառնում է թուլացնել կամ կամ կործանել ձեր կյանքն ու ուրախությունը: Այդ ազատումը կարող է ավելի երկար տևել, քան դուք կկամենաք, գուցե՝ ամբողջ կյանքի ընթացքում կամ ավելի երկար: Ուստի, որպեսզի ձեզ սփոփանք, վստահություն ու հույս տամ, որպեսզի աջակցեմ ու զորացնեմ ձեզ մինչև այդ վերջնական ազատումը, ես ձեզ եմ հանձնում և վկայում եմ Աստծո անմիջական բարության մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: