2010–2019 թթ․
Անձնական հայտնություն և վկայություն
Հոկտեմբեր 2011


Անձնական հայտնություն և վկայություն

Եթե մենք ջանասիրաբար պահենք պատվիրանները և խնդրենք հավատքով, պատասխանները կգան Տիրոջ ուրույն ճանապարհով և Նրա ուրույն ժամանակին:

Շատ տարիներ առաջ, երբ ես քոլեջի ուսանող էի, լսում էի գերագույն համաժողովը ռադիոյով, քանի որ մենք հեռուստացույց չունեինք մեր փոքրիկ բնակարանում: Համաժողովի խոսնակները հրաշալի էին և ես վայելում էի Սուրբ Հոգու հզոր ազդեցությունը:

Ես շատ լավ հիշում եմ, երբ Բարձրագույն Իշխանություններից մեկը խոսում էր Փրկչի և Նրա ծառայության մասին և բերեց իր վկայությունը, Սուրբ Հոգին իմ հոգում հաստատեց, որ նա ճշմարտություն էր ասում: Այդ պահին, ես կասկած չունեի, որ Փրկիչն ապրում է: Ես կասկած չունեի, որ անձնական հայտնություն եմ ստանում, որն ինձ հաստատում է, որ «Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է»:1

Ութ տարեկանում ես մկրտվեցի, հաստատվեցի և ստացա Սուրբ Հոգու պարգևը: Այն ժամանակ դա հիանալի օրհնություն էր, սակայն էլ ավելի մեծ կարևորություն ձեռք բերեց, երբ ես մեծացա և զգացի Սուրբ Հոգու ազդեցությունը տարբեր եղանակներով:

Հաճախ, երբ մենք մանկությունից մեծանում ենք, հասնելով պատանեկությանը, ապա չափահաս տարիքի, մենք դժվարությունների և փորձությունների ենք հանդիպում, որոնց շնորհիվ մենք հասկանում ենք, որ կարիք ունենք աստվածային օգնության, որը գալիս է Սուրբ Հոգու միջոցով: Երբ պայքարի առաջ ենք կանգնում, հաճախ հարց ենք տալիս. «Ո՞րն է իմ խնդրի լուծումը» և «Ինչպե՞ս իմանամ, ինչ անել»:

Ես հաճախ հիշում եմ Մորմոնի Գրքի պատմությունն այն մասին, ինչպես Լեքին ուսուցանում էր ավետարանը իր ընտանիքին: Նա նրանց հետ կիսվեց բազմաթիվ հայտնություններով և ուսմունքներով այն ամենի մասին, ինչ պետք է տեղի ունենար վերջին օրերին: Նեփին փնտրում էր Տիրոջ ուղղությունը, որպեսզի ավելի լավ հասկանար իր հոր ուսմունքները: Նա բարձրացվեց, օրհնվեց և ոգեշնչվեց, որպեսզի իմանար, որ իր հոր ուսմունքները ճշմարիտ էին: Դա թույլ տվեց Նեփիին ուշադիր հետևել Տիրոջ պատվիրաններին և ապրել արդարակյաց կյանքով: Նա անձնական հայտնություն ստացավ, որն առաջնորդում էր իրեն:

Մյուս կողմից, նրա եղբայրները վիճում էին միմյանց հետ, որովհետև չէին հասկանում իրենց հոր ուսմունքները: Նեփին այդ ժամանակ շատ կարևոր հարց տվեց. «Դուք հարցրե՞լ եք Տիրոջը»:2

Նրանց պատասխանը թույլ էր. «Ոչ, չենք հարցրել. քանի որ Տերն այդպիսի բան մեզ հայտնի չի դարձնում»:3

Նեփին օգտվեց այդ հնարավորությունից՝ ուսուցանելու համար իր եղբայրներին ստանալ անձնական հայտնություն: Նա ասաց. «Դուք չե՞ք հիշում այն բաները, որ Տերն ասել է. Եթե դուք չկարծրացնեք ձեր սրտերը և խնդրեք ինձ հավատքով, հավատալով որ կստանաք, ջանասիրությամբ պահելով իմ պատվիրանները, իհարկե, այս բաները հայտնի կդարձվեն ձեզ»:4

Անձնական հայտնություն ստանալու ճանապարհը շատ հստակ է: Մենք պետք է ցանկանանք հայտնություն ստանալ, մենք չպետք է կարծրացնենք մեր սրտերը, ապա մենք պետք է խնդրենք հավատքով, անկեղծ հավատալով, որ կստանանք պատասխան, և պարտաճանաչ պահել Աստծո պատվիրանները:

Այս ուղուն հետևելը չի նշանակում, որ ամեն անգամ Աստծուն հարցնելուց, մենք անմիջապես մանրամասն պատասխան կստանանք: Սակայն, դա նշանակում է, որ, եթե մենք ջանասիրաբար պահենք պատվիրանները և խնդրենք հավատքով, պատասխանները կգան Տիրոջ ուրույն ճանապարհով և Նրա ուրույն ժամանակին:

Երբ երեխա էի, մտածում էի, որ անձնական հայտնությունը կամ աղոթքների պատասխանները գալիս են լսելի ձայնով: Իսկապես, երբեմն հայտնությունը գալիս է իրական ձայնով: Սակայն, ես հասկացել եմ, որ Հոգին խոսում է տարբեր ճանապարհներով:

Վարդապետություն և Ուխտերի բաժին 6-ում բացատրվում են այն ճանապարհները, որոնցով մենք կարող ենք հայտնություն ստանալ.

«Դու հարցրել ես ինձ, և ահա, այնքան հաճախ, որքան հարցրել ես ինձ, դու հրահանգներ ես ստացել իմ Հոգուց»:5

«Ես լուսավորել եմ քո միտքը»:6

«Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին այդ հարցի վերաբերյալ»:7

Մյուս սուրբ գրություններում մենք ավելին ենք սովորում հայտնություն ստանալու մասին.

«Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով, որը կիջնի քո վրա և որը կմնա քո սրտում: Արդ, ահա, սա է հայտնության ոգին»:8

«Ես այնպես կանեմ, որ կուրծքդ կայրվի քո ներսում. ուստի, դու պիտի զգաս, որ դա ճիշտ է»:9

«Ես քեզ բաժին պիտի հանեմ իմ Հոգուց, որը կլուսավորի քո միտքը, որն ուրախությունով կլցնի քո հոգին»:10

Առավել հաճախ անձնական հայտնությունը գալիս է, երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, լսում և հետևում ենք մարգարեների և Եկեղեցու մյուս ղեկավարների խորհրդին, և աշխատում ենք ապրել հավատքով լի և արդարակյաց կյանքով: Երբեմն, հայտնությունը գալիս է սուրբ գրությունների միայն մեկ հատվածից կամ համաժողովի ելույթի մեկ տողից: Մի գուցե, ձեր պատասխանը գա, երբ Երեխաների խումբը սքանչելի երգ երգի: Սրանք բոլորը հայտնության տարբեր եղանակներ են:

Վերականգնման վաղ տարիներին, շատ անդամներ ջանասիրաբար հայտնություն են փնտրել և օրհնվել ու ոգեշնչում են ստացել, իմանալով, թե ինչ պետք է անեն:

Քույր Էլիզա Ռ. Սնոուն մարգարե Բրիգամ Յանգից հանձնարարություն ստացավ՝ օգնելու բարձրացնել և ուսուցանել Եկեղեցու քույրերին: Նա ուսուցանում էր, որ առանձին կանայք կարող են ներշնչում ստանալ իրենց անձնական կյանքի, ընտանիքների և իրենց Եկեղեցու պարտականությունների վերաբերյալ: Նա ասել է. «Ասացեք քույրերին առաջ գնալ և կատարել իրենց պարտականությունները, հեզությամբ և հավատքով, և Աստծո Հոգին կիջնի նրանց վրա և նրանք կօրհնվեն իրենց ջանքերում: Խնդրեք նրանց իմաստություն փնտրել զորության փոխարեն, և նրանք կունենան ողջ զորությունը, որի կիրառման համար իմաստություն կունենան»:11

Քույր Սնոուն սովորեցնում էր քույրերին առաջնորդություն փնտրել Սուրբ Հոգուց: Նա ասել է, որ Սուրբ Հոգին «բավարարում և լցնում է մարդկային սրտի ամեն ցանկություն, և լրացնում է ամեն անօդ տարածք: Երբ մենք լցվում ենք Հոգով, իմ հոգին հագեցած է»:12

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը սովորեցրել է, որ «հայտնությունը և վկայությունը միշտ չէ, որ ահռելի ուժով են գալիս: Շատերի համար, վկայությունը գալիս է դանդաղ՝ մաս-մաս»: Նա շարունակում է. «Եկեք ջանասիրաբար փնտրենք անձնական վկայության լույսը: Եկեք աղերսենք Տիրոջը, որ մեր միտքը և հոգին վառի հավատքի կայծով, որը մեզ թույլ կտա ստանալ և հասկանալ Սուրբ Հոգու աստվածային ծառայությունը»:13

Մեր վկայությունները ամրացնում և ուժեցանում են մեզ, երբ մենք հանդիպում ենք մեր ամենօրյա կյանքի խնդիրներին: Որոշ մարդիկ պայքարում են առողջական լուրջ խնդիրների դեմ, մյուսները ֆինանսական խնդիրներ ունեն, ոմանք խնդիրներ ունեն իրենց ամուսնության կամ երեխաների հետ: Ոմանք տառապում են միայնակությունից կամ չիրականացված հույսերից և երազանքներից: Մեր վկայությունն է, առ Տեր Հիսուս Քրիստոս մեր հավատքի և փրկության ծրագրի մասին մեր գիտելիքի հետ մեկտեղ, որ օգնում է մեզ անցնել փորձության և դժվարության այդ ժամանակների միջով:

Իմ արքայության դուստրերը գրքում մենք կարդում ենք քույր Հեդվիգ Բիռեյչելի մասին, որը Գերմանիայում շատ է տառապել վշտից և զրկանքներից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ: Իր սիրո և գթասիրտ էության շնորհիվ, անգամ մեծ կարիքի պահերին, նա պատրաստակամությամբ կիսվում էր ուտելիքով պատերազմի քաղցած բանտարկյալի հետ: Հետագայում, երբ նրան հարցրեցին, թե ինչպես էր կարողացել «պահել վկայությունը այդ բոլոր փորձությունների ընթացքում», նա պատասխանեց. «Ես չէի պահում վկայությունը այդ տարիների ընթացքում. դա վկայությունն էր, որ պահում էր ինձ»:14

Եթե մենք ունենք ամուր վկայություն, դա չի նշանակում, որ այն միշտ այդպիսին կմնա: (Մենք պետք է սնուցենք և ամրացնենք այն, որպեսզի այն բավականին զորութուն ունենա մեզ պահելու համար:) Սա այն պատճառներից մեկն է, որոնցով մենք «հաճախ հավաքվում ենք», որպեսզի ճաշակենք հաղորդությունից, նորոգենք մեր ուխտերը և «սնվենք Աստծո բարի խոսքով»: Աստծո բարի խոսքն է, որ պահում է մեզ «շարունակ … արթուն աղոթքում, ապավինելով միմիայն Քրիստոսի արժանիքներին, որը [մեր] հավատքի հեղինակն ու ամբողջացնողն էր»:15

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը սովորեցրել է մեզ. «Եթե դուք պատշաճ ձևով փնտրում եք հայտնության հոգին և կիրառում այն, ես խոստանում եմ, որ դուք «կքայլեք Տիրոջ լույսով» (Եսայիա 2.5; 2 Նեփի 12.5): Երբեմն հայտնության հոգին կգործի անմիջապես և ուժգին, երբեմն՝ հանդարտ և աստիճանաբար, իսկ հաճախ՝ այնքան նուրբ, որ դուք անգամ գիտակցաբար չեք զգա դա: Սակայն, անկախ այն ստանալու ձևից, դրա լույսը կլուսավորի և կխորացնի ձեր հոգին, կմեծացնի ձեր հասկացողությունը (տես Ալմա 5.7; 32.28), և կուղղորդի և կպաշտպանի ձեզ և ձեր ընտանիքին»:16

Տերը ցանկանում է օրհնել մեզ մեր կյանքում Իր առաջնորդությամբ, իմաստությամբ և ուղղությամբ: Նա ցանկանում է թափել մեզ վրա Իր Հոգին: Կրկին, անձնական հայտնության համար մենք պետք է ցանկանանք հայտնություն ստանալ, մենք չպետք է կարծրացնենք մեր սրտերը, ապա մենք պետք է խնդրենք հավատքով, անկեղծ հավատալով, որ կստանանք պատասխան, և պարտաճանաչ պահելով Աստծո պատվիրանները: Այդ ժամանակ, երբ մենք փնտրենք մեր հարցերի պատասխանները, Նա կօրհնի մեզ Իր հոգով: Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: