2010–2019 թթ․
Որ խաղաղություն լինի տանը
Ապրիլ 2013


Որ խաղաղություն լինի տանը

Մեծագույն օրհնություններից մեկը, որ կարող ենք առաջարկել աշխարհին, Քրիստոսակենտրոն տան զորությունն է, որտեղ ուսուցանվում է ավետարանը, պահվում են ուխտերը և թևածում սերը:

Աշխարհում, որտեղ մենք ենք ապրում, բազմաթիվ ձայներ կոչ են անում մեզ ապրել խելահեղ տեմպով: Միշտ կարելի է ավելին անել և ավելին իրագործել: Սակայն ներքուստ մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի մի ապաստանի, որտեղ խաղաղություն և հանգստություն է տիրում, վայր, որտեղ կարող ենք հանգստանալ, վերականգնվել և վերազինվել, պատրաստվելով հետագա լարվածություններին:

Խաղաղության նման կատարյալ վայր կարող է հանդիսանալ մեր տունը, որտեղ հնարավորինս ամեն ինչ արել ենք Տեր Հիսուս Քրիստոսին կենտրոնում պահելու համար:

Որոշ տներ ունեն արժանի քահանայություն կրող հայր, հավատարիմ և նվիրված մայր: Նրանք միասին արդարակյաց տուն են ղեկավարում: Շատ տներ ունեն տարբեր կառուցվածք: Անկախ ձեր պայմաններից, կարող եք ձեր տունը և կյանքը կենտրոնացնել Տեր Հիսուս Քրիստոսի վրա, քանզի Նա է այս կյանքում ճշմարիտ խաղաղության աղբյուրը:

Եղեք վստահ, որ ձեր կայացրած որոշումները, լինեն դրանք նյութական թե հոգևոր, հիմնված լինեն Փրկչի կամքի վրա: Երբ նա ձեր տան կենտրոնն է, խաղաղություն և հանգստություն է տիրում: Կա վստահության ոգի, որ լցնում է տունը, և այն զգում են այդ տան բոլոր անդամները:

Այս խորհուրդը միայն ծնողները չէ, որ պետք է իրականացնեն, թեպետ նրանց է վերապահված տունը ղեկավարելու գործը: Երեխաները կարող են պատասխանատու լինել տանը Քրիստոսակենտրոն ջանքերը բարելավելու համար: Կարևորն այն է, որ ծնողներն ուսուցանեն երեխաներին գիտակցել, թե ինչպես են իրենց արարքները ազդում տանը բնակվող յուրաքանչյուր անհատի վրա: Երեխաները, ովքեր պատասխանատու են իրենց արարքների համար, լինեն դրանք արդար կամ անարդար, մեծանալով դառնում են Աստծո արքայության վստահելի քաղաքացիները:

Վստահ եմ, որ գիտեք այն հիմնարար սկզբունքները, որոնք ձեր տունը կենտրոնացնում են Փրկչի վրա: Մարգարեական խորհուրդը, որն է` կանոնավոր կերպով ամեն օր անձնապես և ընտանիքով աղոթքելը, ամեն օր սուրբ գրություններն ուսումնասիրելը և ամեն շաբաթ ընտանեկան երեկո անցկացնելը` Քրիստոսակենտրոն տան կառուցվածքի կարևոր, հիմնական հեծաններն են, առանց որոնց դժվար կլինի գտնել ցանկալի և այնքան անհրաժեշտ խաղաղությունը և աշխարհից ապաստանը:

Եղեք հնազանդ մարգարեական ուսմունքներին, որոնց Քրիստոսը կուզենար որ հետևեիք: Մի խաթարեք ձեր ապագա երջանկությունը` ավետարանի ողջամիտ սկզբունքները կիրառելու փոխարեն ընտրելով կարճ ուղին: Հիշեք` փոքր բաները հանգեցնում են մեծ բաների: Թվացյալ աննշան անզգուշությունները կամ անհոգությունը կարող են մեծ խնդիրների առաջ կանգնեցնել: Իսկ պարզ, հետևողական, լավ սովորույթներն ուղղորդում են դեպի օրհնություններով լի կյանք:

Երեխաների Միության երեխաներ, երիտասարդների ծրագրերին մասնակցող երիտասարդ տղաներ և աղջիկներ, և այժմ ծառայություն կատարող քաջարի միսիոներներ, դուք ավելի արդյունավետ եք գործում, քան ես` ձեր տարիքում: Նախամահկանացու կյանքում դուք ապացուցել եք, որ քաջարի եք, հնազանդ և մաքուր: Այնտեղ դուք տքնաջան աշխատել եք, որպեսզի զարգացնեք տաղանդներ և ունակություններ, պատրաստվելով մահկանացու կյանքն ապրել` քաջությամբ, արժանապատվությամբ, պատվով և հաջողությամբ:

Դուք նոր եք եկել մահկանացու կյանք այդ բոլոր հրաշալի ունակություններով և անվերջ հնարավորություններով: Սակայն կա իրական վտանգ ձեզ շրջապատող միջավայրում: Ձեր մեծ ներուժը և կարողությունը կարող է սահմանափակվել կամ խաթարվել, եթե ընկնեք ձեր շուրջը տիրող դիվական աղտոտվածության մեջ: Ինչևէ, սատանան չի կարող համեմատվել Փրկչի հետ: Սատանայի ճակատագիրը որոշված է: Նա գիտի, որ տանուլ է տվել, սակայն ցանկանում է հնարավորինս շատերին իր հետ տանել: Նա կփորձի կործանել ձեր բարությունը և կարողությունները` օգտագործելով ձեր թուլությունները: Մնացեք Տիրոջ կողքին, և դուք միշտ կհաղթեք:

Դուք ապրում եք մի աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները զարգանում են ապշեցուցիչ արագությամբ: Իմ սերնդակիցներից շատերի համար դժվար է այդ հնարավորություններին զուգընթաց քայլել: Տեխնոլոգիայի կիրառումի ձևից է կախված` այն կլինի օրհնություն, թե արգելափակում: Երբ ընկալվում և կիրառվում է արդար նպատակներով, տեխնոլոգիան դառնում է ոչ թե սպառնալիք, այլ նպաստում է հոգևոր հաղորդակցությունների զարգացմանը:

Օրինակ` մեզանից շատերն ունեն գրպանում տեղավորվող անձնական էլեկտրոնային սարք: Այն հիմնականում մեզ հետ է և օգտագործվում է օրվա մեջ շատ անգամներ: Ցավոք, այդ սարքերը կարող են լինել կեղտի և վատնված ժամանակի աղբյուր: Սակայն, ինչպես հարկն է օգտագործելու դեպքում, այդ տեխնոլոգիան կարող է լինել հասարակության վատթարագույն դրսևորւմներից պաշտպանվելու գործիք:

Մի քանի տարի առաջ ո՞ւմ մտքով կանցներ, որ կանոնիկ աշխատությունները և գերագույն համաժողովների տարիների ուղերձները կտեղավորվեին ամբողջությամբ գրպանում: Գրպանում դրանք ունենալը ձեզ չի պաշտպանի, բայց ամեն օր հանգիստ պահերին դրանք լսելը, ուսումնասիրելը և դրանց շուրջ խորհելը կմեծացնի Հոգու հետ հաղորդակցությունը:

Խելամտորեն օգտագործեք տեխնոլոգիան: Ձեր սարքում նշեք կարևոր սուրբ գրությունները և հաճախ կրկնեք դրանց: Երիտասարդներ, եթե ամեն անգամ սուրբ գրության մի հատված կարդաք այնքան հաճախ, որքան տեքստային հաղորդագրություներ եք ուղարկում, շուտով անգիր կսովորեք սուրբ գրությունների հարյուրավոր հատվածներ: Կհամոզվեք, որ անհրաժեշտության դեպքում այդ ուղերձները կդառնան Սուրբ Հոգու ոգեշնչման և առաջնորդության հզոր միջոց:

Մեր տները Փրկչի վրա կենտրոնացնելու փորձերում անչափ կարևոր է, որ անենք հնարավորինս ամեն ինչ, Սուրբ Հոգու մեղմ, առաջնորդող ազդեցությունը մեր կյանք բերելու համար: Այդ հուշումներին հնազանդ ենթարկվելն անգամ ավելի շատ ուժ է տալիս մեզ:

Ավելի մեծ խաղաղություն կգտնեք, եթե հնազանդ լինելու ձեր ջանքերը զուգորդեք ձեր շրջապատի մարդկանց ծառայելու հետ: Այնքան շատ մարդիկ են, որ ըստ իրենց բնորոշմամբ աննշան տաղանդներ ունենալով, խոնարհ և մեծահոգաբար օգտագործում են դրանք` օրհնելու իրենց շրջապատում գտնվողների կյանքը: Եսասիրությունը մեծ չարիքի արմատն է: Այդ չարիքի հակաթույնը Փրկչի կյանքի օրինակն է: Նա ցույց է տալիս, թե ինչպես կենտրոնացնել մեր կյանքը ուրիշներին անշահախնդիր ծառայելու վրա:

Ես մի ճշմարտություն եմ սովորել, որն այնքան հաճախ է կրկնվել իմ կյանքում, որ համարում եմ բացարձակ օրենք: Դա ցույց է տալիս, թե ինչպես են հնազանդությունն ու ծառայությունը կապված Աստծո զորության հետ: Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու և Նրա զավակներին անձնուրաց ծառայելու բնական հետևանքը Աստծո զորությունն է, զորություն, որն օգնում է անել մեր ուժերից ավելին: Մեր ներըմբռնումները, տաղանդները, ունակություններն ավելանում են, որովհետև ստանում ենք ուժ ու զորություն Տիրոջից: Նրա զորությունը հանդիսանում է հիմնական բաղադրիչը խաղաղությամբ լի տուն հիմնելու համար:

Երբ ձեր տունը կենտրոնացնում եք Փրկչի վրա, այն բնականաբար կդառնա ապաստան ոչ միայն ձեր անձնական ընտանիքի, այլև ընկերների համար, ովքեր ապրում են առավել դժվար պայմաններում: Նրանց կգրավի այնտեղ տիրող հանգստությունը: Նման ընկերներին ընդունեք ձեր տանը: Նրանք կծաղկեն այդ Քրիստոսակենտրոն միջավայրում: Դարձեք ձեր երեխաների ընկերների ընկերները: Նրանց համար արժանավայել օրինակ ծառայեք:

Մեծագույն օրհնություններից մեկը, որ կարող ենք առաջարկել աշխարհին, Քրիստոսակենտրոն տան զորությունն է, որտեղ ուսուցանվում է ավետարանը, պահվում են ուխտերը և թևածում սերը:

Տարիներ առաջ, միսիոներական շրջագայությունից հետո, կինս՝ Ջենինը պատմեց մի երեցի մասին, որին հանդիպել էր: Ջենինը հարցրել էր նրան իր ընտանիքի մասին և զարմանքով իմացել, որ այդ տղան ընտանիք չուներ: Նա պատմել էր, որ ծնվելուց հետո մայրն իրեն հանձնել էր պետությանը: Նա իր մանկությունն անցկացրել էր տարբեր մանկատներում, և դեռահաս տարիքում օրհնվել էր` գտնելով ավետարանը: Ծխի մի սիրող ընտանիք օգնել էր, որ նա կարողանար միսիա ծառայել:

Ավելի ուշ Ջենինը միսիայի նախագահի կնոջից հարցրել էր այդ հրաշալի երեցի մասին: Նա իմացել էր, որ մի քանի ամիս առաջ այդ երեցը հիվանդության պատճառով մի քանի օր անցկացրել էր միսիայի տանը: Այդ ընթացքում նա իրենց հետ էր անցկացրել ընտանեկան երեկոն: Նախքան կրկին իր ծառայությանն անցնելը նա խնդրել էր միսիայի նախագահին, որ թույլ տար իրեն իր միսիայի վերջում երկու-երեք օր անցկացնել միսիայի տանը: Նա ցանկացել էր տեսնել, թե ինչպես է Քրիստոսակենտրոն տունը գործում, որպեսզի իր ընտանիքը կարողանար նմանեցնել նրանց ընտանիքին:

Ձեր ուժերի սահմանում արեք ամեն բան այդպիսի տուն ունենալու համար: Ձեռք մեկնեք անբարենպաստ պայմաններում ապրողներին: Եղեք ճշմարիտ ընկեր: Նման տևական ընկերությունը նման է ասֆալտի, որը լցնում է կյանքի ճեղքերը և մեր ճամփորդությունը դարձնում ավելի հարթ ու հաճելի: Դա չպետք է լինի անձնական առավելության հասնելու միջոց, այլ գանձ, որը պետք է գնահատել և դրանից մասնաբաժին հանել: Ձեր տուն ընդունեք մյուսներին, ովքեր նման փորձառությունից ամրանալու կարիքն ունեն:

Վերջին մտքերս ուղղում եմ նրանց, ովքեր սիրում են ընտանիքի անդամին, որը լավ ընտրություններ չի կատարում: Դա կարող է փորձել մեր համբերությունը և տոկունությունը: Մենք պետք է վստահենք Տիրոջը և Նրա ժամանակին, որպեսզի մեր աղոթելու ու փրկելու ջանքերի դրական արձագանքն ի հայտ գա: Մենք անում ենք ամեն ինչ մեր ուժերի սահմանում ծառայելով, օրհնելով և խոնարհաբար ընդունելով Տիրոջ կամքն ամեն ինչում: Մենք հավատք ենք գործադրում և հիշում ենք, որ կան բաներ, որոնք պետք է թողնել Տիրոջը: Նա հրավիրում է մեզ մեր բեռը դնել Իր ոտքերի մոտ: Հավատքով մենք կարող ենք իմանալ, որ այդ սիրելի մարդը, որ մոլորվել է, լքված չէ, այլ գտնվում է սիրող Փրկչի հսկողության ներքո:

Մյուսների մեջ տեսեք ոչ թե բծեր, այլ լավ գծեր: Երբեմն բիծը մաքրելու համար անհրաժեշտ է ոչ միայն պատշաճ ուշադրություն դարձնել, այլև ապավինել տվյալ մարդու արժանիքներին:

Երբ զգում եք, որ հույսի միայն մի բարակ թել կա, իրականում դա ոչ թե թել, այլ զանգվածային կապող օղակ է, փրկարար օղակ, որն ամրացնում և բարձրացնում է ձեզ: Դա սփոփանք կպարգևի, որ այևս չվախենաք: Ձգտեք ապրել արժանավայել և վստահել Տիրոջը:

Մենք անհանգստանալու կարիք չունենք, եթե միաժամանակ չենք կարողանում անել այն ամենը, ինչ Տերը խորհուրդ է տվել մեզ անել: Նա նաև խոսել է ամեն ինչի ժամանակի և եղանակի մասին: Ի պատասխան առաջնորդության համար ասված մեր անկեղծ աղոթքների` Նա կառաջնորդի մեզ այն ամենում, ինչը կարևոր է մեր կյանքի յուրաքանչյուր փուլում: Մենք կարող ենք սովորել, աճել և դառնալ Նրա պես` ամեն անգամ հաստատուն քայլ կատարելով:

Ես բերում եմ վկայություն, որ Հիսուս Քրիստոսի ավետարանում խորը արմատներ գցելով հնազանդ ապրելն առավելագույն վստահություն է պարգևում, որ մեր տներում կունենանք խաղաղություն և ապաստան: Դեռևս կլինեն շատ դժվարություններ կամ խոր կսկիծ, սակայն դժվարին պահերին անգամ կարող ենք ունենալ ներքին խաղաղություն և լիակատար երջանկություն: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի Քավությունն այդ լիառատ խաղաղության աղբյուրն է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: