Երեկո Բարձրագույն Իշխանության հետ
Հիսուս Քրիստոսն է պատասխանը


Հիսուս Քրիստոսն է պատասխանը

Երեկո Բարձրագույն Իշխանության հետ • Փետրվարի 8, 2019 • Սոլթ Լեյք Սիթիի Թաբերնաքլ

Եղբայրներ և քույրեր․ դուք՝ ովքեր գտնվում եք այստեղ, Տաճարային հրապարակի Թաբերնաքլում և դուք՝ ովքեր հավաքվել եք աշխարհով մեկ, Քույր Ռասբենդը և ես պատիվ ունենք լինելու ձեզ հետ՝ այստեղ: Ես տեսնում եմ, թե ինչպես են սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչները փոխել իմ կյանքը։ Նույնիսկ այսօր տեսնում եմ իմ ուսուցիչների թողած անջնջելի հետքը նրա վրա, թե ինչպես եմ ուսումնասիրում սուրբ գրությունները, և հատկապես, թե որքան շատ եմ սիրում Մորմոնի Գիրքը։

Նաև գնահատում եմ ապահով վայրում իմ շփումն ընկերներիս հետ, ովքեր վայելում էին միասին անցկացրած ժամանակը ավետարանական միջավայրում։ Ավագ դպրոցում մենք ժամանակ էինք անցկացնում սեմինարիայի շենքում, իսկ համալսարանում՝ ինստիտուտի շենքում։ Ես, հատկապես, անհամբեր սպասում էի Մելանի Թվիթչերին հրավիրելու ինստիտուտի պարերին։ Մելանին այժմ իմ գեղեցիկ, հիանալի կինն է։

Լինելով սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչներ դուք երկար ժամեր եք տրամադրում՝ Հիսուս Քրիստոսի մոտ հոգիներ բերելու համար։ Դուք աղոթում եք ձեր ուսանողների համար, դուք սովորում եք, որպեսզի կարողանաք պատասխանել նրանց հարցերին, դուք պատրաստվում եք հոգևորապես, որպեսզի Հոգով ուսուցանեք, դուք բարձրացնում, ներգրավվում և պարզաբանում եք ավետարանի ճշմարտությունները։

Երբ Տերը փնտրում է նրանց, ովքեր կարող են օգնել այն ուսանողին, ով դժվարություններ ունի, այն երիտասարդներին, ովքեր վստահ չեն իրենց վկայությունների մեջ, Իր թանկագին զավակներից մեկին, ով մերժում է վկայությունը և հասկացողությունը, Նա պատրաստել է ձեզ ծնողների և եկեղեցու ղեկավարների հետ թիմային աշխատանքին մասնակցելու համար։ Դուք կանգնում եք ձեր ուսանողների առջև և վերահաստատում եք այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, որ մեր Երկնային Հայրը սիրում է մեզանից յուրաքանչյուրին, և որ մենք տեղ ունենք Նրա հավերժական ծրագրում: Եվ ամենակարևորը, որ դուք իսկապես հավատում եք դրան։

Ինչպես Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն է հաճախ ասել, դուք «Աստվածանից եկած վարդապետ եք»։1

«Քանի՜-քանիս են … բերվել՝ երգելու քավիչ սերը, և դա՝ նրա խոսքի զորության պատճառով, որը [ձեր] մեջ է, հետևաբար, մի՞թե [դուք] մեծ պատճառ չունեք ցնծալու:

Այո, [դուք] նրան հավիտյան գովաբանելու պատճառ ունեք, քանզի նա Բարձրյալ Աստվածն է»։2

Սակայն, երբեմն, բարձրացնելու, ուսուցանելու և խրախուսելու ծանրությունը գրեթե ավելին է, քան դուք կարող եք կրել: Տերը գիտի, որ հոգիներն Իր մոտ բերելու աշխատանքը կարող է դժվար լինել։ Ես իմացա այդ մասին Նյու Յորք Սիթիում միսիայի նախագահ ծառայելու ժամանակ, երբ Ալմայից մի հատված հոգուս հետ խոսեց․ «Այսպիսով, երբ մեր սրտերն ընկճված էին, և մենք քիչ էր մնում ետ դառնայինք, ահա, Տերը հանգստացրեց մեզ, և ասաց. Գնացե՛ք ձեր եղբայրների՝ … մեջ, և համբերությամբ տարեք ձեր չարչարանքները, և ես ձեզ հաջողություն կտամ»։3

Հակառակորդը բավարարված չէ Երկրի վրա Աստծո արքայությունում կատարած իր բացասական ազդեցությամբ։ Նա ավելին է ցանկանում։ Նա հարձակողական և անողոք է։ Նա թիրախավորում է ձեր հոգածության տակ գտնվողներին․ մենք ականատես ենք լինում ոմանց մոտ, նրանց «սրտերը նվաղում են վախից»։4

Նկար
երիտասարդ աղջիկը մտածում է

Որոշ ուսանողներ շեղվում են, բայց Տիրոջ Հոգով դուք կարող եք օգնել նրանց վերադառնալ: Հիշեք Պողոս Առաքյալի խոսքերը․ «Նեղուած ենք, բայց չենք ճնշուած. կարօտ ենք, բայց չենք տարակուսել. Հալածուած, բայց երեսից չ’ընկած. վայր ընկած, բայց չ’կորած»։5

Ինչո՞ւ:

Քանի որ Քրիստոսի աշխատանքը հրավիրում է մեզ այս հավիտենական խոստմանը․ «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»։6

Տերն ասել է․ «Ուստի, ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին. և դուք պիտի վկայություն բերեք իմ մասին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի, որ ես կենդանի Աստծո Որդին եմ, ես, որ էի՛, որ ե՛մ, և որ գալու եմ»7

Մենք չենք կարող «ուրախ [լինել]»8 և թաղվել վախի մեջ։ Ուրախությունն ու վախը չեն կարող միևնույն ժամանակ գոյատևել։ Եվ եթե մենք հետևում ենք Տիրոջ պատվիրանին, եթե մենք ուրախ լինենք, մենք պատրաստակամ կլինենք վկայել Նրա՝ աշխարհի Փրկիչի մասին: Մենք կճանաչենք նրան, թե ով է Նա և կճանաչենք այն եզակի դերը, որը նա ունի՝ բարձրացնելու մեզ աշխարհի խնդիրներից հոռու և վեր:

Ուրախ լինել՝ նշանակում է վստահել Նրան, երբ գործերը մեր պլանավորածի նման չեն ընթանում։ Դա նշանակում է՝ շարունակել, երբ կյանքի դժվար ցնցումները և առաջադրանքները մեզ անսպասելի ուղղություններով են տանում, երբ ողբերգությունը և դժվարությունները խորտակում են մեր երազանքները: Սակայն Տերը հիշեցնում է մեզ․ «Այս աշխարհում ձեր ուրախությունը լիակատար չէ, բայց ինձանով ձեր ուրախությունը լիակատար է»։9

Ձեր դասարաններում կարող եք տեսնել, թե որ ուսանողն է ապրում «ուրախ լինելու» սկզբունքով։ Նրանք դեռևս ունեն մարտահրավերներ և խնդիրներ, բայց նրանք դիմակայում են Աստծո հանդեպ հավատով ու վստահությամբ: Նրանք նստում են դասարանում, պատրաստ պատասխանելու հարցերին, հույսով՝ իմանալու ուսուցանված ճշմարտությունները և վստահ լինելով, թե ով են իրենք: Նրանց համար «Աստծո զավակն եմ»10 իմացությունը և գիտելիք է և ապահովություն, և ոչ միայն Երեխաների միությունում երգի բառերի անցյալի հիշողություն։ Նրանք հաճախում են՝ փնտրելով հոգևոր փորձառություններ, հասկացողություն և բովանդակություն, որոնք կօգնեն նրանց գտնել իրենց հարցերի պատասխանները։ Նրանք ցանկանում են, որ իրենց հույսն ամրապնդվի, երբ նրանք նավարկում են կռվախնդիր աշխարհում, և անկախ ունեցած բազմաթիվ ճնշումների՝ նրանց աչքերի լույսը հաղթահարում է ամենօրյա կյանքի խնդիրները:

Սեմինարիայի և ինստիտուտի իմ ժամանակներում, կարծես շատ վաղուց էր, ուսանողները դասարան էին մտնում հավատալով, կամ այդպես էր ինձ թվում։ Նրանք ցնցված չէին համացանցում տեղ գտած նյութերից, քանի որ չկար համացանց։ Նրանք չունեին նույն մտահոգությունները, որոնք աշխարհն էր շպրտել նրանց վրա՝ կրոնի, հայտնության, մարգարեների կամ Աստծո հանդեպ հավատքի մասին։

Եվ ի՞նչ կասեք հետևում նստած ուսանողների մասին, ովքեր ննջել են գրքերի վրա։ Կա՞մ էլ այն աղջկա, ով նոր է կտրել իր ամբողջ մազերը և չի նայում ձեր աչքերին։ Ի՞սկ այն երկուսը, ովքեր սովորաբար դասարան էին մտնում զրուցելով, իսկ այժմ գրեթե չեն խոսում իրար հետ։ Ի՞նչ կասեք այն գերազանցիկ ուսանողի մասին, ով կարծես թե կորցրել է հետաքրքրությունն ավետարանի քննարկումների մասին և ավելի շատ բացակայում էայժմ, քան՝ հաճախում։ Ի՞նչ կասեք ոմանց անհետաքրքիր դեմքերի, դատարկ հայացքների և սովորել չցանկանալու նրանց ջանքերի մասին։ Որոշ ուսանողներ գալիս են դասարան, նստում, իսկ հետո փախչում դռան արանքով՝ իրենց հետ տանելով ոչինչ, նույնիսկ՝ Հոգին։ Լարվածությունը, վախը, գայթակղությունը, ճգնաժամը և հիասթափությունը գողացել են նրանց թանկագին կյանքը։

Նկար
ընկճված երիտասարդ տղա

Երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ․ «Ի՞նչ է կատարվում»։ Ես հարցրել եմ։

Վախ և հուսահատություն։ Ահա, թե ինչ է կատարվում։ Վախ՝ ընկերների կողմից ընդունված չլինելու համար։ Վախ՝ ուսման առաջադիմության համար, տանը ունեցած ճնշումներ և խնդիրներ, որոնք նրանք չեն կարող լուծել։ Վախ, որ նրանք չեն կարող վստահել որևէ մեկին և ոչ մեկը չի վստահում նրանց։ Միայնակ մնալու վախ և խմբերում մնալու վախ։ Վախ, որ իրենք բեռ են ուրիշների համար։ Վախ՝ կազմավորված կրոնի կամ ցանկացած կրոնի համար։ Վախ, որ չկա որևէ լուծում կամ ամոքում իրենց ցավի։ Վախը բերում է վհատության և հուսահատության, անհանգստության և ընկճվածության․ վախը ծնում է վրդովմունք, որը լավ ավարտի չի հանգեցնում։ Վախը մարդկանց դրդում է հավատալ, որ ոչ-ոք չի հասկանա, և որ ամենավատն այն է, որ ոչ-ոք նույնիսկ չի հարցնի, թե «Ի՞նչ է պատահել»։

Ցավալի է, որ վախն իր բոլոր ձևերով հանդերձ դրսևորվում է ամենադաժան ավարտով՝ ինքնասպանությամբ։

Երբ Յուտայի նահանգապետն անցյալ տարի ստեղծեց աշխատանքային խումբ, որպեսզի երիտասարդների ինքնասպանությունների աճի խնդիրն ուսումնասիրվի, նա խնդրեց Նախագահ Ռասսել Մ. Նելսոնին, որ նա Եկեղեցու որևէ ղեկավարի նշանակեր այդ ծառայությանը։ Նախագահ Նելսոնն այդ կարևոր պարտականությունը նշանակեց ինձ Ես սովորեցի, որ ոչ-ոք անձեռնմխելի չէ: Երիտասարդների ինքնասպանությունը աշխարհով մեկ տարածված ճգնաժամ է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինքնասպանությունը  15-ից  24 տարեկան երիտասարդների շրջանում մահվան երեք կարևոր պատճառներից մեկն է։ Եվ այս մեկը․ «Ինքնասպանության փորձերը 20 անգամ ավելի շատ են, քան կատարված ինքնասպանությունները»։11Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, դա դաժան վիճակագրություն է։

Մենք բոլորս պետք է հաշվի նստենք այդ խնդրի հետ։ Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, պետք է հանձն առնենք անելու այն ամենը, ինչ կարող ենք, որպեսզի փոխենք այն կարծիքը, որ ինքնասպանությունը խնդիրների լուծումն է, որի մասին արժե մտածել։ Մենք պետք է երիտասարդների հետ խոսենք ինքնասպանության մասին և սիրով հետ պահենք դրանից՝ որպես իրենց ցավերի լուծում։ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի կյանքը հրաշալի օրինակ է «փրկության հասնելու» արտահայտության։ Դա պետք է լինի մեր պարտականությունը։

Դա այն է, ինչ Փրկիչն արել է բոլորիս համար։ Նա մեզ փրկության հասավ Քավության միջոցով և Նա շարունակում է այդպիսի մեծ սեր ցուցաբերել՝ բժշկելով, խրախուսելով և խաղաղություն տալով մեզ, եթե մենք միայն դառնանք դեպի Նա։

Նկար
երիտասարդ կանայք ձեռքերը բռնած

Մենք կարող ենք սեր ցուցաբերել, եթե դա անհրաժեշտ է երիտասարդներին, ընկեր գտնել նրանց համար, լսել նրանց և փնտրել նրանց բարի խոսքով կամ արարքով: Միգուցե անհրաժեշտ լինի աշխատել ծնողների և եպիսկոպոսների հետ` դժվարությունների, ընկճախտի կամ այլ հոգեբանական խնդիրների համար խորհրդատվական ծառայություններ պատվիրելու համար: Մենք կարող ենք փոխել նրանց կյանքը: Ինքնասպանության համար հատկապես խոցելի են այն երիտասարդները և չափահաս երիտասարդները, ովքեր պայքարում են գենդերային խնդիրների դեմ: Նրանք պետք է օղակվեն իրենց Փրկիչի բազուկներով և զգան, որ սիրված են։ Հաճախ Տերը կանչում է մեզ. Նա ակնկալում է, որ մենք լինենք Նրա ողջունող, սիրող բազուկները: Մենք պետք է խրախուսենք իրենց ընկերներին նույնն անել:

Ինքնասպանությունը շաղկապված է անպատասխան հարցերի, վշտերի, դժբախտության, «եթե»-ների և ներկայիս անորոշության ցավի հետ։ Կյանքի այս կորուստները սարսափելի ողբերգություն է, որ մենք, որպես ժողովուրդ, պետք է նոր և ավելի արդյունավետ կերպով դիտարկենք՝ խորհուրդ տալով, հոգատարություն և մտահոգություն ցույց տալով և մնալով նրանց ընկեր ու աջակցելով մեր երիտասարդներին։ Փորձեք պարզապես արտասանել «Հիսուս Քրիստոսի» անունը վտանգավոր միջավայրում այն մարդու համար, ով կորցրել է հույսը: Պարզապես ակնածանքով կոչելով Նրան անունով, կարող ենք փոփոխություն մտցնել դժվարին իրավիճակում։

Որոշ համայնքներ բախվում են ինքնասպանությունների «փնջի», երիտասարդներից մեկը նման ծանր արարք է կատարում, իսկ մյուսները դա համարում են որպես լուծում և հետևում նրան։

Թույլ տվեք ձեզ հետ կիսվել բրիտանացի մի երիտասարդի պատմությունով, որը հեռարձակվել է «BBC News» - ում, 2018 թ-ի ապրիլին: Պատմությունը 16 տարեկան Հայիթի Սպերի-Սոութի մասին էր ով «արդեն փորձել էր ինքնասպան լինել: Եվ նա կրկին կփորձեր դա անել և գուցե հաջողեր, եթե չլիներ ուսուցիչներից մեկը, ով նկատել էր, թե որքան դժբախտ տեսք ուներ նա»: Նրա ընկերներից երեքն արդեն խլել էին իրենց կյանքը: Նա երկու տարի տառապում էր խորը ընկճախտից։

Հայիթին պատմում է. «Ես հիմնականում շատ տխուր էի։ Ես չէի կարողանում քնել»: Խավարը շարունակվում էր: Նրա ծնողները բաժանվել էին և նրա մայրը մի շարք առողջական խնդիրների պատճառով մեծ մասն անց էր կացնում հիվանդանոցում։ Բոլորն ուշադրությունը սևեռելով նրա մայրիկին, ոչ-ոք ուշադրություն չէր դարձնում Հայիթիի աչքերի հուսահատությանը։ Ոչ-ոք չէր հարցնում․ «Ինչպե՞ս ես դիմանում։ Ինչպե՞ս ես զգում»:

Մի օր նա դասարան մտավ սարսափելի վերնաշապիկով և ամբողջը նոր կտրած մազերով։ Նրա ուսուցիչը հարցրեց․ «Դու լա՞վ ես։ Ինչպե՞ս են գործերը»։

Հայիթին պատասխանեց, «Լավ եմ»։ Բայց նա այդտեղ կանգ չառավ: Ինչ-որ մեկը նկատել էր նրան։ «Իրականում ես շատ վատ եմ զգում»,- ասաց նա: «Ես շատ տխուր եմ: Եվ անընդհատ լալիս եմ»:

Ապա Հայիթին երկար լաց եղավ և նրա շպարը ծորաց երեսն ի վար։ Սակայն դա հիմա կարևոր չէր, քանի որ ինչ-որ մեկը օգնության էր հասել նրան։

Այդ ուսուցիչը նրան մի պարզ հարց տվեց, որը նա հարցնում է շատերին։ Սակայն ուսուցչի ուղարկած ազդանշանին ի պատասխան Հայիթին ընդունեց օգնությունը։ Եվ Հայիթին ստացավ այդ օգնությունը:

Ավելի ուշ նա բացատրել է․ «Թվում է, թե մանրուք է, սակայն անհավատալի զորություն ունի, երբ երեխան դասարան մտնելիս հարցնում ես, «ինչպե՞ս ես», և գիտեք, նույնիսկ, եթե նրանք պատասխանեն, որ «լավ են», նրանք կլսեն ձեզ»։ 12

Իմ սիրելի եղբայր Ջեֆրի Ռ. Հոլանդն ասել է․ «Ինչպիսին էլ որ լինեն ձեր մաքառումները, իմ եղբայրներ և քույրեր, մտավոր, էմոցիոնալ, ֆիզիկական կամ այլ, մի քվեարկեք այս թանկագին կյանքի դեմ, վերջ դնելով դրան: Վստահեք Աստծուն: Կառչեք Նրա սիրուց: Իմացեք, որ մի օր լուսաբացը կլինի պայծառ և մահկանացու կյանքի բոլոր ստվերները կվերանան: Չնայած մենք կարող ենք մտածել, որ «նման ենք կոտրված անոթի», ինչպես սաղմոսաբանն է ասում, մենք պետք է հիշենք, որ անոթը գտնվում է աստվածային կավագործի ձեռքին»։13 

Որևէ ձևանմուշ չկա նրանց համար, ովքեր ենթարկված են վտանգի։ Այս երիտասարդները նվագում են տրոմբոն, երգում են երգչախմբում, խաղում են ֆուտբոլային թիմերում կամ դպրոցից հետո փաթեթավորում են նպարեղենի խանութում: Նրանք գալիս են եկեղեցի, նրանցից ոմանք այն երիտասարդների ընկերներն են, ովքեր հաճախում են ձեր դասերին, թեև ոմանք վաղուց արդեն կրոնի դասերին չեն մասնակցում։ Բայց կան ընդհանուր գծեր`հիասթափություն, կտրված քննություն, բաժանում, ծաղրանքի դեպքեր, ակադեմիական ճնշում և այն, ինչ մենք կարող ենք անվանել դեռահասների տառապանք:

Եկեղեցին լուրջ է վերաբերել երիտասարդների ինքնասպանություններին, համացանցում ստեղծելով կայք՝ անհրաժեշտ տեղեկատվությամբ, առցանց տեսանյութերով, օգնելով նրանց, ովքեր միայնակ են զգում, ստեղծելով թեժ գծեր և զգուշացնող նշանների ցուցակներ, որոնք, ինչպես Հայիթիի դեպքում, օգնության կանչ են:

Խնդրում եմ, ծանոթացեք այս նյութերին և շարունակեք կատարել ձեր կոչումը որպես «Աստվածանից եկած վարդապետ»։14

Ինչպե՞ս կարող ենք հաղորդել այն մարդուն, ով տառապում է, որ Տերը գիտի, թե ինչպես է նա զգում: Նա ձեր անձնական մարտահրավերներն ու սխալները վերցրել է Իր վրա։ Նա կրել է դրանք հանուն ձեզ, որպեսզի դուք ունենաք այն Մեկը, ով կծառայի լիակատար հասկացողությամբ, թե ինչ ցավ ունեք և ինչու ունեք։

Հիսուս Քրիստոսի մասին ավելի մեծ հասկացողությունը կօգնի նրանց, ում համար դուք կորցնում եք ձեր հույսը։ Նրա սերը նրանց հանդեպ և այն մեծ ու վեհացած վայրը, որը Նա պատրաստել է նրանց համար հավերժության մեջ, հույսի մի ուղերձ է: Նա սիրում է նրանց։ Նրանք պետք է իմանան դա։ Սուրբ գրություններում ասվում է․ «Ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին»։15Կողքին կանգնելու Նրա խոստումը լոկ սին մի խոսք չէ նրանց համար, ովքեր խնդիրներ չունեն և ովքեր մասնակցում են սեմինարիայի։ Մեր ամենադժվար պահերին Նա կկանգնի մեր երիտասարդներից յուրաքանչյուրի կողքին, մեզանից յուրաքանչյուրի կողքին։ Դա է Քավության զորությունը, և մենք դա պետք է ուսուցանենք այնպիսի ուժով, որ այն հասնի տառապյալներին

Նկար
Հիսուս Քրիստոսը բժշկում է կնոջը

Օգնեք ուսանողներին բացահայտել «պաշտպանական հատվածը», որը նրանք կհիշեն վտանգավոր վիճակներում գտնվելիս կամ ուժի կարիք կունենան վատ որոշում չկայացնելու համար։ «Ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ»16 հատվածը լավն է։

Կյանքը միշտ լի է եղել մարտահրավերներով: Ոչ ոք անձեռնմխելի չէ: Ոչ դուք, ոչ ես, ոչ էլ նրանք։ Որոշ երիտասարդներ տառապում են, քանի որ նրանք կարծում են, որ միայն նրանք խնդիրներ ունեն։ Մնացած բոլորը կարծես թե խնդիրներ չունեն։ Նրանք սխալմամբ մտածում են, որ եթե դուք ուսումնասիրում եք սուրբ գրությունները, պահում եք պատվիրանները և ամեն օր աղոթում եք, ապա կսկիծը, խառնաշփոթությունը, ժողովրդականության պակասը և պատահարները կանցնեն ձեր կողքով։ Դա ուղղակի այդ ձևով տեղի չի ունենում։ Փորձությունները բոլորիս հետ են պատահում։

Խնդիրները, մարտահրավերները, փորձությունները, տառապանքները, դժվարությունները, դժբախտությունները, անվանեք նրանց ինչպես կուզեք, այս մահկանացու փորձության մասն են կազմում, որ մեզ ուժեղ դարձնեն և ամրապնդեն։ Օրհնությունն այն է, որ Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ մենք դեռ կարող ենք «ուրախ լինել»։17

Թույլ մի տվեք, որ ավետարանի ուսուցման տեսական պահանջկոտությունը կանգնի Հոգու զորության առաջ, որպեսզի ներգործի և խրախուսի ձեր ուսանողներին։ Նախապատրաստեք նրանց ոգեշնչում ստանալ և գործել ըստ դրա: Նախապատրաստեք նրանց ստանալու անձնական հայտնություն, ինչպես ընդգծել է Նախագահ Նելսոնը։18

Երբ նրանք անեն դա, նրանք կզգան Տիրոջ ղեկավարման և առաջնորդության հրաշքը՝ Նրա սիրո իրական ձևերից մեկը:

Ինչո՞ւ ես որոշեցի խոսել ինքնասպանության և նրա ուղեկիցների՝ վախի, մենության, հուսահատություն, անհանգստություն և ցավի մասին։ Քանի որ դուք, սիրելի եղբայրներ և քույրեր, «առաջին պատասխանողների» խմբում եք, իսկ եթե ոչ, ես հրավիրում եմ ձեզ լինել այդ խմբում: Ինքնասպանությունն ու նրա խավար ուղեկիցներն իրական են: Նրանք մեր երիտասարդների շրջանում աճում են որպես պատուհաս, որը հրապուրում է նույնիսկ այն ընտրյալներին, ովքեր երիտասարդ են և հավատում են այն խոստմանը, որ կյանքն իրենց համար նպատակ չունի։ Ճշմարտությունից այդքան հեռու ուրիշ բան չի կարող լինել:

Նկար
երիտասարդները շրջանով ձեռքերը բռնած

Կյանքը փխրուն է։ Մենք չգիտենք, թե երբ ինչ-որ մեկի հետ որևէ բան տեղի կունենա, որը մեզ ամբողջովին անակնկալի կբերի։ Մենք անպատրաստ ենք զգում և չգիտենք, թե ինչ անել Բայց եթե նրանք գալիս են այն ընտանիքներից, որտեղ ընտանեկան աղոթք, սուրբ գրությունների ուսումնասիրություն և ընտանեկան երեկոներ են անցկացնում, ապա «կառչած մնալու» գործիքներն ավելի ամուր են։ Այնուամենայնիվ, խնդրում ենք սխալ թույլ չտալ և կարծել, որ մեր երիտասարդներից որևէ մեկը չի կարող վտանգի լինել, նույնիսկ այն ժամանակ, երբ այդ բոլորը անց են կացվում նրանց ընտանիքներում։ Ընտանեկան երեկոյի միջոցառումներից մեկի ժամանակ ներկաներին խնդրեցին գրել որևէ բանի մասին, որը կարևոր էր նրանց համար և երիտասարդ տղաներից մեկն արձագանքեց դրան։ 14 տարեկան մի տղա, ով կարծես ամեն ինչ ուներ, գրել է․ «Իմանալ, որ ինչ-որ մեկը պատրաստ է ինձ օգնել»։

Մի մոտիկ ընկեր ունեմ, ով սեմինարիա է հաճախել միայն ավագ դպրոցի իր բարձր դասարաններում։ Նա չէր հաճախում եկեղեցի․ նա 13 տարեկանից հետո չէր հաճախել։ Լինելով երգիչ, նա փորձեց մասնակցել սեմինարիայի երգչախմբում և նույնիսկ ստացվեց նրա մոտ։ (Բոլորի մոտ է ստացվում սեմինարիայի երգչախմբում։) Նա չէր հիշում դասարանում սովորած դասերը: Սակայն ամեն անգամ, երբ նրանք երգում էին, Հոգին լցնում էր սենյակը, և նա գիտեր, որ դա տարբերվում էր դպրոցի երգչախմբից, որտեղ նա երգում էր փողոցի հակառակ կողմում: Նա զգում էր մի բան, որը նախկինում երբևէ չէր զգացել: Նա զգում էր Հոգին։ Ամուսնալուծված ընտանիքից լինելով, որտեղ ավետարանի ուսուցանում չկար, նա ծանոթ չէր Հոգուն։ Նա սկսեց փայփայել և ապավինել Հոգուն։ Նա ամուր է Հիսուս Քրիստոսի ավետարանում, քանի որ «կար ինչ-որ մեկը, ով պատրաստ էր օգնել նրան»։ Եվ հիմա, տարիներ անց, նա հաճախակի խոսում է իր սեմինարիայի ուսուցչի հետ, ով «Աստվածանից եկած վարդապետ» էր։19

Նրանց համար, ում ուսուցանում եք, ովքեր չունեն աջակիցներ, տանը ձեռք բերած այդ զորությունը, ձեր ուսմունքները շատ կարևոր են նրանց բարեկեցության համար: Նրանք կարող են լինել այն ուսանողները, ովքեր առանձին հարցեր են տալիս, որպեսզի ներգրավվեն ավետարանչական հետագա քննարկումների մեջ, քանի որ դա իրենց օրվա միակ պահն է, երբ ունեն այդ հոգևոր կապը։ Խնդրում եմ, գնահատեք այդ հնարավորությունները և ժամանակ հատկացրեք նրանց համար:

Ապաքինումը գալիս է Փրկիչից, ով «վայր իջավ բոլոր բաներից ցած»20, որպեսզի Նա իմանար «ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին ըստ նրանց թուլությունների»։21

Ուշադրություն դարձրեք, երբ Հիսուսը հինգ հազար մարդու կերակրեց մի քանի ձկների և մի փոքրիկ տղայի ճաշի հացով, ապա միայնակ լեռը բարձրացավ աղոթելու համար: Նրա աշակերտները մեկնեցին Գալիլեայի ծովը, գիշերակացին Հիսուսը ջրի վրա քայլելով գնաց նրանց մոտ։ Տեսնելով Նրան, աշակերտները «վախից աղաղակեցին»,22 և Նա պատասխանեց, «Քաջ եղէք, ես եմ՝ մի վախենաք»։23

Երբ Պետրոսը Տիրոջ հրավերին ի պատասխան ցատկեց նավից և սկսեց քայլել ջրի վրայով, նա քաջ էր, մինչև որ չնայեց ցած և տեսավ պտտվող և փոթորկող ծովը։ Ապա նա վախից աղաղակեց։

Հիսուսն օգնեց նրան ոչ թե բարկությամբ այլ՝ կարեկցանքով։ Մորոնին մեր անվճռականությունը նկարագրում է այսպես․ «թող Քրիստոսը ձեզ վեր բարձրացնի, և թող նրա տառապանքներն ու մահը,… և նրա ողորմությունն ու երկայնամտությունը, և նրա փառքի և հավերժական կյանքի հույսը մնա ձեր մտքում հավիտյան»:24

Նա խոսում էր մեզ հետ, քանի որ մենք բոլորս, եղբայրներ և քույրեր, գտնվում ենք ջրի վրա։

Նոր Կտակարանի մեջ մեկ ուրիշ վայրում մի խումբ մարդիկ հավաքվել էին մի մարդու շուրջ, ով «անդամալույծ էր և մահճի մեջ»։25Տեր Հիսուսը նայեց վնասված մարդուն և զգաց նրա շուրջ եղած մարդկանց հավատը և ասաց «քաջացեք»։26

Այս վերջին տնտեսության ժամանակ Հիսուս Քրիստոսը խոսել է Ջոզեֆ Սմիթի միջոցով Իր ծառաների հետ, ովքեր գնացել էին միսիա և հանդիպել վտանգների ու աղետների, ու ասել նրանց․ «Ուրախ եղեք, փո՛քր երեխաներ. քանզի ես ձեր մեջ եմ»։ 27

Ջոզեֆ Սմիթը տեսիլքում տեսավ Առաքյալներին Անգլիայի իրենց միսիայում «շրջանում կանգնած միասին, շատ հոգնած, իրենց հագուստները ծակված ու ոտքերն ուռած, աչքերով հառած գետնին և Հիսուսը կանգնած էր նրանց մեջ և նրանք չէին տեսնում նրան: Փրկիչը նայեց նրանց և լաց եղավ»:28

Կարո՞ղ եք տեսնել օրինաչափությունը: Քրիստոսի փրկող զորությունը արտահայտվում է այն պարզության մեջ, որ Նա մեր մեջ է՝ միշտ օգնելու պատրաստ։ Անկախ նրանից, ինչ կպատահի, Նա կլինի մեզ հետ, Նա կմխիթարի մեզ և Նա կբուժի մեզ, եթե մենք գանք Նրա մոտ և օգտագործենք մեզ փրկելու Նրա զորությունը։ Շատ հաճախ Նա բուժում է վնասված սիրտը։ Մենք կարող է հարցնենք, ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Այսօր մեր կյանքի ընթացքում գործադրված Քավության զորությամբ, ոչ թե վերջին դատից առաջ, այլ ամեն օր, երբ ձգտում ենք լինել Նրա նման, սիրում ենք այն, ինչ Նա սիրում է և հետևում ենք Նրա ընտրյալ մարգարեներին:

Երբ ուսումնասիրում եմ Քավությունը, փորձում եմ պատկերացնել այն սարսափելի վիճակը, երբ Փրկիչը ծնկի իջավ Գեթսեմանի այգում։ Եվ Նա աղոթեց «ասելով, Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից. Սակայն ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի»։29Իր տառապանքի մասին Նա ասել է․ «Որքա՜ն դառը, դու չգիտես, որքա՜ն սուր, դու չգիտես, այո՛, որքա՜ն ծանր՝ տանելու, դու չգիտես»:30Մեր երիտասարդները պետք է հասկանան այդ խորիմաստ պնդումը։

Նկար
Գեթսեմանում հրեշտակը մխիթարում է Հիսուսին

«Եվ հրեշտակ երևեցավ նորան երկնքիցը, և զորացնում էր նորան»։31

Նրա կարիքի ժամանակ, վերցնելով մեր բոլոր մեղքերի բեռն Իր վրա, մեր ամենավատ օրերը, մեր թուլություններն ու հիասթափությունները, մի հրեշտակ հայտնվեց, որպեսզի մխիթարի Նրան։ Եղբայրներ և քույրեր, ձեր դժվարին պահերին, Տերն ուղարկել է «հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»։32Սիրելի ուսուցիչներ, դուք կարող եք լինել այդ հրեշտակը։

Ավելի վաղ, Վերջին ընթրիքի ժամանակ Փրկիչը հստակեցրեց Իր միսիան և խոստացավ խաղաղություն, ասելով. «Աշխարհքում նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին»:33Նա շատ վստահ էր, թե ինչ կպատահի և շատ վստահ էր Իր դերի մասին՝ իրականացնելու փրկության մեծ ծրագիրը, որ Նա խրախուսեց իր աշակերտներին՝ «քաջացեք»։

Երեց Նիլ Ա. Մաքսվելը նկատել է․ «Գեթսեմանի աներևակայելի տառապանքը պատրաստվում էր ընկնել Հիսուսի վրա. Հուդայի դավաճանությունը մոտ էր: Ապա կհետևեր Հիսուսի ձերբակալությունը և դատը, Տասներկուսի ցրումն, ինչպես ոչխարներ, Փրկիչի սարսափելի խարազանումը, անարդար դատավարությունը, Հիսուսի փոխարեն Բարաբբայի համար ամբոխի սուր աղաղակը, և ապա Գողգոթայի սարսափելի խաչելությունը: Ինչի՞ համար պետք է քաջ լինեին։ Պարզապես նրա համար, ինչ Հիսուսն ասաց․ Նա հաղթել էր աշխարհին։ Քավությունն իրականություն էր դառնում։ Բոլոր մարդկանց հարությունը ապահովված էր։ Մահը պետք է հեռացվեր․ սատանան չէր կարողացել կանգնեցնել Քավությունը»։34

Մենք կարող ենք ուսուցանել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի նշած ճշմարտությունը․ «Առանց մեր Քավիչի անսահման Քավության, մեզանից ոչ ոք հույս չէր ունենա երբևէ վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ: Առանց Նրա Հարության, մահը կլիներ ավարտը: Մեր Փրկիչի Քավությունը հավերժական կյանքը դարձրեց հնարավորություն, իսկ անմահությունը՝ իրականություն բոլորի համար»:35

Խորհեք, թե ինչպես կարող եք օգնել ձեր ուսանողներին հասկանալ՝ Փրկիչի զորությունը, բոլորիս հանդեպ Նրա սերը և Հոր աստվածային ծրագրի հանդեպ հարգանքը: Աղոթեք, որ օգնեք նրանց իմանալ, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը իրենց համար է, և թե ինչ է դա նշանակում նրանց շատ բարդ կյանքում։

Խրախուսեք ծառայությունն Աստծո թագավորության մեջ, որն իր հետ բերում է Աստծո Հոգին։

Որոշ տարիներ ծառայելով և ղեկավարելով Եկեղեցու տաճարային բաժինը, ես հրճվում եմ տաճար այցելելով և տեսնելով երիտասարդների, երիտասարդ տղաների և աղջիկների, ովքեր տաճար են գնում՝ մահացածների համար արարողություններ անելու համար։ Երբ ձեր դասերի ժամանակ կարևորեք տաճարի զորությունը, դուք կմեծացնեք այդ հրաշալի հնարավորությունը, որ նրանք պետք է սկսեն ճանաչել Հիսուս Քրիստոսին, ճանաչեն, որ Նա է նրանց «քաջալու» աղբյուրը:

Ես գնահատում եմ նոր օժտում ստացած երիտասարդների աճող թիվը, որոնք ծառայում են որպես տաճարային աշխատողներ: Բոլորը ճերմակ հագած, խաղաղ ու հանգիստ մի վայրում, նրանք կանգնած են սուրբ հողի վրա և վկայում են Նրա մասին, որ Նա էր և Նա գալու է։36Տիրոջ համար կատարված մեր ծառայությունը տաճարում՝ Փրկիչին մոտ զգալու եզակի ու զորեղ մի եղանակ է։

Խրախուսեք ձեր ուսանողներին միշտ ունենալ գործող տաճարային երաշխավորագիր, սահմանափակ օգտագործման կամ սովորական, կախված նրանց տարիքից և հանգամանքներից, իսկ հետո կիսվել իրենց զգացմունքներով տաճարում լինելու մասին, այն հայտնությամբ և ոգեշնչմամբ, որը ստանում են, երբ նրանք ձգտում են այս կյանքից այն կողմ «ավելի լավ բաների»37 և ծառայում են նրանց, ովքեր չեն կարող կատարել արարողություններն իրենց համար։

Նախագահ Նելսոնն ասել է․ «Երբ մեր կյանքը կենտրոնացած է Աստծո փրկության ծրագրի վրա … և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից` մեր կյանքում ինչ-որ բան տեղի է ունենում, թե ոչ»։38

Երբ ես կարգվեցի Առաքյալ, սիրելի Նախագահ Մոնսոնը հայտարարեց, որ ես պետք է լինեի Հիսուս Քրիստոսի անվան հատուկ վկան ամբողջ աշխարհում: Ես այդ պատասխանատվությանը լուրջ վերաբերվեցի։ Ես եռանդուն կերպով ուսումնասիրում էի սուրբ գրությունները՝ բացահայտելով Տիրոջն Իր անունով և կոչումներով։ Այս բոլորը, ինչ-որ ես ձեզ հետ կկիսվեմ, սուրբ գրությունների հատվածներից են, որոնք մեզ հիշեցնում են մեր հույսի մասին, որը Նրանում է: Նա է․

  • Իսրայելի հույսը։39

  • Առավոտյան պայծառ աստղը։40

  • Բարի Հովիվը։41

  • Խորհրդականը։42

  • Խաղաղության Իշխանը։43

  • Փրկիչը։44

  • Աշխարհի լույսը։45

  • Հանդերձյալ բարիքների քահանայապետը։46

  • Հզոր է փրկելիս։47

  • Նա, ով ունի ողջ զորությունը։48

Քրիստոսի ազդեցությունը, թողած անջնջելի հետքը և օգնությունը պարփակում է ամեն ինչ։ Նա միշտ պատրաստ է օգնելու, երբ մենք դժվարանում ենք առաջ շարժվել։ Իսկ եթե մենք սայթաքում ենք, Նրա «լույսը, որը շողում է խավարում»49, նրա մեկ անունը, ավելի պայծառ է, քան երբևէ։ Նա սիրում է մեզ մեր ամենալուսավոր և ամենախավար պահերին։

Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը մեզանից չի պահանջում գուշակել, թե Նա ինչ է ցանկանում։ Նրա ուղին տեսանելի գծված է Նրա ոտնահետքերի շնորհիվ։ Երբ մենք հետևենք Նրան, մենք կսկսենք սիրել այն, ինչ Նա սիրում է։ Երբ ամեն շաբաթ նորոգում ենք Նրա հետ կապած մեր ուխտերը և ճաշակում սուրբ հաղորդությունը, մենք սկսում ենք ավելի լավ հասկանալ Նրա դերը՝ որպես Աշխարհի Քավիչ,50 ճշմարտության Հոգին51 և Բանը։52

Ձեր ուսանողներին ուսուցանեք հաղորդության զորությունը, հատկապես նրանց, ովքեր տատանվում են և նրանց, ովքեր չեն հասկանում այդ թանկագին արարողության կարևորությունը։ Թող «Նրա Հոգին միշտ [մեզ] հետ ունենալու»53 հաղորդության օրհնությունը լինի մի նյութ, որի մասին դուք կզրուցեք, որ Նրա Քավության շնորհիվ Հիսուս Քրիստոսի բժշկող զորության կիրառումը լինի իրական։

Բացի այդ, Փրկիչն իրեն կոչել է արտահայտություններով, որոնք բացահայտել են Նրա աստվածային էությունը և Նրա հավերժական դերը, ինպես սրանք են․

  • «Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված»:54

  • «Ես կարող եմ ձեզ սուրբ դարձնել»։55

  • «Ես կատարում եմ [Հոր] կամքը»։56

  • «Ես՝ Տերս … բերկրանքով պատվում եմ նրանց, ովքեր ծառայում են ինձ»։57

  • «Իմ շնորհը բավարար ձեզ համար»։58

  • «Դու խաղաղություն կունենաս ինձանում»։59

  • «Մի վախեցեք … քանզի դուք իմն եք»։60

Սիրելի եղբայրներ և քույրեր, դա այն Փրկիչն է, ում ես ճանաչում, սիրում և հարգում եմ ողջ սրտով: Իմ հոգու խորքից ես բերում եմ վկայություն Նրա, Նրա բարության և ողորմության մասին։ Նա խոստացել է․ «Քանզի դուք իմ բարեկամներն եք, և դուք ժառանգություն պիտի ունենաք ինձ հետ»։61

Եղբայրներ և քույրեր, իրականում, միշտ էլ Հիսուս Քրիստոսն է պատասխանը։ Հասկանալով Նրա առաքելությունը և Նրա ավետարանը, մեր սերը Նրա հանդեպ և Նրա հանդեպ մեր հավատն ու վստահությունը, մենք ուժ ենք ստանում։

Հելամանը դա լավ է նկարագրել․ «Հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք, որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի»:62

Նկար
Հիսուսը գառան հետ

Ես թողնում եմ իմ օրհնությունը, որ դուք զգաք Տիրոջ սերը ձեր կյանքում, և օգնեք ձեր ուսանողներին նույնը զգալ: Ես օրհնում եմ ձեզ, որ հույս ունենաք և լինեք «քաջ մնաք», որ Տիրոջ Հոգին մնա ձեզ հետ, ոգեշնչի ձեզ և բարձրացնի ձեզ: Ես օրհնում եմ ձեզ, որ լսեք ձեր ուսանողներին և զգաք այն, ինչ նրանք չեն ասում, ինչպես նաև զգաք նրանց խոսքերը և ոգեշնչվեք՝ իմանալու, թե ինչ է Տերն ուզում, որ դուք անեք: Ես օրհնում եմ ձեր ընտանիքները, ձեր կանանց և ամուսիններին։ Թող բոլորդ իմանաք այն հարգանքի, հավատարմության և սիրո մասին, որն իմ սիրելի եղբայրները և ես տածում ենք ձեր հանդեպ և այն կարևոր աշխատանքը, որը դուք անում եք, որպեսզի հոգիներ բերեք Քրիստոսի մոտ։ Եվ թող զգաք, որ Տերը կանգնած է ձեր կողքին, երբ վկայում եք Նրա՝ աշխարհի Փրկիչի մասին: Միշտ էլ Հիսուս Քրիստոսն է պատասխանը։

Հիսուս Քրիստոսի անունով. ամեն: