Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Չորս պարգև, որոնք Հիսուս Քրիստոսն առաջարկում է ձեզ


Չորս պարգև, որոնք Հիսուս Քրիստոսն առաջարկում է ձեզ

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, տարվա ինչպիսի՜ հրաշալի օրեր են։ Մենք սիրում ենք «Օ՜հ, եկեք բոլոր հավատարիմներդ»1 երգը և անհամբերությամբ գալիս ենք երկրպագելու Նրան․ Հիսուս Քրիստոսին, Բեթլեհեմի այդ եզակի մանկանը, «Հին Կտակարանի Մեծ Եհովային և Նոր կտակարանի Մեսիային»։2

Այս երեկո եկեք միասին մտածենք այն օրհնությունների մասին, որոնք ստանում ենք, երբ կենտրոնանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի կյանքի, առաքելության, վարդապետության և Քավության վրա։ Ես հրավիրում եմ ձեզ, ինչպես Բենիամին թագավորն արեց իր օրերի Սրբերի համար, «խորհել օրհնված և երջանիկ վիճակի վրա նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները»։ Այդ օրհնությունը մեր օրերի և մեզ համար է, սակայն կավելացնեմ դրան «երբեք չվերջացող երջանկության» խոստումը։3 Պարզ ասած, Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները կարող են հավիտյան անասելի ուրախություն ունենալ։

Դրա մասին ինձ հիշեցվեց այն օրը, երբ հանդիպեցի Լիդիա անունով մի հրեշտակի։ Այդ հրեշտակը սպիտակ հանդերձներ չուներ և նա մեր տեսակցությունը հեշտ դարձրեց, երբ այցելեց իմ գրասենյակ։ Լիդիան 12 տարեկան է։ Ինձ ասել էին, որ նա տառապում է ուղեղի քաղցկեղի հազվադեպ և ագրեսիվ մի տեսակից։4 Նա ուներ հրեշտակային դեմք և իր տարիքին ոչ համապատասխան ինքնատիրապետում։ Երբ զրուցում էինք նրա կյանքի և ապագայի մասին, նա հանգիստ ու խաղաղ էր։ Երբ ես նրան հարցրեցի, թե արդյո՞ք հարց ունի իմ համար, նա արագ պատասխանեց․ «Ինչպիսի՞ն է երկնքում»։ Սա հանգեցրեց անկեղծ քննարկման՝ կյանքի նպատակի և օրհնությունների մասին, որոնք մեր Երկնային Հայրն ու Նրա Սիրելի Որդին առաջարկել են նրանց, ովքեր պատվում ու հետևում են Նրանց:

Նկար
Լիդիան և Նախագահ Նելսոնը

Լիդիայի և նրա ընտանիքի հավատքն ինձ մեծապես հուզում է։ Չնայած նա դիմակայում է այս երկրային կյանքին վերաբերող շատ դժվարին մարտահրավերի, Լիդիան լցված է հավատքով: Նա ունի հավերժական հեռանկար։ Նա գիտի, որ Տերը սիրում է իրեն և հոգ է տանում իր մասին։ Նրա նվիրված ընտանիքը լցված է նույն խաղաղությամբ և հանդարտությամբ, որը կարող է միայն առաջանալ Տիրոջ հանդեպ սիրուց։

Լիդիայի ցանկությունն էր հանդիպել Տիրոջ Եկեղեցու Նախագահին, սակայն նրա ցանկությունն ավելին էր, քան մահկանացու կյանքում այդ եզակի փորձառությունը։ Նրա մեծագույն ցանկությունն է իր ընտանիքի հետ հավերժ ապրել սելեստիալ արքայությունում։ Նրա այդ ցանկությունն ընդգրկում է նաև Երկնային Հոր և Հիսուս հետ լինելը:

Իրոք, մեր ցանկությունները հրաշալի ձևով ազդում են մեզանից յուրաքանչյուրի վրա՝ ոչ միայն այստեղ և այժմ, այլև՝ դրանից դուրս: Մտածեք Ալմայի այս հայտարարության կարևորությունը․ «[Տերը] մարդկանց բաժին է տալիս ըստ նրանց ցանկության»։5

Ցանկությունը կարևոր է ընծաներ նվիրելու այս օրերին, երբ հատկապես, ուշադրություն ենք դարձնում այն մարդկանց ցանկություններին, ում մենք սիրում ենք։ Այս օրերին, ես հրավիրում եմ խորհել ձեր ցանկությունների շուրջ։ Որո՞նք են ձեր ամենամեծ ցանկությունները։ Ի՞նչ եք իսկապես ցանկանում զգալ և իրագործել այս կյանքում։ Արդյո՞ք իսկապես ցանկանում եք ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին։ Արդյո՞ք իսկապես ցանկանում եք հավերժ ապրել Երկնային Հոր և ձեր ընտանիքի հետ և ապրել Նրա նման։

Եթե դուք ունեք այդ ցանկությունները, դուք կցանկանաք ընդունել այն բազում պարգևները, որոնք Տերն առաջարկել է, որպեսզի օգնի ձեզ և ինձ՝ մեր մահկանացու փորձաշրջանի ժամանակ։ Եկեք կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի այն չորս պարգևների վրա, որոնք Հիսուս Քրիստոսը տվեց բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ստանալ դրանք։6

Առաջինը, ինձ և ձեզ Նա տվել է սիրելու անսահման ունակություն։ Դա իր մեջ ընդգրկում է ոչ սիրելի մարդկանց և այն մարդկանց սիրելու ունակությունը, ովքեր ոչ միայն չեն սիրում ձեզ, այլ ներկայումս հետապնդում և չարակամ օգտագործում են ձեզ։7

Փրկիչի օգնությամբ մենք կարող ենք սովորել սիրել, ինչպես Նա սիրեց։ Դրա համար կարող է պահանջվել սրտի փոփոխություն, ամենից շատ կպահանջվի մեղմացնել մեր սրտերը, երբ մենք Փրկիչի կողմից ուսուցանվենք, թե ինչպես կարող ենք իսկապես հոգ տանել միմյանց մասին։ Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք իսկապես կարող ենք սպասավորել Տիրոջ ձևով, երբ ընդունենք սիրո Նրա պարգևը։

Խնդրեք Տիրոջ օգնությունը՝ սիրելու այն մարդկանց, ում Նա ցանկանում է, որ սիրեք, այդ թվում նաև նրանց, ում հանդեպ միշտ չէ, որ հեշտ է համակրանք զգալ։ Դուք նույնիսկ կարող եք խնդրել Աստծուն, որ Նրա հրեշտակները քայլեն ձեզ հետ այն վայրերում, որտեղ դուք չեք ցանկանում քայլել։8

Երկրորդ պարգևը, որը Փրկիչն առաջարկում է ձեզ, դա ներելու ունակությունն է։ Իր անսահման Քավության շնորհիվ կարող եք ներել նրանց, ովքեր վիրավորել են ձեզ և ովքեր երբեք պատասխանատվություն չեն կրի ձեր հանդեպ կատարած դաժանության համար:

Հաճախ հեշտ է ներել այն մարդուն, ով անկեղծորեն և խոնարհաբար հայցում է ձեր ներողամտությունը: Սակայն, Փրկիչը ձեզ կշնորհի բոլորին ներելու ունակությունը, ովքեր որևէ կերպ վատ են վերաբերվել ձեզ։ Ապա, նրանց վնասակար արարքներն այլևս չեն կարող թունավորել ձեր հոգին։

Փրկիչի երրորդ պարգևն ապաշխարությունն է։ Այդ պարգևը միշտ չէ, որ լավ է հասկացվում։ Ինչպես գիտեք, Նոր Կտակարանը սկզբում գրվել է Հունարեն լեզվով։ Այն հատվածներում, որտեղ Փրկիչը մարդկանց կոչ է անում ապաշխարել, այն բառը, որը թարգմանվել է «ապաշխարել», հունարեն metanoeo եզրույթն է։9 Դա հունարեն շատ ազդեցիկ բայ է։ Meta նախածանցը նշանակում է «փոխել»: Մենք նույնպես օգտագործում ենք այդ նախածանցն անգլերեն լեզվում։ Օրինակ, metamorphosis բառը նշանակում է «ձևի կամ կազմության փոփոխություն»։ Noeo վերջածանցը վերաբերում է հունարեն մի բառի, որը նշանակում է «միտք»։10 Նաև վերաբերում է հունարեն այլ բառերի, որոնք նշանակում են «գիտելիք»,11 «հոգի»12 և «շունչ»։13

Արդյո՞ք սկսում ենք տեսնել լայնությունը և խորությունն այն ամենի, ինչ Տերը տալիս է մեզ, երբ Նա առաջարկում է մեզ ապաշխարելու պարգևը։ Նա հրավիրում է մեզ փոխել մեր միտքը, մեր գիտելիքը, մեր հոգին, նույնիսկ՝ մեր շունչը։ Օրինակ, երբ մենք ապաշխարում ենք, մենք շնչում ենք Աստծո հանդեպ երախտագիտությամբ, ով մեզ շունչ է պարգևում ամեն օր։14 Եվ մենք ցանկանում ենք այդ շունչն օգտագործել Նրան և Նրա զավակներին ծառայելու նպատակով։ Ապաշխարությունն ապշեցուցիչ պարգև է։ Այն երբեք չվախենալու գործընթաց է։ Մեզ համար դա մի պարգև է, որը պետք է ընդունենք ուրախությամբ և ամեն օր օգտագործենք, նույնիսկ, հարել նրան, երբ ձգտում ենք նմանվել մեր Փրկիչին։

Լամոնի թագավորի հայրը հասկացավ, թե ինչ էր սպասվում նրանց, ովքեր հավատացել են Քրիստոսին և հետևել Նրան։ Նա հայտարարեց, որ կթողնի բոլոր իր մեղքերը՝ Տիրոջը ճանաչելու արտոնության համար։15 Իրական ապաշխարությունը մեկ իրադարձություն չէ։ Դա անվերջանալի արտոնություն է։ Դա առաջընթացի, մտքի խաղաղության, մխիթարության և ուրախության գրավականն է։

Մեր Փրկիչի չորրորդ պարգևն իրականում խոստում է՝ հավիտենական կյանքի մի խոստում։ Սա չի նշանակում, որ պարզապես ապրում ենք շատ երկար ժամանակ: Մահից հետո բոլորը կապրեն հավիտյան, անկախ նրանից, թե փառքի որ աստիճանին կարժանանան։ Բոլոր մարդիկ հարություն կառնեն և անմահ կդառնան։ Բայց հավերժական կյանքը շատ ավելին է, քան ժամանակի հատկացում: Հավերժական կյանքը՝ կյանքի այնպիսի տեսակ ու որակ է, որով ապրում են Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին։ Երբ Հայրն առաջարկում է հավիտենական կյանք, Նա ըստ էության ասում է․ «Եթե դու ցանկանում ես հետևել իմ Որդուն, եթե քո ցանկությունն է իսկապես դառնալ Նրա նման, ապա որոշ ժամանակ անց դու կապրես մեր նման և կնախագահես աշխարհներ և թագավորություններ, ինչպես մենք ենք անում»։

Այս չորս անկրկնելի պարգևները մեզ ավելի ու ավելի շատ ուրախություն կպարգևեն, երբ մենք ընդունենք դրանք: Դրանք հնարավոր դարձան, քանի որ Եհովան իջավ երկիր՝ որպես մանուկ Հիսուս։ Նա ծնվեց անմահ Հորից և մահկանացու մորից։ Նա ծնվեց Բեթլեհեմում՝ ամենահամեստ պայմաններում։ Նրա սուրբ ծնունդը կանխատեսվել էր Ադամի օրերից ի վեր։ Հիսուս Քրիստոսն Աստծո բացառիկ պարգևն է՝ Հոր պարգևն Իր բոլոր զավակներին։16 Այդ ծնունդը մենք ուրախությամբ նշում ենք ամեն Սուրբ Ծննդյան օր:

Մեր մտքերն ու զգացումները կենտրոնացնելով աշխարհի Փրկիչի վրա, ուրիշ ի՞նչ մենք պետք է անենք, որպեսզի ստանանք այս պարգևները, որոնք այդքան պատրաստակամորեն առաջարկվել է մեզ Հիսուս Քրիստոսի կողմից։ Ո՞րն է՝ Նրա նման սիրելու, Նրա նման ներելու, ապաշխարելու միջոցով Նրա նման դառնալու և, ի վերջո, Նրա և մեր Երկնային Հոր հետ ապրելու բանալին։

Բանալին այն է, որ կապենք ու պահենք սուրբ ուխտերը։ Մենք ենք ընտրում՝ ապրել և մնալ Տիրոջ ուխտի ճանապարհի վրա։ Դա դժվարին ճանապարհ չէ։ Դա է այս կյանքում իսկական ուրախության և գալիք կյանքում հավերժական կյանքի ճանապարհը։

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, Երկնային Հոր բոլոր զավակների համար իմ ամենամեծ ցանկությունն է, որ նրանք հնարավորություն ունենան լսելու Հիսուս Քրիստոսի ավետարանը, ականջ դնեն Նրա ուսմունքներին և որ Իսրայելը հավաքվի այս վերջին օրերին: Եվ ես ցանկանում եմ, որ հավատանք և ստանանք յուրաքանչյուրիս հանդեպ ունեցած Փրկիչի սերը։ Նրա անսահման և կատարյալ սերը մղեց Նրան քավություն կատարել ձեզ համար և ինձ համար։ Այդ պարգևը, Նրա Քավությունը, թույլ է տալիս, որ Նրա մյուս պարգևները դառնան մերը:

Առաջիկա օրը, Հազարամյակի ընթացքում, որի համար մենք պատրաստվում ենք․ «ամեն ծունկ պիտի ծալվի, և ամեն լեզու պիտի խոստովանի»,17 որ Հիսուսը Քրիստոսն է։ Եվ դա ոչ միայն կլինի Տաճարային Հրապարակի Թաբերնաքլի այս հրաշալի Երգչախմբի հնչող «Ալելուիան»։18 Յուրաքանչյուր ոք, ով ընտրել է հետևել Հիսուս Քրիստոսին, կերգի և կբացականչի․ «Ալէլո՜ւիա, որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց»:19 «Աշխարհքի թագաւորութիւնները մեր Տիրոջը եւ նորա Քրիստոսինը եղան. Եւ նա կ’թագաւորէ յաւիտեանս յաւիտենից»,20 «Թագավորների թագավոր և Տերերի Տեր»։21

Ես վկայում եմ, որ Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է՝ Մեսիան: Սա Նրա Եկեղեցին է, որը Նա առաջնորդում է Իր մարգարեների միջոցով։ Խոնարհաբար, մենք Նրա օրհնություններն ենք հայցում բոլորիդ համար, նաև, որ ցանկություն և ունակություն ունենաք ընդունելու Փրկիչի առաջարկած պարգևները, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։