2019 թվականի հոգևոր հավաքներ
«Մի կասկածեք, այլ եղեք հավատացող»


«Մի կասկածեք, այլ եղեք հավատացող»

Համաշխարհային հավաք երիտասարդ չափահասների համար• January 13, 2019 • Բրիգամ Յանգ Համալսարան - Հավայան Կղզիներ

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ․Շնորհակալություն ենք հայտնում, որ այսօր միացել եք մեզ։ Մենք գիտենք, որ դուք ուրիշ այլ գործեր ունեիք անելու։ Մենք աղոթում ենք, որ Աստված օրհնի ձեզ ձեր զոհաբերության համար։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ` Տիրոջ անունից և Նրա Եկեղեցու անունից ձեր հավատի և հավատարմության համար:

Քույր Ռութ Լ. Ռենլանդ․Հրաշալի է այստեղ գտնվել։ Հրաշալի երգչախումբ էր․ այն մեծապես նպաստեց այս ժողովի ընթացքում Հոգու ներկայությանը։ Մենք երախտապարտ ենք բոլորի համար, ովքեր այսօր բեմին են, և գնահատում ենք՝ նրանց դերը ձեր և մեր կյանքում։ Մենք հիանում ենք աշակերտ լինելու նրանց օրինակով։

Մենք զգացել ենք, որ պետք է խոսենք մի թեմայի շուրջ, որը մեր մտքում է եղել երկար ամիսներ, այն է՝ հավատքը և կասկածանքը։ Անցյալ տարի, հունիսին, սեմինարիաների և կրոնի ինստիտուտների ուսուցիչների ամենամյա ուսուցման հեռարձակման ժամանակ մենք պատմեցինք մի առակ: Այսօր կուզենայինք սկսել այդ առակով։

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ.Պատկերացրեք, որ օվկիանոսում նավարկելիս ձեր նավը շրջվել է: Դուք կրում եք փրկակար օղակ և ժամերով լողում եք այն ուղղությամբ, որն, ըստ ձեզ, տանում է դեպի մոտակա ափը, բայց դուք համոզված չեք: Դուք ծայրաստիճան ջրազրկվել եք, ուստի ամեն անգամ, երբ սկսում եք լողալ, ձեր գլուխը պտտվում է և ուժասպառ եք լինում։ Ձեր լավագույն գնահատումներով, ափը 30 կիլոմետր կամ 18 մղոն հեռու է: Դուք վախենում եք ձեր կյանքի համար, քանի որ չեք կարող այդքան երկար լողալ։ Հեռվում դուք լսում եք շարժիչի թույլ ձայն: Թվում է, ձայնը գալիս է դեպի ձեզ․ փրկության հույս է նշմարվում: Դուք տեսնում եք, որ մի փոքր ձկնորսական նավ է մոտենում:

Քույր Ռութ Լ. Ռենլանդ.«Օ՜, փառք Աստծո, նավապետը տեսնում է ինձ»,- մտածում եք դուք: Նավը կանգ է առնում և մի բարի, արևից խանձված ու քամահարված դեմքով ձկնորս օգնում է ձեզ նավ բարձրանալ: Երախտագիտությամբ լցված, դուք սողալով հասնում եք նավի նստելատեղին, թեթևացած շունչ քաշելով: Ձկնորսը ձեզ ամանով ջուր է տալիս և մի քանի աղի ձողիկներ: Դուք ագահաբար ուտում եք դրանք։ Ջուրը և աղի ձողիկները ապահովում են ձեր վերականգնման համար բավարար սնուցումը: Դուք այնքան թեթևացած եք և այնքան ուրախ: Դուք ձեր տան ճանապարհին եք:

Երբ դուք վերականգնվում եք և ավելի լավ զգում, սկսում եք ուշադրություն դարձնել մի քանի բաների, որոնք նախկինում իրապես չէիք նկատել: Ամանի ջուրը մի փոքր հնացած է և այն չէ, ինչ դուք կնախընտրեիք, ինչպես օրինակ Էվիան կամ Փերիեր ապրանքատեսակները: Ձողիկները համով էին, բայց այն, ինչ դուք իրոք կցանկանայիք, մի քիչ նրբահամ միս է, որին կհետևեր շոկոլադային կրուասանը: Նաև նկատում եք, որ բարի ձկնորսը ծեր է և կրում է մաշված կոշիկներ ու կապույտ ջինսե տաբատ: Նրա գլխարկի կապը կեղտոտ է և նա, կարծես, ծանր է լսում:

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ.Դուք նաև նկատում եք, որ նավը հնամաշ է, իսկ առաջամասի աջ կողմում ճեղքեր կան: Ներկի մի մասը քերված է ու ճաքճքված: Դուք նկատում եք, որ երբ ձկնորսը թույլ է բռնում ղեկը, նավը թեքվում է աջ կողմի վրա: Դուք սկսում եք անհանգստանալ, որ այս նավը և այս նավապետը չեն կարող ապահովել ձեր փրկությունը: Դուք ծեր ձկնորսին հարցնում եք ճեղքերի և ղեկի մասին: Նա ասում է, որ շատ չի անհանգստանում դրանց մասին, քանի որ նա տասնամյակներ շարունակ ամեն օր վարել է նավը դեպի ձկնորսական տեղանքները և վերադարձել նույն ճանապարհով: Նավը միշտ ապահով և հուսալի հասցրել է նրան այնտեղ, որտեղ նա ցանկացել է գնալ:

Դուք ցնցված եք: Ինչպե՞ս կարող է նա չանհանգստանալ ճեղքերի ու ղեկի մասին: Իսկ սնունդն ինչո՞ւ չէր կարող ավելի շատ ձեր ճաշակով լինել: Որքան շատ եք կենտրոնանում նավի ու ձկնորսի վրա, այնքան շատ եք մտահոգվում: Դուք, առաջին հերթին, կասկածի տակ եք առնում նավ բարձրանալու ձեր որոշումը: Ձեր անհանգստությունն աճում է: Ի վերջո, դուք պահանջում եք, որ ձկնորսը կանգնեցնի նավը և նորից թույլ տա ձեզ վերադառնալ ջրի մեջ: Թեև դուք դեռ 20 կիլոմետր կամ 12 մղոն հեռու եք ափից, չեք կարող համակերպվել այդ նավի վրա գտնվելու գաղափարի հետ: Վշտացած, ձկնորսը կանգնեցնում է նավը և օգնում է ձեզ վերադառնալ օվկիանոս: Դուք կրկին ինքնուրույն եք։

Քույր Ռութ Լ. Ռենլանդ․Այս պատմությունը դիտարկեք որպես մի առակ, որտեղ նավը խորհրդանշում է Եկեղեցին, իսկ ձկնորսը խորհրդանշում է նրանց, ովքեր ծառայում են Եկեղեցում։1 Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միակ նպատակն է՝ օգնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին իրականացնել Աստծո զավակների հավերժական կյանք տալու ծրագիրը։2 Այն ցույց է տալիս ուխտի ճանապարհը՝ մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու ճանապարհը։ Նրանք, ովքեր ծառայում են Եկեղեցում, թեև կատարյալ չեն, կարևոր են ուխտի ճանապարհով քայլելիս մեզ օգնելու և խրախուսելու համար:

Ի՞նչ են մեզ ուսուցանում նավը և ձկնորսը Եկեղեցու մասին: Արդյո՞ք ճեղքերն ու ճաքճքած ներկը Եկեղեցու վրա փոխում է նրա կարողությունը՝ տրամադրել լիազորված փրկող և վեհացնող արարողությունները, որոնց միջոցով մենք կարող ենք դառնալ մեր Երկնային Հոր նման: Եթե ձկնորսը պետք է երկու ձեռքերով պահի ղեկը, որպեսզի պահի նավը նախատեսված ուղու վրա, արդյո՞ք դա ժխտում է նրա և նավի կարողությունը՝ ապահով և հուսալի հասցնել մեզ այնտեղ, որտեղ մենք ցանկանում ենք գնալ: Կարիք չկա, որ դուք լինեք կարգված տեսանող, ինչպես իմ ամուսինը, որպեսզի իմանաք, որ ջրի մեջ վերադառնալը՝ նավի վրա մնալու փոխարեն, վտանգավոր է: Այնուամենայնիվ, երբ մենք տեսադաշտից կորցնում ենք ընդհանուր պատկերը, փոքր ճաքերն ու ճաքճքած ներկը կարող են մեծ երևալ մեզ։

Յուրաքանչյուր անդամ պետք է ունենա իր անձնական վկայությունը վերականգնված Եկեղեցու ճշմարտացիության վերաբերյալ: Առանց ճշմարիտ դարձի, ներառյալ` սրտի հզոր փոփոխության, դուք կարող եք սկսել կենտրոնանալ փոխաբերական աղի ձողիկների և քերված ներկի վրա:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը 2018 թվականի ապրիլյան համաժողովի ժամանակ ասել է․ «Դուք չպետք է կասկածեք նրա վերաբերյալ, ինչը ճշմարիտ է [տես Մորոնի 10․5]։ Դուք չպետք է կասկածեք նրան, ում կարող եք ապահովությամբ վստահել: Անձնական հայտնության միջոցով դուք կարող եք ստանալ ձեր վկայությունը, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է, և որ սա Տիրոջ Եկեղեցին է: Անկախ նրանից, թե ինչ կարող են ասել կամ անել մյուսները, ոչ ոք չի կարող երբևէ վերացնել վկայությունը, որը բերվել է ձեր սրտին և մտքին այն մասին, ինչը ճշմարիտ է»։3Այսօր այս վկայությունն ավելի կարևոր է, քան երբևէ:

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ.Իմ վկայության սկիզբը տեղի ունեցավ, երբ ես ապրում էի Շվեդիայում, Գյոտեբորգ քաղաքում: Ես 11 տարեկան էի: Միսիայի նախագահը հրավիրել էր բոլոր երիտասարդներին կարդալ Մորմոնի Գիրքը: Ես ընդունեցի այդ մարտահրավերը և սկսեցի կարդալ։ Կարդալու ընթացքում մեր միսիայի նախագահի խորհրդականներից մեկն ասաց, որ պետք է աղոթենք մեր կարդացածի վերաբերյալ: Ես շատ լավ հիշում եմ այն երեկոն, երբ գործեցի ըստ այդ հրավերի: Ես ծնկի իջա մահճակալիս կողքին և ասացի մի պարզ աղոթք, որ հասկանամ, թե արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Ես ձայն չլսեցի, բայց թվաց, թե Աստված ասում էր ինձ. «Ես միշտ ասում էի քեզ, որ այն ճշմարիտ է»: Այդ փորձառությունը փոխեց ինձ, այն փոխեց իմ կյանքը: Այն սկիզբ դրենց հավատքի գործընթացին, ուխտի ճանապարհին լինելու գործընթացին և դրդեց փորձել անել ավելին, փորձել անել ավելի լավը: Գյոտեբորգում էր, որ ես սովորեցի ապաշխարել: Գյոտեբորգում էր, որ ես սկսեցի ճանաչել իմ Քավիչին: Գյոտեբորգում էր, որ ես սկսեցի հիանալ անհատներով, ովքեր մեծարում էին իրենց կոչումները և տքնաջան աշխատում Աստծո արքայությունը կառուցելու համար: Գյոտեբորգը դարձավ իմ «Մորմոնի Ջրերը»:4

Քույր Ռութ Լ. Ռենլանդ.Որտե՞ղ եք սկսել ճանաչել ձեր Քավիչին: Ինչպե՞ս եք ձեզ զգացել: Եթե մոռացել եք, մենք հորդորում ենք ձեզ ինչ-որ բան անել, որպեսզի կրկին վերապրեք այդ զգացումը։ Այս գիտելիքն ու այս զգացումները հավատքի սկիզբն են:

Հավատքը ընտրություն է, որը յուրաքանչյուրը պետք է կատարի: Հավատքը պարզապես քմահաճ ցանկություն չէ, որ այն, ինչ ուզում եք, ճիշտ լինի, և համոզում, որ դա այդպես է: Հավատքը հավաստիացում է բաների գոյության վերաբերյալ, որոնք մենք չենք տեսել մարմնացած: Հավատքը գործողություն ներառող սկզբունք է:

«Հավատքը պետք է կենտրոնացած լինի Հիսուս Քրիստոսի շուրջը, [որ] առաջնորդի մարդուն դեպի փրկություն: … Հավատքը բռնկվում է ավետարանը լսելով, որն ուսուցանվում է Աստծո կողմից լիազորված [ուսուցիչների] կողմից [տեսՀռովմեացիս 10․14–17]։ Հրաշքները հավատք չեն առաջացնում․այլ ամուր հավատքը զարգանում է Հիսուս Քրիստոսի ավետարանին հնազանդվելով: Այլ կերպ ասած՝ հավատքը գալիս է արդարակեցության արդյունքում [տեսԱլմա 32․40–43]»։5Հավատքը չի գալիս Աստծուց նշաններ պահանջելով, այլ հնազանդվելով և հետևելով Նրա պատվիրաններին:

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ․Աստված ուզում է, որ մենք հավատք ունենանք, որպեսզի նա կարողանա օրհնել մեզ։6Հավատքն այն բանալին է, որը բացում է Աստծու ողորմությունը: Մարդը պետք է հասկանա, որ ինքը ցանկանում է հավատք ունենալ, իսկ հետո գործի հավատքով, նախքան այն կաճի: Ալման ուսուցանում է. «Բայց ահա, եթե դուք արթնացնեք և զարթնեցնեք ձեր ունակությունները, մինչև անգամ իմ խոսքերի վրա մի փորձարկմամբ, և գործադրեք հավատքի մի մասնիկ, այո, նույնիսկ եթե դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ, թույլ տվեք, որ այդ ցանկությունը գործի ձեր մեջ, մինչև որ դուք հավատաք, այնպես որ դուք կարողանաք տեղ տալ իմ խոսքերի մի մասին»:7Որպեսզի հավատքն աճի, մարդը պետք է հավատք ունենա, իսկ հետո գործի ըստ դրա։

Քույր Ռութ Լ. Ռենլանդ․Հավատք ունենալու մարդու ցանկությունը պետք է արտահայտվի գործով։ Շատ դեպքերում մենք արտահայտում ենք մեր հավատքը մեր քայլերով:

Այս սկզբունքը նշված է Մորմոնի Գրքում, խոստում, որին իմ ամուսինը հետևեց, երբ 11 տարեկան էր։ «Եվ երբ դուք ստանաք այս բաները, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չեն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ»:8

Երբ սկսեք հետևյալ հարցով. «Կարո՞ղ են այս բաները ճշմարիտ չլինել»,- այն կբերի հավատք ձեռք բերելու սկզբնաղբյուրին, որը եթե սնուցվի, կաճի։ «Կարո՞ղ են այս բաները ճշմարիտ չլինել» մի հարց է, որը ենթադրում է, որ այն ճշմարիտ է։ Օրինակ, եթե ասեմ՝ «Չե՞նք գնում Հոնոլուլուից դեպի հյուսիսային ափ», ենթադրվում է, որ մենք գնում ենք: Հարցը, որը Մորոնին հորդորել է տալ Մորմոնի Գրքի մասին, թելադրված է հավատքով և, հետևաբար, տալիս է ավելի շատ հավատք:

Երբ փոխարենը սկսենք հարցով. «Կարո՞ղ են այս բաները կեղծ չլինել», կառաջանան կասկածներ: Իսկ կասկածը երբեք չի հանգեցնում հավատքի:

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ.Երբ մասնակցում էի մի ցցի համաժողովի, ցցի նախագահը խնդրեց ինձ այցելել մի մարդու, որին ես Սթիվեն կանվանեմ: Սթիվենը եղել էր Եկեղեցու հավատարիմ անդամ: Նա ծառայել էր միսիայում և ամուսնացել էր տաճարում: Նա երկար տարիներ հավատարիմ ծառայել էր, բայց սկսել էր կասկածներ ունենալ Եկեղեցու վերաբերյալ: Երբ այցելեցի Սթիվենին, նա ասաց, որ մտահոգություններ ուներ այն փաստի վերաբերյալ, որ Ջոզեֆ Սմիթը պատմել էր Առաջին Տեսիլքի չորս տարբերակ: Նա կարծում էր, որ սա կարող էր նշանակել, որ Ջոզեֆ Սմիթը հորինել էր այդ փորձառությունը:

Ես Սթիվենին խնդրեցի կապվել մի մարդու հետ, ով տասնամյակներ առաջ հետազոտել էր այդ չորս տարբերակները: Սթիվենն այցելեց հետազոտողին: Հաջորդ անգամ, երբ խոսում էի Սթիվենի հետ, ասացի. «Դե, ի՞նչ ես մտածում Առաջին Տեսիլքի մասին»:

Նա ասաց. «Դե, լավ եմ զգում, քանի որ գտա իմ հարցերի պատասխանը»: Այդ հարցն այլևս չի անհանգստացնում ինձ: Բայց հիմա ես իրոք անհանգստացած եմ բազմակնության փաստով, որը կիրառվում էր Նավուում և 1890թ.-ի պաշտտոնական հայտարարությունից հետո: Դա իրոք անհանգստացնում է ինձ»:

Ես խնդրեցի Սթիվենին այցելել մեկ ուրիշին, ով այդ թեմայով ուսումնասիրություններ էր կատարել առաջնային, վստահելի աղբյուրներից։ Այդ քննարկումից հետո ես կապվեցի Սթիվենի հետ և հարցրի՝ ինչպես էին նրա գործերը:

Նա ասաց. «Դա ինձ այլևս չի անհանգստացնում: Ես հասկանում եմ, թե ինչ է պատահել և իմ մտահոգություններն անհետացան: Բայց ես հիմա իրոք անհանգստացած եմ, որ մի ժամանակ սևամորթները զրկված էին քահանայությունից»:

Քույր Ռութ Լ. Ռենլանդ․Դժբախտաբար, Սթիվենն ընտրել էր լինել հավերժ կասկածող: Նրան կասկածներն ավելի էին գոհացնում, քան գիտելիքը9և նա կասկածով փորփրում էր այն, ինչը հավատքով ցանել էր։10Ժամանակի ընթացքում մտահոգությունները փոխարինում էին իրար։ Նշանակություն չուներ, թե որքան էր ինչ-որ մեկը փորձում արձագանքել և պատասխանել այդ հարցերին, նա գտնում էր մեկ այլ թեմա, որի համար մտահոգվում էր։ Նա կենտրոնանում էր նավի ճաքերի վրա, փոխարենը կենտրոնանալու նավի կարողության վրա՝ առաջնորդելու նրան դեպի Հիսուս Քրիստոսի քավության օրհնությունները։ Այն, ինչ Սթիվենն անում էր, նման էր Եկեղեցու պատմության «whack-a-mole» խաղի: Դուք գիտեք այդ մանկական խաղը, որտեղ խլուրդը հայտնվում է խաղատախտակին, և հենց որ դուք հարվածում եք նրան, մեկ այլ խլուրդ հայտնվում է մեկ այլ տեղում:

Թեև լրացուցիչ մտավոր տեղեկատվություն կարող է ժամանակավորապես լուծել որևէ մտավոր մտահոգություն, լրացուցիչ տեղեկատվությունը ամբողջական լուծում չէ, քանի որ, ինչպես Պողոսն է գրել կորնթացիներին, «շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար. եւ չէ կարող էլ գիտենալ՝ որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում»:11Անհրաժեշտ է նաև հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ և Հոգուց ծնված վկայություն։

Շատերը, ովքեր հարցեր են ունեցել, ովքեր կասկածներ են սերմանել իրենց մտքում և դժվարացել գտնել իրենց հոգևոր հենարանը, այնուամենայնիվ, հավատարիմ են եղել և մնացել են ուխտի ճանապարհին: Հաճախ, երբ նրանք աղոթել են, ստացել են այն պատասխանը, որն Երեց Նիլ լ. Անդերսենն է ստացել տասնամյակներ առաջ, երբ ուզեցել է իմանալ, թե արդյոք բավականաչափ պատրաստ է միսիա գնալու համար։ Երբ նա աղոթել է, մի զգացում է ունեցել․ «Դու չգիտես ամեն ինչ, բայց դու գիտես բավականաչափ»։12Երբեմն, իրականում հաճախ, Տիրոջ պատասխաը կլինի․ «Դու գիտես բավականաչափ, որպեսզի մնաս ուխտի ճանապարհի վրա և պահես Իմ պատվիրանները»։

Երբ Նեփիին հարցրեցին, թե արդյոք նա գիտեր, թե ինչ է Աստծո բարեհաճությունը, նա ասաց. «Ես գիտեմ, որ [Աստված] սիրում է իր զավակներին. սակայն ես չգիտեմ բոլոր բաների մասին»։ 13Նա բավականաչափ գիտեր։ Այս կյանքում, մենք երբեք չենք իմանա բոլոր բաների իմաստը, բայց մենք կիմանանք բավականաչափ։ Մեր ճակատագիրը կախված է փոքր հավատք կիրառելուց, որը կաճի, երբ գործենք հավատքով։

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ․Կասկածները երբեք չեն առաջացրել և չեն առաջացնի հավատք, ինչպես որ լույսը չի առաջացել խավարից։ Երբ Պետրոսը սուզվում էր ջրի վրա քայլելու փորձ անելուց հետո, նրան չասվեց. «Օ՜, Պետրոս, եթե միայն դու ավելի շատ կասկած ունենայիր»: Ոչ, նրան ասվեց. «Թերահաւատ, ի՞նչու երկմտեցիր»:14

Lectures on Faith-ում բացատրված է հավատքի և կասկածի միջև տարբերությունները. «Եվ որտեղ կա կասկած և անորոշություն, այնտեղ հավատք չկա, ոչ էլ կարող է լինել: Քանի որ կասկածն ու հավատը գոյություն չունեն նույն մարդու մեջ միաժամանակ, … այն մարդիկ, որոնց մտքերը կասկածների ու վախերի տակ են, չեն կարող ունենալ աներեր վստահություն, իսկ որտեղ չկա աներեր վստահություն, այնտեղ հավատքը թույլ է, իսկ որտեղ հավատքը թույլ է, մարդիկ չեն կարողանա պայքարել այն բոլոր ընդդիմության, փորձանքների և դժբախտությունների դեմ, որոնց նրանք ստիպված են դիմակայել, որպեսզի դառնան Աստծո ժառանգներ և միացյալ ժառանգներ Հիսուս Քրիստոսի հետ․ նրանք կհոգնեն իրենց մտքում և հակառակորդը զորություն կունենա նրանց վրա և կկործանի նրանց»:15

Ահա, թե ինչ պատահեց Սթիվենի հետ: Նա թույլ տվեց, որ կասկածն ու անորոշությունը զբաղեցնեն իր միտքը: Ժամանակի ընթացքում նա ուժ չունեցավ դիմակայել մարտահրավերներին, որոնց բախվում են Եկեղեցու անդամները: Նա հոգնեց իր մտքում և նրա հավատքն անհետացավ:

Քույր Ռութ Լ. Ռենլանդ.Բնական է, երբ հարց ունեք Եկեղեցու և նրա վարդապետությունների վերաբերյալ։ Դա հանդիսանում է ավետարանի ուսման հիմքը։ Ջոզեֆ Սմիթը հասկացավ այդ, երբ կարդաց. «Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կտրուի նորան»:16

Բայց հատվածը շարունակվում է այսպես. «Միայն թէ թող հաւատքով խնդրէ առանց երկմտելու»:17

Այլ կերպ ասած՝ հարցրեք Աստծուց, առանց կասկածելու, որ Նա կպատասխանի ձեզ: Հատվածը շարունակվում է. «Որովհետեւ երկմտողը [կամ կասկածողը] նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքին։ Այն մարդը թող չկարծէ, որ Տէրիցը մի բան կ’առնէ: Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներումը»:18

Որպեսզի ստանանք այնպիսի պատասխան, որը փնտրում էր Ջոզեֆ Սմիթը, այնպիսի պատասխան, որը ցանկանում ենք, մենք պետք է Աստծուն մոտենանք հավատացող սրտով ու մտքով, ցանկանալով, որ Աստծո բաները հայտնի դարձվեն մեզ:

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ.Մենք սիրում ենք արտահայտությունը, որն արվել է Երեց Ջոն Ա. Վիդսոի կողմից, ով վաղ շրջանի Առաքյալ էր այս տնտեսությունում: Ես կվերապատմեմ նրա խոսքերը։ Կասկածը, եթե այն չի ծագում վստահելի, արժանահավատ աղբյուրներից, ոչ մի արժեք կամ գին չունի։ Լճացած կասկածողը, ով ինքնաբավ է, դժկամությամբ է համապատասխան ջանքեր գործադրում, որպեսզի գին վճարի աստվածային բացահայտման համար, անխուսափելիորեն հասնում է անհավատության և ճահճոտ խավարի: Նրա կասկածները թունավոր սնկերի նման աճում են նրա մտավոր և հոգևոր սենյակների աղոտ ստվերներում: Վերջապես, կույր, ինչպես խլուրդն իր որջում, նա սովորաբար պատճառը փոխարինում է ծաղրով, աշխատանքը փոխարինում է ծուլությամբ և դառնում է ծույլ գիտնական։ Կասկածը սխալ չէ, եթե այն օգնում է հասնել որևէ բանի կամ իրագործել որևէ բան։ Այն կասկածը, որը սնվում ու աճում է ինքն իրենով և ծնում է ավելի շատ կասկած, հանդիսանում է չարիք»:19

Երեց Վիդսոի խոսքերը դեռևս ճշմարիտ են: Լճացած կասկածը չի տանում դեպի Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության ճանաչողության, այն չի հանգեցնում իմացությանը, որ մենք ունենք սիրառատ Երկնային Հայր, ով սահմանել է փրկության մեծ ծրագիրը։ Մենք կարող ենք ճանաչել այս վերջին օրերի աշխատանքի ճշմարտացիությունը, բայց այն պահանջում է, որ մենք ընտրենք հավատը, ոչ թե կասկածը, և մեր պատասխանների համար դիմենք վստահելի, արժանահավատ աղբյուրների:

Քույր Ռութ Լ. Ռենլանդ.Ալման նույնպես խոսել է այս սկզբունքի մասին: Նա ասել է. «Եվ հետևաբար, ով կկարծրացնի իր սիրտը, նա կստանա խոսքի նվազագույն բաժինը. իսկ ով չի կարծրացնի իր սիրտը, նրան տրվում է խոսքի ավելի մեծ բաժինը, մինչև որ նրան տրվում է իմանալու Աստծո խորհուրդները՝ մինչև որ նա իմանա դրանք լիովին: Եվ նրանք, ովքեր կկարծրացնեն իրենց սրտերը, նրանց տրվում է խոսքի նվազագույն բաժինը, մինչև որ նրանք ոչինչ չեն իմանում նրա խորհուրդների մասին. և հետո նրանք գերի են վերցվում դևի կողմից և տարվում նրա կամքով վար՝ դեպի կործանում»:20

Արդյո՞ք ֆինանսական խորհուրդ կհարցնեք մեկից, ով սնանկ է և պարտքերի մեջ է։

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ․Արդյո՞ք բժշկական խորհուրդ կհարցնեք կեղծ դեղահաբեր վաճառող խաբեբայից։

Քույր Ռութ Լ. Ռենլանդ․Ո՞ր մարդուց խորհուրդ կհարցնեք թենիս խաղալուց ձեր հարվածը բարելավելու համար, սիրողական խաղացողից, թե՞ Ռոջեր Ֆեդերերից։

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ․Ուրեմն ինչո՞ւ ձեր հավերժական բարեկեցությունը վստահեք նրանց, ովքեր հոգևորապես սնանկ են, քանի որ կասկածներով վերացրել են այն, ինչը մի ժամանակ աճեցրել էին հավատքով 21կամ ովքեր, ինչպես Երեմիան է ասել [Քրիստոսին]՝ կենաց ջրի աղբիւրս՝ թողեցին որ իրանց համար հորեր փորեն՝ ծակծակոտ հորեր, որոնք չեն կարող ջուրը պահել»։22Այդ մարդիկ հեռու են քայլել կենդանի ջրի աղբյուրից և ցանկանում են, որ դուք վստահեք մի բանի, որը ջուր չի պահում։

Քույր Ռութ Լ. Ռենլանդ․Եղբայրներ և Քույրեր, դուք կարող եք իմանալ, որ կա կենդանի Քրիստոս։23Բլոգներում երկխոսությունը չի կարող փոխարինել սուրբ գրությունների ուսումնասիրությանը և ապրող մարգարեների և առաքյալների խոսքերի ընթերցանությանը։ Խթանեք ձեր հավատքը՝ դիմելով արժանահավատ աղբյուրների, որպեսզի գտնեք ձեր հարցերի պատասխանները։

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ․Երբ փորձում ենք պարզել, արդյոք ինչ-որ բան ճիշտ է, թե ոչ, Մորմոն մարգարեն մեզ տալիս է մի օրինաչափություն, որին կարող ենք հետևել․

«Ուստի, բոլոր բաները, որոնք բարի են, գալիս են Աստծուց. իսկ այն, ինչ չար է, գալիս է դևից, …

Բայց ահա, այն, ինչ Աստծուց է, շարունակ հրավիրում և հրապուրում է անել բարիք. ուստի, ամեն բան, որ հրավիրում և հրապուրում է անել բարիք, և սիրել Աստծուն, և ծառայել նրան, ոգեշնչված է Աստծուց:

… ձեզ տրված է դատել, որպեսզի դուք կարողանաք բարին տարբերել չարից. և դատելու ուղին այնքան պարզ է, որ դուք կարող եք տարբերել մի կատարյալ իմացությամբ, ինչպես ցերեկը խավար գիշերից:

Քանզի ահա, Քրիստոսի Հոգին տրվում է ամեն մարդու, որպեսզի նա կարողանա բարին տարբերել չարից. ուստի, ես ցույց եմ տալիս ձեզ դատելու ուղին. քանզի ամեն բան, որ հրավիրում է անել բարիք, և համոզում է հավատալ Քրիստոսին, առաջանում է Քրիստոսի զորությամբ ու պարգևով. ուստի, դուք կարող եք կատարյալ իմացությամբ իմանալ՝ դա Աստծուց է:

Բայց ինչ բան, որ համոզում է մարդկանց գործել չարիք, և չհավատալ Քրիստոսին, և ուրանալ նրան, և չծառայել Աստծուն, այդ դեպքում դուք կարող եք իմանալ մի կատարյալ իմացությամբ՝ դա դևից է»:24

Այսպիսով, շատ պարզ է: Եթե ընտրությունը առաջնորդում է ձեզ բարի գործերի և Քրիստոսի հանդեպ հավատքի, այն Աստծուց է: Եթե ընտրությունը հրապուրում է ձեզ չարիք գործել և մերժել Քրիստոսին, այն դևից է: Երբ կանգնում եք ուխտի ճանապարհին, կարող եք իմանալ, որ այն բաները, որոնք հեռացնում են ձեզ ճանապարհից, համոզում են ձեզ չհավատալ Քրիստոսին, սխալ են: Այն բաները, որոնք համոզում են ձեզ հավատալ Աստծուն, սիրել Նրան և պահել Նրա պատվիրանները, Աստծուց են: Դուք բաց կթողնեք կարևոր հոգևոր իրադարձություններ, եթե ընտրեք համառ կասկածները, որոնք սնվում են հավատազուրկ ու անհավատարիմ աղբյուրներից տրվող պատասխաններով։25

Քույր Ռութ Լ. Ռենլանդ․Վերադառնանք մեր առակին. ովքեր ընտրեցին մնալ հին, փոս ընկած, ճաքճքած ներկով նավի վրա, նրանք հասկանում են, որ նավակը փրկեց նրանց խեղդվելուց և կարող է նրանց ապահով հասցնել ափ։ Այլ կերպ ասած, նրանք կանգնում են ուխտի ճանապարհին և մնում են ուխտի ճանապարհին: Ապա, երբ նրանք տոկում են մինչև վերջ, նրանց վրա տարածվում է հավերժական կյանքի խոստումը: Սա մեծագույն պարգևն է, որ Աստված կարող է տալ: Այս գործընթացի միջոցով է, որ ճանաչում ենք Քրիստոսին, ճանաչում ենք Նրա կենդանի իրականությունը և ճանաչում ենք Նրա սերն ու ողորմածությունը:

Վարդապետություն և Ուխտերում ասվում է. «Ոմանց տրված է, Սուրբ Հոգուց, իմանալ, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, և որ նա խաչվեց աշխարհի մեղքերի համար: Մյուսներին տրված է հավատալ նրանց խոսքերին, որ նրանք նույնպես կարողանան հավերժական կյանք ունենալ, եթե հավատարմորեն շարունակեն»:26Ուշադրություն դարձրեք, որ պարգևը նույնն է, անկախ նրանից՝ գիտեք, թե՞ հավատում եք, դա հավերժական կյանքն է հավատարիմներին։

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ․ 2009թ. ապրիլին ես հաստատվեցի որպես Եկեղեցու Բարձրագույն Իշխանավոր: 2009թ. հոկտեմբերին ինձ խնդրեցին ելույթ ունենալ գերագույն համաժողովին: Ես անհանգիստ էի, թե արդյոք հայրս կկարողանար լսել համաժողովը: Նա իր ողջ կյանքում տքնաջան աշխատել էր որպես հյուսն և շինարար, և 92 տարեկանում ողնաշարի լուրջ հիվանդություն ուներ: Նա չկարողացավ գալ Համաժողովների Կենտրոն: Ուստի քույրերիցս մեկը կազմակերպեց, որ նա կարողանա հեռուստացույցով դիտել նիստը՝ իր տանը Սոլթ Լեյք Սիթիում:

Համաժողովից հետո ես գնացի նրա տուն, տեսնելու, թե ինչ էր մտածում իմ ելույթի մասին: Նա քչախոս էր և մեծահոգի չէր հաճոյախոսությունների հարցում:

Ես ասացի. «Հայրի՛կ, տեսա՞ր համաժողովը»:

Նա ասաց. «Այո»։

Ես ասացի. «Հայրի՛կ, լսեցի՞ր իմ ելույթը»:

Նա ասաց. «Այո»։

Ես ասացի. «Դե՛, հայրիկ, ի՞նչ ես մտածում»։

Նա ասաց. «Օ՜, շատ լավ էր: Ես համարյա հպարտ էի»:

Բայց հետո ես իմացա, որ նա մի փոքր ցրված էր այդ երեկո, քանի որ ցանկանում էր ինձ պատմել իր նախորդ օրվա երազը: Նա երազներ չէր տեսնում: Նա երբեք երևակայական երազներ չէր տեսնում: Նա երբեք սուտ չէր խոսում: Նա միշտ կոպիտ և աննրբանկատորեն ազնիվ էր: Նա ասաց. «Երազումս տեսա, որ մահացել եմ, և տեսա Փրկիչ Հիսուս Քրիստոսին»: Նա գրկեց ինձ և ասաց, որ իմ մեղքերը ներված են: Դե՛յլ, դա այնքան լավ զգացում էր»: Սա այն էր, ինչ նա ասաց, և ես այլևս հարցեր չտվեցի: Նա մահացավ երկու ամիս անց, երբ Ռութն ու ես Մադագասկարում էինք:

Իմ հայրը միացել էր Եկեղեցուն Լարսմոյում (Ֆինլանդիա) 24 տարեկան հասակում և իր կյանքն ապրել էր համաձայն այն լույսի և գիտելիքի, որ ստացել էր: Նա միշտ անում էր այն, ինչ նրան խնդրում էին: Նա դարձավ մի մարդ, որն արժանի էր Սուրբ Հոգու պարգևին, արժանի իմանալու, որ Հիսուսը Քրիստոսն է և որ նա խաչվեց աշխարհի մեղքերի ու իր մեղքերի համար: Այս պարգևին արժանանալը կախված չէ սեռից և քահանայության պաշտոնից: Դա՝ հավատքն ընտրելու և ուխտի ճանապարհն ընտրելու խոստացված պարգևն է։27

Քույր Ռութ Լ. Ռենլանդ․Այսպիսով, ինչպե՞ս մենք կարող ենք հավատք զարգացնել և ամուր պահել այն։ Դրա համար աշխատանք է պահանջվում։ Արդյո՞ք եղել եք մաթեմատիկայի դասին, օրինակ՝ հանրահաշվի դասին, և հետևել, թե դասախոսն ինչպես է լուծում խնդիրը։ Արդյո՞ք նրա գիտելիքներն ինքնաբերաբար փոխանցվում են ձեզ, որովհետև դուք տեսել եք, թե ինչպես է դասախոսը պատասխան գտնում։ Դժբախտաբար, ոչ։ Որպեսզի ձեռք բերեք այն նույն գիտելիքը, որն ունի դասախոսը, դուք պետք է հանրահաշվի խնդրի վրա ինքնուրույն աշխատեք, դուք պետք է պարապեք և լուծեք գործնական խնդիրներ, մինչև որ յուրացնեք գործընթացը, հավասարումները և նիշերը:

Նմանապես, հավատք գտնելու և հավատք ամրապնդելու համար աշխատանք է պահանջվում։ Մենք կարող ենք ոգեշնչվել մեկ ուրիշից, ով մեծ հավատք ունի, բայց մեկ ուրիշի հավատքն այդ ընթացքում մեզ չի փոխանցվում։ Մենք պետք է ինքնուրույն ուսումնասիրենք սուրբ գրությունները և ապրող մարգարեների խոսքերը: Մենք պետք է աղոթենք և իսկապես աշխատենք հաղորդակցվել Երկնային Հոր հետ՝ Հիսուս Քրիստոսի անունով: Կարևոր է, որ ամեն շաբաթ արժանիորեն ճաշակենք հաղորդությունը և հիշենք, թե որքան ողորմած է եղել Աստված, որ տվել է Իր Որդուն՝ մեր մեղքերը քավելու համար։ Նվիրվածության այս անձնական արարքներն են կառուցում և պահպանում հավատքը։

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ.Որպես Տասներկուսի Քվորումի անդամ, իմ առաջին պարտականությունն է եղել գնալ և ասել Եկեղեցու Պատմության բաժանմունքին, որ ես փոխարինելու եմ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդին՝ որպես իրենց բաժանմունքի խորհրդատու: Ինչպես կարող եք պատկերացնել, տեղի ունեցավ «լացն ու կոծը, և ատամների կրճտոցը»,28 երբ նրանք իմացան, որ իրենց սիրելի խորհրդատուն պետք է փոխարինվի: Անձեռոցիկների պակաս զգացվեց:

Որպես Եկեղեցու Պատմության բաժանմունքի խորհրդատու, իմ հանձնարարության մի մասն էր՝ կարդալ Ջոզեֆ Սմիթի գրվածքների բոլոր հատորները:Ես նաև կարդացել եմ Եկեղեցու պատմության նոր ժողովածուի երկրորդ հատորի առաջին մասը՝ Սրբերը 29 վերնագրով: Կարդալով այն ամենը, ինչ Ջոզեֆ Սմիթը երբևէ գրել էր կամ հաղորդել, ես զգացի, որ ամրացավ իմ վկայությունը որպես Աստծո կողմից ընտրված մարգարե նրա դերի մասին, որ վերականգնի Իր աշխատանքը Երկրի վրա:

Ջոզեֆ Սմիթը միշտ հավատարիմ էր իր վկայությանը: Նա հետևողական էր: Նա միշտ վարվում էր այնպես, կարծես, իսկապես տեսել է Մեր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, Մորոնիին, Հովհաննես Մկրտիչին, Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, Մովսեսին, Եղիասին ու Եղիային: Նա գործում էր ինչպես մեկը, ով ուներ ոսկե թիթեղները և թարգմանել էր այդ հնադարյան տեքստերը Աստծո պարգևով ու զորությամբ: Նա գործում էր ինչպես մեկը, ով հայտնություն էր ստացել անձամբ Հիսուս Քրիստոսից: Նա գործում էր ինչպես մեկը, ով ստացել էր քահանայության իշխանությունը և սուրբ Առաքյալի բանալիները:

Ավելի հզոր և հուսալի ուղիներով ես գիտեմ, քան իմ հինգ զգայարանները կարող են թելադրել և արտահայտել, որ Ջոզեֆ Սմիթը տեսել է այն, ինչն ասում էր, որ տեսել էր, թարգմանել է Մորմոնի Գիրքը Աստծո պարգևով ու զորությամբ, և ստացել է քահանայությունն իր ուղեկցող բանալիներով մարդկության փրկության համար: Ես գիտեմ, որ դա ճշմարիտ է։ Ես գիտեմ, որ այդ բանալիները Երկրի վրա են այսօր, որ Նախագահ Նելսոնը Ջոզեֆ Սմիթի իրավահաջորդն է Երկրի վրա:

Այն, ինչը մենք համարեցինք ճեղքեր և ճաքճքած ներկ նավի վրա, կարող է դառնալ աստվածայնորեն մաքրագործված և աստվածայնորեն թելադրված՝ հավերժության հեռանկարից: Կամ Տիրոջ ձեռքը կա ճեղքերի ու ճաքճքած ներկի մեջ, կամ Նա օգտագործում է է դրանք Իր սեփական նպատակների համար: Ես գիտեմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը ուղղորդում է Իր աշխատանքը այժմ Երկրի վրա: Նրա այսօրվա ծառաները Նրան լավ են ճանաչում:

Քույր Ռութ Լ. Ռենլանդ.Ես երախտապարտ եմ, որ կարող եմ ավելացնել իմ վկայությունը, որ Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: Երբ մենք հավատք, այլ ոչ թե կասկած ենք գործադրում, Նրա քավիչ զոհաբերության և Նրա Քավության պտուղների հանդեպ, մեր կյանքը հավերժ օրհնվում է: Ես երախտապարտ եմ, որ Նա վերականգնել է Իր եկեղեցին այսօր բոլոր այն օրհնություններով, որոնք հասանելի են Աստծո զավակներին Երկրի վրա:

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ․Հիսուս Քրիստոսն ապրում է և աշխարհի Փրկիչն է: Ես վկայում եմ Նրա կարեկցանքի, սիրո և հոգացող մտահոգության մասին Աստծո բոլոր զավակների համար: Ես վկայում եմ իմ և ձեզ համար արված Նրա անզուգական քավիչ զոհաբերության մասին: Երբ ես ճանաչեցի Փրկիչին, իմացա նրա մեծ բաղձանքի մասին՝ բժշկել վերքերը և ամոքել կոտրված սրտերը:

Ես աղոթում եմ , որ Աստծո առատ օրհնությունները լինեն ձերը։ Ես աղոթում եմ, որ հավատք զարգացնեք Հիսուս Քրիստոսի հանդեպ, որ դուք «չկասկածեք, այլ լինեք հավատացող»։30Ես հրավիրում եմ ձեզ մեծացնել ձեր հավատքը Քրիստոսի հանդեպ, ուսումնասիրելով սուրբ գրությունները և ապրող մարգարեների խոսքերը, աղոթելով և հաղորդակցվելով Երկնային Հոր հետ, բարեխղճորեն պատրաստվելով և արժանիորեն ճաշակելով հաղորդությունն ամեն շաբաթ: Աստված կօրհնի ձեզ, եթե դուք կատարեք նվիրվածության այդ անձնական քայլերը և ծառայեք ու սպասավորեք ուրիշներին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Մ․ Ռասսել Բալլարդ, «Մնացեք նավակի մեջ և ամուր բռնած պահեք»EnsignկամԼիահոնա,նոյեմբեր 2014, 89–92, և Ջեռալդ Կոսե, «Դա մարդիկ են»,EnsignկամԼիահոնա,մայիս 2018, 111–13։ Նա ասել է․ «Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մի անգամ Եկեղեցին նմանեցրել է գեղեցիկ մեքենայի: Մենք սիրում ենք մեքենան, երբ այն մաքուր է ու փայլուն: Բայց մեքենայի նպատակը գրավիչ փոխադրամիջոց լինելու մեջ չէ, այն նախատեսված է իր սրահում մարդկանց տեղափոխելու համար»։

  2. Տես Մովսես 1․39:

  3. Ռասսել Մ. Նելսոն։ «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 95։

  4. Մոսիա 18.30

  5. Սուրբ գրությունների ուղեցույց, «Հավատք», scriptures.lds.org։

  6. ՏեսԱլմա 32․22։

  7. Ալմա 32․27

  8. Մորոնի 10.4

  9. Վերապատմում է Միշել դե Մոնտեյնին, “On the Education of Children,” Մեջբերում է Դանտեի Ինֆեռնո․ «Կասկածներն ավելի են ինձ գոհացնում, քան գիտելիքը»։

  10. Վերապատմած մեջբերումը վերագրվում է Բելգիայի ծնունդով ամերիկացի քրիստոնյա հեղինակ և խոսնակ Էլիզաբեթ Էլիոտին (1926-2015):

  11. Ա Կորնթացիս 2.14

  12. Նիլ Լ. Անդերսեն «Դուք բավականաչափ գիտեք», EnsignկամԼիահոնա,նոյ. 2008, 13։

  13. 1 Նեփի 11.17

  14. Մատթեոս 14.31

  15. Lectures on Faith[1985] 71։

  16. Հակոբոս 1.5

  17. Հակոբոս 1.6

  18. Հակոբոս 1.6-8

  19. See John A. Widtsoe,Evidences and Reconciliations[1960], 31–33.

  20. Ալմա 12.10-11

  21. Վերապատմած մեջբերումը վերագրվում է Էլիզաբեթ Էլիոտին։

  22. Երեմիա 2.13

  23. ՏեսԱլմա 30․13-16

  24. Մորոնի 7.12-13,15-17

  25. Տես Երեց Նիլ Լ. Անդերսեն․ «Հավատքը պատահականության արդյունք չէ»,EnsignկամԼիահոնա,նոյ. 2015, 65–68։

  26. Վարդապետություն և Ուխտեր 46․13-14

  27. ՏեսՎարդապետություն և Ուխտեր 88․67-68:

  28. Ալմա 40․13

  29. Տես Սթիվեն Ի. Սնոու, “Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days,Ensign,Feb. 2018, 58–59։

  30. Մորմոն 9.27