2010–2019 թթ․
Վարժեցնելով մեր հոգևոր մկանները
2019 թվականի ապրիլի գերագույն համաժողով


Վարժեցնելով մեր հոգևոր մկանները

Ինչպես մկանների մասին կարդալն ու սովորելը բավարար չէ մկան կառուցելու համար, այնպես էլ հավատ կառուցելիս բավարար չէ միայն կարդալ ու սովորել հավատի մասին, պետք է ավելացնել նաև գործողություն:

Ես երախտապարտ եմ մարմին ունենալու օրհնության համար, որը զարմանալի նվեր է մեր Երկնային Հորից: Մեր մարմինը կազմված է ավելի քան 600 մկաններից:1 Մկաններն անհրաժեշտ է վարժեցնել, որպեսզի ի վիճակի լինենք կատարել մեր առօրյա գործողությունները: Մենք կարող ենք մտավոր զգալի ջանքեր թափել՝ կարդալով և սովորելով մեր մկանների մասին, բայց եթե մտածենք, որ այդպիսով մկանները կզարգանան, մեզ հիասթափություն է սպասվում: Մեր մկանները զարգանում են միայն այն ժամանակ, երբ դրանք գործի ենք դնում:

Ես սկսել եմ հասկանալ, որ հոգևոր պարգևները նույն կերպ են աշխատում: Դրանք նույնպես պետք է գործադրվեն, որպեսզի աճեն: Հավատքի հոգևոր պարգևը, օրինակ, պարզապես զգացմունք կամ տրամադրություն չէ: Դա գործողության սկզբունք է, որը հաճախ է հանդիպում սուրբ գրքերում գործադրել բայի հետ:2 Ինչպես մկանների մասին կարդալն ու սովորելը բավարար չէ մկան կառուցելու համար, այնպես էլ հավատ կառուցելիս բավարար չէ միայն կարդալ ու սովորել հավատի մասին, պետք է ավելացնել նաև գործողություն:

Երբ ես 16 տարեկան էի, իմ ավագ եղբայրը՝ Իվանը, որը 22 տարեկան էր այդ ժամանակ, մի օր տուն եկավ և որոշ նորություններով կիսվեց ընտանիքի հետ: Նա որոշել էր մկրտվել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Մեր ծնողները դրան մի քիչ թերահավատորեն նայեցին, և ես հիշում եմ, որ լավ չէի հասկանում, թե ինչ էր կատարվում: Մեկ տարի անց նա մեզ ավելի զարմացնող նորություն ասաց՝ որ որոշել էր ծառայել որպես Եկեղեցու միսիոներ, ինչը նշանակում էր, որ շուրջ երկու տարի մենք նրան չէինք տեսնելու: Ծնողներս ուրախ չէին այդ նորության համար, սակայն եղբորս մեջ ես տեսա մի հստակ վճռականություն, որը մեծացրեց իմ հիացմունքը նրա և նրա կատարած որոշման հանդեպ:

Ամիսներ անց, երբ Իվանը ծառայում էր միսիայում, ես հնարավորություն ունեցա իմ մի քանի դասընկերների հետ ծրագրել մեր արձակուրդը: Մենք ուզում էինք նշել մեր ավագ դպրոցի ավարտը և մի քանի օր անցկացնել լողափում:

Ես նամակ գրեցի իմ միսիոներ եղբորը` տեղեկացնելով իմ ամառային արձակուրդի ծրագրերի մասին: Պատասխան նամակով նա ասաց, որ քաղաքը, որտեղ նա ծառայում է, իմ ուղևորության ճանապարհին է: Ես որոշեցի, որ լավ կլիներ կանգ առնել այդ քաղաքում և հանդիպել նրան: Այդ ժամանակ ես չգիտեի, որ ընտանիքի անդամները չեն այցելում միսիոներներին:

Ես կատարեցի բոլոր պատրաստությունները: Հիշում եմ, որ ավտոբուսում նստած մտածում էի, թե ինչ զվարճալի ժամանակ կանցկացնեինք ես ու Իվանը միասին այդ գեղեցիկ արևոտ օրը: Մենք կնախաճաշեինք, կզրուցեինք, կխաղայինք ավազի վրա, արևային լոգանք կընդունեինք՝ ի՜նչ հրաշալի ժամանակ կանցկացնեինք:

Երբ ավտոբուսը ժամանեց կայարան, ես տեսա Իվանին մի ուրիշ երիտասարդի կողքին կանգնած, երկուսն էլ սպիտակ վերնաշապիկներով ու փողկապներով: Երբ իջա ավտոբուսից, մենք գրկախառնվեցինք, և նա ծանոթացրեց ինձ իր զուգընկերոջ հետ: Առանց րոպե կորցնելու ես եղբորս հետ կիսվեցի օրվա հետ կապված իմ ծրագրերով, բայց չգիտեի, թե Իվանն ինչ էր ծրագրել: Նա նայեց ինձ, ժպտաց և ասաց. «Իհա՛րկե: Բայց մենք պետք է նախ որոշ գործեր անենք: Կգա՞ս մեզ հետ»: Ես համաձայնվեցի, մտածելով, որ դրանից հետո մենք բավական ժամանակ կունենանք վայելելու լողափը:

Այդ օրը, 10 ժամից ավել, եղբորս ու նրա զուգընկերոջ հետ ես քայլել եմ այդ քաղաքի փողոցներով: Ես ողջ օրը ժպտում էի մարդկանց: Ես ողջունում էի մարդկանց, ում կյանքումս առաջին անգամ էի տեսնում: Մենք զրուցում էինք բոլորի հետ, թակում օտարների դռները և այցելում այն մարդկանց, ում եղբայրս ու նրա զուգընկերը ուսուցանում էին:

Այդ այցելություններից մեկի ժամանակ եղբայրս ու նրա զուգընկերը ուսուցանում էին Հիսուս Քրիստոսի և փրկության ծրագրի մասին: Հանկարծ, Իվանը կանգ առավ ու նայեց ինձ: Ի զարմանս ինձ, նա մեղմորեն խնդրեց ինձ կիսվել ուսուցանվող նյութի վերաբերյալ իմ կարծիքով: Սենյակում լռություն տիրեց և բոլորի հայացքներն ուղղվեցին իմ կողմը: Որոշ դժվարությամբ, ես վերջապես խոսքեր գտա և կիսվեցի Փրկիչի մասին իմ զգացմունքներով: Ես չգիտեի, թե այն, ինչ ասում եմ, ճի՞շտ է, թե՝ սխալ: Եղբայրս բոլորովին չուղղեց ինձ, հակառակը՝ շնորհակալություն հայտնեց մտքերս արտահայտելու համար:

Միասին անցկացրած այդ ժամերի ընթացքում եղբայրս ու նրա զուգընկերը ոչ մի րոպե չտրամադրեցին, որ հատուկ ինձ ուսուցանեն, բայց ես ավելի շատ գիտելիք ստացա, քան նախկինում եղբորս հետ ունեցած բոլոր շփումներից: Ես տեսնում էի, թե ինչպես էր փոխվում մարդկանց դեմքի արտահայտությունը, երբ նրանք ընդունում էին հոգևոր լույսը: Ես տեսել եմ, թե ինչպես էին շատերը հույս գտնում այդ ուղերձներում, սովորել եմ ծառայել մարդկանց ու մոռանալ ինքս ինձ և իմ ցանկությունների մասին: Ես անում էի այն, ինչ Փրկիչն ասել էր. «Եթե մէկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանայ»:3

Հետադարձ հայացք գցելով, հասկանում եմ, որ իմ հավատքն աճեց այդ օրը, որովհետև եղբայրս ինձ հնարավորություն տվեց այն գործի դնել: Ես գործադրեցի այն, երբ կարդում էինք սուրբ գրություններից, փնտրում էինք մարդկանց՝ ուսուցանելու համար, վկայություն էինք բերում, ծառայում ուրիշներին և այլն: Այդ օրը ոչ մի կերպ չստացվեց արևի տակ պառկել՝ թխանալ, բայց սիրտս թխացել էր երկնային լույսից: Աչքիս նույնիսկ չէր երևում լողափի ավազահատիկը, բայց ես զգացի, թե ինչպես հավատքս աճեց մանանեխի մի փոքրիկ սերմի նման:4 Այդ արևոտ, պայծառ օրը ես անցկացրի ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ ձեռք բերեցի հիանալի փորձառություններ, և առանց դա գիտակցելու միսիոներ էի դարձել, չլինելով նույնիսկ Եկեղեցու անդամ:

Հոգևոր մկաններն ամրապնդելու հնարավորությունները

Ավետարանի վերականգնման շնորհիվ մենք կարող ենք հասկանալ, թե Երկնային Հայրն ինչպես է օգնում մեզ զարգացնել մեր հոգևոր պարգևները: Ավելի հավանական է, որ Նա մեզ հնարավորություններ կտա զարգացնելու այդ պարգևները, քան պարզապես կշնորհի դրանք, առանց մեր կողմից հոգևոր ու ֆիզիկական ջանքերի գործադրման: Եթե ներդաշնակ լինենք Նրա Հոգու հետ, մենք կսովորենք բացահայտել այդ հնարավորությունները և ապա՝ գործել համաձայն դրանց:

Եթե ձգտում ենք ավելի համբերատար լինել, մենք պետք է փորձենք դա անել, մինչ կտեսնենք արդյունքը: Եթե ուզում ենք ավելի շատ սեր ունենալ մեր մերձավորի հանդեպ, մենք կարող ենք խթանել դա, Եկեղեցում նստելով մի նորեկի կողքին: Նույնը հավատքի դեպքում է՝ երբ կասկածներ են սողոսկում մեր միտքը, առաջ շարժվելու համար պահանջվում է վստահել Տիրոջ խոստումներին: Այսպես ենք մենք վարժեցնում հոգևոր մկանները և դարձնում դրանք ուժի աղբյուր մեր կյանքում:

Հավանաբար, հեշտ չի լինի սկզբում, նույնիսկ, կարող է շատ դժվար լինել: Մորոնի մարգարեի միջոցով ասված Տիրոջ խոսքերը մեզ են վերաբերում այսօր. «Եվ եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը: Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն. և իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև. քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»:5

Ես երախտապարտ եմ եղբորս՝ Իվանին, ով ոչ միայն ինձ հետ կիսվեց ավետարանով, այլև անուղղակիորեն հրավիրեց ինձ ապրել դրանով ու ճանաչել իմ թուլությունները: Նա օգնեց ինձ ընդունել Վարդապետի «Ե՛կ, հետեւիր ինձ» հրավերը՝6 քայլել այնպես, ինչպես Փրկիչն է քայլել, փնտրել այնպես, ինչպես Փրկիչն է փնտրել և սիրել այնպես, ինչպես Փրկիչը մեզ է սիրում: Իմ միսիոներական փորձից ամիսներ անց ես որոշեցի մկրտվել և ծառայել իմ սեփական միսիան:

Եկեք ընդունենք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հրավերը և գանք դեպի Փրկիչը,7 բացահայտելով այն մկանները, որոնք առավել կարիք ունեն հոգևոր վարժությունների, և սկսենք գործի դնել դրանք: Սա երկար տարածության մրցավազք է՝ մարաթոն, ոչ թե կարճ վազք, այնպես որ չմոռանանք այն փոքր, բայց մշտական հոգևոր վարժությունները, որոնք կուժեղացնեն այդ կարևոր հոգևոր մկանները: Եթե ցանկանում ենք ավելացնել մեր հավատքն, ուրեմն, եկեք կատարենք բաներ, որոնք հավատք են պահանջում:

Ես վկայում եմ, որ մենք սիրող Երկնային Հոր զավակներն ենք: Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը, սիրում է մեզ: Նա եկել էր այս աշխարհ, որպեսզի ցույց տար մեզ ճանապարհը, այնուհետև, կամավոր տվել էր Իր կյանքը՝ մեզ հույս տալու համար: Փրկիչը հրավիրում է մեզ հետևել Իր կատարյալ օրինակին, գործադրել մեր հավատքն Իր և Իր Քավության հանդեպ և կատարելագործել բոլոր հոգևոր պարգևները, որոնցով մենք օրհնվում ենք: Նա է ճանապարհը: Սա է իմ վկայությունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: