2010–2019 թթ․
Քավությունը
Հոկտեմբեր 2012


Քավությունը

Ուր էլ որ մեր անդամները և միսիոներները գնան, մեր ուղերձը հավատքի և հույսի ուղերձ է առ Փրկիչ Հիսուս Քրիստոսը:

Իմ ուղերձն ուղղված է մեր մեջ նրանց, ովքեր տառապում են, կքված են մեղքի, թուլության, անհաջողության, վշտի և հուսահատության տակ:

1971թ. ինձ հանձնարարվել էր մասնակցել ցցի համաժողովին Արևմտյան Սամոայում և նոր ցցի կազմավորմանը Յուպոլո կղզում: Հարցազրույցներից հետո մենք չարտերային փոքր ինքնաթիռով թռանք Սավայի կղզի, այնտեղ ցցի համաժողովն անցկացնելու համար: Ինքնաթիռը վայրէջք կատարեց խոտով ծածկված դաշտում Ֆաալայում, իսկ հաջորդ օրը պետք է մեզ հետ տաներ Ուպոլո կղզի:

Այն օրը, երբ մենք վերադառնում էինք Սավայիից, անձրևոտ էր: Իմանալով, որ ինքնաթիռը չէր կարող վայրէջք կատարել թաց խոտի վրա, մենք մեքենայով գնացինք դեպի կղզու արևմտյան ծայրը, որտեղ ջրի կորալային հատվածում կար վազքուղի: Մենք սպասեցինք մինչև մթնելը, սակայն ոչ մի ինքնաթիռ չեկավ: Վերջապես մենք ռադիոկապով տեղեկացանք, որ փոթորկի պատճառով ինքնաթիռը չէր կարողացել թռիչք կատարել: Մենք ռադիոկապով հայտնեցինք, որ կարող էինք գալ փոքր նավով: Մեզ պետք է որևէ մեկը դիմավորեր Մուլիֆանուայում:

Դուրս գալով Սավայի նավահանգստից, 12 մետրանոց նավի նավապետը հարցրեց միսիայի նախագահին, թե արդյոք նա էլեկտրական լապտեր ունի: Բարեբախտաբար, նա ուներ և տվեց այն նավապետին: Մենք անցանք 21 կմ դեպի Յուպոլո կղզի բավականին ալեկոծված ջրերով: Մեզանից ոչ ոք չէր մտածում անգամ, որ տրոպիկական կատաղի փոթորիկը վրա էր հասել կղզուն, իսկ մենք գնում էինք ուղիղ դրա ուղղությամբ:

Մենք հասանք Մուլիֆանուայի նավահանգիստ: Մենք պետք է անցնեինք ժայռերի կողքով ձգվող նեղ ջրանցքով: Սովորաբար ափին բլրի վրա շողում էր մի լույս, իսկ ավելի ցածր՝ երկրորդ լույսը, որոնք նշմարում էին ճանապարհը նեղուցի միջով: Եթե նավը այնպիսի դիրք ընդուներ, որ երկու լույսերը մեկը մյուսի վրա հայտնվեին, ապա այն կուղղվեր նեղուցի երկարությամբ և ճիշտ կշարժվեր վտանգավոր ժայռերի միջով:

Բայց այդ գիշեր կար միայն մեկ լույս: Երկու երեց ափին սպասում էին մեզ, սակայն անցումը սովորականից շատ ավելի ժամանակ խլեց: Ժամեր շարունակ մեր նավից ազդանշաններ չստանալուց հետո, երեցները հոգնել էին և քնել, մոռանալով վառել երկրորդ՝ ավելի ցածր լույսը: Արդյունքում, ժայռերի միջով անցումը լավ չէր երևում:

Նավապետը փորձում էր հնարավորինս ուղղել նավը ափի բարձր լույսի ուղղությամբ, մինչ նավաստին աշխատում էր պարտքով վերցրած լապտերով լուսավորել առջևում հանդիպող ժայռերը: Մենք լսում էինք, ինչպես էին ալիքները ուժով հարվածում ժայռերին: Երբ մենք այնքան էինք մոտենում, որ տեսնում էինք դրանք, նավապետը ողջ ուժով գոռում էր, որ ետ դառնայինք և սկսեինք կրկին փնտրել անցումը:

Բազմաթիվ փորձերից հետո նա հասկացավ, որ անցումը գտնել հնարավոր չէր: Մենք կարող էինք միայն փորձել հասնել 64 կմ հեռավորության վրա գտնվող Ապիա նավահանգստին: Մենք անզոր էինք տարերքի մոլեգնած ուժերի առաջ: Ես չեմ հիշում, թե երբևէ եղել եմ նման մթության մեջ:

Առաջին մեկ ժամվա ընթացքում մենք ոչ մի հաջողության չհասանք, թեև շարժիչը խեղդվելով աշխատում էր: Նավը դժվարությամբ բարձրացավ ուղղահայաց ալիքի վրա, մի պահ ուժասպառ կանգնեց ծայրին, և պտուտակները դուրս եկան ջրից: Պտուտակների թրթիռը այնպես էր ցնցում նավը, որ այն գրեթե կտոր-կտոր եղավ, մինչև որ շուռ եկավ մյուս կողմի վրա:

Մենք փռված պառկել էինք բեռնամասի ծածկի վրա, մի կողմից բռնվելով ձեռքերով, իսկ ոտքերի թաթերով սեղմելով մյուս կողմը, որպեսզի ջուրը մեզ չքշեր ծովը: Եղբայր Մարկ Լիթլֆորդը բաց թողեց ձեռքերը և քշվեց երկաթե ստորին ճաղաշարքի վրա: Նրա գլուխը կտրված էր, բայց ճաղաշարքը պահում էր նրա մարմինը:

Ի վերջո, մենք առաջ շարժվեցինք և լուսաբացին վերջապես հասանք Ապայի նավահանգիստ: Նավերը կապած էին իրար ապահովության համար: Դրանք ամբողջովին պատել էին նավամատույցը: Մենք զգույշ անցանք դրանց միջով, աշխատելով չարթանացնել տախտակամածին քնած մարդկանց: Մենք հասանք Պեսեգա, չորացրեցինք մեր հագուստը և ուղղվեցին դեպի Վայլութայի՝ նոր ցիցը բացելու:

Ես չգիտեմ, թե ով էր մեզ սպասում Մուլիֆանուայի ծովափին: Ես թույլ չտվեցի, որ ինձ ասեին: Բայց իրականությունն այն էր, որ առանց այդ ցածր լույսի մենք բոլորս կարող էինք կորած լինել:

Մեր օրհներգերի գրքում կա մի շատ հին և հազվադեպ երգվող օրհներգ, որը հատուկ նշանակություն ունի ինձ համար:

Փարոսի լույսը բարի

Ողորմության լույսը մեր Հոր

Լուսավորում է մեր ուղին

Դեպի ափերն ապահով:

Թող լույսերը վառ լինեն,

Ծովի վրա շողերն գցեն,

Որ նավաստիներն տանջված

Փրկության ճամփան գտնեն:

Մութ է գիշերը մեղքի,

Բարձր է գոռոցն ալիքի:

Իսկ աչքերը մեր անքուն

Ափի լույսերն են փնտրում:

Եղբայր, լապտերդ վառիր,

Որ խեղճ ու հոգնած նավաստին

Նավահանգիստը գտնի,

Կուլ չգնա խենթ ծովին:1

Այսօր ես դիմում եմ նրանց, ովքեր կարող են մոլորված լինել և փնտրում են այդ ցածր լույսը, որ օգնի իրենց վերադառնալ հետ:

Ամենասկզբից պարզ էր, որ մահկանացու կյանքում մենք հեռու ենք լինելու կատարյալից: Չէր ակնկալվում, որ մենք պետք է ապրեինք առանց խախտելու այս կամ այն օրենքը:

«Քանզի բնական մարդն Աստծո մի թշնամի է, և եղել է Ադամի անկումից ի վեր և կլինի հավիտյանս հավիտենից, մինչև նա չենթարկվի Սուրբ Հոգու հորդորներին և հանի բնական մարդուն ու դառնա սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ»:2

Թանկագին Մարգարիտից մենք հասկանում ենք, որ «ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել [Աստծո արքայության մեջ]»,3 և այդ պատճառով ճանապարհ է տրվել բոլոր նրանց, ովքեր մեղք կգործեն, որ ապաշխարեն և դառնան արժանի կրկին լինելու մեր Երկնային Հոր ներկայության մեջ:

Միջնորդ, Քավիչ ընտրվեց, ով կապրեր Իր կյանքը կատարյալ ձևով, չէր գործի ոչ մի մեղք և «իրեն զոհ է մատուցում մեղքի համար՝ բավարարելու օրենքի պահանջները, բոլոր նրանց համար, ովքեր ունեն կոտրված սիրտ ու փշրված հոգի. և ուրիշ ոչ մեկի համար օրենքի պահանջները չեն կարող բավարարվել»:4

Քավության կարևորության մասին Ալմայում մենք սովորում ենք. «Քանզի անհրաժեշտ է, որ մի քավություն արվի … այլապես, ողջ մարդկությունն անխուսափելիորեն պիտի կորչի»:5

Եթե դուք սխալներ չեք գործում, դուք Քավության կարիքը չունեք: Եթե դուք սխալներ եք գործում, իսկ մենք բոլորս ենք գործում՝ չնչին, թե լուրջ, ապա դուք ահռելի կարիք ունեք պարզելու, թե ինչպես կարող եք ջնջել դրանք, որպեսզի այլևս մթության մեջ չմնաք:

«[Հիսուս Քրիստոսն է] լույսն ու կյանքն աշխարհի»:6 Եթե մենք մեր հայացքը սևեռենք Նրա ուսմունքների վրա, մենք կուղղորդվենք դեպի հոգևոր ապահովության նավահանգիստը:

Հավատո երրորդ հանգանակն ասում է. «Մենք հավատում ենք, որ Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել՝ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին»:7

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ուսուցանել է. «Մարդիկ չեն կարող ներել իրենց սեփական մեղքերը, նրանք չեն կարող ինքնուրույն մաքրվել իրենց սեփական մեղքերի հետևանքներից: Մարդիկ կարող են դադարել մեղք գործելը և ճիշտ գործել ապագայում, և քանի դեռ նրանց արարքները ընդունելի են Տիրոջ կողմից, նրանք կարող են արժանի համարվել: Բայց ո՞վ պետք է վերականգնի այն վնասները, որ նրանք հասցրել են իրենց և ուրիշներին, որոնք իրենք ինքնուրույն, կարծես, չեն կարող վերականգնել: Հիսուս Քրիստոսի քավության միջոցով ապաշխարողի մեղքերը կմաքրվեն, թեև դրանք լինեն ալ կարմիր, կդարձվեն ճերմակ բրդի նման [տես Եսայիա 1.18]: Սա է ձեզ տրված խոստումը»:8

Մենք հստակ չգիտենք, թե ինչպես Տերը կատարեց Քավությունը: Բայց մենք գիտենք, որ խաչելիության դաժան տանջանքները միայն մի մասն էին այն ահավոր ցավի, որը սկսվեց Գեթսեմանում՝ տառապանքի սուրբ վայրում, և ավարտվեց Գողգոթայի վրա:

Ղուկասը գրում է.

«Եվ ինքը նորանցից հեռացավ մի քարընկեցի չափ, ծունր դրավ, աղոթք էր անում,

Եվ ասում. Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից, սակայն ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի:

Եվ հրեշտակ երևեցավ նորան երկնքիցը, և զորացնում էր նորան:

Եվ նա տագնապի մեջ լինելով, ավելի եռանդով էր աղոթք անում: Եվ նորա քրտինքն էր ինչպես արյունի կաթիլներ, որ թափվում են երկրի վերայ»:9

Առայժմ ես կարող եմ ասել, որ կա միայն մեկ գրառում, ըստ որի Փրկիչն իր սեփական խոսքերով նկարագրում է այն, ինչ տարել է Գեթսեմանի այգում: Հայտնությունը գրում է.

«Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն.

Բայց, եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես.

Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից»:10

Ձեր կյանքի ընթացքում կարող են լինել ժամանակներ, երբ դուք գնաք այնպիսի տեղեր, ուր երբեք չպետք է գնայիք և անեք բաներ, որ երբեք չպետք է կատարեիք: Եթե դուք ետ շրջվեք մեղքից, դուք մի օր կկարողանաք զգալ այն խաղաղությունը, որը գալիս է լիարժեք ապաշխարության ուղով գնալու արդյունքում:

Անկախ նրանից, թե ինչպիսին են եղել մեր մեղսագործությունները, անկախ նրանից, թե որքան են մեր արարքները վնասել մյուսներին, այդ մեղքը կարող է մաքրվել: Ինձ համար, երևիթե, բոլոր սուրբ գրություններում ամենասքանչելի արտահայտությունը Տիրոջ հետևյալ խոսքերն են. «Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք»:11

Դա է Հիսուս Քրիստոսի ավետարանի և Քավության խոստումը՝ վերցնել նրան, ով գալիս է, նրան, ով կմիանա, և անցկացնել նրանց փորձառության միջով այնպես, որպեսզի կյանքի վերջում նրանք կարողանան գնալ վարագույրի մյուս կողմը՝ ապաշխարած իրենց մեղքերից և մաքրված Քրիստոսի արյան միջոցով:12

Դա է այն, ինչ անում են Վերջին Օրերի Սրբերը ողջ աշխարհում: Դա է այն Լույսը, որը մենք առաջարկում ենք նրանց, ովքեր խավարի մեջ են և կորցրել են իրենց ճանապարհը: Ուր էլ որ մեր անդամները և միսիոներները գնան, մեր ուղերձը հավատքի և հույսի ուղերձ է առ Փրկիչ Հիսուս Քրիստոսը:

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է «Արդյոք երկա՞ր է ճամփադ» օրհներգի խոսքերը: Նա իմ թանկագին ընկերն էր: Այն պարունակում է խրախուսանք և խոստում նրանց համար, ովքեր կցանկանան հետևել Փրկչի ուսմունքներին.

Արդյոք երկա՞ր է ճամփադ,

Կարծես անծայր անապատ:

Արդյո՞ք դժվար, քարքարոտ,

Գնում ես ճամփով այս փշոտ,

Արևի տակ թեժ կեսօրի,

Գնում ես բարձունքներ դեպի:

Արդյո՞ք սիրտդ է վշտացած,

Եվ հոգիդ վաղուց հոգնած

Բեռից՝ բաժին քեզ հասած:

Արդյո՞ք ծանր է բեռը այդ

Որ կրում ես դու ստիպված:

Չկա՞ մեկը, որ օգնի՝ բեռը քո թեթևացնի:

Սիրտըդ թող չնվաղի,

Առջևում կա նոր ուղի,

Կա Նա, ով կողքիդ է միշտ:

Գլուխը բարձր քո պահիր,

Նրա ձեռքից ամուր բռնիր,

Նա կտանի քեզ դեպի նոր

Բարձունքները լուսավոր,

Ուր նեղ օրերդ չես հիշի:

Կյանքդ մեղքից Նա կազատի

Արցունքներդ կսրբի,

Վշտերը քո կփարատի:

Ձեռքը բռնած Նրա հետ ճամփադ դժվար այս անցիր:13

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: