Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Խաղաղության պարգևները


Խաղաղության պարգևները

Ուրախ եմ ձեզ հետ միասին Սուրբ Ծննդյան այս տոնակատարությանը մասնակցելու համար։ Մեր նպատակն է հարգել Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։ Մենք հույս ունենք ձեռք բերել Սուրբ Ծննդյան ոգին մեր և մեր սիրելիների համար։ Այդ ոգին բնութագրվում է խաղաղությամբ, բայց ոչ քաղաքական խաղաղությամբ, քանի որ Փրկիչը ծնվել է այնպիսի քաղաքական տագնապների ու խռովությունների ժամանակ, որ Նրա ընտանիքը ստիպված էր որպես փախստական փախչել Եգիպտոս, բայց ոչ տնտեսական խաղաղությամբ, քանի որ Նա ծնվեց ախոռի մի համեստ մսուրում, և նույնիսկ ոչ այն խաղաղությամբ, երբ բոլոր նվերները փաթեթավորվում են, ծառերը զարդարվում են և սեղանը պատրաստվում է, քանի որ այդ խաղաղությունը ժամանակավոր է։ Սուրբ Ծննդյան խաղաղությունն «Աստծո խաղաղությունն է, որն ամեն մտքից վեր է»։1 Դա այն խաղաղությունն է, որն ինչպես Պողոս Առաքյալն է խոստացել, «կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Հիսուս Քրիստոսում»։2 Եվ Պողոս Առաքյալը ճիշտ էր։ Մեր փնտրած այդ խաղաղությունը միայն Հիսուս Քրիստոսի միջոցով և շնորհիվ է։

Մեզանից ոմանք ապրում են գեղեցիկ և խաղաղ միջավայրում, բայց ներքուստ մնում են անհանգիստ։ Մյուսները խաղաղություն և կատարյալ հանգստություն են զգում իրենց սիրելիի կորստի, ողբերգության և շարունակական փորձությունների պայմաններում։

Բոլոր նրանց, ովքեր մտել են մահկանացու կյանք, Փրկիչն ասել է. «աշխարհում նեղություն կունենաք»։3 Բայց Իր մահկանացու ծառայության ընթացքում Նա այս գեղեցիկ խոստումն է տվել նաև Իր աշակերտներին. «Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. Ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ»։4 Մեզ համար մխիթարություն է իմանալ, որ անձնական խաղաղության այդ խոստումը տարածվում է մեր օրերի Իր բոլոր ուխտյալ աշակերտների վրա։

Դա մի խոստում է, որը տրվել է հենց Իր ծննդյան գիշերը։ Երբ երկնային սուրհանդակները հռչակեցին Փրկիչի ծնունդը, նրանք հայտարարեցին. «Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն»:5

Տարվա այս օրհնյալ օրերին, մենք, ավելի քան երբևէ, փնտրում ենք խաղաղություն՝ բոլոր պարգևները Տվողի կողմից։ Ցանկանում եմ այս երեկո կիսվել այն բազմաթիվ եղանակներից մի քանիսով, որոնց շնորհիվ մենք կարող ենք մեծացնել այն խաղաղությունը, որը մենք զգում ենք այս տոներին և ողջ տարվա ընթացքում։

Առաջինը, Նրա ծննդյան գիշերը երգող հրեշտակների նման մենք կարող ենք խաղաղություն զգալ, երբ փառաբանենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Մենք կարող ենք «գալ և երկրպագել նրան»։6

Սուրբ Ծնունդը ծննդյան տոնակատարություն է։ Բոլորս էլ հնարավորություն ենք ունեցել տեսնելու նորածնի հրաշքը։ Մենք խոնարհ ենք դառնում, երբ տեսնում ենք փոքրիկ արարածների հրաշքը և նրանց ապագա ներուժը։ Մենք քնքշանք ենք զգում։ Մենք երախտագիտություն ենք զգում։ Մենք խաղաղություն ենք զգում։ Եվ ապա սիրո զգացումն է տիրում մեր սրտերում, որը ստիպում է մեզ ընծայել ու հեզ լինել, երբ հիշում ենք, թե ում ծնունդն ենք նշում։ Որովհետև Սուրբ Ծնունդը նման չէ ուրիշ ծննդյան տոնակատարություններին ։ Հիսուսի ծնունդը կանխատեսել էին Աստծո մարգարեները դարեր առաջ։ Այդ ծնունդով իրականացավ այն խոստումը, որը հոգևոր աշխարհում տվել էր սիրող Երկնային Հայրը։ Դա խոստացված Մեսիայի ծնունդն էր։

Սուրբ Ծննդյան տոներին խոսքերը վերականգնվում են իմ հիշողության ու սրտի խորքերում։ Իմ գլխում հնչում են հրաշալի երգչախմբի ուրախ ձայները. «Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կլինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կկոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան»։7

Հիշում եմ առաջին անգամ լսեցի այդ բառերը, երբ նստած էի Սոլթ Լեյքի Թաբերնաքլի պատշգամբում։ Երգչախումբը երգում էր Հենդելի երաժշտությունը։ Հիշում եմ, որ իմ սրտում ինչ-որ բան արթնացավ։ Այդ ժամանակ ես դեռ երեխա էի։ Այժմ ես ավելի մեծ եմ և գիտեմ, թե ինչ զգացում էր դա։ Դա Սուրբ Հոգին էր, ով դարձավ ինձ զուգընկեր, երբ բոլորեցի ութ տարիս ։ Հոգին հաստատեց իմ սրտին, որ այդ երեկո հնչած բառերը ճշմարիտ էին։

Տարիներ առաջ Բեթլեհեմում ծնված մանուկը Աստծո Որդին է՝ Հոր Միածինը։ Բոլոր նրանք, ովքեր ծնկի եկան Նրա առաջ, եկել էին երկրպագելու Փրկիչին։ Նա Աստծո Գառն էր, ով ուղարկված էր, որ Իր քավիչ զոհաբերությամբ կոտրեր մահվան կապանքները։ Նա եկավ մեր ցավերն ու վշտերը կրելու զորությամբ, որ կարողանար իմանալ, թե ինչպես սատարել մեզ։ Եվ Նա ծնվեց, որպեսզի քավեր մեր բոլոր մեղքերը, որը միայն Նա կարող էր անել.

Ծնվեց, որ մարդկությունն այլևս չմեռնի,

Ծնվեց, որ հարություն բերի երկրի որդիներին,

Ծնվեց, որ երկրորդ ծնունդ տար նրանց։

Լսե՛ք, համբավաբեր հրեշտակներն են երգում

Փա՜ռք նորածին Թագավորին։8

Այդ երեկո Թաբերնաքլի պատշգամբում ինձ պատեցին հավատի ու հույսի զգացումներ։ Ես հավատ զգացի, քանի որ «մեզ համար մի մանուկ ծնվեց»։ Ես կարող էի հույս ունենալ իմ սրտում, որ մահն այլևս վերջը չէ։ Ես հարություն կառնեմ և մահվան խայթոցը կհեռացվի Երկնային Հոր բոլոր զավակների վրայից։

Սակայն ես շատ ավելին էի զգում։ Ես հույս էի զգում, որովհետև Նրա շնորհիվ ես կարող էի հետևել և ծառայել Նրան և այդպիսով, նորովի ծնվել հոգևոր կյանքով։ Նրա ծննդյան պարգևի շնորհիվ իմ սիրտը, ձեր սիրտը և բոլոր մարդկանց սրտերը կարող են փոխվել և կրկին դառնալ փոքրիկ երեխայի նման՝ անարատ, մաքուր և պատրաստ նորից դեպի տուն՝ Աստծո մոտ վերադառնալու համար, ով պարգևեց մեզ Փրկիչին և ուղի նախապատրաստեց Իր մոտ՝ Իր երկնային տուն վերադառնալու համար։ Հոր և Որդու պարգևի շնորհիվ ես երախտագիտություն ու խաղաղություն եմ զգում, որը մենք բոլորս էլ կարող ենք զգալ։

Երկրորդ, այն հովիվների նման, ովքեր տեսան մանուկ Քրիստոսին և «իմացան»9 Նրա ծնունդի ուրախ լուրը, մենք ևս կարող ենք խաղաղություն ավետել մեր ընտանիքներին և մեր սիրելիներին։ Եվ դա կատարելու ամենալավ եղանակը նրանց սուրբ գրությունների հետ ծանոթացնելն է։

Երբ մեր երեխաները փոքր էին, մենք ընտանիքով ներկայացում էինք խաղում Սուրբ Ծննդյան թեմաներով և սուրբ գրությունների խոսքերով։ Մենք այդ ներկայացումը ցուցադրում էինք Սուրբ Ծննդյան նախօրեին։ Հավանաբար, ձեզանից շատերը նմանատիպ որևէ բան արել են։

Այդ ավանդույթի ձևավորման սկզբում պահանջվում էր սահմանափակ թվով մասնակիցներ, ովքեր իրենց դերերը վերցնում էին սուրբ գրություններից։ Ես Հովսեփն էի, կինս Մարիամն էր, իսկ տիկնիկը երեխա Քրիստոսն էր։ Ժամանակի ընթացքում դերակատարներն ավելացան։ Մեզ միացավ մի փոքրիկ դերասան, ով ներկայացնում էր մանուկ Հիսուսին, ապա ավելացան խալաթներ հագած հովիվները, որպեսզի երկրպագեն մսուրի մոտ, իսկ հետո մենք կարողացանք ավելացնել թագավորներին, ովքեր բերում էին թանկարժեք արկղեր՝ նորածին Թագավորին պատվելու համար։

Մի քանի տարի անց մենք նոր ներկայացում սկսեցինք մի երեխայի հետ, ով ներկայացնում էր Սամուել Լամանացուն, ով մարգարեական զորությամբ կանգնած վկայում էր խոստացված Մեսիայի ապագա ծնունդը։ Ժամանակի ընթացքում մենք ավելացրինք անհավատ ամբոխին, ովքեր զինված փայլաթիթեղի գնդակներով գնդակոծում էին Սամուելին, ով կանգնած էր նրանց գլխավերևում։ Ամեն տարի, երբ զայրացած ամբոխն ավելի ուժեղ ու դիպուկ էր դառնում, մենք ստիպված էինք հիշեցնել նրանց, որ Սամուելին չի կարելի հարվածել, քանի որ Նա Աստծո պաշտպանված ծառան էր, և որովհետև մենք խրախուսում ու տոնում էինք խաղաղություն։

Փոքր երեխաների համար մենք դերերի կարիք ունեինք և ավելացրեցինք ոչխարներ ու գառնուկներ, որոնք չորեքթաթ քայլում էին հովիվների ու մսուրի հետևում։

Բայց հետո ժամանակ անցավ, ինչպես միշտ է լինում ։ Դերասանները մեծացան, և մենք հետ եկանք մեր նախկին դերերին։ Ես ականատես եմ եղել, թե ինչպես Հովսեփները, Մարիամները, հովիվները, ոչխարները, գառնուկներն ու թագավորները մեծացել ու սովորեցրել են իրենց սիրելիներին Փրկիչի ու այն խաղաղության մասին, որը հնարավոր է դարձել Նրա ծնունդի շնորհիվ։

Այդ ներկայացումների ժամանակ իրենց դերերի շնորհիվ նրանք սովորեցին Փրկիչի մասին և այն մասին, թե ինչու ենք մենք սիրում Նրան։ Ես երախտապարտ եմ, որ մեր երեխաները տեսան մեզ մանուկ Հիսուսին պատվելիս, ով ծնվել էր լինելու անմեղ զոհ և խաղաղության մի անգին պարգև մեր Երկնային Հոր կողմից Իր բոլոր զավակների համար։

Երրորդ, որպես հարություն առած Տիրոջ աշակերտներ, Մոգերի նման մենք կարող ենք սիրո և խաղաղության ընծաներ մատուցել։

Ռեքսբուրգ, Այդահո ծխի Եպիսկոպոս Սելլերսն այդպես վարվեց եպիսկոպոս կանչվելուց տարիներ անց։ Նրա ծխի հավաքատունը մոտ էր այն մայրուղուն, որն անցնում էր մի փոքրիկ քաղաքի միջով։ Գործազրկության այդ օրերին խեղճ ու կրակ մարդկանցից շատերը տեղից-տեղ էին տեղափոխվում այն հույսով, որ կկարողանան ինչ-որ կերպ գոյատևման միջոցներ գտնել։ Հաճախ նրանք դիմում էին Վերջին Օրերի Սրբերի եպիսկոպոսներին։ Երբեմն մյուս եպիսկոպոսները նրանց ուղարկում էին Եպիսկոպոս Սելլերսի տուն։

Պատճառ կար դրա համար։ Սելլերսների ընտանիքը հյուրընկալ էր կարիքավոր օտարականների համար։ Ընտանիքով ընթրելու փոխարեն նրանց սեղանի շուրջը միշտ կային մեկ, երկու և նույնիսկ ավելի օտարականներ։ Երբ հյուրերը վայելում էին Քույր Սելլերսի պատրաստած համեղ կերակուրը, եպիսկոպոսը նրանց տալիս էր մեկական բաճկոն` բանակային այն բաճկոնների ավելցուկից, որը նա գնել էր։

Փաթաթված տաքուկ բաճկոնի մեջ և ձեռքին ունենալով Քույր Սելլերսի պատրաստած մեկ այլ կերակրի փաթեթ, նրանք դուրս էին գալիս և դիմավորում ձմռան օրը ջերմ սրտերով։ Այդ օրվա պատկերը, ձայները և զգացողությունները մնում էին նրանց հետ։ Քանի որ Ռեքսբուրգում ամենացուրտ եղանակը Սուրբ Ծննդյան օրերին էր, և այդ ընտանիքը բարեգործություն էր անում կլոր տարին, Սելլերսների տան երեխաները պահպանում էին այն ամենի հիշողությունը, ինչ Փրկիչն ինքը կաներ և այդ անում էին Նրա համար։

Դուք և ձեր ընտանքիները կձևավորեք ձեր Սուրբ Ծննդյան ավանդույթները, որոնք կհամապատասխանեն ձեր պայմաններին, սակայն դրանք ինչ-որ ընդհանուր բան կունենան իրար հետ։ Դրանք սրտեր կդարձնեն դեպի Փրկիչը։ Եվ դրանք կընդգրկեն բարության արարքներ, որոնք արժանի կլինեին Փրկիչի հավանությանը։ Նա ասել է.

«Որովհետեւ սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել. Ծարաւեցի եւ խմեցրիք ինձ. օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք.

Մերկ էի, եւ հագցրիք ինձ. Հիւանդ էի, եւ ինձ այցելեցիք. * բանտի մէջ էի, եւ ինձ մօտ եկաք»։10

Եվ Նա կասի. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք»։11

Հրեշտակները, հովիվները և Մոգերը ձգտում էին խաղաղություն հաստատել, որը սկիզբ էր առնում Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքից։ Փրկիչի ծնունդն այն պարգևն է, որի շնորհիվ Հայրը մեզ տալիս է«խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում»։12 Հոգևոր աշխարհում մենք ուրախությունից բացականչեցինք, երբ լսեցինք այդ խոստումը։ Խաղաղությունն ու ուրախությունը կրկին անգամ մեզ այցելում են, երբ լսում ենք այն երգի խոսքերը, որոնք հռչակում են, որ Աստծո սիրառատ խոստումը կատարվել է.

Շուրջն ամեն տեղ պայծառ լույսեր։ 

Հեռու երկնից իջնող փառքեր,

Երգում են բյուր հրեշտակներ,

Ծնվեց Փրկիչը մեր։13

Ես աղոթում եմ, որ խաղաղությունը գա և լինի բոլորիս հետ, երբ մենք հիշենք, սիրենք և երկրպագենք մեր սիրելի Երկնային Հորը և պահենք Նրա հետ կապած մեր ուխտերը։ Թող որ մենք միշտ հիշենք այն ծառայությունն ու բարությունը, որը Հիսուս Քրիստոսը մատուցեց Իր մահկանացու ծառայության ժամանակ և որոշենք նույն կերպ վարվել։

Ես վկայում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է, Հոր սիրելի Որդին։ Ես վկայում եմ, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Աստծո ապրող մարգարեն է։ Նրա և Առաջին Նախագահության ցանկությունն է, որ այս տոներին և այսուհետ ունենաք ուրախության, սիրո և խաղաղության զգացումները, որոնք Փրկիչը խոստացել է Իր հավատարիմ ու խոնարհ աշակերտներին։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։