2010–2019 թթ․
Գթությունը երբեք չի խափանվում
Հոկտեմբեր 2010


Գթությունը երբեք չի խափանվում

Միմյանց դատելու և քննադատելու փոխարեն եկեք ունենանք Քրիստոսի մաքուր սերը կյանքի այս ճանապարհով ճամփորդող մեր ընկերների համար:

Մեր հոգիները հրճվում են այսօր և հասնում երկնքին: Մենք օրհնվեցինք գեղեցիկ երաժշտությամբ և ոգեշնչված ուղերձներով: Տիրոջ Հոգին այստեղ է: Ես աղոթում եմ, որ Նրա ոգեշնչումը լինի ինձ հետ այժմ, երբ ձեզ հետ կկիսվեմ իմ մի քանի մտքերով և զգացողություններով:

Ես կսկսեմ մի կարճ անեկդոտով, որն իմ խոսքի բուն միտքն է արտահայտում:

Մի երիտասարդ զույգ՝ Լիզան և Ջոնը, տեղափոխվեցին նոր բնակավայր: Մի առավոտ, երբ նրանք նախաճաշում էին, Լիզան նայեց պատուհանից և տեսավ իր հարևանուհին լվացք է կախում:

«Այդ լվացքը մաքուր չէ,- բացականչեց Լիզան,- Մեր հարևանը մաքուր լվացք անել չգիտի»:

Ջոնը նայեց, սակայն ոչինչ չասաց:

Ամեն անգամ, երբ հարևանը լվացք էր կախում, Լիզան նույնկերպ էր արձագանքում:

Մի քանի շաբաթ անց, Լիզան ապշեց տեսնելով իր հարևանի բակում կախված մաքուր, սիրուն լվացքը: «Նայիր Ջոն, նա վերջապես սովորեց ինչպես պետք է ճիշտ լվացք անել: Զարմանալի է, ինչպե՞ս նա դա իմացավ»:

Ջոնը պատասխանեց. «Ես կարող եմ պատասխանել: Քեզ համար հետաքրքիր կլինի իմանալը, որ ես առավոտյան վաղ լվացել եմ մեր պատուհանները»:

Այս երեկո, կուզենայի ձեզ հետ կիսվել մի քանի մտքերով, թե ինչպես ենք մենք նայում միմյանց: Արդյո՞ք մենք նայում ենք մաքրելու կարիք ունեցող պատուհանից: Արդյո՞ք կարծիք ենք հայտնում՝ առանց ունենալու բոլոր փաստերը: Ի՞նչ ենք մենք տեսնում, երբ նայում ենք ուրիշներին: Ի՞նչ կարծիք ենք կազմում նրանց մասին:

Փրկիչն ասել է. «Մի դատեք»:1 Նա շարունակել է. «Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, և քո աչքի միջի գերանը չես նշմարում»:2 Կամ եթե նույն խոսքերով ներկայացնեմ, ինչո՞ւ ես տեսնում հարևանիդ կարծեցյալ կեղտոտ լվացքը, իսկ քո տան կեղտոտ պատուհանը չես նշմարում:

Մեզանից ոչ ոք կատարյալ չէ: Ես չգիտեմ որևէ մեկին, որը հայտարարում է, որ ինքն այդպիսին է: Բայց և այնպես, չնայած մեր թերություններին, մենք հակված ենք մատնանշելու մյուսների թերությունները: Մենք դատողություններ ենք անում նրանց կատարածի կամ չկատարածի մասին:

Իրականում, չենք կարող իմանալ այն մարդու սիրտը, նպատակները կամ հանգամանքները, որն ինչ-որ բան է ասում, կամ անում, որին մենք քննադատում ենք: Ուրեմն, պատվիրան՝ «Մի դատեք»:

Քառասունյոթ տարի այս գերագույն համաժողովի ես կանչվեցի ծառայելու Տասներկու Առաքյալների Քվորումում: Այդ ժամանակ ես ծառայում էի Եկեղեցու քահանայության գերագույն հանձնաժողովներից մեկում և նախքան իմ անունը կհայտարարվեր, ես նստեցի քահանայության այդ հանձնաժողովի իմ ընկերների կողքին, ինչպես որ ակնկալվում էր: Ինչևէ, կինս, գաղափար չուներ ուր պետք է գնար և ում կողքը պետք է նստեր և չէր կարողանում տեղ գտնել Թաբերնաքլում: Մեր սիրելի ընկերը, որն օժանդակ կազմակերպությունների գերագույն խորհուրդներից մեկի անդամն էր, և որը նստած էր այդ խորհրդի անդամներին հատկացված տարածքում, խնդրեց Քույր Մոնսոնին նստել իր կողքին: Այդ կինը չգիտեր իմ կանչի մասին, որը պետք է մի քանի րոպեից հայտարարվեր, սակայն նա նկատեց Քույր Մոնսոնին, տեսավ նրա շփոթվածությունը և մեծահոգաբար նրան տեղ առաջարկեց: Իմ սիրելի կինը թեթևացած և երախտապարտ էր նման բարի վերաբերմունքի համար: Ինչևէ նստելուն պես իր ետևում նա լսեց բարձրաձայն շշուկը, թե ինչպես էր խորհրդի անդամներից մեկը իր վրդովմունքն արտահայտել կողքիններին, որ խորհրդի անդամներից ոմանք հանդգնում են «դրսից» մեկին հրավիրել նստելու միայն իրենց համար նախատեսված տարածքում: Արդարացում չկա նրա անբարյացակամ վերաբերմունքի համար, անկախ նրանից, թե ով կարող էր հրավիրվել նստելու այդտեղ: Ինչևէ, ես կարող եմ պատկերացնել, թե ինչպես է այդ կինը զգացել, երբ իմացել է, որ այդ «անկոչ հյուրը» նոր կանչված Առաքյալի կինն էր:

Ոչ միայն մենք հակված ենք դատելու մյուսների խոսքերը կամ գործերը, այլև մեզանից շատերը դատում են արտաքինը՝ հագուստը, սանրվածքը, չափսը: Ցանկը կարելի է շարունակել:

Տարիներ առաջ արտաքինը դատելու դասական պատմություն էր տպագրված մի ամսագրում: Դա իրական պատմություն էր, իհարկե հնարավոր է լսած լինեք, սակայն արժե կրկնել:

Մերի Բարթելս անունով մի կին ապրում էր հիվանդանոցի հարակից փողոցի դիմացի տանը: Նրա ընտանիքը ապրում էր առաջին հարկում, իսկ վերևի հարկերը վարձով էին տրվում ամբուլատոր բուժման մեջ գտնվող հիվանդներին:

Մի երեկո իսկապես սոսկալի տեսքով մի տարեց մարդ մոտեցավ նրանց դռանը՝ գիշերելու համար սենյակ խնդրելով: Նա կորացած և կծկված էր, նրա դեմքի մի կողմը այտուցված էր ու կախված, մաշկը կարմիր ու պլոկված: Նա ասաց, որ ցերեկվանից ապարդյուն սենյակ է փնտրում: «Կարծում եմ պատճառը դեմքս է,- ասաց նա,- գիտեմ սոսկալի տեսք ունեմ, սակայն բժիշկս ասել է, որ մի քանի բուժումներից հետո վիճակս կբարելավվի»: Նա նշեց, որ երջանիկ կլինի անգամ պատշգամբում ճոճաթոռի վրա գիշերել: Մերին խոսելով նրա հետ հայտնաբերեց, որ նա անչափ մեծ սիրտ ուներ այդ փոքր մարմնում: Թեպետ նրա սենյակները զբաղված էին, Մերին ասաց նրան, որ նստի աթոռին, մինչև քնելու տեղ կգտնվի:

Քնելիս Մերիի ամուսինն այդ մարդու համար ծալովի մահճակալ պատրաստեց: Առավոտյան Մերին մտնելով սենյակ տեսավ անկողնու սպիտակեղենը կոկիկ ծալված, իսկ նա գտնվում է ծածկապատշգամբում: Նա հրաժարվեց նախաճաշից, սակայն նախքան դուրս գալը, որպեսզի իր ավտոբուսին հասներ, խնդրեց, որ հնարավորության դեպքում կրկին իրեն տեղ հատկացնեին, երբ մյուս անգամ վերադառնար իր բուժումն ընդունելու: «Ես ձեզ ոչ մի նեղություն չեմ տա,- խոստացավ նա,- ես կարող եմ քնել աթոռի վրա»: Մերին հավաստիացրեց նրան, որ կարող էր կրկին իր տուն գալ:

Տարիներ շարունակ բուժումների գալով և գիշերելով Մերիի տանը, այդ տարեց մարդը, որը ձկնորս էր, միշտ ձկնեղեն կամ իր պարտեզից բանջարեղեն էր բերում: Շատ անգամներ էլ նա փոստով էր փաթեթներ ուղարկում:

Երբ Մերին ստանում էր այդ հոգատար նվերները, նա հաճախ էր հիշում իր հարևանուհու խոսքերը, որն ասել էր այդ տգեղ արտաքինով կորացած ծեր մարդու ետևից, երբ այդ առաջին օրը նա հեռանում էր Մերիի տնից. «Դու անցյալ գիշեր ներս ընդունեցի՞ր այդ սոսկալի տեսքով մարդուն: Ես նրան ներս չթողեցի: Դու կարող ես հաճախորդներ կորցնել, նման մարդկանց հանդուրժելով»:

Մերին գիտեր, որ մի գուցե մի քանի անգամ իրենք հաճախորդներ էին կորցրել, սակայն նա մտածում էր. Օ՜, եթե միայն նրանք կարողանային ճանաչել նրան, միգուցե իրենց հիվանդություններն ավելի թեթև տանեին:

Երբ այդ մարդն արդեն մահացել էր, մի օր Մերին այցելեց իր ընկերուհուն, որը ջերմոց պարտեզ ուներ: Նա նայեց իր ընկերուհու ծաղիկներին և նկատեց մի գեղեցիկ ոսկեծաղիկ, սակայն տարակուսեց, որ այն աճում էր հին, ժանգոտած դույլի մեջ: Ընկերուհին բացատրեց. «Իմ ծաղկամանները չեն բավականացնում, և իմանալով, թե որքան գեղեցիկ է սա լինելու, մտածեցի, որ նա դեմ չի լինի, եթե սկզբում աճի այս հին դույլի մեջ: Մի փոքր ժամանակ իհարկե, մինչև կարողանամ տնկել այն պարտեզում»:

Մերին ժպտաց, պատկերացնելով նման տեսարան երկնքում: «Ահա մի հատուկ գեղեցիկ հոգի,- միգուցե ասել է Աստված, երբ մոտեցել է այդ փոքրամարմին ծեր մարդու հոգուն,- Նա դեմ չի լինի, եթե սկսի այս փոքր, դժբախտ մարմնում»: Բայց դա շատ վաղուց էր, և Աստծո պարտեզում ինչպիսի բարձր հասակով պետք է կանգնի այդ հրաշալի հոգին:3

Արտաքինը կարող է շատ խաբուսիկ լինել, դա մարդուն գնահատելու ճիշտ չափանիշ չէ: Փրկիչը հորդորել է. «Աչի երևույթով մի դատեք»:4

Մի անգամ կանանց կազմակերպության մի անդամ դժգոհեց որպես կազմակերպության ներկայացուցիչ ընտրված կնոջ համար: Նա երբեք չէր հանդիպել այդ կնոջը, սակայն տեսել էր նրա լուսանկարը և նրա դուրը չէր եկել, որ այդ կինը գեր էր: Նա բացատրել էր. «Այս կազմակերպության անդամ հազարավոր կանանցից իհարկե ավելի լավ ներկայացուցիչ կարելի էր ընտրել»:

Իրոք որ այդ ընտրված կինը «բարեկազմ մոդել չէր»: Սակայն նրան ճանաչողները, ովքեր տեղյակ էին նրա լավ գծերին, նրա մեջ տեսնում էին ավելին, քան լուսանկարն էր արտահայտում: Լուսանկարում երևում էր, որ նա բարյացակամ ժպիտ և վստահ տեսք ունի: Սակայն լուսանկարում չէր երևում, որ նա հավատարիմ և կարեկցող ընկեր է, կիրթ կին, որը սիրում է Տիրոջը և սիրում ու ծառայում է Նրա զավակներին: Այնտեղ չէր երևում, որ նա կամավոր ծառայել է համայնքում և ուշադիր ու հոգատար հարևան է: Այսինքն, լուսանկարը ցույց չէր տալիս, թե ով էր նա իրականում:

Ես հարցնում եմ՝ եթե վերաբերմունքը, գործերը և հոգևոր տրամադրվածությունը արտահայտվեին ֆիզիկական առանձնահատկություններով, արդյոք դժգոհող կնոջ դեմքը կլինե՞ր նույնքան հաճելի որքան նրա կողմից քննադատվող կնոջ դեմքը:

Իմ սիրելի քույրեր, դուք բոլորդ յուրահատուկ եք: Շատ բաներով դուք տարբերվում եք միմյանցից: Ձեզանից ոմանք ամուսնացած են: Ոմանք տանն են մնում և խնամում իրենց երեխաներին, մինչ մյուսները աշխատում են տնից դուրս: Ձեզանից ոմանց երեխաներն այլևս իրենց հետ չեն ապրում, ոմանք էլ ամուսնացած են, սակայն երեխաներ չունեն: Ոմանք ամուսնալուծված են, ոմանք էլ այրիացած: Ձեզանից շատերը միայնակ են: Ոմանք բակալավրի կոչում ունեն, ոմանք էլ չունեն: Կան այնպիսիք, որ ի վիճակի են վերջին մոդայի հագուստը գնել, կան այնպիսիք էլ, որ բախտավոր են իրենց զգում մեկ հատ պատշաճ կիրակնօրյա հագուստ ունենալով: Այդ տարբերությունները գրեթե անվերջ են: Արդյո՞ք այդ տարբերությունները գայթակղում են մեզ դատել միմյանց:

Կաթոլիկ կույս Մայր Թերեզան, որն իր կյանքի մեծ մասն անցկացրեց աշխատելով Հնդկաստանի աղքատների մեջ, այս կարևոր ճշմարտությունն է ասել. «Եթե քննադատում ես մարդկանց, դու ժամանակ չունես նրանց սիրելու»:5 Փրկիչը հորդորել է. «Սա է իմ պատվիրանքը, որ իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի»:6 Ես հարցնում եմ. Կարո՞ղ ենք սիրել միմյանց, եթե մենք դատում ենք միմյանց: Եվ ես պատասխանում եմ Մայր Թերեզայի հետ. «Ոչ, չենք կարող»:

Հակոբոս Առաքյալն ուսուցանել է. «Եթե ձեզանից մեկը կարծում է թե կրոնասեր է և իր լեզուն չսանձահարե, այլ իր սիրտը խաբե, այնպիսի մարդի [կամ կնոջ] կրոնասիրությունը զուր է»:7

Ես միշտ սիրել եմ ձեր Սփոփող Միության նշանաբանը՝ «Գթությունը երբեք չի խափանվում»:8 Ի՞նչ է գթությունը: Մարգարե Մորմոնը ուսուցանում է մեզ, որ «գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»:9 Լամանացիներին ուղղված իր հրաժեշտի ուղերձում Մորոնին հայտարարել է. «Եթե դուք չունենաք գթություն, դուք ոչ մի կերպ չեք կարող փրկվել Աստծո արքայությունում»:10

Գթությունը կամ «Քրիստոսի մաքուր սերը»11ես համարում եմ չքննադատելը և չդատելը: Խոսելով գթության մասին, այս պահին ես նկատի չունեմ տառապյալին սփոփելը մեր ունեցվածքից տալով: Դա իհարկե անհրաժեշտ է և պատշաճ: Սակայն այս երեկո, ես ի նկատի ունեմ այն գթությունը, որն արտահայտվում է, երբ հանդուրժող ենք մյուսների հանդեպ և ներողամիտ նրանց արարքների հանդեպ. այն գթությունը, որ ներում է, այն գթությունը, որ համբերատար է:

Ես նկատի ունեմ այն գթությունը, որը մղում է մեզ լինել ցավակցող, կարեկցող և բարեգութ, ոչ միայն հիվանդության, չարչարանքի կամ վշտի պահին, այլև մյուսների թուլության և սխալվելու պահերին:

Խիստ կարիք է զգացվում այն գթության, որն ուշադրություն է դարձնում աննկատ մնացած մարդուն, հույս է տալիս հուսալքվածին, օգնում է տառապյալին: Իսկական գթությունը գործի դրված սերն է: Գթության կարիքը զգացվում է ամենուր:

Մենք այն գթության կարիքն ունենք, որը չի բավարարվում միայն լսելով կամ կրկնելով ուրիշների հետ տեղի ունեցած դժբախտությունների լուրերը, այդ դեպքում միայն դժբախտը օգնություն կստանա: Ամերիկյան կրթական և քաղաքական գործիչ Հորաս Մանը մի անգամ ասել է. «Վշտահարին խղճալը մարդկային է, սփոփելը՝ աստվածային»:11

Գթությունը համբերություն ունենալն է մեկի հանդեպ, որը մեզ հիասթափեցրել է. դա հեշտորեն վիրավորվելու ներքին մղումին դիմադրելն է: Դա թուլություններն ու թերությունները ընդունելն է: Դա մարդկանց ընդունելն է, ինչպիսին որ նրանք կան: Դա ոչ թե արտաքին տեսքին, այլ ժամանակի հետ չխունացող հատկանիշներին նայելն է: Դա մյուսներին դասակարգելու ներքին մղումին դիմադրելն է:

Գթությունը, Քրիստոսի այդ մաքուր սերը, արտահայտվում է, երբ երիտասարդ կանանց մի խումբ՝ ամուրիների ծխից հարյուրավոր մղոն է անցնում, որպեսզի ներկա լինի իրենց Սփոփող Միության Քույրերից մեկի մոր թաղման արարողությանը: Գթություն է դրսևորվում, երբ նվիրված այցելող ուսուցիչներն ամսեամիս, տարեցտարի վերադառնում են նույն անտարբեր, ինչ-որ կերպ քննադատող քրոջ մոտ: Դա ակնհայտ է, երբ տարեց այրուն հիշում են և ետ բերում ծխի գործունեություն և Սփոփող Միության միջոցառումներ: Դա զգացվում է, երբ Սփոփող Միության ժողովին միայնակ նստած քրոջը հրավիրում են ասելով. «Արի մեզ հետ նստիր»:

Հարյուրավոր եղանակներով դուք գթություն եք դրսևորում: Մեզանից ոչ մեկի համար կյանքը կատարյալ չէ: Միմյանց դատելու և քննադատելու փոխարեն եկեք ունենանք Քրիստոսի մաքուր սերը կյանքի այս ճանապարհով ճամփորդող մեր ընկերների համար: Եկեք գիտակցենք, որ յուրաքանչյուրն անում է հնարավորինը իր ճանապարհին հանդիպող դժվարությունները հաղթահարելու համար, և մեր ուժերի սահմանում եկեք անենք ամեն ինչ՝ օգնելու համար:

Գթությունը սահմանվել է, որպես «բարձրագույն, ազնվագույն, ուժեղ արտահայտված սեր»,12 «Քրիստոսի մաքուր սերը, … և ով որ օժտված լինի դրանով վերջին օրը, նրա համար լավ կլինի»:13

«Գթությունը երբեք չի խափանվում»: Թող որ Սփոփող Միության այս հարատև նշանաբանը, այս հավերժական ճշմարտությունը, ուղեկցի ձեզ ձեր բոլոր գործերում: Թող որ այն թափանցի ձեր հոգու խորքը և արտահայտվի ձեր բոլոր մտքերում և գործերում:

Ես իմ սերն եմ հղում ձեզ, իմ քույրեր, և աղոթում եմ, որ երկնային օրհնությունները միշտ լինեն ձերը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Մատթեոս Է.1:

  2. Մատթեոս Է.3:

  3. Adapted from Guideposts, June 1965, 24.

  4. Հովհաննես Է.24:

  5. Mother Teresa, in R. M. Lala, A Touch of Greatness: Encounters with the Eminent (2001), x.

  6. Հովհաննես ԺԵ.12:

  7. Հակոբոս Ա.26:

  8. Ա Կորնթացիս ԺԳ.8:

  9. Մորոնի 7.47:

  10. Մորոնի 10.21:

  11. Horace Mann, Lectures on Education (1845), 297.

  12. Bible Dictionary, “Charity.”

  13. Մորոնի 7.47: