2010–2019 թթ․
Միսիոներները Եկեղեցու գանձն են
Հոկտեմբեր 2011


Միսիոներները Եկեղեցու գանձն են

Ես շնորհակալ եմ, որ միսիոներները կանչվում են Տիրոջ կողմից, որ նրանք պատասխանում են այդ կանչին, և որ նրանք ծառայում են աշխարհով մեկ:

Տարիներ առաջ Երեց Սվան անունով մի նոր կանչված միսիոներ և նրա ճապոնացի ավագ զուգընկերը եկան այցելելու մեր տուն: Բարեբախտաբար, ես տանն էի, ուստի ես նրանց ներս հրավիրեցի: Երբ ես ողջունեցի նրանց դռան մոտ, Երեց Սվանի հագած վերարկուն գրավեց իմ ուշադրությունը: Առանց մտածելու ես ասացի նրան. «Դու կրում ես իսկապես լավ վերարկու»: Ինչևիցե, դա նոր վերարկու չէր, և այն բավականին հին էր: Ես ենթադրեցի, որ վերարկուն մի նախկին միսիոներ էր թողել միսիոներական բնակարանում:

Երեց Սվանը անմիջապես պատասխանեց իմ խոսքերին, որը իմ մտածածի լրիվ հակառակն էր: Ճապոներեն կմկմալով, նա պատասխանեց. «Այո, սա լավ վերարկու է: Իմ հայրը կրել է այս վերարկուն, երբ ծառայել է որպես միսիոներ Ճապոնիայում ավելի քան 20 տարի առաջ»:

Նրա հայրը ծառայել էր Ճապոնիայի Օկայամա Միսիայում: Եվ երբ նրա որդին մեկնում էր ծառայելու միսիա Ճապոնիայում, նա տվել էր իր վերարկուն նրան: Այս նկարում պատկերված է վերարկուն, որը Երեց Սվանների երկու սերունդներ կրել են Ճապոնիայում:

Ես շատ զգացվեցի, լսելով Երեց Սվանի խոսքերը: Եվ ես այժմ հասկանում եմ, թե ինչու էր Երեց Սվանը կրում իր հոր վերարկուն, երբ քարոզում էր: Երեց Սվանը սկսել էր իր միսիան, ժառանգելով իր հոր սերը Ճապոնիայի երկրի և ժողովրդի հանդեպ:

Ես վստահ եմ, որ ձեզանից ոմանք ունեցել են նմանատիպ փորձառություն: Ճապոնիայում ծառայող մի շարք միսիոներներ պատմել են ինձ, որ իրենց հայրերը, իրենց մայրերը, իրենց պապիկները կամ հորեղբայրներն ու մորեղբայրները նույնպես միսիա են ծառայել Ճապոնիայում:

Ես ուզում եմ արտահայտել իմ անկեղծ սերը, հարգանքը և երախտագիտությունը բոլոր վերադարձած միսիոներներին, ովքեր ծառայել են աշխարհով մեկ: Ես վստահ եմ, որ նրանք, ում դուք օգնել եք դարձի գալ, ձեզ չեն մոռացել: «Ի՜նչ գեղեցիկ են սարերի վրայ աւետարանչի ոտքերը, որ բարիք է աւետում»:1

Ես այդ նորադարձներից մեկն եմ: Ես դարձի եմ եկել 17 տարեկանում, երբ ավագ դպրոցի ուսանող էի: Միսիոները, ով կատարեց իմ մկրտությունը, Երեց Ռափն էր՝ Այդահոյից: Նա վերջերս հետ կանչվեց ցցի նախագահի իր կոչումից Այդահոյում: Ես չեմ տեսել նրան այն օրվանից, ինչ նոր մկրտված էի, բայց ես հաղորդակցվել եմ նրա հետ էլեկտրոնային փոստով և խոսել եմ նրա հետ հեռախոսով: Ես երբեք նրան չեմ մոռացել: Նրա բարի, ժպտացող դեմքը դրոշմվել է իմ հիշողության մեջ: Նա շատ ուրախացավ, երբ իմացավ, որ ես լավ եմ:

Երբ ես 17 տարեկան էի, իրականում այդքան էլ լավ չէի հասկանում ուղերձները, որոնք միսիոներները սովորեցնում էին ինձ: Ինչևիցե, ես հատուկ զգացողություն ունեի միսիոներների մասին: Ես ուզում էի դառնալ նրանց նման: Եվ ես զգում էի նրանց խորը և տևական սերը:

Թույլ տվեք պատմել ձեզ իմ մկրտության օրվա մասին: Հուլիսի 15-ը շատ շոգ օր էր: Մի կին նույնպես մկրտվեց այդ օրը: Մկրտության ջրավազանը կառուցված էր միսիոներների ձեռքերով, և այն այդքան էլ գրավիչ տեսք չուներ:

Մենք հաստատվեցինք մկրտությունից անմիջապես հետո: Առաջինը հաստատվեց քույրը Երեց Լոյդի կողմից: Ես նստեցի մյուս անդամների հետ, փակեցի իմ աչքերը և լուռ լսում էի: Երեց Լոյդը հաստատեց նրան, և հետո սկսեց օրհնություն տալ նրան: Սակայն Երեց Լոյդը դադարեց խոսել, ուստի ես բացեցի իմ աչքերը և նայեցի նրան ակնապիշ հայացքով:

Նույնիսկ այսօր ես կարող եմ պարզ հիշել այդ տեսարանը: Երեց Լոյդի աչքերը լի էին արցունքներով: Եվ իմ կյանքում առաջին անգամ ես ունեցա Սուրբ Հոգով պարուրված լինելու փորձառությունը: Եվ Սուրբ Հոգու միջոցով ես հստակ իմացա, որ Երեց Լոյդը սիրում է մեզ, և որ Աստված սիրում է մեզ:

Այնուհետև հաստատման իմ հերթն էր: Կրկին դա Երեց Լոյդն էր: Նա դրեց իր ձեռքերը իմ գլխին և հաստատեց ինձ որպես Եկեղեցու անդամ, շնորհեց ինձ Սուրբ Հոգու պարգևը և հետո սկսեց արտասանել օրհնությունը: Եվ կրկին նա դադար առավ: Ինչևիցե, հիմա ես հասկանում էի, թե ինչ էր տեղի ունենում: Ես, իսկապես, գիտեի Սուրբ Հոգու միջոցով, որ միսիոներները սիրում էին ինձ, և որ Աստված սիրում էր ինձ:

Ես այժմ կկամենայի մի քանի խոսք ասել միսիոներներին, ովքեր այժմ ծառայում են միսիայում աշխարհով մեկ: Ձեր վերաբերմունքն ու սերը, որ դուք ցուցաբերում եք ուրիշների հանդեպ, շատ կարևոր ուղերձներ են: Չնայած ես միանգամից չէի ընկալում բոլոր վարդապետությունները, որ միսիոներները սովորեցնում էին ինձ, ես զգացել եմ նրանց մեծ սերն ու տեսել նրանց բազում բարի գործերը, որոնք սովորեցրել են ինձ կարևոր դասեր: Ձեր ուղերձը սիրո ուղերձ է, հույսի ուղերձ և հավատի ուղերձ: Ձեր վերաբերմունքն ու ձեր գործերը հրավիրում են Հոգին, և Հոգին հնարավոր է դարձնում, որ մենք հասկանանք բաները, որոնք կարևոր են: Ուզում ձեզ ասել, որ ձեր սիրո միջոցով դուք հաղորդում եք Աստծո սերը: Դուք այս Եկեղեցու գանձն եք: Ես անչափ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ ձեր զոհաբերության և ձեր նվիրվածության համար:

Ես նաև կցանկանայի խոսել ձեզ հետ, ապագա միսիոներներ: Իմ սեփական ընտանիքում մեր երեխաներից չորսը ծառայել են միսիայում և մեր հինգերորդ միսիոները կմտնի Պրովոյի Միսիոներների Ուսուցման Կենտրոն այս ամսվա վերջում: Հաջորդ տարի մեր կրտսերը ծրագրում է միսիա ծառայել ավագ դպրոցը ավարտելուց հետո:

Ուստի ես խոսում եմ իմ տղաների և ձեր բոլորի հետ, ովքեր պատրաստվում են միսիայում ծառայել: Անհրաժեշտ է, որ երեք բան բերեք ձեզ հետ միսիա.

  1. Ավետարանը քարոզելու ցանկություն: Տերը ուզում է, որ դուք փնտրեք Իր ոչխարներին և գտնեք նրանց:2 Մարդիկ ամբողջ աշխարհում սպասում են ձեզ: Խնդրում եմ, արագ գնացեք այնտեղ, որտեղ նրանք են: Ոչ ոք ավելի ջանասիրաբար չի ձգտում փրկել ուրիշներին: Ես այդ փրկվածներից մեկն եմ:

  2. Զարգացրեք ձեր վկայությունը: Տերը պահանջում է ձեր «սիրտն ու պատրաստակամ միտքը»:3

  3. Սիրեք ուրիշներին՝ ճիշտ ինչպես Երեց Սվանը, ով իր հետ միսիա բերեց իր հոր վերարկուն և իր հոր սերը Ճապոնիայի և դրա ժողովրդի հանդեպ:

Եվ ձեզանից նրանք, ովքեր չգիտեն, թե ինչպես պատրաստվեն միսիա ծառայելուն, խնդրում եմ, գնացեք և տեսեք ձեր եպիսկոպոսին: Ես գիտեմ, որ նա կօգնի ձեզ:

Ես շնորհակալ եմ, որ միսիոներները կանչվում են Տիրոջ կողմից, որ նրանք պատասխանում են այդ կանչին, և որ նրանք ծառայում են աշխարհով մեկ: Թույլ տվեք ինձ ասել բոլորիդ, սիրելի վերադարձած միսիոներներ, ես իսկապես շնորհակալ եմ ձեր բոլոր ջանքերի համար: Դուք այս Եկեղեցու գանձն եք: Եվ թող, որ դուք միշտ շարունակեք լինել միսիոներներ և գործեք ինչպես Քրիստոսի աշակերտներ:

Ես վկայում եմ, որ մենք մեր Երկնային Հոր զավակներն ենք, որ Նա սիրում է մեզ և որ Նա ուղարկեց Իր Սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի մենք այդպիսով կարողանանք վերադառնալ Նրա ներկայություն: Ես ասում եմ այս բաները Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: