2000–2009 թթ․
Կանգնեք ձեր նշանակված վայրում
2003թ․ ապրիլ


Կանգնեք ձեր նշանակված վայրում

Թող մենք հասնենք և փրկենք նրանց, ովքեր դուրս են եկել ճանապարհից, որ ոչ մի թանկագին հոգի չկորչի։

Այս երեկո մենք հավաքվել ենք որպես քահանայության մի հզոր մարմին՝ և՛ այստեղ Համաժողովների Կենտրոնում, և՛ աշխարհի տարբեր վայրերում: Ոմանք կրում են Ահարոնյան Քահանայություն, իսկ մյուսները կրում են Մելքիսեդեկյան Քահանայություն։

Նախագահ Ստեֆեն Լ Ռիչարդսը, ով եղել է Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի խորհրդականը, հայտարարել է․ «Քահանայությունը, սովորաբար, պարզորեն սահմանվում է որպես՝ «մարդուն պատվիրակած Աստծո զորություն»։ Նա շարունակում է․ «Իմ կարծիքով այդ սահմանումը ճշգրիտ է։ Սակայն, գործնական նպատակներից ելնելով, ես կցանկանայի քահանայությունը սահմանել ծառայության տեսանկյունից և հաճախ այն կոչում եմ «ծառայության կատարյալ ծրագիր»։ … Այն ծառայության գործիք է … և նա, ով չի օգտագործում այն, կորցնում է, քանի որ հայտնությամբ մեզ հստակ ասվել է, որ նա, ով անտեսում է այն, «արժանի չի համարվի կանգուն մնալ»։1

Սոլթ Լեյք Սիթիում գտնվող «Pioneer» ցցում, որտեղ ես ստացել եմ Ահարոնյան և Մելքիսեդեկյան քահանայությունները, մեզ ուսուցանել են ծանոթանալ սուրբ գրություններին, այդ թվում՝ Վարդապետություն և Ուխտերի 20, 84, և 107 բաժիններին։ Այս բաժիններում մենք սովորում ենք քահանայության և Եկեղեցու կառավարման մասին։

Այս երեկո ցանկանում եմ ընդգծել մի հատված 107-րդ բաժնից․ «Ուստի, այժմ թող ամեն տղամարդ սովորի իր պարտականությունը և ողջ ջանասիրությամբ գործի այն պաշտոնում, որում նշանակված է»։2

Նախագահ Հարոլդ Բ. Լին հաճախակի ուսուցանել է. «Երբ մարդը դառնում է քահանայություն կրող, նա դառնում է Տիրոջ գործակալը: Նա պետք է իր կոչմանը վերաբերվի որպես Տիրոջ հանձնարարության»։3

Այդ բաժիններից սովորում ենք նաև քվորումի նախագահությունների պարտականությունները և այն փաստը, որ բացի մեզանից պատասխանատու ենք նաև ուրիշների համար։

Ես համոզված եմ, որ այսօր Եկեղեցին ավելի ուժեղ է, քան երբևէ: Մեր երիտասարդների ընդգրկվածության մակարդակը վկայում է, որ սա հավատք ունեցող և ճշմարտությանը նվիրված սերունդ է։ Այնուամենայնիվ, կան որոշ մարդիկ, ովքեր դուրս են գալիս ճանապարհից, ովքեր գտնում են այլ հետաքրքրություններ, որոնք ստիպում են նրանց անտեսել Եկեղեցու իրենց պարտականությունները: Մենք չպետք է կորցնենք այդպիսի թանկարժեք հոգիները:

Ապագա երեցների շարքում մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր բացակայում են Եկեղեցու ժողովներից և չեն կատարում Եկեղեցու հանձնարարությունները։ Այդ իրավիճակը կարող է և պետք է շտկվի: Դա մեր առաջադրանքն է։ Առանց հապաղելու պետք է պարտականություն հանձնարարել և աշխատել։

Ահարոնյան քահանայության քվորումների նախագահությունները եպիսկոպոսության և քվորումների խորհրդատուների ղեկավարման ներքո պետք է զորացվեն, որ ձեռք մեկնեն և փրկեն նրանց։

Տերն ասել է․ «Հիշե՛ք, որ հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում, … Եվ որքա՜ն մեծ է նրա ուրախությունն այն հոգու համար, որն ապաշխարում է»։4

Երբեմն, առաջադրանքը ծանր է թվում։ Նոր քաջությամբ կարող ենք զինվել հին ժամանակների Գեդեոնի փորձառությունից, ով իր համեստ բանակի հետ պետք է պայքարեր մադիանացիների և ամաղեկացիների հետ։ Կհիշեք, թե ինչպես Գեդեոնն ու իր բանակը հանդիպեցին ուժերի ճնշող դիմադրության, որոնք մեծապես գերազանցում էին սպառազինությամբ և թվով։ Հին Կտակարանի Դատավորաց գրքում նշվում է, որ միասնական թշնամին՝ մադիանացիները և ամաղեկացիները «պառկել էին հովիտումը մարախների պէս բազմութեամբ, եւ նորանց ուղտերին թիւ չկար, ծովի եզերքին եղող աւազի չափ շատ էին»:5 Գեդեոնն իր ուժի համար դիմեց ամենազոր Աստծուն։

Ի զարմանս Գեդեոնի, Տերը նրան խորհուրդ տվեց, որ նրա զորքերը շատ էին, որպեսզի Տերը թշնամուն հանձներ նրանց ձեռքը, որ նրանք չասեին․ «Թէ Իմ ձեռքն ինձ ազատեց»։6 Գեդեոնին հրահանգվեց հայտարարել իր ժողովրդին․ «Ով որ վախկոտ եւ վատասիրտ է՝ թող ետ դառնայ եւ Գաղաադ սարիցը գնայ»։ Եւ ժողովրդիցը քսանեւերկու հազար հոգի ետ դառան եւ մնացին տասը հազար»։7

Ապա Տերն ասաց․ «Ժողովուրդը տակաւին շատ է»։8 Նա հրահանգեց, որ Գեդեոնը տղամարդկանց տաներ ջրի մոտ և ուշադրություն դարձներ, թե նրանք ինչպես էին ջուր խմում։ Ձեռքը բերանը տանելով լակողները բաժանվեցին մի խմբի, իսկ իրենց ծնկների վրա կռացող և ջուր խմողները բաժանվեցին մեկ այլ խմբի։ Տերն ասաց Գեդեոնին․ «Այն երեք հարիւր մարդիկներով որոնք ջուրը լակեցին, ձեզ պիտի ազատեմ, եւ Մադիամը քո ձեռքը պիտի մատնեմ. Բայց բոլոր ժողովուրդը՝ ամեն մարդ իր տեղը գնայ»։9

Գեդեոնը վերադարձավ իր զորքի մոտ ու ասաց նրանց․ «Վեր կացէք, որովհետեւ Տէրը մադիամի բանակը ձեր ձեռքն է տուել»։10 Եվ նա երեք հարյուր մարդկանց երեք գնդի բաժանեց և ամեն մարդու ձեռքը շեփոր, դատարկ սափորներ և սափորների մեջ ջահեր տվեց։ Եվ ասաց նրանց․

«Ինձանից տեսէք եւ այնպէս արէք. Եւ երբոր բանակի եզերքը հասնեմ, ես ինչպէս որ անեմ, դուք էլ այնպէս արէք։

Եւ երբոր ես եւ բոլոր ինձ հետ եղողները փողը հնչեցնենք, այն ժամանակ դուք էլ … հնչեցրէք, եւ ասեցէք. Տիրոջ եւ գեդէօնի սուրը»։ Նա այդ ժամանակ փաստորեն ասաց. «Հետևեք ինձ»: Նրա բառերն էին․ «Ինչպէս որ անեմ, դուք էլ այնպէս արէք»։11

Ղեկավարի ազդանշանի վրա Գեդեոնի զորքը փչեց փողը, ջարդեց սափորները և աղաղակեց․ «Տիրոջ եւ Գեդէօնի սուրը»։ Սուրբ գրությունը արձանագրում է այս վճռական պայքարի արդյունքը. «Եվ ամեն մարդ իր տեղը կանգնել էր» և հաղթանակ տարան։12

Տնային ուսուցումը փրկության այսօրվա ծրագրի մասն է։ Երբ Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի կողմից այն ներկայացվեց բոլոր Բարձրագույն Իշխանավորներին, նա խորհուրդ տվեց. «Տնային ուսուցումը մեր Հոր զավակներին ուսուցանելու և ոգեշնչելու, խորհուրդ և ուղղություն տալու մեր առավել հրատապ և հատուցող հնարավորություններից մեկն է: … [Դա] աստվածային ծառայություն է` աստվածային կոչում: Որպես տնային ուսուցիչներ, մեր պարտականությունն է այդ աստվածային ոգին տանել ամեն տուն և սիրտ»։13

Առանձին վայրերում, որտեղ Մելքիսեդեկյան Քահանայության համապատասխան ուժը բացակայում է, ցցի նախագահները և եպիսկոպոսները, միսիայի ղեկավարի հետ համաձայնեցնելով, կարող են օգտագործել լիաժամկետ միսիոներներին՝ քիչ ակտիվ և մասնակի անդամությամբ ընտանիքներին այցելելու համար: Դա ոչ միայն խթանում է միսիոներական ոգին տանը, այլև՝ որակյալ հետաքրքրվողներ գտնելու կատարյալ հնարավորություն է ընձեռում։

Տարիների ընթացքում, երբ ամբողջ աշխարհում այցելել եմ շատ ցցեր, եղել են այնպիսի ցցեր, որտեղ ծխերի և ցցերի ղեկավարները, անհրաժեշտությունից կամ պարտականությունից մղված, դադարել են ծալել ձեռքերը, տրամադրվել են գործելու և Տիրոջ օգնությամբ գնացել աշխատելու և Մելքիսեդեկյան Քահանայության պատրաստ թանկարժեք տղամարդկանց են բերել իրենց կանանց ու երեխաների հետ, ովքեր պատրաստ են մտնելու սուրբ տաճար իրենց օժտումների և կնքումների համար։

Կարճ ձևով ես նշեմ մի քանի օրինակներ.

Մի քանի տարի առաջ Սոլթ Լեյք Սիթիում գտնվող «Millcreek» ցից այցելելիս իմացա, որ ավելի քան 100 եղբայրներ, որոնք ապագա երեցներ էին, նախորդ տարվա ընթացքում կարգվել էին երեցներ: Ես Նախագահ Ջեյմս Քլեգին հարցրեցի նրա հաջողության գաղտնիքը։ Թեև նա չափազանց համեստ էր հաջողությունն իրեն վերագրելու համար, նրա խորհրդականներից մեկը հայտնեց, որ Նախագահ Քլեգը, հասկանալով մարտահրավերը, անձամբ է զանգահարել և անձնական հանդիպում կազմակերպել յուրաքանչյուր ապագա երեցի հետ: Հանդիպման ժամանակ Նախագահ Քլեգը նշել է Տիրոջ տաճարը, այնտեղ կարևորվող փրկարար արարողություններն ու ուխտերը և ավարտել հետևյալ հարցով․ «Մի՞թե չեք ցանկանա ձեր սիրելի կնոջն ու ձեր թանկագին երեխաներին տանել Տիրոջ տունը, որ հավերժ ընտանիք մնաք հավերժության մեջ»: Դրանից հետո հետևում էր համաձայնությունը, ակտիվացման գործընթացը շարունակվում էր և նպատակն իրագործվում էր։

1952թ.-ին «Rose Park Third» ծխում բնակվող ընտանիքների մեծ մասն անդամներ էին, որոնց հայրերը կամ ամուսինները Մելքիսեդեկյան Քահանայության փոխարեն կրում էին միայն Ահարոնյան Քահանայություն: Եղբայր Լ․ Բրենտ Գոթսը կանչվեց եպիսկոպոս։ Նա հրավիրեց քիչ ակտիվ մի եղբոր՝ Էռնեստ Սքիներին, որ օգնի ակտիվացնել ծխի 29 չափահաս եղբայրներին, ովքեր կրում էին Ահարոնյան քահանայության ուսուցչի կոչում և օգնել այդ մարդկանց ու նրանց ընտանիքներին հասնել տաճար: Լինելով քիչ ակտիվ անդամ, Եղբայր Սքիները սկզբում չցանկացավ, բայց ի վերջո նշեց, որ կանի հնարավոր ամեն բան։ Սկզբում նա անձամբ այցելեց քիչ ակտիվ չափահաս ուսուցիչներին, փորձելով օգնել նրանց հասկանալ քահանայության ղեկավարների իրենց դերը իրենց տներում և ամուսինների ու հայրերի իրենց դերը իրենց ընտանիքներում։ Շուտով նա մի քանի քիչ ակտիվ անդամների ընդգրկեց, որ օգնեն իրեն կատարել իր հանձնարարությունը։ Մեկ առ մեկ նրանք կրկին ակտիվացան և իրենց ընտանիքների հետ գնացին տաճար։

Օրերից մի օր ծխի գործավարը մթերային խանութի հերթում ողջունեց տաճար մեկնածների խմբից վերջին մարդուն։ Մեկնաբանելով վերջինը լինելու իր դերը, այդ մարդն ասաց․ «Ես կանգնած հետևում էի, թե ինչպես են խմբի բոլոր անդամները մեր ծխում ակտիվանում և գնում տաճար։ Եթե միայն կարողանայի պատկերացնել, թե որքան գեղեցիկ է տաճարում, և ինչպես է այն փոխելու իմ կյանքը հավիտյան, ես երբեք չէի լինի այդ 29 հոգուց վերջինը, ով պետք է կնքվեր տաճարում»։

Այս պատմություններից յուրաքանչյուրում կային չորս տարրեր, որոնք նրանց հաջողության հասցրին․

  1. Ակտիվացման գործընթացը կատարվում էր ծխի մակարդակով։

  2. Ծխի եպիսկոպոսն էր ընդգրկված։

  3. Կային որակավորված և ոգեշնչված ուսուցիչներ։

  4. Յուրաքանչյուր անհատ ուշադրության արժանացավ։

Եղբայրներ, եկեք հիշենք Բենիամին թագավորի խորհուրդը․ «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:14

Եկեք ձեռք մեկնենք և փրկենք նրանց, ովքեր մեր օգնության կարիքը շատ ունեն և բարձրացնենք նրանց կյանքի ավելի լավ, ավելի արդարակյաց նշաձողի բարձրության։ Եկեք մտածենք քահանայության այն կրողների, նրանց կանանց և երեխաների կարիքների մասին, որոնք այլևս ակտիվ չեն։ Թող որ լսենք նրանց սրտի անխոս ուղերձը․

Առաջնորդիր, քայլիր ինձ հետ,

Որ ուղին գտնեմ:

Սովորեցրու՝ ինչ անել,

Որ մի օր Քեզ հասնեմ։15

Ակտիվացման աշխատանքը ծույլի կամ երազողի առաջադրանք չէ։ Երեխաները մեծանում են, ծնողները ծերանում և ժամանակը ոչ-ոքի չի սպասում։ Մի հետաձգեք հուշումը․ այլ գործեք ըստ դրա, և Տերը ուղի կբացի։

Հաճախ պահանջվում է համբերության երկնային հատկանիշը։ Եպիսկոպոս ծառայելու ժամանակ ես մի օր հուշում զգացի այցելել մի մարդու, ում կինը և երեխաները որոշ չափով ակտիվ էին։ Սակայն, այդ մարդը երբեք չէր արձագանքել։ Ամառային շոգ օր էր, երբ ես թակեցի Հարոլդ Գ․ Գալախերի վահանակով դուռը: Ես տեսնում էի Եղբայր Գալախերին իր աթոռին նստած՝ թերթ կարդալիս: «Ո՞վ է», - հարցրեց նա՝ առանց գլուխը բարձրացնելու:

«Ձեր եպիսկոպոսը»,- պատասխանեցի ես։ «Ես եկել եմ ձեզ հետ ծանոթանալու և ձեզ հորդորելու, որ ձեր ընտանիքի հետ հաճախեք ժողովների»:

«Ո՜չ, ես շատ զբաղված եմ», - լսվեց արհամարհական պատասխանը: Նա անգամ գլուխը չբարձրացրեց։ Ես նրան շնորհակալություն հայտնեցի լսելու համար և հեռացա:

Այդ դեպքից շատ չանցած Գալախերների ընտանիքը տեղափոխվեց Կալիֆորնիա։ Անցան տարիներ: Այդ ժամանակ, լինելով Տասներկուսի Քվորումի անդամ, ես մի օր աշխատում էի իմ գրասենյակում, երբ իմ քարտուղարուհին զանգահարեց և ասաց․ «Եղբայր Գալախերը, ով եղել է ձեր ծխում, ցանկանում է խոսել ձեզ հետ։ Նա այստեղ իմ սենյակում է»։

Ես պատասխանեցի․ «Հարցրեք, արդյո՞ք նրա անունը Հարոլդ Գ. Գալախե՞ր է, ով իր ընտանիքի հետ ապրում էր Վեստ Թեմփլի և Ֆիֆթ Սաութի Վիսսինգ Փլեյսում»:

Քարտուղարուհին ասաց. «Այո, նա այդ մարդն է»:

Ես խնդրեցի նրան ներս հրավիրել։ Մենք հաճելի զրույց ունեցանք նրա ընտանիքի մասին։ Նա ասաց ինձ․ «Ես եկել եմ ներողություն խնդրելու, որ չբարձրացա իմ աթոռից և ներս չհրավիրեցի ձեզ ամառային այդ օրը շատ տարիներ առաջ»: Ես նրան հարցրի՝ արդյոք նա ակտիվ է Եկեղեցում: Ժպիտը դեմքին նա պատասխանեց. «Ես ծխի եպիսկոպոսության երկրորդ խորհրդականն եմ: Եկեղեցի հաճախելու ձեր հրավերը և իմ ժխտական պատասխանն այնքան հետապնդեցին ինձ, որ ես որոշեցի մի քայլ անել այդ ուղղությամբ»։

Մինչև նրա վախճանը, Հարոլդը և ես բազմաթիվ առիթներով հանդիպել ենք իրար։ Գալախերներն ու նրանց երեխաները Եկեղեցում զբաղեցրել են բազմաթիվ կոչումներ։ Նրանց ամենափոքր թոռներից մեկը ծառայում է լիաժամկետ միսիայում։

Այն միսիոներների հետ, ովքեր հնարավոր է լսում են այս երեկո, ես կիսվում եմ մի դիտարկմամբ, որ վկայության սերմերը հաճախ չեն արմատավորվում և ծաղկում անմիջապես։ Ջուրը գցած հացը, երբեմն, վերադառնում է շատ օրեր անց։ Բայց այն իրոք վերադառնում է։

Մի երեկո ես պատասխանեցի հեռախոսազանգի, որտեղ մեկը հարցնում էր․ «Արդյո՞ք դուք կապ ունեք Երեց Մոնսոնի հետ, ով տարիներ առաջ ծառայել է Նոր Անգլիա միսիայում»։

Ես պատասխանեցի, որ դա այդպես չէր։ Զանգահարողը ներկայացավ որպես Եղբայր Լեոնարդո Գամբարդելլա, իսկ հետո նշեց, որ Երեց Մոնսոնը և Երեց Բոնները այցելել են իրենց տուն և վկայություն բերել նրա և նրա կնոջ համար։ Նրանք լսել էին, բայց ոչինչ չէին ձեռնարկել նրանց ուսմունքները հետագայում կիրառելու համար։ Ավելի ուշ նրանք տեղափոխվեցին Կալիֆորնիա, որտեղ, մոտ 13 տարի անց, նրանք կրկին գտան ճշմարտությունը և դարձի եկան ու մկրտվեցին: Եղբայր Գամբարդելլան հարցրեց՝ արդյո՞ք հնարավոր էր գտնել այն երեցներին, որոնք առաջին անգամ այցելել էին նրանց, որ նա կարողանար իր խորին երախտագիտությունը հայտնել նրանց վկայությունների համար, որոնք մնացել էին իր և իր կնոջ սրտում։

Ես ստուգեցի գրանցումները։ Ես գտա երեցներին։ Կարո՞ղ եք պատկերացնել նրանց զարմանքը, երբ զանգահարեցի նրանց և պատմեցի այդ բարի լուրը՝ իրենց վաղ ջանքերի վերջնական արդյունքը այն դեպքում, երբ նրանք արդեն ունեին իրենց սեփական ընտանիքները: Նրանք անմիջապես հիշեցին Գամբարդելաների ընտանիքին։ Ես կազմակերպեցի ընդհանուր հեռախոսազանգ, որպեսզի նրանք անձամբ հայտնեին իրենց շնորհավորանքները և ողջունեին նրանց գալուստը Եկեղեցի։ Նրանք դա արեցին։ Արցունքներ կային, սակայն դրանք ուրախության արցունքներ էին։

Էդվին Մարխամը գրել է հետևյալ տողերը․

Ճակատագիրը մեզ եղբայրներ է դարձնում,

Ոչ մեկը իր ճանապարհը մենակ չի անցնում․

Այն, ինչ գործում ենք մենք ուրիշների կյանքում,

Մեր կյանք է միշտ վերադառնում։16

Այս երեկո ես աղոթում եմ, որ բոլորս, ովքեր կրում ենք քահանայություն, կարողանանք զգալ մեր պարտականությունը, որ ինչպես Գեդեոնը հնում, յուրաքանչյուր տղամարդ կարողանա կանգնել իր նշանակված տեղում և մի մարդու նման հետևի մեր Ղեկավարին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, և Նրա մարգարե Գորդոն Բ. Հինքլիին։ Թող մենք հասնենք և փրկենք նրանց, ովքեր դուրս են եկել ճանապարհից, որ ոչ մի թանկագին հոգի չկորչի։

Հիսուս Քրիստոսի անունով. ամեն: