2010–2019 թթ․
«Քայլիր ինձ հետ»
Ապրիլ 2017


«Քայլիր ինձ հետ»

Քահանայության մեր կարգումը հրավեր է Տիրոջից քայլել Իր հետ՝ անել այն, ինչ Նա է անում, ծառայել, ինչպես Նա է ծառայում:

Քահանայության իմ սիրելի՛ եղբայրներ, իմ նպատակն է այսօր հավաստիացման խոսքեր ասել և զորացնել ձեզ քահանայության ձեր ծառայության մեջ: Որոշ առումներով, իմ պատկերացմամբ, Փրկիչը այդպիսի նպատակ ուներ այն ժամանակ, երբ հանդիպեց մի երիտասարդ ազնվականի, ով հարցրեց. «Ի՞նչ բարի գործ գործեմ որ յաւիտենական կեանքն ունենամ»: (Մատթեոս 19.16): Գուցե դուք եկել եք այս համաժողովին, ինչպես այդ երիտասարդը գնաց Փրկիչի մոտ, մտահոգվելով, թե արդյոք ձեր ծառայությունը ընդունելի է: Եվ միևնույն ժամանակ, դուք զգացողություն ունեք, որ բան կա անելու, գուցե շատ ավելին: Ես աղոթում եմ, որ կարողանամ փոխանցել Տիրոջ սիրառատ հավաստիացումը ձեր արդեն իսկ արած գործերի համար, լույսի խրախուսող մի շող առաջարկելով, թե այսուհետ, Նրա օգնությամբ, ինչ կարող եք անել՝ որպես Նրա սուրբ քահանայության կրողներ:

Հարուստ ազնվականը պատվիրան ստացավ վաճառել ունեցվածքը ու նվիրել աղքատներին և հետևել Փրկիչին. ձեր ապագա առաջընթացի համար հնարավոր է չպահանջվի նույն բանը, սակայն, զոհաբերության որոշակի չափ կպահանջվի: Ինչ էլ որ պահանջվի, հուսով եմ, իմ ուղերձը ձեզ չի ստիպի «տրտում հեռանալ», ինչպես արեց երիտասարդը: (Տես Մատթեոս 19.20–22:) Փոխարենը, կարծում եմ, որ դուք «ուրախ կշարունակեք [ձեր] ճանապարհը» (ՎևՈւ 84.105), քանի որ բարելավելու ցանկություն ունեք և գտնում եք, որ կկարողանաք:

Ամեն դեպքում, երբ հաշվի ենք առնում այն, ինչ Տերը կանչել է մեզ անել, ինչ-որ չափով անհամարժեքություն զգալը բնական է: Ի դեպ, եթե ինձ ասեք, որ կարծում եք, թե կատարելապես ունակ եք կատարել քահանայության ձեր պարտականությունները, հնարավոր է անհանգստանամ, որ դուք չեք հասկանում դրանք: Մյուս կողմից, եթե ինձ ասեք, որ զգում եք, թե խնդիրը ձեր ունակություններից վեր է, ապա ինձ մոտ ցանկություն կառաջանա օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես է Տերը ուժ տալիս և ամրապնդում Իր քահանայություն կրողներին, որպեսզի անեն գործեր, որոնք երբեք չեն կարողացել միայնակ անել:

Սա նույնքան ճշմարիտ է ինձ համար՝ իմ կոչման մեջ, որքան ձեզ համար՝ ձեր կոչման մեջ: Մեզանից ոչ ոք չի կարող անել քահանայության գործը, և լավ անել այն, հենվելով բացառապես մեր սեփական իմաստության ու տաղանդների վրա: Դա այն պատճառով է, որ սա մեր աշխատանքը չէ, այլ Տիրոջ աշխատանքն է: Այնպես որ, հաջողության հասնելու միակ ճանապարհը Նրան ապավինելն է՝ լինեք դուք նոր կանչված սարկավագ, որն իր չափով ձգտում է հոգևոր ուժ հաղորդել հաղորդության արարողությանը, թե լինեք անփորձ տնային ուսուցիչ, ում Տերը նշանակել է սիրել և ծառայել մի անծանոթ ընտանիքի, որը կարծես չի զգում ձեր սիրո, ոչ էլ ձեր ծառայության կարիքը, թե լինեք մի հայր, ով գիտի, որ պետք է արդարությամբ ղեկավարի իր տունը, բայց գուցե չգիտի ինչպես, իսկ ժամանակը, կարծես, թռչում է, քանի որ երեխաները արագ մեծանում են, իսկ աշխարհը թվում է շատ դաժան ու թշնամական:

Այնպես որ, եթե դուք մի քիչ ճնշված եք զգում, համարեք այն որպես լավ նշան: Այն ցույց է տալիս, որ դուք զգում եք, որ Աստված մեծ վստահություն է դրել ձեզ վրա: Նշանակում է, որ դուք մի փոքր պատկերացում ունեք, թե ինչ է քահանայությունը իրականում:

Շատ քիչ մարդիկ կան աշխարհում, ովքեր ունեն այդ ըմբռնումը: Անգամ նրանք, ովքեր կարող են արտասանել քահանայության ողջամիտ սահմանումը, հնարավոր է իմաստը չհասկանան: Մի քանի սուրբ գրություններ կան, որ իրենց կրած Հոգու զորությամբ, կարող են խորացնել պատկառանքի զգացումը սուրբ քահանայության վերաբերյալ: Ահա այդ սուրբ գրություններից մի քանիսը.

«Մելքիսեդեկյան Քահանայության զորությունն ու իշխանությունն է՝ կրել եկեղեցու բոլոր հոգևոր օրհնությունների բանալիները,–

Ունենալ երկնքի արքայության խորհուրդները ստանալու առանձնաշնորհը, տեսնել երկինքներն իրենց համար բացված, հաղորդակցվել Անդրանիկի եկեղեցու և ընդհանուր ժողովի հետ ու վայելել հաղորդակցությունն ու ներկայությունը Հայր Աստծո և Հիսուսի՝ նոր ուխտի միջնորդի։

Ահարոնյան Քահանայության զորությունն ու իշխանությունն է՝ կրել հրեշտակների սպասավորման բանալիները» (ՎևՈւ 107:18–20):

«[Քահանայության] արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը. …

Քանզի առանց դրա, ոչ ոք չի կարող տեսնել Աստծո, այսինքն՝ Հոր երեսը, և ապրել» (ՎևՈւ 84.20, 22):

«Այս բարձրագույն քահանայությունը, լինելով ըստ իր Որդու կարգի, կարգ, որը կար աշխարհի հիմնադրումից ի վեր. կամ, այլ խոսքով, լինելով առանց օրերի սկզբի կամ տարիների վերջի, նախապատրաստված լինելով հավերժությունից մինչև ողջ հավերժություն, համաձայն բոլոր բաների վերաբերյալ նրա կանխագիտության» (Ալմա 13.7):

«Ամեն ոք, ով կարգվում է այս կարգին ու կոչմանը, զորություն կունենա, հավատքով, սարերը փշրելու, ծովերը բաժանելու, ջրերը ցամաքեցնելու, դրանց հոսանքը փոխելու.

Ազգերի բանակներին դեմ կանգնելու, երկիրը բաժանելու, ամեն կապ արձակելու, Աստծո ներկայության մեջ կանգնելու. ամեն ինչ անելու՝ համաձայն նրա կամքի, համաձայն նրա հրամանի, իշխանություններն ու զորությունները հնազանդեցնելու. և դա՝ Աստծո Որդու կամքով, որը կար աշխարհի հիմնադրումից առաջ»։ (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 14.30–31 [Սուրբ գրությունների ուղեցույցում]):

Քահանայության զորության նման ակնածանք ներշնչող նկարագրություններին արձագանքելու ուղիներից մեկը ենթադրում է, որ նրանք մեզ չեն վերաբերում: Արձագանքելու մյուս միջոցը մեր սրտում նման հոգեխույզ հարցեր տալն է. Ես երբևէ զգացե՞լ եմ, որ երկինքները բացվել են ինձ համար: Իմ քահանայության ծառայությունը նկարագրելիս որևէ մեկը կօգտագործի՞ «հրեշտակների սպասավորություն» արտահայտությունը: Ես բերո՞ւմ եմ «աստվածայնության զորությունը» նրանց կյանք, ում ծառայում եմ: Աստծո կամքը կատարելու նպատակով ես երբևէ փշրե՞լ եմ որևէ սար, կանգնել որևէ բանակի դեմ, քանդել ինչ-որ մեկի կապանքները կամ հնազանդեցրել աշխարհիկ զորություններ՝ անգամ փոխաբերական իմաստով:

Նման ինքնավերլուծությունը միշտ բերում է մի զգացում, որ մենք կարող ենք ավելին անել Տիրոջ ծառայության մեջ: Հուսով եմ, որ այն բերում է նաև Տիրոջ զարմանահրաշ աշխատանքում ավելին անելու մի ցանկություն, ավելի լիարժեք մասնակցելու մի փափագ: Նման զգացումը առաջին քայլն է, որ դառնանք այն տղամարդը, որի համար տրված է քահանայության ծառայությունը, որ դառնանք:

Հաջորդ քայլը նկարագրված է Եհովայի ու Ենովքի հաղորդակցության մեջ: Մենք գիտենք Ենովքին որպես հզոր մարգարեի, որը չնայած շրջապատի մեծ ամբարշտությանը, կարողացավ հաստատել Սիոնը: Բայց նախքան հզոր մարգարե դառնալը, Ենովքը իրեն տեսնում էր որպես «ընդամենը մի պատանի, ... որը ծանրախոս էր», և որին բոլոր մարդիկ ատում էին (Մովսես 6.31): Լսեք խոսքերը, որոնցով Տերը քաջալերեց Ենովքին: Այս խոսքերն ուղղված են նաև ձեզ, որ կոչված եք որպես քահանայություն կրող՝ մարդկանց ծառայելու.

«Եվ Տերն ասաց Ենովքին. Առաջ գնա և վարվիր ինչպես պատվիրել եմ քեզ, և ոչ մի մարդ քեզ չի խոցի։ Բացիր բերանդ, և այն կլցվի, և ես կտամ քեզ արտասանություն, քանզի բոլոր մարմիններն իմ ձեռքում են, քանզի ես կվարվեմ, ինչպես ինձ բարի է երևում....

Ահա, իմ Հոգին քո վրա է, ուստի քո բոլոր խոսքերը ես կարդարացնեմ. և սարերը կփախչեն քո ներկայությունից, և գետերը կփոխեն իրենց հոսանքը. և դու կմնաս ինձ հետ, և ես՝ քեզ հետ. հետևաբար, քայլիր ինձ հետ» (Մովսես 6.32, 34):

Եղբայրներ, քահանայության մեր կարգումը հրավեր է Տիրոջից քայլել Իր հետ: Իսկ ի՞նչ է նշանակում քայլել Տիրոջ հետ:Անել է այն, ինչ Նա է անում, ծառայել, ինչպես Նա է ծառայում: Նա անձնական հարմարավետությունը զոհաբերեց, որպեսզի օրհնի նրանց, ովքեր կարիքի մեջ են, այնպես որ մենք էլ փորձում ենք դա անել: Նա կարծես որոշակիորեն նկատում էր մարդկանց, ում անտեսում ու նույնիսկ մերժում էր հասարակությունը. մենք ևս փորձում ենք նկատել նրանց: Նա համարձակորեն, բայց սիրով վկայում էր ճշմարիտ վարդապետության մասին, որը ստացել էր Իր Հոր կողմից, չնայած որ այն լայնորեն ընդունված չէր, և մենք ևս պետք է այդպես վկայենք: Նա ասաց բոլորին, «Եկեք ինձ մոտ» (Մատթեոս 11.28), իսկ մենք ասում ենք բոլորին. «Եկեք Նրա մոտ»: Որպես քահանայություն կրողներ, մենք Նրա ներկայացուցիչներն ենք: Մենք չենք գործում մեզ համար, այլ նրա համար: Մենք չենք խոսում մեր խոսքերը, այլ նրա խոսքերը: Մարդիկ, ում մենք ծառայում ենք, Նրան ավելի լավ են սկսում ճանաչել մեր ծառայության շնորհիվ:

Հենց որ ընդունում ենք «քայլիր Ինձ հետ» Տիրոջ հրավերը, մեր քահանայության ծառայության բնույթը փոխվում է: Այն միանգամից ավելի բարձր և ավելի ազնիվ, բայց նաև ավելի հասանելի է դառնում, քանի որ հասկանում ենք, որ միայնակ չենք: Ես զգացի այդ ամենայն զորությամբ, երբ ինը տարի առաջ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը դրեց իր ձեռքերն իմ գլխին և օրհնեց ինձ, երբ ես սկսեցի ծառայությունը իմ ներկայիս կոչման մեջ: Այդ օրհնության մեջ նա արտասանեց Փրկիչի այս խոսքերը. «Եվ որտեղ որ ձեզ ընդունեն, այնտեղ կլինեմ նաև ես, քանզի ես կգնամ ձեր առջևից։ Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ» (ՎևՈւ 84.88):

Ես ապավինել եմ այդ խոստմանը շատ անգամ և տեսել եմ դրա իրագործումը շատ առումներով իմ ողջ 72 տարիների քահանայության ծառայության ընթացքում: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես նոր Ահարոնյան Քահանայություն կրող էի՝ հաղորդությունը բաժանելու հանձնարարությամբ: Սարսափելով, որ կարող էի սխալվել, նախքան հավաքի սկիզբը, ես ժողովարանից դուրս եկա և հուսահատ աղոթեցի, որ Աստված օգնի ինձ: Մի պատասխան եկավ: Ես զգացի, որ Տերը ինձ հետ է: Ես զգացի, որ Նա վստահում է ինձ, և այդպես, ես վստահություն զգացի Նրա աշխատանքի իմ մասը կատարելիս:

Դա տեղի է ունեցավ կրկին, երբ ես ծառայում էի որպես եպիսկոպոս: Ես հեռախոսազանգ ստացա մի կնոջից, ով լուրջ սխալ էր գործել և այժմ կանգնած էր կյանքի ընթացքը փոխող դժվարին որոշման առաջ: Հանդիպելով նրան, ես զգացի, որ գիտեի նրա հարցի պատասխանը, բայց նաև խիստ զգում էի, որ ինքս չպետք է ասեմ նրան պատասխանը՝ նա ինքը իր համար պետք է ստանար պատասխանը: Ես ասացի նրան. «Ես համոզված եմ, որ եթե հարցնես, Աստված կհուշի քեզ ինչ անել»: Ավելի ուշ կինն ասաց, որ հարցրել է Աստծուն ու ստացել է իր աղոթքի պատասխանը:

Մեկ այլ առիթով, մի հեռախոսազանգ եկավ, երբ ես եպիսկոպոս էի, այս անգամ ոստիկանությունից: Ինձ ասացին, որ հարբած մի վարորդ իր մեքենայով ապակե պատը փշրել ու մխրճվել էր բանկի նախասրահ: Տարակուսած վարորդը, տեսնելով անվտանգության աշխատակցին զենքով սպառնալիս, բացականչել էր. «Մի՛ կրակիր: Ես մորմոն եմ»:

Պարզվել էր, որ ոչ սթափ վարորդը վերջերս մկրտված իմ ծխի անդամ էր: Մինչ ես սպասում էի, որ խոսեմ նրա հետ եպիսկոպոսի գրասենյակում, ես ծրագրում էի, թե ինչ էի ասելու, որպեսզի նա զղջա, թե ինչպես է իր ուխտերը խախտել և Եկեղեցուն անհարմար վիճակի մեջ գցել: Բայց երբ նստած նայում էի նրան, ես իմ մտքում մի ձայն լսեցի, այնքան պարզ, կարծես մեկը ինձ հետ խոսեր և ասեր . «Ես պատրաստվում եմ ցույց տալ նրան այնպիսին, ինչպիսին ես եմ նրան տեսնում»: Եվ ապա մի կարճ պահ նրա ողջ կերպարանքը փոխվեց ինձ համար: Իմ առջև ոչ թե մի ապշած երիտասարդ էր, այլ մի պայծառ, ազնիվ Աստծո որդի: Ես հանկարծ զգացի Տիրոջ սերը նրա հանդեպ: Այդ տեսիլքը փոխեց մեր զրույցի ընթացքը: Այն փոխեց նաև ինձ:

Տիրոջ աշխատանքը կատարելիս ես Նրա հետ քայլելու կարևոր դասեր սովորեցի այդ փորձառություններից: Կցանկանայի ձեզ հետ կիսվել այդ դասերից երեքով: Առաջինն այն է, որ Աստված նկատում ու աջակցում է անգամ նոր կարգված ամենաերիտասարդ սարկավագին: Դուք երբեք չպետք է մտածեք, որ դուք շատ փոքր կամ չափազանց աննշան եք, որպեսզի Նա նկատի ձեզ և Նրա անունով մատուցած ձեր ծառայությունը:

Երկրորդ դասն այն է, որ Տիրոջ աշխատանքը պարզապես խնդիրներ լուծելը չէ, այլ մարդկանց ձևավորելը: Այնպես որ, երբ քայլում եք Նրա հետ քահանայության ծառայության ժամանակ, դուք հնարավոր է, նկատեք, որ երբեմն առավել արդյունավետ թվացող լուծումը Տիրոջ նախընտրելի լուծումը չէ, քանի որ թույլ չի տալիս, որ մարդիկ աճեն: Եթե ​լսեք, Նա ձեզ կսովորեցնի Իր ուղիները: Հիշեք, որ Աստծո գործն ու փառքը պարզապես արդյունավետ կազմակերպություն ղեկավարելը չէ. այդ աշխատանքը «մարդու անմահությունը և հավերժական կյանքը իրականացնելն է» (Մովսես 1.39): Սա, ի վերջո, այն պատճառն է, որի համար նա տալիս է Իր քահանայության իշխանությունը ձեզ և ինձ նման արատավոր մահկանացուներին և մեզ հրավիրում է մասնակցելու Իր աշխատանքին: Նրա աշխատանքը մեր առաջադիմությունն է:

Այժմ երրորդ դասը: Քահանայության ծառայության մեջ Փրկիչի հետ քայլելով կփոխվի այն, թե ինչպես եք դուք նայում մարդկանց: Նա կսովորեցնի ձեզ տեսնել նրանց Իր աչքերով, ինչը նշանակում է նայել սրտի մեջ՝ տեսնել ավելին, քան արտաքին տեսքն է (տես Ա Թագավորաց 16.7): Ահա թե ինչպես էր Փրկիչը կարողանում տեսնել Սիմոնին՝ ոչ թե որպես բռնկուն մի ձկնորս, այլ որպես Պետրոս՝ վեմի պես պինդ Իր Եկեղեցու ապագա առաջնորդ (տես Ղուկաս 5.1–11): Այդպես էր Նա նայում նաև Զաքէոսին՝ ոչ թե որպես կաշառակեր մաքսավորի, ինչպես մյուսներն էին տեսնում, այլ որպես Աբրահամի ազնիվ, շիտակ որդու (տես Ղուկաս 19.1–9): Եթե բավական երկար քայլեք Փրկիչի հետ, դուք կսովորեք տեսնել բոլորին, որպես անսահման ներուժով Աստծո զավակ, անկախ նրանից, թե ինչպիսին է եղել նրա անցյալը: Եվ եթե շարունակեք քայլել Փրկիչի հետ, դուք ևս մեկ պարգև կզարգացնեք, որ Նա ունի՝ մարդկանց օգնելու կարողություն, որ տեսնեն իրենց ներուժը և ապաշխարեն:

Քահանայության իմ սիրելի եղբայրներ, շատ առումներով մենք նման ենք այն երկու աշակերտներին, ովքեր առաջին Զատիկի կիրակի օրը քայլում էին Էմմաուսի ճանապարհով: Հարության առավոտ էր, սակայն նրանք դեռ վստահ չէին, որ կար հարություն կամ նույնիսկ, թե ինչ էր նշանակում հարությունը: Նրանք «յոյս ունէին թէ [Հիսուսն] է, որ Իսրայէլին փրկելու էր», սակայն «թուլասիրտ էին հաւատալու» հարության վերաբերյալ սուրբ գրությունների սովորեցրած բոլոր բաներին: Մինչ նրանք քայլում էին ու փորձում էին միասին տրամաբանել, «ինքն Յիսուսը մօտեցաւ եւ գնում էր նորանց հետ։ Բայց նորանց աչքերը բռնուած էին, որ չճանաչեն նորան»: (Տես Ղուկաս 24.13–32:)

Ես վկայում եմ, որ քահանայության ծառայության մեջ քայլելիս Փրկիչ Հիսուս Քրիստոսը քայլում է մեզ հետ, քանի որ այդ Նրա ուղին է՝ Նրա ճանապարհը: Նրա լույսը գնում է մեր առջևից, իսկ Նրա հրեշտակները շուրջն են: Հնարավոր է, մենք լիովին չենք ըմբռնում, թե ինչ է քահանայությունը կամ ինչպես պետք է Նրա նման գործածենք: Բայց եթե ուշադիր լինենք այն պահերին, երբ մեր սրտերը «բորբոքվում էին մեզանում» (Ղուկաս 24.32), մեր աչքերը կարող են բացվել, և մենք կտեսնենք Նրա աջը մեր կյանքում և մեր ծառայության մեջ: Վկայում եմ, որ լավ ենք ճանաչում Իրեն , գործակցելով Նրա հետ և ծառայելով Նրան Աստծո զավակներին փրկություն բերելու փառահեղ աշխատանքում: «Քանզի ի՞նչպես է մարդ ճանաչում իր տիրոջը, որին նա չի ծառայել, և որն օտար է նրան և հեռու է նրա սրտի մտքերից և խորհուրդներից» (Մոսիա 5.13): Հիսուս Քրիստոսը մեր Տերն է: Մենք Նրա Եկեղեցում ենք: Նրա քահանայությունն է, որ մենք կրում ենք: Թող որ յուրաքանչյուրս ընտրենք քայլել Նրա հետ և ճանաչենք Նրան մեզ հետ քայլելիս:

Ես տալիս եմ իմ հանդիսավոր վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է՝ հարություն առած մեր Տերը: Իմ վկայությունն եմ բերում, որ քահանայությունը, որ Նա վստահել է մեզ, Նրա անունով խոսելու և գործելու զորությունն է: Մենք մեր սիրող Երկնային Հոր զավակներն ենք, ով պատասխանում է մեր աղոթքներին և ուղարկում է Սուրբ Հոգին, որպեսզի զորացնի քահանայության բոլոր պարտականություններում, որ մեզ տրվում է որպես օրհնություն: Ջոզեֆ Սմիթը տեսել է Հորը և Որդուն: Նա ստացել է քահանայության բանալիները, որոնք փոխանցվել են Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին, ով գործածում է դրանք այսօր: Այդ մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով. ամեն: