2010–2019 թթ․
Ինչպես Նա ծառայեց
2019 թվականի ապրիլի գերագույն համաժողով


Ինչպես Նա ծառայեց

Երբ մենք փորձենք ծառայել այնպես, ինչպես Նա ծառայեց, ինքներս մեզ ներելու և ուրիշներին բարձրացնելու հնարավորություններ կտրվեն մեզ։

Մոտ 18 ամիս առաջ, 2017թ․ աշնանը, իմ 64-ամյա եղբայր Մայքը տեղեկացրեց ինձ, որ իր մոտ ախտորոշել են ենթաստամոքսային գեղձի ուռուցք։ Նա նաև ասաց ինձ, որ քահանայության օրհնություն էր ստացել իր տնային ուսուցչից, և հանդիպել էր իր եպիսկոպոսի հետ։ Ավելի ուշ նա ուղարկեց ինձ Օկլանդ Կալիֆորնիա Տաճարի նկարը, որը նկարել էր հիվանդանոցից, որտեղ բուժում էր ստանում, հետևյալ հաղորդագրությամբ․ «Տես, թե ինչ տեսարան է բացվում իմ հիվանդասենյակից»։1

Տնային ուսուցիչների, քահանայության օրհնությունների, եպիսկոպոսների և տաճարների հետ կապված նրա մեկնաբանություններն նույնքան անակնկալ էին ինձ համար, որքան քաղցկեղը։ Ինչպես տեսնում եք, Մայքը՝ Ահարոնյան Քահանայություն կրող քահանան, մոտ 50 տարի կանոնավոր չէր հաճախում եկեղեցի։

Մեր ողջ ընտանիքով մենք գրեթե նույնքան հետաքրքրված էինք նրա հոգևոր առաջընթացով, որքան որ քաղցկեղի դեմ մղվող նրա պայքարի առաջընթացով, որը մեծապես պայմանավորված էր Մորմոնի Գրքի, կնքման զորության և մահից հետո կյանքի վերաբերյալ այժմ նրա կողմից հաճախակի տրվող հարցերով։ Մինչ ամիսներ անցան և քաղցկեղը տարածվեց, լրացուցիչ և ավելի մասնագիտացված բուժման կարիքն ի վերջո Մայքին բերեց Յուտա՝ Հանթսման քաղցկեղի կենտրոն։

Մայքի ժամանելուց կարճ ժամանակ անց նրան այցելեց Ջոն Հոլբրուքը՝ ծխի միսիայի ղեկավարը, ով ծառայում էր խնամքի կենտրոնում, որտեղ նա այժմ ապրում էր։ Ջոնը նշել է․ «Ինձ համար ակնհայտ էր այն, որ Մայքը Աստծո զավակ էր»։ Նրանք շուտով ընկերացան, և Ջոնը դարձավ Մայքի սպասավորող եղբայրը։ Նա անմիջապես հրավեր ստացավ, որ միսիոներներն այցելեն իրեն, ինչից եղբայրս քաղաքավարի հրաժարվեց, սակայն նրանց ընկերությունից մեկ ամիս անց Ջոնը կրկին դիմեց այդ հարցով, բացատրելով Մայքին հետևյալը․ «Կարծում եմ քեզ դուր կգա լսել ավետարանի ուղերձը»։2 Այս անգամ հրավերն ընդունվեց, և կազմակերպվեցին հաճախակի հանդիպումներ միսիոներների հետ, ինչպես նաև այցելություններ Եպիսկոպոս Ջոն Շարփի կողմից, ում հետ զրույցների արդյունքում, ի վերջո, Մայքը ստացավ իր հայրապետական օրհնությունը՝ իր մկրտությունից 57 տարի անց։

Անցած տարվա դեկտեմբերի սկզբին, ամիսներ շարունակ բուժում ստանալուց հետո, Մայքը որոշեց դադարեցնել քաղցկեղի դեմ բուժումը, որի արդյունքում նրա մոտ առաջ էին եկել որոշ տեսողական խնդիրներ, և թույլ տալ բնությանը անելու իր գործը։ Մայքի բժիշկը տեղեկացրեց մեզ, որ նա առավելագույնս ունենալու էր երեք ամսվա կյանք։ Միևնույն ժամանակ, ավետարանի վերաբերյալ հարցերը շարունակվում էին, ինչպես նաև նրա տարածքի քահանայության ղեկավարների այցելությունները և աջակցությունը։ Մայքին այցելելիս մենք հաճախ մահճակալի կողքին տեսնում էինք Մորմոնի Գիրքը բաց վիճակում, մինչ քննարկում էինք ավետարանի Վերականգնումը, քահանայության բանալիները, տաճարային արարողությունները և մարդու հավերժական բնույթը։

Դեկտեմբերի կեսերին, իր ձեռքում ունենալով հայրապետական օրհնությունը, կարծես թե Մայքը լցվում էր ուժով և երեք ամիսների վերաբերյալ կատարված կանխատեսումները կարծես հավանական էին թվում։ Մենք նույնիսկ ծրագրել էինք, որ նա միանալու էր մեզ Սուրբ Ծննդյան, Նոր Տարվա և մնացած տոներին։ Դեկտեմբերի 16-ին ես անսպասելի զանգ ստացա Եպիսկոպոս Շարփից, ով տեղեկացրեց ինձ, որ նա և ցցի նախագահը հարցազրույց էին անցկացրել Մայքի հետ և արժանի գտել նրան ստանալու Մելքիսեդեկյան Քահանայություն, և հարցրեց, թե երբ կարող եմ մասնակցել այդ արարողությանը։ Արարողությունը նախատեսեցինք անցկացնել ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 21-ին։

Երբ եկավ օրը, ես և կինս՝ Քարոլը, գնացինք խնամքի կենտրոն, որտեղ մեզ անմիջապես դիմավորեցին ու ասացին, որ Մայքը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Մտնելով սենյակ՝ մենք այնտեղ տեսանք հայրապետին, նրա եպիսկոպոսին և ցցի նախագահին․ ապա Մայքը բացեց իր աչքերը։ Նա ճանաչեց ինձ և հասկացրեց, որ լսում էր ինձ և պատրաստ էր ստանալու քահանայությունը։ Մայքի Ահարոնյան Քահանայություն ստանալուց հիսուն տարի անց ես արտոնություն ունեցա նրա տեղի ղեկավարների աջակցությամբ հաստատել Մելքիսեդեկյան Քահանայությունը և կարգել իմ եղբորը որպես երեց։ Հինգ ժամ անց Մայքը մահացավ, անցնելով վարագույրի մյուս կողմը՝ հանդիպելու մեր ծնողներին որպես Մելքիսեդեկյան Քահանայության կրող։

Ընդամենը մեկ տարի առաջ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը կոչ արեց մեզանից յուրաքանչյուրին հոգալ մեր եղբայրների և քույրերի համար «ավելի բարձր ու սուրբ եղանակով»։3 Խոսելով Փրկիչի մասին՝ Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Քանի որ սա Նրա Եկեղեցին է, մենք՝ Նրա ծառաները, կծառայենք անհատին, ինչպես Նա ծառայեց։ Մենք կծառայենք Նրա անունով, Նրա զորությամբ և իշխանությամբ և Նրա սիրառատ բարությամբ»։4

Արձագանքելով Աստծո մարգարեի հրավերին, ողջ աշխարհում նշանակալի ջանքեր են գործադրվում մարդուն սպասավորելու համար, ինչպես համաձայնեցված ջանքեր, մինչ անդամները հավատարմորեն կատարում են սպասավորելու իրենց հանձնարարությունները, այնպես էլ, ինչպես ես կանվանեմ, «անակնկալ» սպասավորում, մինչ շատերը Քրիստոսանման սեր են ցուցաբերում՝ արձագանքելով անսպասելի հնարավորություններին։ Մեր իսկ ընտանիքում մենք շատ մոտիկից ականատես եղանք նման սպասավորությանը։

Ջոնը, ով Մայքի ընկերն ու սպասավորող եղբայրն էր և նախկինում ծառայել էր որպես միսիայի նախագահ, ասում էր իր միսիոներներին, որ «եթե մեկը գտնվում է այն ցուցակի մեջ, որն ասում է՝ «հետաքրքրված չէ», մի հանձնվեք։ Մարդիկ փոխվում են»։ Այն ժամանակ նա մեզ ասաց․ «Մայքը շատ էր փոխվել»։5 Ջոնը սկզբում ընկեր էր, ով քաջալերում և աջակցում էր, սակայն նրա սպասավորությունը չսահմանափակվեց ընկերական այցերով։ Ջոնը գիտեր, որ սպասավորն ավելին է, քան ընկերը, և որ ընկերությունը մեծարվում է, երբ մենք սպասավորում ենք։

Պարտադիր չէ, որ մարդը իմ եղբոր պես կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն ունենա, որպեսզի սպասավորության կարիք ունենա։ Այդ կարիքներն ունենում են տարբեր ձևեր, չափեր և հանգամանքներ։ Միայնակ ծնողը, ոչ ակտիվ զույգը, դժվարությունների միջով անցնող դեռահասը, հոգսաշատ մայրը, հավատքի փորձությունը, ֆինանսական, առողջական կամ ամուսնական խնդիրները․ ցանկը կարծես թե անվերջ է։ Այնուամենայնիվ, ինչպես Մայքը, ոչ ոք չափից ավելի չի հեռացել, և երբեք ուշ չէ Փրկիչի սիրառատ օգնությունը ստանալու համար։

Եկեղեցու սպասավորության վեբկայքում մեզ ուսուցանում են, որ «թեև, սպասավորության շատ նպատակներ կան, մեր ջանքերը պետք է առաջնորդվեն ուրիշներին օգնելու ցանկությամբ, որ նրանք ավելի խորը անձնական դարձ ունենան և ավելի նմանվեն Փրկիչին»։6 Երեց Նիլ Լ․ Անդերսենն այսպես է արտահայտել այդ միտքը․

«Բարեսիրտ մարդը կարող է օգնել մեկին ամրացնել անվադողը, սենյակակցին տանել բժշկի, ճաշել որևէ մեկի հետ, ով տխուր է, կամ օրն ավելի պայծառ դարձնելու համար ժպտալ և բարևել։

Բայց առաջին պատվիրանի հետևորդը, բնականաբար, լրացումներ կանի ծառայության այդ կարևոր գործերին»։7

Մեր սպասավորությունը կատարելով Հիսուս Քրիստոսի նման, կարևոր է հիշել, որ սիրելու, բարձրացնելու, ծառայելու և օրհնելու Նրա ջանքերն ավելի բարձր նպատակ էին հետապնդում, քան անմիջական կարիքի բավարարումը։ Անշուշտ, նա գիտեր նրանց ամենօրյա կարիքները և կարեկցանք էր զգում նրանց ունեցած տառապանքների համար, մինչ բժշկում, կերակրում, ներում և ուսուցանում էր։ Սակայն, Նա ուզում էր ավելին անել, քան պարզապես բավարարել այսօրվա կարիքները։ Նա ցանկանում էր, որ իր շուրջ գտնվողները հետևեն Իրեն, ճանաչեն Իրեն և հասնեն իրենց աստվածային ներուժին։8

Երբ մենք փորձենք ծառայել այնպես, ինչպես Նա ծառայեց,9 ինքներս մեզ ներելու և ուրիշներին բարձրացնելու հնարավորություններ կտրվեն մեզ։ Այս հնարավորությունները հաճախ կարող են դժվարություններ առաջ բերել և փորձել Տիրոջը ավելի շատ նմանվելու մեր ցանկությունը, ում ամենամեծ ծառայությունը` Նրա անսահման Քավությունը, ամենադժվարն էր։ Մատթեոսի 25-րդ գլխում մեզ հիշեցվում է, թե Տերն ինչ զգացողություններ ունի մեր հանդեպ, երբ Նրա նման, մենք զգայուն ենք դժվարությունների, փորձությունների և խնդիրների հանդեպ, որոնց հանդիպում են շատ շատերը, սակայն ինչը հաճախ աննկատ է մնում։

«Եկէք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը։

Որովհետեւ սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել. Ծարաւեցի եւ խմեցրիք ինձ. օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք. …

Այն ժամանակ արդարները կ’պատասխանեն նորան եւ կ’ասեն. Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, եւ կերակրեցինք, կամ ծարաւ, եւ խմեցրինք։

Ե՞րբ տեսանք քեզ օտար, եւ մեզ մօտ առանք։ …

Թագաւորն էլ կ’պատասխանէ եւ կ’ասէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք»։10

Լինենք սպասավորող եղբայրներ կամ քույրեր, կամ երբպարզապես նկատում ենք կարիքի մեջ գտնվողին, մեզ խրախուսում են փնտրել Հոգու առաջնորդությունը, ապա գործել։ Գուցե մենք խորհում ենք, թե ինչպես կարող ենք լավագույնս ծառայել, սակայն Տերը գիտի և Նրա Հոգու միջոցով մենք կառաջնորդվենք մեր ջանքերում։ Ինչպես Նեփին, ով «առաջնորդվում էր Հոգու կողմից՝ նախապես չիմանալով բաները, որոնք պետք է աներ»,11 մենք նույնպես կառաջնորդվենք Հոգով, մինչ ձգտում ենք գործիքներ դառնալ Տիրոջ ձեռքերում՝ օրհնելով Նրա զավակներին։ Երբ փնտրենք Հոգու առաջնորդությունը և վստահենք Տիրոջը, մենք կհայտնվենք այնպիսի պայմաններում և իրավիճակներում, որտեղ կարող ենք գործել և օրհնել, այլ կերպ ասած՝ սպասավորել։

Գուցե լինեն ժամանակներ, երբ մենք տեսնենք մեր շուրջը գտնվող կարիքները, սակայն անհարմար զգանք արձագանքել, ենթադրելով, որ այն, ինչը մենք կարող ենք առաջարկել, բավարար չէ։ Որպեսզի ծառայենք այնպես, ինչպես Նա ծառայեց,12 պետք է սպասավորենք տալով այն ամենը, ինչ կարող ենք տալ և վստահել, որ Տերը կմեծարի մեր ջանքերը՝ օրհնելով մեր «ճամփորդ ընկերներին այս մահկանացու ճամփորդության ընթացքում»։13 Ոմանց համար դա կարող է լինել ժամանակ տրամադրելը և հմտություններ տալը, ուրիշների համար՝ բարի խոսքը կամ ուժեղ թիկունքը։ Գուցե կարծենք, որ մեր ջանքերն անբավարար են, սակայն Նախագահ Դալլին Հ․ Օուքսը կիսվել է կարևոր սկզբունքով, որը վերաբերում է «փոքր և հասարակ» գործերին։ Նա ուսուցանել է, որ փոքր և հասարակ գործերը զորեղ են, քանի որ հրավիրում են «Սուրբ Հոգու ընկերակցությունը»,14 ընկեր, ով օրհնում է թե՛ տվողին, թե՛ ստացողին։

Իմանալով, որ շուտով մահանալու է, իմ եղբայր Մայքը մի օր ասաց․ «Հրաշք է, թե ինչպես կարող է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կենտրոնացնել մարդու ուշադրությունը ամենակարևոր բանի վրա»։15 Շնորհակալություն հրաշալի տղամարդկանց և կանանց, ովքեր տեսան կարիքը, չդատապարտեցին և սպասավորեցին Փրկիչի նման․ չափազանց ուշ չէր Մայքի համար։ Ոմանք կարող են փոխվել շուտով, ոմանք էլ՝ գուցե վարագույրի մյուս կողմում։ Այնուամենայնիվ, մենք պետք է հիշենք, որ երբեք ուշ չէ և ոչ ոք այնքան չի հեռացել արահետից, որ Հիսուս Քրիստոսի անսահման Քավությունը հասանելի չլինի նրանց, քանի որ այն անսահմանափակ է ժամանակի ու տարածության առումով։

Անցած հոկտեմբերի գերագույն համաժողովին Երեց Դեյլ Գ․ Ռենլանդն ուսուցանեց, որ «անկախ նրանից, թե որքան ժամանակ ենք արահետից դուրս եղել … այն պահին, երբ մենք որոշում ենք փոխվել, Աստված օգնում է մեզ վերադառնալ»։16 Փոխվելու այդ որոշումը, ինչևէ, հաճախ հրավերի արդյունք է, ինչպես օրինակ՝ «Կարծում եմ քեզ դուր կգա լսել ավետարանի ուղերձը»։ Ճիշտ, ինչպես երբեք ուշ չէ Փրկիչի համար, երբեք չափից ավելի շուտ չէ հրավիրելը մեզ համար։

Զատիկի այս շրջանը ևս մեկ անգամ փառահեղ հնարավորություն է սևեռելու մեր ուշադրությունը Փրկիչ Հիսուս Քրիստոսի քավող մեծ զոհաբերության և այն ամենի վրա, որ Նա արեց մեզանից յուրաքանչյուրի համար նման մեծ գին վճարելով, գին, որի մասին խոսելիս Ինքն անձամբ հայտարարեց, որ այն «ստիպեց [Նրան], բոլորից մեծագույնին, ցավից դողալ»։ «Այնուամենայնիվ,- հայտարարում է Նա,- ես ճաշակեցի ու ավարտեցի իմ նախապատրաստությունները մարդկանց զավակների համար»։17

Ես վկայում եմ, որ Նրա գործն ավարտելու շնորհիվ, միշտ էլ հույս կա։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։