2010–2019 թթ․
Պատվելով Նրա անունը
2019 հոկտեմբերի գերագույն համաժողով


Պատվելով Նրա անունը

Ուխտի ինքնությամբ և պատկանելությամբ, մեզ կոչում են Հիսուս Քրիստոսի անունով:

Երբ ծնողները հուզմունքով սպասում են երեխայի ծնվելուն, նրանք պարտավոր են ընտրել իրենց նոր երեխայի անունը: Գուցե, երբ ծնվել եք, ստացել եք մի անուն, որը ձեր ընտանիքում փոխանցվել է սերնդե-սերունդ։ Կամ, գուցե, ձեր անունը հանրաճանաչ է եղել այդ տարի կամ այդ տարածքում, որտեղ դուք ծնվել եք։

Հելաման մարգարեն ու նրա կինը իմաստալից ընտանեկան անուններ տվեցին իրենց նորածին որդիներին՝ Նեփիին և Լեքիին։ Ավելի ուշ Հելամանն ասաց իր որդիներին․

«Ահա, ես տվել եմ ձեզ մեր առաջին ծնողների անունները, … որ երբ դուք հիշեք ձեր անունները, դուք կարողանաք հիշել նրանց. և երբ դուք հիշեք նրանց, դուք կարողանաք հիշել նրանց գործերը. … որ ասվել է, և նաև գրվել, որ դրանք բարի էին:

Հետևաբար, իմ որդինե՛ր, ես կկամենայի, որ դուք անեք այն, ինչ բարի է»։1

Նեփիի և Լեքիի անունները նրանց օգնեցին հիշել իրենց նախնիների բարի գործերը և խրախուսեցին նրանց նույնպես բարիք գործել:

Քույրե՛ր, անկախ նրանից, թե որտեղ ենք մենք ապրում, ինչ լեզվով ենք խոսում, կամ 8 տարեկան ենք, թե՝ 108, բոլորս ունենք ընդհանուր մի հատուկ անուն, որն ունի այս նույն նպատակները:

«Վասնզի [ամենքս]՝ որ Քրիստոսումը մկրտուեցաք, Քրիստոսին հագած էք … որովհետեւ [մենք] ամենքս մէկ ենք Քրիստոս Յիսուսումը»։2

Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, «սկզբում մեր պատրաստակամությունը հայտնեցինք մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը՝ մկրտության արարողության շնորհիվ»։3 Այդ ուխտի ժամանակ մենք խոստացանք, որ միշտ կհիշենք Նրան, կպահենք Նրա պատվիրանները և կծառայենք ուրիշներին։ Այս ուխտը պահելու մեր պատրաստակամությունը թարմացվում է յուրաքանչյուր կիրակի օր, երբ մենք մասնակցում ենք հաղորդությանը, և ևս մեկ անգամ ուրախանում «կյանքի նորոգության մեջ [ման գալու] օրհնությամբ։։4

Անունը, որը մեզ տրվել է հենց սկզբից, արտացոլում է մեր անհատական ինքնությունը և օգնում է մեզ մասը կազմել մեր երկրային ընտանիքների։ Սակայն, երբ մկրտության ժամանակ «վերստին ծնվեցինք», մեր ինքնության մասին հասկացողությունը մեծացավ։ «Ուխտի շնորհիվ, որ դուք արել եք, դուք կկոչվեք Քրիստոսի զավակներ … քանզի ահա, … նա հոգով ծնեց ձեզ. քանզի դուք ասում եք, որ ձեր սրտերը փոխվել են նրա անվան հանդեպ հավատքի միջոցով. հետևաբար, դուք ծնվել եք նրանից»։5

Այսպիսով, ուխտի ինքնությամբ և պատկանելությամբ, մեզ կոչում են Հիսուս Քրիստոսի անունով: Եվ «տրված չի լինի ո՛չ ուրիշ անուն, ո՛չ ուրիշ ճանապարհ, ո՛չ էլ միջոց, որի շնորհիվ կարող է փրկություն գալ մարդկանց զավակներին. միայն Քրիստոսի՝ Ամենակարող Տիրոջ անունով և միջոցով»:6

Հիսուս Քրիստոսի անունը հայտնի է եղել դեռևս Նրա ծնունդից շատ առաջ։ Բենիամին Թագավորին հրեշտակը մարգարեացել է․ «Եվ նա կկոչվի Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, … և նրա մայրը կկոչվի Մարիամ»։7 «Քավիչ սիրո»8 Նրա գործը նույնպես հայտնի է դարձվել Աստծո զավակներին այն ժամանակից սկսած, ինչ ավետարանը եղել է Երկրի վրա, Ադամի և Եվայի օրերից մինչև հիմա, որ նրանք իմանան «թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»։9

Անցյալ տարի Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը «մարգարեական խնդրանք» հղեց քույրերին՝ «ապագան կառուցելու համար օգնեք հավաքել ցրված Իսրայելը»։ Նա հրավիրեց մեզ կարդալ Մորմոնի Գիրքը և «նշել այն հատվածները, որոնք խոսում են կամ մատնացույց են անում Փրկիչին»։ Նա մեզ խնդրեց «[մեր ընտանիքների] և ընկերների հետ անկեղծ խոսել Քրիստոսի մասին, հրճվել Քրիստոսով, և քարոզել Քրիստոսի մասին»։ Գուցե դուք սկսել եք ճանաչել նրա խոստման պտուղները, որ «դուք և նրանք ավելի կմոտենաք Փրկիչին։ … Եվ փոփոխություններ, նույնիսկ հրաշքներ, կսկսեն տեղի ունենալ»։10

Փրկիչին հետևելու մեր խոստումը մեզ ուժ է տալիս, որպեսզի պաշտպանենք ճշմարտությունն ու արդարությունը՝ անկախ նրանից՝ արդյոք մենք գտնվում ենք մեծ բազմության մեջ, թե մեր մենավոր վայրերում, որտեղ ոչ ոք չգիտի մեր գործողությունները, բացառությամբ՝ Աստծո: Երբ մենք հիշում ենք Նրան և Նրա անունը, որը կրում ենք, մենք մեզ թույլ չենք տալիս ինքնանվաստացնող համեմատություններ կամ ամբարտավան դատողություններ անել: Կենտրոնանալով Փրկիչի վրա, մենք մեզ տեսնում ենք այնպես, ինչպիսին իրականում կանք՝ Աստծո նվիրական զավակի:

Հիշելով մեր ուխտը՝ մենք մի կողմ ենք դնում աշխարհիկ անհանգստությունները, անվստահությունը փոխարինում քաջությամբ և հույս տածում փորձության ժամանակ։

Իսկ երբ ուխտի ճանապարհին մեր զարգացման ընթացքում սայթաքում և ընկնում ենք, պետք է միայն հիշենք Նրա անունը և մեր հանդեպ Նրա սիրառատ բարությունը։ «Քանզի նա ունի ողջ զորությունը, ողջ իմաստությունը և ողջ հասկացողությունը. նա ըմբռնում է բոլոր բաները, և նա ողորմած Էակ է, … ի փրկություն նրանց, ովքեր կապաշխարեն ու կհավատան նրա անունին»։11 Անշուշտ, Հիսուսի անունից ավելի քաղցր ձայն չկա բոլոր նրանց համար, ովքեր կոտրված սրտով և փշրված հոգով փորձում են «ավելի լավ գործել և ավելի լավը լինել»։12

Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Անցել են այն օրերը, երբ դուք կարող էիք լինել հանգիստ և անհոգ քրիստոնյաներ։ Ձեր կրոնը միայն կիրակի օրը Եկեղեցում հայտնվելու համար չէ։ Խոսքն իսկական աշակերտ լինելու մասին է՝ կիրակի առավոտից մինչև շաբաթ երեկո: … Տեր Հիսուս Քրիստոսի կես դրույքով աշակերտ չի լինում»։13

Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու մեր պատրաստակամությունն ավելին է, քան բառերի պաշտոնական փոխանակում: Դա պասիվ խոստում կամ մշակութային հնարամտություն չէ: Դա ծիսակատարության ուղերձ կամ անվանապիտակ չէ, որը մենք կրում ենք։ Դա ասացվածք չէ, որ մենք պարզապես դնում ենք դարակի վրա կամ կախում պատից։ Նրա անունը «հագած ենք»,14 գրված է մեր սրտերում և «փորագրված [մեր] դեմքին»։15

Փրկիչի քավիչ զոհաբերությունը պետք է միշտ հիշել՝ մեր մտքում, գործողություններում և ուրիշների հետ հարաբերություններում։ Նա ոչ միայն հիշում է մեր անունները, այլև Նա միշտ հիշում է մեզ։ Փրկիչը հայտարարել է․

«Քանզի կարո՞ղ է կինը մոռանալ իր ծծկեր մանկանը, որ կարեկցանք չունենա իր արգանդի որդուն: Այո՛, նրանք կարող է մոռանան, սակայն ես քեզ չեմ մոռանա, ո՛վ Իսրայելի տուն:

Ահա, ես փորագրել եմ քեզ իմ ձեռքերի ափերի վրա»:16

Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթն ուսուցանել է․ «Պատվե՛ք այն անունները, որոնք կրում եք, որովհետև մի օր դուք արտոնություն և պարտավորություն կունենաք հաշվետվություն տալու … ձեր Հորը երկնքում, … թե դուք ինչպես եք վարվել [այդ անունների] հետ»։17

Նեփիի ու Լեքիի խնամքով ընտրված անունների նման, կարո՞ղ ենք ասել և գրել մեր մասին, որ մենք Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներն ենք: Արդյո՞ք մենք պատվում ենք Հիսուս Քրիստոսի անունը, որը մենք պատրաստակամորեն վերցրել ենք մեզ վրա: Արդյո՞ք մենք «պաշտոնյա և վկա ենք»18 Նրա սիրասուն և քավիչ զորության։

Վերջերս ես լսում էի Մորմոնի Գիրքը։ 2 Նեփիի վերջին գլխում ես լսեցի, թե ինչպես Նեփին ասաց մի բան, որը նախկինում երբեք չէի կարդացել։ Իր հիշատակարանում նա ամբողջությամբ ուսուցանում և վկայում է «Քավիչի», «Իսրայելի Սուրբի», «Աստծո գառի» և «Մեսիայի» մասին։ Բայց իր պատմության վերջում ես լսեցի նրա այս խոսքերը․ «Ես հրճվում եմ պարզությամբ. ես հրճվում եմ ճշմարտությամբ. ես հրճվում եմ իմ Հիսուսով, քանզի նա փրկագնել է իմ հոգին»։19 Երբ լսեցի այս խոսքերը, սիրտս ուրախացավ, և ես ուզեցի կրկին ու կրկին լսել: Ես ճանաչեցի և արձագանքեցի այդ հատվածին ճիշտ այնպես, ինչպես կճանաչեի և կարձագանքեի իմ անվանը։

Տերն ասել է․ «Այո՛, օրհնված է այս ժողովուրդը, որոնք հոժար են կրել իմ անունը, քանզի իմ անունով պիտի նրանք կոչվեն. և նրանք իմն են»:20

Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, «եկեք ուրախությամբ [մեզ վրա վերցնենք] Քրիստոսի անունը21 և պատվենք Նրա անունը՝ սիրով, նվիրվածությամբ և բարի գործերով։ Ես վկայում եմ, որ Նա է «Աստծո Գառը, այո, հիրավի, Հավերժական Հոր Որդին»։22 Նրա սուրբ զավակի՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: