Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Սուրբ Հոգու պարգևը


Սուրբ Հոգու պարգևը

Եղբայրներ ու քույրեր, ինձ համար մեծ օրհնություն է այս երեկո ձեզ հետ լինել:

Երեք շաբաթից Սուրբ Ծնունդն է: Այդ առավոտ միլիոնավոր երեխաներ կարթնանան չափազանց վաղ և կարթնացնեն իրենց ծնողներին: Մեծ ակնկալիքներով նրանք կհավաքվեն նվերների շուրջ, որոնցից օրեր շարունակ չեն հեռացրել իրենց հայացքը:

Հայրս սիրում էր Սուրբ Ծնունդը. նվերներ տալը նրան մեծ հրճվանք էր պարգևում և նրա ու մորս մոտ դա շատ լավ էր ստացվում: Քույրերս, եղբայրներս և ես, ինչպես նաև շատ ուրիշները, նրանց տաղանդից օգտվողներն էինք: Նրանց լավագույն նվերներից մի քանիսը շոշափելի չէին. դրանք այնպիսի փորձառություններ էին, որոնք ստեղծում են սիրո շղթաներ ու թանկագին հիշողություններ: Այդ հիշողությունները մինչև այսօր ինձ ջերմություն են պարգևում:

Կարծես տեղին է, որ Սուրբ Ծնունդի կարևորագույն մասն է նվերներ տալն ու ստանալը: Ի վերջո, մենք տոնում ենք Աստծո Որդու` Փրկիչ Հիսուս Քրիստոսի անզուգական պարգևը: Իհարկե, միմյանց տված մեր նվերները երբեք չեն համեմատվի այս պարգևի հետ, սակայն ես հավատում եմ, որ նվերներ տալու և ստանալու հրճվանքը կարող է մեր սրտերը դարձնել դեպի «Աստծո պարգևները»:1

Աստծո Որդու թանկագին պարգևը մեզանից յուրաքանչյուրին հրավիրում է գտնել «խաղաղություն՝ այս աշխարհում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում»:2 Խաղաղությունը շատ խաբուսիկ է թվում մի աշխարհում, որտեղ հակամարտություններն ու տարաձայնությունները սրանում են: Սակայն դա հենց այն խաղաղությունն է, որ մեր սիրառատ Երկնային Հայրն ու Իր Որդին առաջարկում են մեզանից յուրաքանչյուրին, եթե մենք ընդունենք այն:

Պատկերացրեք, թե որքան տարօրինակ կլիներ, եթե Սուրբ Ծնունդի առավոտյան մենք նստեինք տոնածառի շուրջը, հիանայինք գեղեցիկ փաթեթավորված նվերներով, խոսեինք, թե ինչ կարող է լինել դրանց մեջ, և այնուհետև անցնեինք մեր առօրյային` առանց այդ նվերները բացելու:

Ցավոք, մենք երբեմն հենց այսպես ենք վարվում Աստծո պարգևների հետ: Խորհեք Փրկիչի հետևյալ խոսքերի շուրջ. «Քանզի ի՞նչ օգուտ մարդուն, եթե նրան պարգև է տրվում, և նա չի ընդունում այդ պարգևը: Ահա, նա չի ուրախանում այն ամենով, ինչ տրված է իրեն, ոչ էլ ուրախանում է այդ պարգևը տվողով»3

Այս երեկո ես ուզում եմ հրավիրել բոլորիս խորհել այն մասին, թե ինչպես կարող ենք իրոք ստանալ այն պարգևները, որոնք Աստված առաջարկել է մեզ: Ես կուզենայի կենտրոնանալ հատկապես Սուրբ Հոգու անսահման պարգևի վրա:Ես աղոթում եմ , որ այդ ընթացքում Սուրբ Հոգին օգնի մեզ հասկանալ այս պարգևի կարևորությունը, ուսուցանի, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ավելի լիարժեք ստանանք այն և տա մեզ շնորհ, որպեսզի գործենք համաձայն մեր զգացածի:

Ինչո՞ւ է Սուրբ Հոգու պարգևն այդքան ցանկալի:

Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է: Նա մխիթարում է, 4 ցույց է տալիս բոլոր բաները, 5 սովորեցնում է, 6 սրբագործում է7 և փոփոխություն է առաջացնում մարդկանց սրտերում: 8 Նրա միջոցով մենք մեր կյանքում կարող ենք ստանալ Աստծո զորությունն ու հատկանիշները:

Դուք հիշում եք այդ հատկանիշներից մի քանիսը. «ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնամտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն [և] ժուժկալութիւն»:9 Իմ կարծիքով, սա հանդիսանում է այսպես կոչված «Սուրբ Ծնունդի հոգու» ճիշտ նկարագրություն: Այդ առաջին Սուրբ Ծնունդի գիշերվա հրեշտակների տված խոստումները՝ «մեծ [ուրախության ավետիք]» ու «խաղաղութիւն, և մարդկանց մեջ հաճութիւն»,10 իրականանում են, եթե մենք ընդունենք Սուրբ Հոգին:

Հաճախ մենք փորձում ենք ողջ տարվա ընթացքում պահել Սուրբ Ծնունդի հոգին: Մեր էությամբ ցանկանում ենք, որ այս աստվածային հատկանիշները հավերժ տիրեն մեր հոգում: Եվ մեր կատարյալ Հայրն ուզում է, որ մենք` Նրա զավակները, ստանանք այդ պարգևները: Սա է Հիսուս Քրիստոսի ավետարանի կարևոր խոստումը՝ փոխել մեր սրտերը, որպեսզի «մենք այլևս հակված չլինենք գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք»11 և լցվել «հույսով ու կատարյալ սիրով»: 12 Որպեսզի այս թանկագին պարգևները բացվեն մեզ համար, մենք պետք է իսկապես ընդունենք Սուրբ Հոգին:

Նշանակալից է, որ Սուրբ Հոգու պարգևը մեզ տրվում է «Ստացիր Սուրբ Հոգին» 13արտահայտությունն ասելով: Կուզենայի առաջարկել երեք բանալի, որոնք կօգնեն մեզ ստանալ այս թանկագին պարգևը: Դրա համար ես կխոսեմ մի խորիմաստ տեսարանի մասին Մորմոնի Գրքից: Հարություն առած Քրիստոսը մի հրաշալի օր անցկացրեց` մարդկանց ծառայելով և խոստանալով նրանց վերադառնալհաջորդ օրը: Լուրերը տարածվեցին և, ակնկալվածի պես, երկրի տարբեր մասերից մարդիկ հավաքվեցին: Ոմանք աշխատել էին ողջ գիշեր, որպեսզի առավոտյան լինեին այնտեղ, որտեղ Հիսուսը կրկին հայտնվելու էր:

1. Հզոր հոգևոր ցանկություն

Փրկիչի վերադարձին սպասելիս, առաքյալներն ուսուցանեցին այն ամենը, ինչ Հիսուսն ուսուցանել էր նախորդ օրը: 14Հիշատակարանն այնուհետև ասում է, որ նրանք ծնկի իջան ու աղոթեցին «նրա համար, ինչն իրենք ամենաշատն էին փափագում. և նրանք փափագում էին, որ Սուրբ Հոգին շնորհվեր իրենց»:15 Մի պահ մտածեք, թե որքան կարևոր է սա. նրանք անհամբեր սպասում էին Փրկիչի խոստացված վերադարձին, սակայն չէին աղոթում դրա համար: Ուսուցանված լինելով կատարյալ ուսուցչի, ապա նաև Նրա ընտրած առաքյալների կողմից, ամենաշատը, որ նրանք ցանկանում էին՝ Սուրբ Հոգու պարգևն էր: Այս ուժգին, հզոր հոգևոր ցանկությունը կարևոր բանալի է այս պարգևը ստանալու համար:

Նախագահ Հենրի  Բ. Այրինգն ուսուցանել է. «Մեզանից շատերը … բավականաչափ հավատք ունեն, որպեսզի ժամանակ առ ժամանակ ցանկանան Սուրբ Հոգու ներկայությունը: Այդ ցանկությունը կարող է լինել թույլ և ոչ մշտական, բայց այն սովորաբար գալիս է, երբ մենք խնդիրների մեջ ենք: [Սակայն] որպեսզի մենք ապահով առաջ ընթանանք դեպի ապագան, այն պետք է դառնա կայուն և ուժգին ցանկություն»:16Եղբայրներ և քույրեր, այս պարգևը ստանալու համար մենք պետք է ցանկանանք այն մեր ողջ սրտով:

2. Արարողություններին մասնակցել արդարությամբ

Մորմոնի Գրքի այդ տեսարանին վերադառնալով` մենք բացահայտում ենք մի բանալի ևս: Իրենց ամենաշատ ցանկացած պարգևի՝ Սուրբ Հոգու մասին, աղոթելուց հետո առաքյալները մտան ջրի մեջ և մկրտվեցին: «Եվ եղավ այնպես, երբ նրանք բոլորը մկրտվել էին …, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, և նրանք լցվեցին Սուրբ Հոգով ու կրակով»:17Մկրտության արարողությունը հիշելու և հնազանդվելու, Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու և Սուրբ Հոգին ստանալու մեր ցանկության վկայությունն է: 18

Ամեն շաբաթ, ճաշակելով հաղորդությունից, մենք հնարավորություն ունենք նորացնել այդ վկայությունը, «որպեսզի [մենք] նրա Հոգին միշտ [մեզ] հետ [ունենանք]»: 19 Մկրտության ու հաղորդության արարողություններն օգնում են մեր կյանք բերել «աստվածայնության զորությունը»:20 Դրանք որոշակիորոն խորհրդանշում են աստվածային դառնալու և՛ նպատակը, և՛ գործընթացը: Մեր ամենացանկալի նպատակն է՝ նորանալ Քրիստոսով և դառնալ «նրա որդիներն ու դուստրերը»21 : Այդ նպատակին հասնում ենք շաբաթից շաբաթ, երբ ձգտում ենք հիշել ու հնազանդվել: Ես ձեզ հրավիրում եմ ամեն շաբաթ գալ Տիրոջ հաղորդությանը` հավատալով Նրա խոստումին, որ եթե մենք պահենք մեր ուխտերը, աստիճանաբար կլցվենք Սուրբ Հոգով «մինչև որ կատարյալ օր դառնա»:22

Այս տարի Սուրբ Ծնունդը կիրակի օր է: Ինչպիսի՜ օրհնություն է տոնել Քրիստոսի ծնունդն ու Նրա կատարյալ Քավությունը` այդ օրը ճաշակելով հաղորդությունից:

3. Աճող հավատք

Ամենավերջին ու ամենակարևոր բանալին, որի մասին կխոսեմ, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն է: Երբ Սուրբ Հոգին մեծ զորությամբ իջավ նրանց վրա, Քրիստոսը հայտնվեց ու աղոթեց` երախտագիտություն հայտնելով Իր Հորը, նրանց այս թանկագին պարգևը շնորհելու համար: Այնուհետև Նա ասաց այս կարևոր խոսքերը. «…Հայր, դու շնորհել ես նրանց Սուրբ Հոգին, որովհետև նրանք հավատում են ինձ»:23 Փրկիչի ու Նրա կատարյալ Քավության հանդեպ հավատքը ամեն բարի պարգևի աղբյուրն է: 24

Մեծ հավատքը Հոգու ավելի մեծ պարգևներ է բերում մեր կյանք: Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք մեծացնել Քրիստոսի հանդեպ մեր հավատը: Մենք սնվում ենք Նրա խոսքերով ու հնազանդվում ենք դրանց: Երեց Դ.  Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է. «Բոլոր Սուրբ Գրությունների հիմնական նպատակն է հավատքով լցնել մեր հոգիները Հայր Աստծո ու Նրա Որդի` Հիսուս Քրիստոսի հանդեպ»:25 Մենք հաճախ ենք հանդիպում այս ճշմարտությանը Մորմոնի Գրքում: Օրինակ, Բենիամին Թագավորն իր ժողովրդին ուսուցանեց հրեշտակից ստացած բառերը, որոնք օգնեցին նրանց ունենալ «արտասովոր հավատք» Հիսուս Քրիստոսի հանդեպ, և այդ հավատքի շնորհիվ Սուրբ Հոգին զորեղ փոփոխություն կատարեց նրանց սրտերում: 26

Եթե մենք ցանկանում ենք, որ Սուրբ Հոգին մեզ հետ լինի ողջ օրվա ընթացքում, մենք պետք է սնվենք Քրիստոսի խոսքերով ու հնազանդվենք դրանց, որոնք ստանում ենք սուրբ գրությունների, ապրող մարգարեների ու Սուրբ Հոգու հուշումների միջոցով: Լույսի և ճշմարտության այս ամենօրյա փնտրտուքը կմեծացնի Քրիստոսի հանդեպ մեր հավատքը, Նրան նմանվելու մեր ցանկությունը և Աստվածագլխի երրորդ անդամի մշտական ընկերակցությունը ստանալու մեր ունակությունը:

Եղբայրներ ու քույրեր, Աստված շռայլորեն տալիս է մեզ Իր թանկագին նվերները Սուրբ Ծնունդի ու ողջ տարվա ընթացքում:Ես աղոթում եմ, որ մենք դրանք բացենք` պտտելով այս բանալիները: Ես վկայում եմ, որ եթե մենք այդպես վարվենք, մենք քայլ առ քայլ, քիչ-քիչ կլցվենք սիրով, ուրախությամբ, խաղաղությամբ, պարզությամբ ու զորությամբ: Մենք կդառնանք «հաղորդակից աստուածային բնութեանը»:27 Մենք կուրախանանք պարգևով ու պարգևը տվողով: Եվ երբ Նա կրկին գա, մենք պատրաստ կլինենք «ընդունել [մեր] Արքային»:28 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: