Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Սուրբ Ծննդյան իրական ուրախությունը


Սուրբ Ծննդյան իրական ուրախությունը

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ուրախ եմ այս երեկո ձեզ հետ լինելու համար, երբ մենք երգով ու տաղով տոնում ենք մեր Փրկիչ և Քավիչ, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը։

Սուրբ Ծնունդը տարվա ամենափառավոր օրն է։ Այդ օրը մեզանից շատերը զբաղված են լինում։ Ես աղոթում եմ և հույս ունեմ, որ մենք այդ օրերին այնքան ծանրաբեռնված չլինենք, որ չկենտրոնանանք սխալ բաների վրա և բաց թողնենք Բեթլեհեմի Սրբի ծննդյան օրվա հիշատակի պարզ ուրախությունը։

Սուրբ Ծննդյան իրական ուրախությունը չի գալիս՝ շտապելով և աճապարելով իրագործելու ավելին։ Մենք զգում ենք Սուրբ Ծննդյան իրական ուրախությունը, երբ այդ օրը մենք Փրկչին պահում ենք մեր ուշադրության կենտրոնում։

Ծնված ախոռում, բարուրված մսուրում, Նա իջավ երկնքից՝ ապրելու Երկրի վրա որպես մահկանացու մարդ և հաստատելու Աստծո արքայությունը։ Նրա փառահեղ ավետարանը փոխեց աշխարհի մտածելակերպը։ Նա ապրեց մեզ համար և Նա վախճանվեց մեզ համար։ Ի՞նչ կարող ենք փոխարենը վերադարձնել Իրեն։

Ինձ դուր են գալիս անգլիական գրող Քրիստինա Ռոզետիի խոսքերը․

Ի՞նչ կարող է տալ Նրան

ինձ նման աղքատը։

Եթե ես հովիվ լինեի,

Ես կբերեի գառ։

Եթե իմաստուն լինեի,

Ես իմ մասը կանեի:

Սակայն, ի՞նչ կարող եմ տալ Նրան՝

Սիրտս միայն։1

Սուրբ Ծննդյան մեր տոնակատարությունը պետք է լինի Փրկչի սիրո և անձնազոհության արտացոլումը։ Նվիրելիս, այլ ոչ թե ստանալիս է Սուրբ Ծննդյան ոգին լիարժեք ծաղկում ապրում։ Մենք ավելի բարյացակամ ենք զգում մեկս մյուսի հանդեպ։ Մենք սիրով օգնության ենք հասնում դժբախտներին։ Մեր սրտերը փափկում են։ Թշնամիները ներվում են, ընկերները՝ հիշվում, և Աստծուն հնազանդվում։ Սուրբ Ծննդյան ոգին փոխում է աշխարհի հանդեպ մեր հայացքները, և մենք վեր ենք նայում մեր զբաղված կյանքի միջից և հետաքրքրությունը կենտրոնացնում ավելի շատ մարդկանց, քան իրերի վրա։ Սուրբ Ծննդյան ոգու իրական նշանակությունը հասկանալու համար մենք միայն պետք է հեռացնենք վերջին վանկը և այն կդառնա Քրիստոսի ոգին։

Նախագահ Դեյվիդ Օ․ Մակքեյն ասել է․ «Իսկական երջանկությունը գալիս է միայն ուրիշներին երջանկացնելուց՝ Փրկչի վարդապետության գործնական կիրառությունից՝ կորցնել մեկի կյանքը, որպեսզի վերագտնեք այն։ Կարճ ասած, Սուրբ Ծննդյան ոգին դա Քրիստոսի ոգին է, որը ստիպում է մեր սրտերը սիրով այրվել եղբայրական սիրով և բարեկամությամբ և հուշում է մեզ բարի գործեր անել։

Դա է Հիսուս Քրիստոսի ավետարանի ոգին, հնազանդություն, որը կբերի «խաղաղություն երկրին», քանի որ դա նշանակում է՝ բարի կամք բոլոր մարդկանց նկատմամբ»։2

Մենք պետք է տանք, ինչպես Փրկիչը տվեց։ Ինքներս մեզ նվիրելը սրբազան պարգև է։ Մենք տալիս ենք այն որպես հիշատակ Փրկչի տված բոլոր բաների համար։ Նվիրելիս, բացի մեր տված նվերներից, որոնք, վերջ ի վերջո, կկոտրվեն կամ կմոռացվեն, մենք նաև պետք է տանք նվերներ, որոնք ունեն հավերժական արժեքներ։ Որքան լավը կլիներ աշխարհը, եթե մենք բոլորս նվիրեինք հասկացողության և գթասրտության, ծառայության և բարեկամության, բարության և քնքշության ընծաներ։

Երբ սուրբ Ծննդյան օրերը պարուրեն մեզ իրենց ողջ փառքով, թող որ մենք Իմաստունի նման փնտրենք պայծառ, հատուկ աստղ, որը կուղեկցի մեզ Փրկչի ծննդյան տոնակատարության ժամանակ։ Թող որ մենք բոլորս ոգով ճանապարհորդենք Բեթլեհեմ, որպես Փրկչի համար ընծա մեզ հետ վերցնելով քնքուշ, հոգատար սիրտ։

Իմ եղբայրներ և քույրեր, թող որ բոլորդ ուրախ անցկացնեք Սուրբ Ծննդյան տոները։ Դա է իմ հոյսը և ես աղոթում եմ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։

Հղումներ

  1. In Jack M. Lyon and others, eds., Best-Loved Poems of the LDS People (1996), 166–67.

  2. David O. McKay, Gospel Ideals (1953), 551.