2010–2019 թթ․
Աստծո մարգարեն
2018թ․ ապրիլ


Աստծո մարգարեն

Մարգարեն կանգնած չէ ձեր և Փրկիչի միջև։ Փոխարենը, նա կանգնած է ձեր կողքին և ցույց է տալիս ճանապարհը դեպի Փրկիչը։

Ես նույնպես ողջունում եմ Երեց Գերիտ Գոնգին և Երեց Ուլիսես Սոարեսին Տասներկուսի քվորումի անզուգական եղբայրության մեր շարքերում։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնին՝ որպես Տիրոջ մարգարեի և որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահի հաստատման ժամանակ, մենք մասնակից եղանք Աստծուց հռչակված հանդիսավոր ժողովի՝ հանդիսավոր, քանի որ այս վերջին ժամի իրադարձությունները կանխատեսվել էին երկնքում դեռևս աշխարհի ստեղծումից առաջ։ Տեր Հիսուս Քրիստոսը, ով ղեկավարում է իր աշխատանքը, այսօր Նախագահ Այրինգի միջոցով Իր մարգարեին, Իր օծյալ առաջնորդին ներկայացրեց մեզ՝ Իր ուխտյալ ժողովուրդին, թույլ տալով մեզ հրապարակայնորեն արտահայտել մարգարեին հաստատելու և նրա խորհրդին հետևելու մեր պատրաստակամությունը։

Ցանկանում եմ, որ այն միլիոնավոր անդամները, ովքեր մեզ հետ չեն Համաժողովների այս կենտրոնում, իմանան, որ Նախագահ Նելսոնի հաստատման ընթացքում այս շենքում ներկա Տիրոջ Հոգին իսկապես ձեր սպասածի նման էր՝ լի հոգևոր ուժով: Բայց երկնքից ղեկավարվող մեր ժողովը տեղի չի ունենում միայն այս Համաժողովների կենտրոնում, այլ ողջ աշխարհում՝ Ասիայի, Աֆրիկայի և Հյուսիսային Ամերիկայի հավաքատներում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի ու Եվրոպայի տներում, Խաղաղ օվկիանոսի ավազանիերկրների և կղզիների տների ներքնագավիթներում։ Այս ժողովն այնտեղ է, որտեղ դուք եք գտնվում, նույնիսկ, եթե ձեր կապը միայն ձեր հեռախոսի ձայնն է։ Մեր բարձրացրած ձեռքերն իհարկե չէին կարող հաշվել մեր եպիսկոպոսները, բայց անշուշտ, ինչպես Աստծո հետ կապած մեր ուխտը, դրանք նկատվել են երկնքում և մեր գործողությունը գրանցվել է կյանքի գրքում։

Տերն ընտրում է Իր մարգարեին

Մարգարեի ընտրությունը Տերն Ինքն է կատարել: Չկա քարոզարշավ, չկա բանավեճ, չկա պաշտոնի համար դիրք, չկա վիճաբանություն, անվստահություն, շփոթություն կամ խառնաշփոթություն: Ես նույնպես հաստատում եմ, որ երկնքի զորությունը մեզ հետ էր տաճարի վերնահարկում, երբ մենք աղոթքով շրջապատեցինք Նախագահ Նելսոնին և զգացինք Տիրոջ անհերքելի հավանությունը նրա համար:

Որպես Աստծո մարգարե, Նախագահ Նելսոնի ընտրությունը դեռ շատ վաղուց էր արված։ Երեմիային տրված Տիրոջ խոսքերը վերաբերում են Նախագահ Նելսոնին․ «Քեզ որովայնում չստեղծած՝ ես քեզ գիտէի, եւ արգանդից դեռ դու դուրս չեկած՝ ես քեզ սրբեցի, ես քեզ ազգերի մարգարէ եմ կարգել»:1 Ընդամենը երեք տարի առաջ, 90 տարեկանում Երեց Նելսոնը չորրորդն էր ավագության մեջ, երեք ավագ առաքյալներից երկուսը տարիքով ավելի երիտասարդ էին իրենից: Տերը, ով վերահսկում է կյանքը և մահը, ընտրում է Իր մարգարեին: Նախագահ Նելսոնը 93 տարեկան հասակում զարմանալի առողջություն ունի։ Հուսով ենք, որ նա մեզ հետ կլինի ևս մեկ կամ երկու տասնամյակ, բայց այժմ մենք փորձում ենք համոզել նրան հեռու մնալ լեռնադահուկային լանջերից:

Թեև, մենք մարգարեին հաստատում ենք որպես Տիրոջ օծյալ, թող պարզ լինի, որ մենք երկրպագում ենք միայն Աստծուն, մեր Երկնային Հորը և Նրա աստվածային Որդուն: Մեր Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի արժեքների, ողորմության և շնորհի միջոցով է, որ մենք կարող ենք մի օր նորից վերադառնալ նրանց ներկայությունը:2

Ինչո՞ւ ենք մենք հետևում մարգարեին։

Սակայն Հիսուսը նույնպես մի կարևոր ճշմարտություն ուսուցանեց մեզ ուղարկած Իր ծառաների մասին: Նա ասաց․ «Ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում․ և ով որ ինձ ընդունում է, ինձ ուղարկողին է ընդունում»։3

Տիրոջ մարգարեի ամենակարևոր դերն է՝ ուսուցանել մեզ Փրկիչի մասին և առաջնորդել մեզ դեպի Նա:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնին հետևելու համար շատ տրամաբանական պատճառներ կան: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր մեր հավատքից չեն, նրան փայլուն կանվանեին։ Նա 22 տարեկան հասակում բժիշկ էր, հարգված սրտի վիրաբույժ, և բաց սրտի վիրահատության զարգացման մեջ հայտնի նորարար:

Շատերը կընդունեն նրա իմաստնությունը և դատողությունը. Ինը տասնամյակ սովորել է կյանքի և մահվան մասին, անշահախնդիր ապրել է և Աստծո զավակներին աշխարհի ամեն անկյունում ուսուցանել ու սիրել է, և ունեցել է հասունացող փորձառություն 10 երեխաների, 57 թոռների և 118 ծոռների հետ (այդ վերջին թիվը հաճախակի է փոփոխվում, վերջին ծոռնիկը ծնվեց այս չորեքշաբթի)։

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նոր ծոռնիկի հետ։

Նրանք, ովքեր լավ են ճանաչում Նախագահ Նելսոնին, կասեն, որ կյանքի դժվարությունների ժամանակ նա պահպանել է հավատքը և խիզախությունը։ Երբ նրա 37 տարեկան դուստրը՝ Էմիլին, մահացավ քաղցկեղից, թողնելով սիրող ամուսնուն և հինգ անչափահաս երեխաներին, ես լսեցի, թե ինչպես նա ասաց․ «Ես եղել եմ նրա հայրը, բժիշկ և Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալը, բայց ես ստիպված եմ խոնարհել գլուխս և ընդունել «Ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի»»։4

Աշտարակի պահապանը

Չնայած մենք հիանում ենք այս բոլոր ազնիվ հատկանիշներով, ինչո՞ւ ենք մենք հետևում Նախագահ Նելսոնին։ Ինչո՞ւ ենք մենք հետևում մարգարեին: Քանի որ Տեր Հիսուս Քրիստոսն է կանչել և նրան նշանակել Իր պահապանն աշտարակի վրա։

Նկար
Կարկասոն, Ֆրանսիա։

Կարկասոնը պարսպապատմի նշանավոր քաղաք է Ֆրանսիայում, որը կանգուն է մնացել միջնադարյան ժամանակներից: Բարձր աշտարակները վեր են խոյանում պաշտպանված պատերից, որոնք կառուցվել են պահակախմբի համար, ովքեր գիշեր թե ցերեկ կանգնում էին այդ աշտարակներին՝ իրենց ուշադրությունը սևեռելով թշնամու վրա: Երբ պահակը տեսնում էր, որ թշնամին մոտենում է, նրա նախազգուշացնող ձայնը պաշտպանում էր Կարկասոնի բնակիչներին մոտեցող վտանգից, որը նրանք չէին տեսնում։

Մարգարեն աշտարակի պահապանն է, ով մեզ պաշտպանում է հոգևոր վտանգներից, որոնք մենք, հնարավոր է, չտեսնենք։

Տերն ասել է Եզեկիելին․ «Ես քեզ դէտ եմ դրել Իսրայէլի տան համար․ եւ դու պետք է իմ բերանից խօսք լսես եւ զգուշացնես նորանց իմ կողմանէ»։5

Հաճախ, մենք խոսում ենք մարգարեին հետևելու անհրաժեշտության մասին, բայց նկատի ունեցեք այս ծանր բեռը, որը Տերը դրել է Իր մարգարեի վրա․ «դու եթէ չխոսես ամբարշտին զգուշացնելու համար … , [և] այն ամբարիշտը … մեռնե իր անօրինության համար, … նորա արիւնը քո ձեռքիցն ես կպահանջեմ»։6

Մի մեծ անձնական վկայություն

Մենք ընդունում ենք Մարգարե Նելսոնին այնպես, ինչպես մենք կընդունեինք Պետրոսին կամ Մովսեսին, եթե ապրեինք նրանց օրերում։ Աստված ասաց Մովսեսին․ «Ես քո բերանի հետ կլինիմ, եւ քեզ կսովորեցնեմ ինչ որ պիտի խոսես»:7 Տիրոջ մարգարեին մենք լսում ենք հավատքով, որ նրա խոսքերը «[Տիրոջ] բերանից են»։8

Արդյո՞ք դա կույր հավատք է։ Ոչ, դա այդպես չէ: Մենք բոլորս ունենք հոգևոր վկայություն Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման ճշմարտացիության մասին։ Մեր ցանկությամբ և ընտրությամբ այս առավոտ ձեռքերի բարձրացմամբ մեր ցանկությունը հայտնեցինք, հաստատելով Տիրոջ մարգարեին, մեր վստահությամբ, «հավատքով, և աղոթքներով»9 և նրա խորհրդին հետևելու պատրաստակամությամբ։ Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք արտոնություն ունենք անձնական վկայություն ստանալու, որ Նախագահ Նելսոնի կանչն Աստծուց է։ Թեև իմ կինը՝ Քեթին, մոտավորապես երեք տասնամյակ անձամբ ճանաչում է Նախագահ Նելսոնին և ոչ մի կասկած չունի նրա աստվածային թիկնոցի մասին, իր ձեռնադրումից հետո սկսեց կարդալ վերջին 34 տարիների գերագույն համաժողովի նրա բոլոր ելույթները, աղոթելով, որ ավելի խորը համոզվի նրա մարգարեական դերի մասին: Ես խոստանում եմ, որ այդ մեծ վկայությունը կստանաք, եթե խոնարհ ու արժանիորեն փնտրեք այն։

Ինչո՞ւ ենք մենք այդքան պատրաստակամ Մարգարեի ձայնին հետևելու համար։ Հավերժական կյանքը ջանասիրաբար փնտրողների համար մարգարեի ձայնը հոգևոր ապահովություն է հաղորդում չափազանց անհանգիստ ժամանակներում։

Մենք ապրում ենք մի մոլորակում, որտեղ միլիոնավոր ձայներ են բացականչում։ Համացանցը, մեր սմարթֆոնները, խաղային ուռուցիկ արկղերը մեր ուշադրությունն են հրավիրում և իրենց ազդեցությամբ գրավում են մեզ, հուսալով, որ մենք կգնենք իրենց արտադրանքը և կընդունենք իրենց չափանիշները:

Տեղեկատվության և կարծիքների, կարծես թե, անսահման զանգվածը հիշեցնում է մեզ սուրբ գրությունների նախազգուշացումները՝ լինել «երերուած»,10 «քամուց քշված»,11 և հաղթահարել «խորամանկ նենգությունները» այն մարդկանց, ովքեր «մոլորեցնում են խաբեբայութեան խորամանկութիւնովը»:12

Տեր Հիսուս Քրիստոսին մեր հոգիները խոնարհելու համար պահանջվում է լսել նրանց, ում Նա ուղարկում է: Խառնաշփոթ աշխարհում մարգարեին հետևելը նման է խիստ ցուրտ եղանակին փափուկ, տաքուկ վերմակով փաթաթվելուն։

Մենք ապրում ենք պատճառաբանության, բանավեճերի, փաստարկների, տրամաբանության և բացատրություններիաշխարհում: «Ինչու» հարցադրումը դրականդրսևորում ունի մեր կյանքի բազմաթիվ տեսակետներում, թույլ տալով, որ մեր մտքի ուժն առաջնորդի այն բազմաթիվ ընտրությունները և որոշումները, որոնց մենք առնչվում ենք ամեն օր։

Սակայն Տիրոջ ձայնը հաճախ լսվում է առանց բացատրությունների։13 Դեռ շատ վաղուց, երբ գիտնականները դեռ չէին ուսումնասիրել դավաճանության ազդեցությունը վստահող ամուսինների և երեխաների վրա, Տերը հայտարարել է. «Շնություն մի արա»։14 Բացի զուտ բանականությանն ապավինելուց, մենք գնահատում ենք Սուրբ Հոգու պարգևը։

Մի զարմացեք

Նկար
Նոյը քարոզում է։

Մարգարեի բարյացակամ ձայնը հաճախ կլինի մի ձայն, որը մեզ կհորդորի փոխվել, ապաշխարել և վերադառնալ Տիրոջ մոտ: Երբ ուղղման կարիք կա, եկեք չուշացնենք։ Եվ մի անհանգստացեք, երբ մարգարեի նախազգուշական ձայնը հակառակ է այսօրվա հանրային կարծիքներին: Զայրացած անհավատների ծաղրող խոսքերը միշտ առաջ են ընկնում, երբ մարգարեն սկսում է խոսել։ Եթե դուք խոնարհ հետևեք Տիրոջ մարգարեի խորհուրդներին, ես խոստանում եմ ձեզ անվտանգության և խաղաղության լրացուցիչ օրհնություն:

Նկար
Սամուել Լամանացին մարգարեանում է

Մի զարմացեք, եթե երբեմն ձեր անձնական տեսակետները սկզբում չեն համապատասխանում Տիրոջ մարգարեի ուսմունքներին: Դրանք սովորելու, խոնարհվելու պահեր են, երբ մենք աղոթում ենք մեր ծնկների վրա: Մենք առաջ ենք քայլում հավատքով, վստահելով Աստծուն, իմանալով, որ ժամանակի ընթացքում մենք ավելի շատ կստանանք հոգևոր հստակություն մեր Երկնային Հորից: Մի մարգարե Փրկիչի անզուգական պարգևը նկարագրել է՝ «Որդու կամքը կուլ գնացած լինելով Հոր կամքին»:15 Աստծո կամքին մեր կամքը հանձնելը, ըստ էության, ոչ թե հանձնել է, այլ փառավոր հաղթանակի սկիզբը:

Ոմանք կփորձեն չափազանց խեղաթյուրել մարգարեի խոսքերը, չհասկանալով, թե որն է նրա մարգարեական ձայնը և որն է նրա անձնական կարծիքը:

1982 թվականին՝ Բարձրագույն Իշխանավոր կանչվելուց երկու տարի առաջ, Եղբայր Ռասսել Մ. Նելսոնն ասաց. «Ես երբեք չեմ հարցնում ինքս ինձ, թե «երբ է մարգարեն խոսում մարգարեի ձայնով և երբ չի խոսում մարգարեի ձայնով»: Ինձ միշտ հետաքրքրել է. «Ինչպե՞ս կարող եմ ավելի շատ նմանվել նրան»։ Եվ նա ավելացրել է․ «Իմ [մտածելակերպն է եղել] դադարել հարցական նշան դնել մարգարեի արտահայտություններից հետո և փոխարենը դնել շեշտի նշան»։16 Այդ կերպ է խոնարհ և հոգևոր մարդը որոշել կարգավորել իր կյանքը: Այժմ, 36 տարի անց, նա Տիրոջ մարգարեն է:

Մեծացնել Փրկիչի հանդեպ ձեր հավատքը

Իմ կյանքում ես հասկացել եմ, որ երբ աղոթքով ուսումնասիրում եմ Աստծո մարգարեի խոսքերը և ուշադիր, համբերությամբ, հոգևորապես հավասարեցնում եմ իմ կամքը ոգեշնչված ուսմունքների հետ, իմ հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ միշտ աճում է:17 Եթե մենք, խորհուրդները մի կողմ դնելով որոշենք, որ մենք ավելի լավ գիտենք, մեր հավատը կտուժի և մեր հավերժական հեռանկարը կխամրի: Ես ձեզ խոստանում եմ, որ երբ վճռականորեն հետևեք մարգարեին, ձեր հավատքը Փրկիչի հանդեպ կաճի:

Փրկիչն ասել է․ «Բոլոր մարգարեները … վկայել են իմ մասին»։18

Մարգարեն կանգնած չէ ձեր և Փրկիչի միջև։ Փոխարենը, նա կանգնած է ձեր կողքին և ցույց է տալիս ճանապարհը դեպի Փրկիչը։ Մարգարեի մեծագույն պարտականությունը և թանկագին պարգևը մեզ համար նրա հաստատուն վկայությունն է, նրա վստահ գիտելիքն է, որ Հիսուսը Քրիստոսն է։ Հին օրերի Պետրոսի նման մեր մարգարեն հայտարարում է «[Նա է] Քրիստոսը, կենդանի Աստծո Որդին»։19

Ապագայում, հետ նայելով մեր մահկանացու կյանքին, մենք կուրախանանք, որ երկիր ենք եկել կենդանի մարգարեի օրոք։ Ես աղոթում եմ, որ այդ օրը մենք կարողանանք ասել․

Մենք լսեցինք նրան:

Մենք հավատացինք նրան:

Համբերությամբ և հավատքով մենք սովորեցինք նրա խոսքերը։

Մենք աղոթեցինք նրա համար։

Մենք կանգնեցինք նրա կողքին։

Մնացինք բավականաչափ խոնարհ, որպեսզի հետևենք նրան։

Մենք սիրեցինք նրան:

Ես բերում եմ իմ հանդիսավոր վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է, մեր Փրկիչն ու Քավիչը, ևՆախագահ Ռասսել Մ․ Նելսոնը Նրա օծյալ մարգարեն է Երկրի վրա։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Երեմիա 1.5

  2. Sես 2 Նեփի 2․8։

  3. Մատթեոս 10.40

  4. Personal memory; also see Spencer J. Condie, Russell M. Nelson: Father, Surgeon, Apostle (2003), 235.

  5. Եզեկիել 33․7

  6. Եզեկիել 33․8

  7. Ելից 4․12

  8. Վարդապետություն և Ուխտեր 21.5:

  9. Վարդապետություն և Ուխտեր 107․22

  10. Եփեսացիս 4.14

  11. Հակոբոս 1.6

  12. Եփեսացիս 4.14

  13. Նախագահ Դալլին Հ. Օուքսը մի անգամ ասել է․

    «1988 թվականին տված իմ հարցազրույցի ժամանակ … ես բացատրել եմ աստվածային հայտնությանն աշխարհիկ պատճառաբանություններ տալու իմ կարծիքը․

    «Եթե դուք սուրբ գրությունները կարդալիս ունենաք հետևյալ հարցը ձեր մտքում․ «Ինչո՞ւ Տերը պատվիրեց սա, կամ ինչո՞ւ Տերը պատվիրեց այն», դուք կհայտնաբերեք, որ հարյուր պատվիրաններից ամենաշատը մեկին է տրվել որևէ պաճառաբանում։ Պատճառաբանումներ տալը Տիրոջ ուղին չէ։ Մենք` [մահկանացուներս], կարող ենք պատճառաբանումներ ավելացնել հայտնությանը։ Մենք կարող ենք պատճառաբանումներ ավելացնել պատվիրաններին։ Երբ անում ենք այդ, մենք մնում ենք միայնակ մեր որոշումներում։ Որոշ մարդիկ պատճառաբանումներ են ավելացնում [հայտնությանը] և պարզվում է, որ նրանք մեծապես սխալվում են։ Կա մի դաս, որ կարող ենք սովորել դրանից։ … Շատ վաղուց ես որոշել եմ, որ պետք է հավատք ունենամ պատվիրանի հանդեպ և հավատք չունենամ այն պատճառաբանումների հանդեպ, որոնք տրվել են դրա համար»։ …

    «…Պատճառաբանումների այդ ամբողջ շարքն ինձ համար ավելորդ ռիսկ վերցնել է նշանակում։ … Եկեք չանենք այն սխալները, որոնք արվել են անցյալում, փորձելով պատճառաբանումներ ավելացնել հայտնությանը։ Պարզվում է, որ պատճառաբանումները մեծ չափով արհեստական են։ Հայտնությունները նրանք են, ինչը մենք հաստատում ենք որպես Տիրոջ կամքը և դրանում է արժանահավատությունը» (Life’s Lessons Learned [2011], 68–69)։

  14. Ելից 20․14

  15. Մոսիա 15․7

  16. Russell M. Nelson, in Lane Johnson, “Russell M. Nelson: A Study in Obedience,” Tambuli, Jan. 1983, 26.

  17. Նախագահ Հենրի Բ․ Այրինգն ասել է․ «Մեկ այլ մոլորություն է, որ մտածում ենք մարգարեների խորհուրդներն ընդունելը կամ չընդունելը ոչ այլ ինչ է, եթե ոչ լավ խորհուրդ ընդունել ու օգուտ քաղել կամ մնալ նույն տեղում։ Սակայն մարգարեական խորհուրդը չընդունելու ընտրությունը փոխում է հենց այն հողը, որի վրա մենք կանգնած ենք։ Այն դառնում է ավելի վտանգավոր։ Մարգարեական խորհրդին չհետևելը թուլացնում է հետագայում ոգեշնչված խորհուրդ ընդունելու զորությունը։ Լավագույն ժամանակը, երբ Տերը որոշեց օգնել Նոյին կառուցել տապանը, այն ժամանակ էր, երբ նա առաջին անգամ խնդրեց Տիրոջը։ Դրանից հետո յուրաքանչյուր խնդրանք, յուրաքանչյուր ձախողում կթուլացներ Հոգին զգալու նրա կարողությունը։ Եվ այսպիսով, ամեն անգամ նրա խնդրանքն ավելի հիմարկթվար, մինչև անձրևները սկսվեին։ Իսկ հետո արդեն շատ ուշ է լինում» (“Finding Safety in Counsel,” Ensign, May 1997, 25)։

  18. 3 Նեփի 20․24

  19. Մատթեոս 16․16, տես նաև Հովհաննես 6․69։