2010–2019 թթ․
Անվան կարևորությունը
Հոկտեմբեր 2011


Անվան կարևորությունը

Եկեք սովորություն ձեռք բերենք՝ … հստակ հնչեցնել, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է այն անունը, որով մենք պետք է ճանաչվենք, ինչպես բառացիորեն ասել է Տերն Ինքը:

Երեց Հեյլս, մեր բոլորի կողմից, մենք մեր խորին սերն ու երախտագիտությունն ենք հայտնում ձեզ, որ այստեղ եք այս առավոտ:

Հիանալի է լինել ձեզ հետ, երկրպագելով միասին այս գեղեցիկ կիրակնօրյա առավոտյան: Սկսած անցած ապրիլի գերագույն համաժողովից իմ միտքը բազմիցս կենտրոնացել է անվան կարևորության վրա: Այս անցած մի քանի ամիսների ընթացքում մի քանի թոռնիկներ են ծնվել մեր ընտանիքում: Չնայած թվում է, թե նրանք գալիս են ավելի արագ, քան ես կարող եմ հարմարվել այդ տեմպին, յուրաքանչյուր երեխա ցանկալի լրացում է մեր ընտանիքում: Յուրաքանչյուրը ստացել է հատուկ մի անուն՝ ընտրված իրենց ծնողների կողմից, անուն, որով նրանք կճանաչվեն իրենց կյանքի ընթացքում, տարբերվելով ցանկացած այլ մարդուց: Սա այդպես է ցանկացած ընտանիքի համար, ինչպես նաև աշխարհի կրոնների համար:

Տեր Հիսուս Քրիստոսը գիտեր, թե որքան կարևոր էր հստակ անուն տալ Իր Եկեղեցուն այս վերջին օրերում: Վարդապետություն և Ուխտերի 115-րդ բաժնում Նա անվանակոչում է Եկեղեցին. «Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին վերջին օրերին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի» (հատված 4):

Եվ Բենիամին թագավորը սովորեցրեց իր ժողովրդին Մորմոնի Գրքի ժամանակներում.

«Ես կկամենայի, որ դուք ձեզ վրա վերցնեք Քրիստոսի անունը, դուք, բոլորդ, որ մտել եք ուխտի մեջ Աստծո հետ, որ լինեք մինչև ձեր կյանքի վերջը հնազանդ: …

Եվ ես կկամենայի, որ դուք հիշեք նաև, որ այս է անունը, որ ես ասացի պիտի տամ ձեզ, որը երբեք չպիտի ջնջվի, բացի դա լինի օրինազանցության միջոցով. հետևաբար, զգույշ եղեք, որ չօրինազանցեք, որ այդ անունը չջնջվի ձեր սրտերից» (Մոսիա 5.8, 11):

Մենք վերցնում ենք Քրիստոսի անունը մեզ վրա մկրտության ջրերում: Մենք վերականգնում ենք այդ մկրտության ազդեցությունը ամեն շաբաթ, երբ ճաշակում ենք հաղորդությունը, որը նշանակում է, որ մենք հոժար ենք մեզ վրա վերցնել Նրա անունը, և խոստանում ենք միշտ հիշել Նրան (տես ՎևՈւ 20.77, 79):

Արդյո՞ք մենք գիտակցում ենք, թե որքան օրհնված ենք, վերցնելով մեզ վրա Աստծո Սիրելի և Միածին Որդու անունը: Մենք հասկանու՞մ ենք, թե որքան մեծ նշանակություն ունի այն: Փրկչի անունը միակ անունն է երկնքի տակ, որով մարդը կարող է փրկվել (տես 2 Նեփի 31.21):

Ինչպես հիշում եք, Նախագահ Բոյդ Ք. Փաքերը քննարկեց Եկեղեցու անվան կարևորությունը անցած ապրիլի գերագույն համաժողովին: Նա բացատրեց, որ «հնազանդվելով հայտնությանը՝ մենք կոչում ենք մեզ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի, այլ ոչ թե՝ մորմոնական Եկեղեցի» («Առաջնորդվելով Սուրբ Հոգով», Լիահոնա, մայիս 2011, 30):

Քանի որ Եկեղեցու ամբողջական անունը շատ կարևոր է, ես արձագանքում եմ սուրբ գրությունների հայտնություններին, Առաջին Նախագահության 1982թ. և 2001թ. նամակների հրահանգներին և Առաքյալների այլ խոսքերին, ովքեր խրախուսել են Եկեղեցու անդամներին սովորեցնել աշխարհին, որ Եկեղեցին ճանաչված է Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Դա է այն անունը, որով Տերը կկոչի մեզ վերջին օրը: Դա է անունը, որով Նրա Եկեղեցին կտարբերվի մնացած բոլորից:

Ես շատ եմ մտածել այն մասին, թե ինչու է Փրկիչը Իր վերականգնված Եկեղեցուն տվել վեց բառերից կազմված այդ անունը: Այն կարող է երկար թվալ, բայց եթե մենք մտածենք դրա մասին որպես Եկեղեցին բնութագրող գաղափարի, այն կդառնա հրաշալիորեն կարճ, անկեղծ և պարզ: Ինչպե՞ս կարող էր որևէ նկարագրություն լինել ավելի ուղղակի ու պարզ, և միևնույն ժամանակ արտահայտվի այսքան քիչ բառերով:

Յուրաքանչյուր բառ պարզաբանող և էական է: Դրանով նշվում է վերականգնված Եկեղեցու առանձնահատուկ դիրքը աշխարհի կրոնների շարքում:

Հիսուս Քրիստոսի Եկեղեցի բառերը հայտարարում են, որ սա Նրա եկեղեցին է: Մորմոնի Գրքում Հիսուսը սովորեցրել է. «Եվ ինչպես կլինի այն իմ եկեղեցին, եթե այն կոչված չլինի իմ անունով: Քանզի եթե մի եկեղեցի կոչվի Մովսեսի անունով, ուրեմն դա կլինի Մովսեսի եկեղեցին. կամ եթե այն կոչված լինի մարդու անունով [ինչպես Մորմոն], ուրեմն դա կլինի մարդու եկեղեցի. բայց եթե այն կոչված լինի իմ անունով, ուրեմն դա իմ եկեղեցին է, եթե այնպես լինի, որ նրանք կառուցված լինեն իմ ավետարանի վրա» (3 Նեփի 27.8):

Վերջին Օրերի բառերը բացատրում են, որ դա նույն Եկեղեցին է, որը Հիսուս Քրիստոսը հաստատել էր Իր մահկանացու ծառայության ժամանակ, սակայն վերականգնված այս վերջին օրերում: Մենք գիտենք, որ եղել է անկում կամ ուխտադրժություն, և անհրաժեշտություն էր ծագել, որպեսզի մեր օրերում Նրա ճշմարիտ և ամբողջական Եկեղեցին վերականգնվեր:

Սրբեր նշանակում է, որ դրա անդամները հետևում են Նրան և ձգտում են անել Նրա կամքը, պահել Նրա պատվիրանները և պատրաստվել կրկին ապրել Նրա և մեր Երկնային Հոր ներկայության մեջ: Սրբեր բառը պարզապես վերաբերվում է նրանց, ովքեր ձգտում են դարձնել իրենց կյանքը սուրբ՝ ուխտելով հետևել Քրիստոսին:

Անունը, որը Փրկիչը տվել է Իր Եկեղեցուն, մեզ ասում է, թե ով ենք մենք և ինչին ենք հավատում: Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը ողջ մարդկության Փրկիչն է: Նա քավություն է արել բոլոր նրանց համար, ովքեր կապաշխարեն իրենց մեղքերը, և Նա կոտրել է մահվան կապանքները ու հնարավորություն է տվել, որ մեռելները հարություն առնեն: Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին: Եվ ինչպես Բենիամին թագավորն է ասել իր ժողովրդին, ես էլ վերապնդում եմ հետևյալը այսօր մեր բոլորի համար. «Դուք հիշեք պահել [Նրա] անունը միշտ գրված ձեր սրտերում» (Մոսիա 5.12):

Մեզ խնդրել են կանգնել որպես Նրա վկաներ «բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (Մոսիա 18.9): Սա մասնավորապես նշանակում է, որ մենք պետք է հոժար լինենք ուրիշներին տեղեկացնել, թե ում ենք մենք հետևում և ում Եկեղեցուն ենք պատկանում՝ Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն: Մենք իհարկե ուզում ենք անել սա սիրո և վկայության հոգով: Մենք ուզում ենք հետևել Փրկչին, հայտարարելով պարզ և հասարակ ձևով, ավելի շատ՝ խոնարհաբար, որ մենք Նրա Եկեղեցու անդամներն ենք: Մենք հետևում ենք Նրան Վերջին Օրերի Սրբեր՝ վերջին օրերի աշակերտներ լինելով:

Մարդկանց և կազմակերպություններին հաճախ ուրիշները մականուն են տալիս: Մականունը կարող է անվան կրճատ ձևը լինել, կամ այն կարող է տրվել որևէ դեպքից հետո կամ ինչ-որ ֆիզիկական կամ այլ առանձնահատկության պատճառով: Չնայած մականունները չունեն միևնույն կարգավիճակն ու նշանակությունը, ինչպես իրական անունները, դրանք կարող են պատշաճ օգտագործվել:

Տիրոջ Եկեղեցին՝ թե նախկինում, թե մեր ժամանակներում, ունեցել է մականուններ: Նոր Կտակարանի ժամանակներում Սրբերը կոչվել են Քրիստոնյաներ, քանի որ հրապարակայնորեն խոստովանում էին, որ հավատում էին Հիսուս Քրիստոսին: Այդ անունը, որը սկզբում օգտագործվեց նրանց նսեմացնելու նպատակով, այժմ բարձր արժանիք կրող անուն է և մեզ համար պատիվ է Քրիստոնյա Եկեղեցի կոչվելը:

Մեր անդամները կոչվել են Մորմոններ, քանի որ մենք հավատում ենք Մորմոնի Գրքին՝ Եվս Մեկ Վկայություն Հիսուս Քրիստոսի Մասին: Ուրիշները կարող են փորձել օգտագործել Մորմոն բառը ավելի լայնորեն, ընդգրկելով և վկայակոչելով նրանց, ովքեր թողել են Եկեղեցին և կազմավորել մի շարք առանձնացած խմբեր: Այսպիսի օգտագործումը տանում է միայն շփոթության: Մենք շնորհակալ ենք զանգվածային լրատվամիջոցներին, որոնք փորձում են շրջանցել Մորմոն բառի այնպիսի օգտագործումը, որը կարող է պատճառ դառնալ, որ մարդիկ շփոթեն Եկեղեցին առանձնացած խմբերի հետ: Թույլ տվեք ինձ պարզորոշ կերպով հայտարարել, որ ոչ մի խմբակցություն, ներառյալ նրանք, ովքեր կոչում են իրենց Ֆունդամենտալիստ Մորմոններ կամ մեր անվան այլ տարբերակներով, ոչ մի առնչություն չունեն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետ:

Մինչդեռ Մորմոնը Եկեղեցու լրիվ և ճիշտ անունը չէ, և թեև այն ի սկզբանե տրված է մեր նսեմացնողների կողմից մեր վաղ տարիների հալածանքների ժամանակ, այն դարձել է ընդունելի մականուն, որը վերաբերվում է անդամներին, և ոչ թե կազմակերպությանը: Մենք կարիք չունենք դադարել Մորմոն անունը օգտագործելը, եթե այն պատշաճ է, բայց մենք պետք է շարունակենք կարևորություն տալ Եկեղեցու լրիվ և ճիշտ անվանը: Այլ կերպ ասած, մենք պետք է խուսափենք «Մորմոնական Եկեղեցի» արտահայտությունից:

Տարիների ընթացքում, երբ ես հանձնարարություններ էի կատարում աշխարհով մեկ, ինձ բազում անգամներ հարցնում էին, թե արդյոք ես Մորմոնական Եկեղեցուց եմ: Իմ պատասխանը եղել է ՝ «Ես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ եմ: Քանի որ մենք հավատում ենք Մորմոնի Գրքին, որը կոչված է հին ժամանակների ամերիկացի մարգարե առաջնորդի անունով և հանդիսանում է ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին, մենք երբեմն կոչվում ենք Մորմոններ»: Ամեն անգամ այս պատասխանը լավ է ընդունվել և, փաստորեն, հնարավորություններ է առաջ բերել բացատրելու ավետարանի լրիվության վերականգնումն այս վերջին օրերում:

Եղբայրներ և քույրեր, միայն մտածեք, թե ինչ ազդեցություն մենք կարող ենք ունենալ, եթե պատասխանենք, պարզապես Եկեղեցու լրիվ անունն օգտագործելով, ինչպես որ Տերն է պատվիրել անել: Եվ եթե դուք չեք կարող անմիջապես օգտագործել լրիվ անունը, գոնե ասացեք՝ «Ես Հիսուս Քրիստոսի Եկեղեցուց եմ», իսկ հետո բացատրեք՝ «Վերջին Օրերի Սրբերի»:

Ոմանք կարող են հարցնել ինտերնետային կայքերի մասին, ինչպես օրինակ՝ Mormon.org, ինչպես նաև Եկեղեցու նախաձեռնած զանգվածային լրատվամիջոցների քարոզարշավի մասին: Ինչպես ես ասացի, անդամների մասին խոսելիս Մորմոններ բառն օգտագործելը երբեմն պատշաճ է: Որպես հարմար տարբերակ, Եկեղեցուց դուրս գտնվողները մեզ փնտրում են այդ տերմինով: Բայց հենց դուք բացում եք Mormon.org, Եկեղեցու լրիվ անունը բացատրվում է հենց առաջին էջի վրա և այն հայտնվում է յուրաքանչյուր լրացուցիչ էջի վրա: Անիմաստ է ակնկալելը, որ մարդիկ օգտագործեն Եկեղեցու լրիվ անունը, երբ փնտրում են մեզ կամ փորձում են բացել մեր կայքէջը:

Մինչ այս ամենը արդյունավետ է, այն չպետք է ետ պահի անդամներին Եկեղեցու լրիվ անունը օգտագործելու հնարավորությունից: Եկեք սովորություն ձեռք բերենք՝ մեր ընտանիքներում, Եկեղեցու միջոցառումների ժամանակ և մեր ամենօրյա հարաբերություններում հստակ հնչեցնել, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է այն անունը, որով մենք պետք է ճանաչվենք, ինչպես բառացիորեն ասել է Տերն Ինքը:

Վերջերս կատարված հանրային կարծիքի հարցումը ցույց տվեց, որ չափից շատ թվով մարդիկ դեռևս ճիշտ չեն հասկանում, որ Մորմոն անունը վերաբերվում է մեր Եկեղեցու անդամներին: Եվ մարդկանց մեծամասնությունը դեռևս վստահ չեն, որ Մորմոնները Քրիստոնյա են: Նույնիսկ, երբ նրանք կարդում են աշխարհով մեկ մեր Օգնող Ձեռքեր ծրագրի մասին փոթորիկների, երկրաշարժերի, ջրհեղեղների և սովի ժամանակ, նրանք չեն նույնացնում մեր մարդասիրական ջանքերը մեզ հետ՝ որպես Քրիստոնյա կազմակերպություն: Միանշանակ, նրանց համար ավելի հեշտ կլիներ հասկանալը, որ մենք հավատում և հետևում ենք Փրկչին, եթե մենք մեզ դիմելիս ասենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ: Այս կերպ նրանք, ովքեր կլսեն Մորմոն անունը, կկապեն այդ բառը մեր հայտնությամբ տրված անվան և մարդկանց հետ, ովքեր հետևում են Հիսուս Քրիստոսին:

Ինչպես խնդրել է Առաջին Նախագահությունը 2001թ. փետրվարի 23-ի նամակում. «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի հայտնությամբ տրված անվան օգտագործումը ավելի ու ավելի կարևոր է դառնում ամբողջ աշխարհում Փրկչի անունը հայտարարելու մեր պարտականության մեջ: Ուստի, մենք խնդրում ենք, որ երբ մենք դիմում ենք Եկեղեցուն, օգտագործենք դրա լրիվ անունը, որտեղ որ հնարավոր է»:

1948թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին, Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթն ասել է. «Եղբայրներ և քույրեր, երբ դուք դուրս գաք այստեղից, դուք կարող է շփվեք աշխարհի մի շարք կրոնական կազմակերպությունների հետ, բայց հիշեք, որ միայն մեկ եկեղեցի կա ամբողջ աշխարհում, որն աստվածային կարգադրությամբ կրում է Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ անունը» (in Conference Report, Oct. 1948, 167):

Եղբայրներ և քույրեր, թող որ մենք հիշենք սա, երբ հեռանանք համաժողովից: Թող Նրա մասին մեր վկայությունները և Նրա հանդեպ մեր սերը միշտ լինեն մեր սրտերում, ես խոնարհաբար աղոթում եմ Նրա՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: