2010–2019 թթ․
«Որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ»
Ապրիլ 2016


«Որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ»

Երբ մոտենանք Աստծուն, Հիսուս Քրիստոսի Քավության իրավասու զորությունը մուտք կգործի մեր կյանք։

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, Աֆրիկայում ապրելու ժամանակ ես խորհուրդ հարցրեցի Յոթանասունից Երեց Վիլֆորդ Վ. Անդերսենից՝ աղքատության մեջ ապրող Սրբերի վերաբերյալ։ Ինձ հետ կիսված նրա ուշագրավ խորհուրդների թվում էր հետևյալ միտքը. «Որքան մեծ է հեռավորությունը տվողի և ստացողի միջև,այնքան իրավունքի զգացումը ստացողի մոտ մեծ է»։

Այդ սկզբունքն ընկած է Եկեղեցու բարօրության համակարգի հիմքում։ Երբ անդամները չեն կարողանում բավարարել իրենց կարիքները, առաջին հերթին նրանք դիմում են իրենց ընտանիքի օգնությանը։ Դրանից հետո անհրաժեշտության դեպքում նրանք կարող են նաև դիմել իրենց տարածքի Եկեղեցու ղեկավարների օգնությանն՝ իրենց նյութական կարիքները բավարարելու համար։1 Ընտանիքի անդամները և իրենց տարածքի Եկեղեցու ղեկավարներն ավելի լավ են ճանաչում կարիքի մեջ գտնվող մարդուն, հաճախ են առերեսվել նման իրավիճակների հետ և հասկանում են, թե ինչպես կարող են լավագույնս օգնել այդ մարդուն։ Տվողին լավ ճանաչելու շնորհիվ այն մարդիկ, ովքեր նման կերպ են օգնություն ստանում, երախտապարտ են լինում և ավելի քիչ են ունենում իրավունքի զգացում։

«Որքան մեծ է հեռավորությունը տվողի և ստացողիմիջև, այնքան իրավունքի զգացումը ստացողի մոտ մեծ է » գաղափարը նաև մեծ հոգևոր կիրառություն ունի։ Մեր Երկնային Հայրն ու Իր Որդի Հիսուս Քրիստոսը հիմնական տվողներն են։ Որքան ավելի շատ ենք հեռանում նրանցից, այնքան իրավունքի զգացումը մեծանում է։ Մենք սկսում ենք մտածել, որ արժանի ենք շնորհի և մեզ օրհնություններ են պարտք։ Մենք ավելի հակված ենք դառնում նայելու շուրջը և նկատելու անարդարությունը, վշտանալ ու նույնիսկ վիրավորվել այն անարդարությունից, որին մենք արժանանում ենք։ Թեև անարդարության զգացումը կարող է տատանվել աննշանից մինչև մեծ հոգևոր կամ զգացմունքային ցավի, երբ հեռու ենք գտնվում Աստծուց, նույնիսկ փոքր անարդարությունները թվում են մեծ։ Մեզ թվում է, որ Աստված պարտավոր է լուծել բոլոր խնդիրները և լուծել դրանք հենց հիմա։

Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին մոտ լինելու տարբերությունը լուսաբանված է Մորմոնի Գրքի բացարձակ հակադրությամբ, որն առկա է Նեփիի և նրա ավագ եղբայրներ Լամանի և Լեմուելի միջև։

  • Նեփին ուներ «մեծ իղձեր՝ իմանալու Աստծո խորհուրդները, ուստի, [նա] կանչեց առ Տերը» և նրա սիրտը փափկեց։2 Մյուս կողմից Լամանն ու Լեմուելը հեռու էին Աստծուց՝ նրանք չէին ճանաչում Նրան։

  • Նեփին ընդունեց դժվարին հանձնարարությունները և չդժգոհեց, սակայն Լամանն ու Լեմուելը «տրտնջում էին շատ բաների վերաբերյալ»։ Տրտնջալը սուրբ գրքում մանկական նվնվոցի համարժեքն է։ Սուրբ գրքերում ասվում է, որ «նրանք տրտնջում էին, որովհետև չգիտեին գործերն այն Աստծո, որը ստեղծել էր իրենց»։3

  • Աստծուն մոտ գտնվելով, Նեփին կարողացավ հասկանալ և գնահատել Աստծո «գորովագութ ողորմությունները»։4 Ի տարբերություն նրան, երբ Լամանն ու Լեմուելը տեսան, որ Նեփին օրհնություններ է ստանում, նրանք «զայրացան նրա վրա, քանի որ նրանք չէին հասկանում Տիրոջ գործերը»։5 Լամանն ու Լեմուելը մտածեցին, որ իրենք պարտավոր էին ստանալ այդ օրհնությունները և վիրավորված ենթադրեցին, որ իրենք պետք է ավելի շատ ստանային։ Կարծս թե, նրանք Նեփիի օրհնությունները համարում էին իրենց դեմ կատարված «անարդարություններ»։ Դա սուրբ գրքի այն դժգոհության ն համարժեքն է,երբ քեզ որևէ մեկը պարտք է։

  • Նեփին գործադրեց Աստծո հանդեպ իր հավատքը, որպեսզի իրագործի այն, ինչ նրան խնդրել էին անել։6 Ի տարբերություն նրա, Լամանն ու Լեմուելը «լինելով կարծր իրենց սրտերում, հետևաբար, չէին նայում առ Տերը, ինչպես որ պարտավոր էին»։7 Նրանց թվում էր, որ Տերը պարտավոր էր պատասխանել նրանց հարցերին, որոնք իրենք չէին հղել։ «Տերն այդպիսի բան մեզ հայտնի չի դարձնում»,-ասացին նրանք, սակայն նույնիսկ ջանք չգործադրեցին հարց հղելու համար։8 Դա սուրբ գրքի հեգնական թերահավատության համարժեքն է։

Քանի որ նրանք հեռու էին Փրկիչից, Լամանն ու Լեմուելը տրտնջացին, դարձան կռվարար ու անհավատ։ Նրանք մտածում էին, որ կյանքն անարդար է ու իրենք արժանի էին Աստծո շնորհին։ Ի տարբերություն նրանց, Աստծուն մոտենալու շնորհիվ, Նեփին պետք է հասկանար, որ կյանքն առավել անարդար էր գտնվելու Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Լինելով բացարձակ անմեղ, Փրկիչը բոլորից շատ պետք է տառապեր։

Մտքով և սրտով որքան ավելի շատ ենք մոտենում Հիսուս Քրիստոսին, այնքան ավելի շատ ենք գնահատում Նրա անմեղ տառապանքները, այնքան ավելի շատ ենք երախտապարտ լինում շնորհի ու ներման համար և ավելի շատ ենք ցանկանում ապաշխարել ու դառնալ Նրա նման։ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին շատ մոտ գտնվելը կարևոր է, սակայն ուղղությունը, որով մենք շարժվում ենք, ավելի կարևոր է։ Աստված ավելի գոհ է զղջացող մեղավորներից, ովքեր փորձում են ավելի մոտենալ Նրան, քան՝ իրենց արդար համարող և մեղքեր փնտրող մարդկանց, ովքեր հին ժամանակների փարիսեցիների ու դպիրների նման չեն գիտակցում, թե որքան ուժգին նրանք պետք է ապաշխարեն։9

Մանուկ հասակում ես երգում էի շվեդական սուրբ ծննդյան մի տաղերգ, որը մի պարզ, բայց զորեղ դաս է ուսուցանում՝ մոտենալով Փրկիչին, մենք ենթարկվում ենք փոփոխության։ Բառերը մոտավորապես այսպես են.

Երբ Սուրբ Ծննդյան առավոտն է շողում

Ուզում եմ գնալ ախոռ,

Երբ Աստված գիշերվա ժամերին

Արդեն պառկած է ծղոտին։

Որքա՜ն շատ Դու ցանկացար

Իջնել ներքև՝ երկիր։

Այժմ, չեմ ուզում վատնել

Մանկության օրերս անտեղի։

Հիսուս, դու մեզ պետք ես,

Երեխաների սիրելի ընկեր։

Այլևս չեմ ցանկանում Քեզ վշտացնել

Մեղքերով իմ կրկին։10

Երբ փոխաբերական իմաստով տեղափոխվենք Բեթլեհեմի ախոռ, «որտեղ Աստված գիշերվա ժամերին արդեն պառկած է ծղոտին», մենք ավելի լավ կհասկանանք, որ Փրկիչը պարգև է բարի, սիրող Երկնային Հորից։ Նրա օրհնությունների ու շնորհի հանդեպ իրավունքի զգացում տածելու փոխարեն մենք ուժգին ցանկություն ենք ունենում այլևս վիշտ չպատճառել Աստծուն։

Որքան էլ հեռու գտնվենք և շարժվենք մեկ ուրիշ ուղղությամբ, մենք կարող ենք դառնալ դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը և ավելի մոտենալ Նրանց։ Նրանք կօգնեն մեզ։ Ինչպես Փրկիչն ասաց Նեփիացիներին Իր Հարությունից հետո.

«Եվ իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ. իսկ հետո, երբ խաչի վրա էի բարձրացվել, որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ, …

Եվ այս պատճառով եմ ես բարձրացվել. հետևաբար, համաձայն Հոր զորության, ես բոլոր մարդկանց կձգեմ դեպի ինձ»։11

Որպեսզի ավելի մոտենանք Փրկիչին, մենք պետք է մեծացնենք Նրա հանդեպ մեր հավատը, ուխտեր կապենք ու պահենք դրանք և սուրբ Հոգին ունենանք մեզ հետ։ Նաև պետք է հավատքով գործենք և շարժվենք մեր ստացած հոգևոր առաջնորդությամբ։ Այդ բոլոր բաղադրիչները միավորվում են հաղորդության մեջ։ Իսկապես, լավագույն միջոցը, որն ինձ ծանոթ է Աստծուն ավելի մոտենալու համար, դա ամեն շաբաթ հաղորդությանը բարեխղճորեն պատրաստվելն ու արժանիորեն այն ճաշակելն է։

Հարավային Աֆրիկայում գտնվող մեր ընկերներից մեկը կիսվեց, թե ինչպես է նա հասկացել դրա ճշմարտացիությունը։ Նորադարձ Դիանան հաճախում էր Յոհանեսբուրգից դուրս գտնվող մի ճյուղ։ Մի կիրակի օր, նստած լինելով հաղորդության սենյակում, նա հնարավորություն չունեցավ ճաշակել հաղորդությունից, քանի որ բաժանող սարկավագը չէր նկատել նրան՝ հաղորդության սենյակի նախագծի պատճառով։ Դիանան տխրեց, սակայն ոչինչ չասաց։ Մեկ այլ անդամ նկատեց այդ բացթողումը և ժողովից հետո այդ մասին ասաց ճյուղի նախագահին։ Երբ Կիրակնօրյա դպրոցը սկսվեց, նրան հրավիրեցին մի դատարկ դասարան։

Քահանայության կրողը ներս մտավ։ Նա ծնկի իջավ, օրհնեց հացը և տվեց նրան մեկ կտոր։ Նա կերավ այն։ Եղբայրը կրկին ծնկի իջավ և օրհնեց ջուրը և տվեց նրան մի փոքր բաժակ ջուր։ Նա խմեց այն։ Ապա, Դիանայի մտքով անմիջապես երկու միտք անցան. Առաջինը, «Օ՜, նա [քահանայության կրողը] դա արեց միայն ինձ համար»։ Իսկ հետո, «Օ՜, Նա [Փրկիչը] դա արեց միայն ինձ համար»։ Դիանան զգաց Երկնային Հոր սերը։

Այն միտքը, որ Փրկիչի զոհաբերությունը միայն իր համար էր, օգնեց նրան մոտ զգալ Փրկիչին և առաջացրեց մի անհաղթահարելի ցանկություն՝ պահելու այդ զգացումն իր սրտում ոչ միայն կիրակի օրերին, այլ ամեն օր։ Նա հասկացավ, որ չնայած նա բոլորի հետ նստած էր ճաշակում հաղորդությունը, յուրաքանչյուր կիրակի նորոգված ուխտն անհատապես իր համար էր։ Հաղորդությունն օգնեց և դեռևս օգնում է Դիանային զգալ աստվածային սիրո զորությունը, գիտակցել Տիրոջ ազդեցությունն իր կյանքում և ավելի մոտենալ Փրկիչին։

Փրկիչը նշել է, որ հաղորդությունն անփոխարինելի է հոգևոր հիմքի համար. Նա ասել է.

«Եվ ես տալիս եմ ձեզ մի պատվիրան, որ դուք պիտի անեք այս բաները [ճաշակեք հաղորդությունը]։ Եվ եթե դուք միշտ անեք այս բաները, օրհնվա՛ծ եք դուք, քանզի դուք կառուցված եք իմ վեմի վրա

Բայց ովքեր, որ ձեր մեջ անեն ավելի կամ պակաս, քան այս, կառուցված չեն իմ վեմի վրա, այլ կառուցված են ավազե հիմքի վրա. և երբ անձրևը տեղա, և ջրհեղեղները գան, և քամիները փչեն և զարկեն նրանց, նրանք կընկնեն»։12

Հիսուսը չասաց. «եթե անձրևը տեղա, եթե ջրհեղեղները գան, և եթե քամիները փչեն», այլ՝ «երբ»։ Ոչ ոք ապահովագրված չէ կյանքի դժվարություններից։ Բոլորիս անհրաժեշտ է այն ապահովությունը, որը գալիս է հաղորդությունը ճաշակելիս։

Փրկիչի Հարության օրը, աշակերտներից երկուսը գնացին Էմմաուս գյուղը։ Անճանաչելի դարձած և հարություն առած Տերը ճանապարհին միացավ նրանց։ Ճամփորդելիս Նա ուսուցանեց նրանց սուրբ գրություններից։ Երբ նրանք տեղ հասան, հրավիրեցին Նրան ընթրելու իրենց հետ։

«Եւ եղաւ երբոր նա նորանց հետ սեղան նստեց, հաց առաւ՝ օրհնեց, կտրեց եւ տուաւ նորանց։

Եւ նորանց աչքերը բացուեցան եւ նորան ճանաչեցին. Եւ նա աներեւոյթ եղաւ նորանցից։

Եւ իրար ասեցին. Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբոր ճանապարհին մեզ հետ խօսում էր, եւ ինչպէս գրքերը բաց էր անում մեզ համար։

Եւ նոյն ժամին վերկացան՝ ետ դառան Երուսաղէմ, եւ այն [Առաքյալներին] ժողովուած գտան, եւ նորանց հետ լինողներին։

Որ ասում էին թէ Արդարեւ Տէրը յարութիւն է առել։ …

Եւ նորանք պատմում էին այն որ ճանապարհին եղաւ, եւ թէ ինչպէս իրան ճանաչեցրեց իրանց՝ հաց կտրելու ժամանակին»։13

Հաղորդությունն իսկապես օգնում է, որ մենք ճանաչենք մեր Փրկիչին։ Այն նաև հիշեցնում է մեզ Նրա անմեղ տառապանքը։ Եթե կյանքն իսկապես արդար լիներ, դուք և ես երբեք հարություն չէինք առնի, դուք և ես երբեք չէինք կարող մաքուր կանգնել Աստծո առաջ։ Այդ տեսակետից, ես ուրախ եմ, որ կյանքն անարդար է։

Միևնույն ժամանակ, կարող եմ վճռականորեն հայտարարել, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, ի վերջո, իրերի հավերժական տեսանկյունից ելնելով, չի լինի անարդարություն։ «Այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է դառնալ ճիշտ՝ Հիսուս Քրիստոսի Քավությամբ»։14 Մեր ներկայիս հանգամանքները հնարավոր է չփոխվեն, սակայն Աստծո կարեկցանքի, բարության և սիրո շնորհիվ, մենք կստանանք ավելին, քան արժանի ենք, ավելին, քան երբևէ կարող են վաստակել և ավելին, քան երբևէ կարող էինք հուսալ։ Մեզ խոստացված է, որ «կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը [մեր] աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. Եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան»։15

Անկախ նրանից, թե ինչ հարաբերության մեջ եք Աստծո հետ, ես հորդորում եմ ձեզ մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ բոլոր բարի բաների վերջնական բարերարներին ու տվողներին։ Հրավիրում եմ ձեզ յուրաքանչյուր շաբաթ հաճախել հաղորդության ժողովներին և ճաշակել Փրկիչի մարմնի ու արյան սրբազան խորհրդանիշերը։ Հրավիրում եմ ձեզ զգալ Աստծո մոտ լինելը, երբ Նա ճանաչելի է դառնում ձեզ համար, ինչպես դա արեց հին օրերի իր աշակերտներին՝ «հացը կտրելու ժամանակ»։

Եթե անեք դա, ես խոստանում եմ, որ դուք ավելի մոտ կզգաք Աստծուն։ Մանկական նվնվոցի, դժգոհության և հեգնական թերահավատության բնական զգացումները կանհետանան։ Այդ տրամադրությունը կփոխարինվի Իր Որդու պարգևի համար Երկնային Հոր հանդեպ երախտագիտության և ավելի մեծ սիրո զգացումներով։ Երբ մոտենանք Աստծուն, Հիսուս Քրիստոսի Քավության իրավասու զորությունը մուտք կգործի մեր կյանք։ Եվ Էմմաուս ճանապարհորդող աշակերտների նման մենք կհասկանանք, որ այդ ողջ ժամանակ Փրկիչը եղել է մեր կողքին։ Այդ ամենի մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես Ձեռնարկ 2. Սպասավորել Եկեղեցում (2010), 6.2։ Օգնել Տիրոջ ձևով. Ղեկավարի ուղեցույցի ամփոփում բարօրության վերաբերյալ գրքույկի առաջին էջից կարդում ենք (գրքույկ, 2009). «Երբ Եկեղեցու անդամները կատարում են այն ամենը, ինչ կարող են, իրենց ապահովելու համար, սակայն դեռևս չեն կարողանում բավարարել իրենց հիմնական կարիքները, առաջին հերթին նրանք պետք է օգնության խնդրանքով դիմեն իրենց ընտանիքներին: Եթե դա հնարավոր չէ, Եկեղեցին պատրաստ կանգնած է օգնելու համար»։

  2. 1 Նեփի 2.16

  3. 1 Նեփի 2.11, 12

  4. 1 Նեփի 1.20

  5. Մոսիա 10.14

  6. Տես 1 Նեփի 17.23–50:

  7. 1 Նեփի 15.3

  8. 1 Նեփի 15.9, տես նաև հատված 8:

  9. Տես Ղուկաս 15.2, տես նաև Ջոզեֆ Սմիթ Եկեղեցու պատմություն, 5.260–62:

  10. Սուրբ ծննդյան տաղերգը գրվել է Գերմանիայում՝ Աբել Բուրխարտի կողմից (1805–82), ով ծառայել է Բազել, Շվեցարիայում որպես արխիսարկավագ։ Բետի Էհրենբորտ-Փոզը 1851թ-ին թարգմանել է այն շվեդերեն։ Շվեդական վերնագիրը՝ «När juldagsmorgon glimmar» է։ Անգլերեն տարբեր թարգմանություններ են արվել, որոնք հնարավոր է երգել գերմանական ժողովորդական երաժշտության ներքո, որն ի սկզբանե կիրառվում էր։ Այստեղ բերված անգլերեն թարգմանությունն իմ քրոջ (Անիտա Մ. Ռենլանդ) և իմ թարգմանությունն է։

    Երբ Սուրբ Ծննդյան առավոտն է բացվում

    Ուզում եմ գնալ ախոռ,

    Երբ Աստված գիշերվա ժամերին

    Արդեն պառկած է ծղոտին։

    Որքա՜ն շատ Դու ցանկացար

    Իջնել ներքև՝ երկիր։

    Այժմ, չեմ ուզում վատնել։

    Մանկության օրերս անտեղի։

    Հիսուս, դու մեզ պետք ես, երեխաների սիրելի ընկեր։

    Այլևս չեմ ցանկանում Քեզ վշտացնել

    Մեղքերով իմ կրկին։

    När juldagsmorgon glimmar,

    jag vill till stallet gå,

    där Gud i nattens timmar

    re’n vilar uppå strå.

    Hur god du var som ville

    till jorden komma ner!

    Nu ej i synd jag spille

    min barndoms dagar mer!

    Dig, Jesu, vi behöva,

    du käre barnavän.

    Jag vill ej mer bedröva

    med synder dig igen.

  11. 3 Նեփի 27.14–15

  12. 3 Նեփի 18.12–13

  13. Ղուկաս 24.30–35, տես նաև 13–29 հատվածներ:

  14. Քարոզիր իմ ավետարանը. միսիոներական ծառայության ուղեցույց (2004), 52:

  15. Հայտնություն 21.4