2010–2019 թթ․
Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել
2019 թվականի ապրիլի գերագույն համաժողով


Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել

Ձեր ուշադրությունը դարձրեք ամենօրյա ապաշխարության վրա, որը շատ կարևոր է ձեր կյանքի համար, որ դուք կարողանաք քահանայությունը գործադրել ավելի մեծ զորությամբ, քան երբևէ։

Իմ թանկագի՛ն եղբայրներ, ես ոգեշնչված եմ նայում քահանայություն կրողների Տիրոջ գումարտակի այս մեծ բազմությանը: Բարու ինչպիսի՜ հզոր ուժ եք դուք։ Մենք սիրում ենք ձեզ: Մենք աղոթում ենք ձեզ համար: Եվ մենք շատ շնորհակալ ենք ձեզ։

Վերջերս ես մտածում էի Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տիրոջ ցուցումի մասին․ «Ոչինչ մի ասա այս սերնդին, բացի ապաշխարությունից»:1 Այս հայտարարությունը հաճախ է կրկնվում սուրբ գրություններում։2 Այն հուշում է մի ակնհայտ հարց․ «Արդյո՞ք բոլորը ապաշխարելու կարիք ունեն»։ Պատասխանն է՝ այո:

Շատ մարդիկ ապաշխարությունը դիտարկում են որպես պատիժ, մի բան, որից պետք է խուսափել, բացառությամբ առավել լուրջ հանգամանքների: Սակայն պատժի ենթարկվելու այս զգացմունքն առաջացնում է սատանան: Նա փորձում է խանգարել մեզ ապավինել Հիսուս Քրիստոսին,3 ով կանգնած է գրկաբաց՝4 հուսալով և ցանկանալով բժշկել, ներել, մաքրել, զորացնել, մաքրագործել և սրբացնել մեզ։

Ապաշխարություն բառը հունարեն Նոր Կտակարանում գրված է metanoeo։ Meta- նախածանցը նշանակում է «փոխել»: -Noeo վերջածանցը առնչվում է հունարեն բառերի հետ, որոնք նշանակում են «միտք», «գիտելիք», «ոգի» և «շունչ»:5

Այսպես, երբ Հիսուսն ինձ ու ձեզ խնդրում է «ապաշխարել»,6 Նա հրավիրում է մեզ փոխել մեր միտքը, մեր գիտելիքը, մեր հոգին, նույնիսկ այն, թե ինչպես ենք շնչում։ Նա խնդրում է մեզ փոխել այն ձևը, որովմենք սիրում ենք, մտածում, ծառայում, անցկացնում մեր ժամանակը, վերաբերվում մեր կանանց, սովորեցնում մեր երեխաներին և նույնիսկ հոգ տանում մեր մարմինների մասին:

Ոչինչ ավելի ազատագրական, ավելի ազնվացնող կամ ավելի կարևոր չէ մեր անհատական առաջընթացի համար, քան կանոնավոր, ամենօրյա կենտրոնացումն ապաշխարության վրա: Ապաշխարությունը մեկ իրադարձություն չէ, այն գործընթաց է։ Այն բանալին է երջանկության և խաղաղ մտքի։ Զուգորդվելով հավատքի հետ, ապաշխարությունը հնարավորություն է տալիս օգտվել Հիսուս Քրիստոսի քավության զորությունից։7

Անկախ նրանից, թե դուք ջանասիրաբար շարժվում եք ուխտի ճանապարհով, սայթաքել կամ շեղվել եք ուխտի ճանապարհից, կամ նույնիսկ չեք կարող տեսնել այդ ճանապարհն այն տեղից, որտեղ գտնվում եք, աղաչում եմ ձեզ ապաշխարել: Զգացեք ամենօրյա ապաշխարության ամրացնելու զորությունը, ամեն օր գործելով և լինելով մի փոքր ավելի լավը։

Երբ փորձում ենք ապաշխարել, մենք փոխվելու որոշում ենք կայացնում։ Մենք թույլ ենք տալիս Փրկիչին վերափոխելու և դարձնելու մեզ այն անձնավորությունը, որը մեր ներուժի լավագույն տարբերակն է: Մենք որոշում ենք հոգևորապես աճել և ուրախություն ստանալ՝ փրկագնման ուրախությունը Նրանում։8 Երբ փորձում ենք ապաշխարել, մենք որոշում ենք նմանվել Հիսուս Քրիստոսին։9

Եղբայրնե՛ր, մենք պետք է գործենք ավելի լավ և լինենք ավելի լավը, քանի որ մենք ճակատամարտ ենք մղում։ Մեղքի դեմ ճակատամարտն իրական է։ Հակառակորդը քառապատկում է իր ջանքերը, որպեսզի քայքայի վկայությունները և խոչընդոտի Տիրոջ աշխատանքը: Նա իր ծառաներին զինում է շատ զորեղ զենքերով, որ չթողնի մեզ ճաշակել ուրախությունը և Տիրոջ սերը։10

Ապաշխարությունը թշնամու թակարդներից տուժած թշվառությունից խուսափելու բանալին է: Տերը մեր հավերժական առաջընթացի այս ժամանակահատվածում չի ակնկալում կատարելություն: Բայց նա ակնկալում է, որ մենք ավելի մաքուր լինենք: Ամենօրյա ապաշխարությունը մաքրության ուղին է, իսկ մաքրությունը ուժ է բերում է: Անհատական մաքրությունը կարող է մեզ ուժեղ գործիքներ դարձնել Աստծո ձեռքում: Մեր ապաշխարությունը` մեր մաքրությունը, մեզ հնարավորություն կտա օգնել Իսրայելի հավաքմանը:

Տերն ուսուցանել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին, «որ քահանայության իրավունքներն անբաժանորեն կապված են երկնքի զորությունների հետ, և որ երկնքի զորությունները չեն կարող կառավարվել, ոչ էլ գործածվել, բացի միայն արդարության սկզբունքների հիման վրա»։11

Մենք գիտենք, թե ինչը մեզ ավելի մեծ հնարավորություն կտա ստանալ երկնքի զորության օգնությունը: Մենք նաև գիտենք, թե ինչն է խոչընդոտում մեր առաջընթացին. մենք ինչ պետք է դադարենք անել, որպեսզի ավելի շատ ստանանք երկնքի զորությունների օգնությունը: Եղբայրնե՛ր, աղոթքով ձգտեք հասկանալ, թե ինչն է կանգնած ձեր ապաշխարության ճանապարհին։ Բացահայտեք, թե ինչն է կանգնեցնում ձեզ ապաշխարել։ Իսկ հետո՝ փոխվե՛ք։ Ապաշխարե՛ք։ Մենք բոլորս կարող ենք ավելի լավ գործել և լինել ավելի լավը, քան՝ երբևէ։12

Կան որոշակի ուղիներ, որոնցում մենք կարող ենք բարելավվել: Մեկն այն է, թե ինչպես ենք մեր մարմիններին վերաբերվում: Ես հիանում եմ մարդկային մարմնի հրաշքից։ Դա մի ապշեցուցիչ ստեղծագործություն է, որն անհրաժեշտ է մեր գերագույն աստվածային ներուժի նկատմամբ աստիճանական զարգացման համար: Մենք չենք կարող զարգանալ առանց դրա։ Պարգևելով մեր մարմինը, Աստված թույլ է տվել, որ մենք ավելի շատ կենսական քայլեր կատարենք Նրան նմանվելու ուղղությամբ:

Սատանան հասկանում է դա։ Նա զայրանում է, որ իր նախաերկրային ուրացությունը մշտապես որակազրկում է նրան այդ արտոնությունից, թողնելով նրան մշտական նախանձի և վրդովմունքի մեջ։ Այսպիսով, գայթակղություններից շատերը, եթե ոչ մեծ մասը, նա դնում է մեր ճանապարհին՝ ստիպելով մեզ անարգել մեր մարմինները կամ ուրիշների մարմինները: Քանի որ սատանան առանց մարմնի թշվառ է, նա ուզում է, որ մենք թշվառ լինենք մեր մեղքերի պատճառով։13

Ձեր մարմինը ձեր անձնական տաճարն է, որը ստեղծվել է ձեր հավերժական հոգին բնակեցնելու համար։14 Այդ տաճարի մասին ձեր հոգածությունը կարևոր է։ Այժմ ես հարց եմ տալիս եղբայրնե՛ր. արդյո՞ք դուք ավելի շատ հետաքրքրված եք ձեր մարմինների հագ ու կապով, որ հաճո լինեք աշխարհին, թե՞ Աստծուն։ Այդ հարցի ձեր պատասխանն անմիջական ուղերձ է հղում Նրան՝ Նրա տված արտասովոր պարգևի նկատմամբ ունեցած ձեր զգացումների մասին։ Եղբայրնե՛ր, ինչ վերաբերում է մեր մարմինները հարգելուն, ես կարծում եմ, որ մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել։

Մեկ այլ եղանակը, որով կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել, այն է, թե ինչպես ենք հարգում մեր կյանքի կանանց, սկսած մեր կանանցից և դուստրերից, մեր մայրերից և քույրերից։15

Ամիսներ առաջ ես մի սրտաճմլիկ նամակ ստացա մի սիրելի քրոջից։ Նա գրել է․ «[Իմ դուստրերն ու ես] մեծ դժվարություններ ունենք մեր ամուսինների և որդիների հետ, որոնք ամեն օր, ողջ օրը շարունակ նայում են սպորտային նորություններ, խաղում են տեսախաղեր, բորսային շուկաների նորություններին են հետևում և անվերջ վերլուծում ու դիտում են բոլոր [երևակայելի] մարզաձևերը։ Կարծես թե մենք ոչ կարևոր ենք դառնում մեր ամուսինների ու որդիների համար՝ [մարզաձևերի ու խաղերի հանդեպ] նրանց մշտական ուշադրության պատճառով»։16

Եղբայրնե՛ր, քահանայություն կրողի ձեր առաջին և ամենակարևոր պարտականությունն է՝ սիրել իր կնոջը և հոգ տանել նրա մասին։ Նրա հետ եղեք մեկ։ Եղեք նրա զուգընկերը։ Նրա համար դյուրին դարձրեք ձեզ հետ լինելու ցանկությունը։ Կյանքում այլ հետաքրքրություն չպետք է առաջնահերթ լինի՝ նրա հետ հավերժական հարաբերություններ կառուցելուց առավել: Հեռուստացույցի, բջջային սարքերի կամ համակարգչի մեջ ոչինչ ավելի կարևոր չէ, քան նրա բարեկեցությունը: Վերանայեք, թե ինչպես եք ծախսում ձեր ժամանակը, և որտեղ եք ներդնում ձեր եռանդը։ Դա կհուշի ձեզ, թե որտեղ է ձեր սիրտը։ Աղոթեք, որ ձեր սիրտը միավորված լինի ձեր կնոջ սրտին։ Ձգտեք նրան ուրախություն պարգևել։ Փնտրեք նրա խորհուրդը և լսեք այն։ Նրա խորհուրդը կբարելավվի ձեր արդյունավետությունը:

Եթե կարիք ունեք ապաշխարելու ձեր սիրելի կանանց նկատմամբ վերաբերմունքի պատճառով, սկսեք անմիջապես: Եվ հիշեք, որ ձեր պատասխանատվությունն է ձեր կյանքի կնոջն օգնել ստանալու այն օրհնությունները, որոնք գալիս են մաքրաբարոյության Տիրոջ օրենքով ապրելու արդյունքում։ Երբեք պատճառ մի հանդիսացեք, որ կինը չկարողանա ստանալ իր տաճարային օրհնությունները։

Եղբայրնե՛ր, մենք բոլորս կարիք ունենք ապաշխարելու: Մենք պետք է բարձրանանք բազմոցից, վար դնենք հեռուստացույցի վահանակը և արթնանանք մեր հոգևոր նիրհից։ Ժամանակն է հագնել Աստծո ողջ սպառազինությունը, որ կարողանանք մասնակցել երկրի վրա գոյություն ունեցող ամենակարևոր աշխատանքին։ Ժամանակն է «գցելու [մեր] մանգաղները և հնձելու [մեր] ողջ զորությամբ, մտքով և ուժով»։17 Չարի ուժերը երբեք այդքան ավելի ուժեղ չեն տարածվել, քան այսօր։ Որպես Տիրոջ ծառաներ, մենք չենք կարող քնել, մինչ այս ճակատամարտը շարունակվում է:

Ձեր ընտանիքին անհրաժեշտ է ձեր առաջնորդությունը և սերը: Ձեր քվորումին ու ձեր ծխում կամ ճյուղում գտնվողներին անհրաժեշտ է ձեր ուժը։ Եվ բոլոր ձեզ հանդիպած մարդիկ պետք է իմանան, թե ինչ տեսք ունի և ինչպես է գործում Տիրոջ ճշմարիտ աշակերտը։

Իմ սիրելի՛ եղբայրներ, դուք ընտրվել եք մեր Հոր կողմից, որ ձեր նախաերկրային հոգևոր գործերի շնորհիվ այս վճռական պահին գաք երկիր։ Դուք ամենահրաշալի և ամենաքաջարի տղամարդիկ եք, որ երբևէ եկել եք Երկիր։ Սատանան գիտի, թե ով եք դուք, և ով եք եղել նախաերկրային կյանքում, և հասկանում է այն աշխատանքը, որը պետք է արվի՝ նախքան Փրկիչի վերադարձը: Եվ իր խորամանկ արվեստը հազարամյակներ գործի դնելուց հետո, հակառակորդը փորձառու և անուղղելի է:

Բարեբախտաբար, մեր ունեցած քահանայությունը շատ ավելի ուժեղ է, քան հակառակորդի խորամանկությունները: Ես աղաչում եմ, որ դուք լինեք այն տղամարդիկ և երիտասարդ տղաները, որոնց ցանկանում է տեսնել Տերը։ Ձեր ուշադրությունը դարձրեք ամենօրյա ապաշխարության վրա, որը շատ կարևոր է ձեր կյանքի համար, որ դուք կարողանաք քահանայությունը գործադրել ավելի մեծ զորությամբ, քան երբևէ։ Դա միակ ճանապարհն է, որը ձեզ և ձեր ընտանիքին հոգևորապես ապահով կպահի առաջիկա դժվարին օրերին:

Տիրոջն անհրաժեշտ են անձնազոհ տղամարդիկ, ովքեր ուրիշների բարեկեցությունը վեր են դասում սեփականից: Նա կարիք ունի այն տղամարդկանց, ովքեր գիտակցաբար աշխատում են Հոգու ձայնը հստակությամբ լսելու համար։ Նա կարիք ունի ուխտի տղամարդկանց, որոնք շիտակորեն պահպանում են իրենց ուխտերը: Նա կարիք ունի այնպիսի տղամարդկանց, ովքեր վճռականորեն իրենց մաքուր են պահում սեռական մեղքերից, արժանի տղամարդկանց, ում առանց նախազգուշացնելու կարող են խնդրել օրհնություն տալ մաքուր սրտով, մաքուր մտքով և պատրաստակամ ձեռքերով: Տերը կարիք ունի ապաշխարության պատրաստ տղամարդկանց՝ ծառայելու եռանդով և արժանի՝ մասը կազմելու քահանայություն կրողների Տիրոջ գումարտակի:

Ես օրհնում եմ, որ դուք դառնաք այդ տղամարդիկ։ Ես օրհնում եմ ձեզ քաջությամբ, որպեսզի ապաշխարեք ամեն օր և սովորեք, թե ինչպես գործադրեք քահանայության լրիվ զորությունը: Ես օրհնում եմ ձեզ, որ Փրկիչի սերը փոխանցեք ձեր կնոջը, ձեր երեխաներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում են ձեզ։ Ես օրհնում եմ ձեզ, որ ավելի լավ գործեք և ավելի լավը լինեք։ Եվ օրհնում եմ ձեզ, որ այդ ջանքերը գործադրելիս դուք տեսնեք հրաշքներ ձեր կյանքում։

Մենք ընդգրկված ենք Ամենազոր Աստծո գործին: Հիսուսը Քրիստոսն է: Մենք Նրանց ծառաներն ենք: Այդ մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։