2010–2019 թթ․
Տեր, թույլ տուր, որ իմ աչքերը բացվեն
Հոկտեմբեր 2017


Տեր, թույլ տուր, որ իմ աչքերը բացվեն

Մենք պետք է նայենք ուրիշներին մեր Փրկիչի աչքերով։

Առյուծ արքան դասական անիմացիոն ֆիլմ է աֆրիկյան սավաննայի մասին։ Երբ առյուծ արքան մահանում է, փրկելով իր որդուն, մանկահասակ առյուծ արքայազնը վտարվում է երկրից, մինչ բռնակալ կառավարիչը կործանում է սավաննայի հավասարակշռությունը։ Առյուծ արքայազնը վերականգնում է թագավորությունը ուսուցչի օգնությամբ։ Նրա աչքերը բացվում են՝ տեսնելով սավաննայի կյանքի մեծ շրջանի հավասարակշռության անհրաժեշտությունը։ Որպես թագավոր, իր օրինական տեղը զբաղեցնելու համար երիտասարդ առյուծը հետևեց հետևյալ խորհրդին՝ «նայիր քո տեսածից այն կողմ»։1

Մինչ մենք սովորում ենք դառնալ ժառանգներն այն ամենի, ինչ ունի մեր Հայրը, ավետարանը ուսուցանում է մեզ նայել մեր տեսածից այն կողմ։ Մեր տեսածից այն կողմ տեսնելու համար մենք պետք է նայենք ուրիշներին մեր Փրկիչի աչքերով։ Ավետարանի ցանցը լցված է ամեն տեսակ մարդկանցով։Մենք չենք կարող լիարժեք հասկանալ մեզ շրջապատող մարդկանց, Եկեղեցու անդամների, նույնիսկ մեր ընտանիքի անդամների ընտրությունները և հոգեբանական վիճակը, քանի որ մենք դժվար թե լիարժեք պատկերացում ունենք, թե ովքեր են նրանք։ Մենք պետք է նայենք անիմաստ ենթադրություններից և կարծրատիպերից այն կողմ և լայնացնենք մեր սեփական փորձի փոքրիկ ոսպնյակը։

Մինչ ծառայում էի որպես միսիայի նախագահ, ես բացել եմ շատ աչքեր՝ «նայելու իմ տեսածից այն կողմ»։ Մի երիտասարդ երեց ժամանեց, ում աչքերում մտավախություն կար։ Երբ մենք հանդիպեցինք, հարցազրույցի ժամանակ նա հուսահատությամբ ասաց․ «Ես ուզում եմ տուն գնալ»։ Եսմտածեցի․ «Դե, մենք կարող ենք դա շտկել»: Ես նրան խորհուրդ տվեցի ջանասիրաբար աշխատել և աղոթել այդ մասին մեկ շաբաթվա ընթացքում, ապա զանգել ինձ։ Ուղիղ մեկ շաբաթ անց նա զանգեց։ Նա դեռ ցանկանում էր տուն գնալ։ Ես կրկին խորհուրդ տվեցի նրան աղոթել, ջանասիրաբար աշխատել և զանգել ինձ մեկ շաբաթից։ Մեր հաջորդ հարցազրույցի ժամանակ ոչինչ չէր փոխվել։ Նա պնդեց, որ պիտի տուն գնար։

Ես պարզապես չէի ուզում, որ դա տեղի ունենար։ Ես սկսեցի սովորեցնել նրան իր կոչման սուրբ բնույթի մասին։ Ես քաջալերեցի նրան «մոռանալ [իրեն] և գնալ աշխատելու»:2 Սակայն անկախ իմ առաջարկներից, նա չէր մտափոխվում։ Ի վերջո ես հասկացա, որ թերևս չունեի ամբողջական պատկերը։ Այդ ժամանակ ես ոգեշնչում զգացի տալու նրան հետևյալ հարցը․ «Երեց, ի՞նչն է դժվար քեզ համար»։ Նրա խոսքերը խոցեցին իմ սիրտը․ «Նախագահ, ես չեմ կարողանում կարդալ»։

Իմաստուն խորհուրդը, որն իմ կարծիքով շատ կարևոր էր նրա համար լսել, բացարձակապես չէր համապատասխանում նրա կարիքներին։Ամենաշատը նա սպասում էր, որ ես նայեի իմ հապճեպ տրված գնահատականից այն կողմ և թույլ տայի Հոգուն օգնել ինձ հասկանալ, թե իրականում ինչ մտահոգություն ուներ այս երեցը։ Նա կարիք ուներ, որ ես ամեն բան ճիշտ տեսնեի և հուսալի առաջարկ անեի։ Փոխարենը, ես գործում էի որպես մի հսկա ավերիչ գունդ։ Այդ խիզախ երեցը սովորեց կարդալ և դարձավ Հիսուս Քրիստոսի ազնիվ աշակերտ։ Նա բացեց իմ աչքերը և օգնեց հասկանալ Տիրոջ հետևյալ խոսքերը․ «Որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում» (Ա Թագավորաց 16.7):

Ինչպիսի օրհնություն է, երբ Տիրոջ Հոգին մեծացնում է մեր տեսադաշտը։ Հիշեք Եղիսե մարգարեին, ով արթնացավ ու գտավ իր քաղաքը, շրջապատված ասորական բանակի ձիերով և կառքերով։ Նրա ծառան վախեցած էր և հարցրեց Եղիսեին, թե ինչ էին անելու նման արտասովոր պայմաններում։ Եղիսեն պատվիրեց նրան չանհանգստանալ հետևյալ հիշարժան խոսքերով․ «Մի վախենար․ որովհետեւ մեզ հետ եղողները շատ են քան թէ նորանց հետ եղողները» (Դ Թագավորաց 6․16)։ Ծառան գաղափար չուներ, թե ինչի մասին էր խոսում մարգարեն: Նա չէր կարողանում նայել իր տեսածից այն կողմ։ Ինչևէ, Եղիսեն տեսավ հրեշտակների հզոր բանակ՝ պատրաստված պատերազմելու մարգարեի ժողովրդի համար։ Ուստի, Եղիսեն աղոթեց, որ Տերը բացեր երիտասարդի աչքերը, «եւ նա տեսաւ, եւ ահա սարը լիքն էր հրեղէն ձիերով եւ կառքերով Եղիսէի շուրջը» (Դ Թագավորաց 6․17

Նկար
Եղիսեն և երկնային զորքը

Մենք հաճախ առանձնանում ենք ուրիշներից, քանի որ տարբեր կերպ ենք տեսնում բաները։ Մենք հարմարավետ ենք զգում նրանց շրջապատում, ովքեր մտածում, խոսում, հագնվում և գործում են մեր նման և անհարմարավետ նրանց հետ, ովքեր ունեն այլ հանգամանքներ կամ իրավիճակներ։ Արդյո՞ք իրականում մենք չենք գալիս տարբեր երկրներից և խոսում տարբեր լեզուներով։ Մի՞թե մենք բոլորս չենք տեսնում աշխարհը մեր իսկ կյանքի փորձառությունների հսկայական սահմանափակումների միջոցով։ Ոմանք տեսնում և խոսում են հոգևոր աչքերով, ինչպես Եղիսե մարգարեն, իսկ ոմանք էլ տեսնում և շփվում են համաձայն աչքի տեսածի, համաձայն ոչ տառաճանաչ միսիոների հետ իմ ունեցած փորձառության։

Մենք ապրում ենք մի աշխարհում, որը սնվում է համեմատություններով, պիտակներ դնելով և քննադատությամբ: Սոցկայքերի տեսապակու միջոցով նայելու փոխարեն մենք պետք է նայենք ներսում եղած աստվածային հատկանիշներին, որոնցով օժտված է մեզանից յուրաքանչյուրը։Աստվածային այդ արժեքները և ցանկությունները հնարավոր չէ տեղադրել Pinterest-ում կամ Instagram-ում։

Ուրիշներին ընդունելը և սիրելը չի նշանակում, որ մենք պետք է ընդունենք նրանց գաղափարները։ Ակնհայտ է, որ ճշմարտությունը մեզանից պահանջում է լիարժեք նվիրվածություն, չնայած այն երբեք չպիտի խոչընդոտ հանդիսանա բարության համար։ Ուրիշներին անկեղծորեն սիրելը պահանջում է անվերջ փորձել ընդունել մարդկանց լավագույն ջանքերը, ում կյանքի փորձառությունները և սահմանափակումները գուցե մենք երբեք ամբողջությամբ չիմանանք։ Մեր տեսածից այն կողմ տեսնելը պահանջում է կենտրոնացնել մեր գիտակցությունը Փրկիչի վրա։

Նկար
Ամենագնաց

2016թ․ մայիսի 28-ին 16-ամյա Բաու Ռիչին և նրա ընկեր Աուստինը Կոլորադոյում գտնվող ընտանեկան ագարակում էին։ Բաուն և Աուստինը բարձրացան իրենց ամենագնացները՝ մեծ ակնկալիք ունենալով, կապված արկածալի օրվա հետ։ Դեռ շատ հեռու չէին գնացել, երբ հայտնվեցին վտանգավոր պայմաններում և տեղի ունեցավ ողբերգություն։ Մեքենան, որը վարում էր Բաուն, հանկարծ շրջվեց, թողնելով նրան 400 ֆունտ (180 կգ) պողպատի ծանրության տակ։ Երբ Բաուի ընկեր Աուստինը հասավ նրան, տեսավ, որ Բաուն պայքարում էր իր կյանքի համար։ Իր ամբողջ ուժով նա փորձեց հրել մեքենան իր ընկերոջ վրայից։ Այն տեղից չէր շարժվում։ Նա աղոթեց Բաուի համար, ապա շտապ գնաց օգնություն կանչելու։ Արտակարգ իրավիճակների անձնակազմն ի վերջո ժամանեց, սակայն մի քանի ժամ անց Բաուն մահացավ։ Նա հեռացավ այս մահկանացու կյանքից։

Ժամանեցին նրա հուսահատ ծնողները։ Մինչ նրանք կանգնած էին մի փոքր հիվանդանոցում Բաուի ամենամոտ ընկերոջ և ընտանիքի անդամների հետ, ներս մտավ մի ոստիկան և Բաուի մայրիկին փոխանցեց իր որդու բջջային հեռախոսը։ Երբ նա վերցրեց այն, հնչեց ձայնային մի ազդանշան։ Նա բացեց հեռախոսը և տեսավ Բաուի ամենօրյա ազդանշանը։ Նա բարձրաձայն կարդաց իր կենսուրախ, արկածասեր դեռահաս որդու ուղերձը, որը գրել էր ամեն օր կարդալու համար։ Ահա այն․ «Հիշիր այսօր դնել Հիսուս Քրիստոսին քո կյանքի կենտրոնում»։

Բաուի՝ Քավիչի վրա կենտրոնացած լինելը չէր մեղմացնում նրանսիրողների վիշտը նրա բացակայության ժամանակ։ Այնուամենայնիվ, այն մեծ հույս և իմաստ է տալիս Բաուի կյանքին և կյանքում կայացրած որոշումներին։ Այն թույլ է տալիս նրա ընտանիքին և ընկերներին նայելու նրա վաղաժամ մահվան վշտից այն կողմ՝ հանդերձյալ կյանքի ուրախ իրողությանը։ Ինչպիսի գորովագութ ողորմություն է Բաուի ծնողների համար՝ տեսնել իրենց որդու աչքերով այն, ինչն ամենաարժեքավորն էր նրա համար։

Որպես Եկեղեցու անդամներ, մենք ունենք անձնական հոգևոր ազդանշանների պարգևը, որը նախազգուշացնում է մեզ, երբ նայում ենք լոկ մեր մահկանացու աչքերով՝ փրկությունից հեռու։ Հաղորդությունն ամեն շաբաթ մեզ հիշեցնում է շարունակ կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա, որպեսզի մենք միշտ հիշենք Նրան և կարողանանք միշտ ունենալ Նրա Հոգին մեզ հետ (տես ՎևՈւ 20․77): Սակայն մենք երբեմն անտեսում ենք հիշեցումի այս զգացումները և ահազանգերը։ Եթե մենք ունենք Հիսուս Քրիստոսին մեր կյանքի կենտրոնում, Նա այնպես կանի, որ մեր աչքերը կարողանան տեսնել ավելի լայն հնարավորություններ, քան մենք ինքներս կարող ենք ըմբռնել։

Ես մի շատ հետաքրքիր նամակ եմ ստացել պաշտպանիչ ազդանշանի մասին, որ ստացել էր մի հավատարիմ քույր։ Նա պատմեց ինձ, որ ցանկանալով օգնել իր ամուսնուն հասկանալ իրեն, նա իր հեռախոսի մեջ սկսեց գրառել ամուսնու այն խոսքերը և արարքները, որոնք ցավ էին պատճառում իրեն։ Նա մտածում էր, որ հարմար պահին նա կունենար գրավոր ապացույց և կկիսվեր նրա հետ դրանով, ինչն էլ կստիպեր նրան փոխվելու ցանկություն ունենալ։ Ինչևէ, մի կիրակի, մինչ ճաշակում էին հաղորդությունը և կենտրոնանում Փրկիչի Քավության վրա, նա հասկացավ, որ իր ամուսնու վերաբերյալ բացասական զգացողություններ գրառելն իրականում հեռացնում էր նրանից Հոգին և երբեք չէր փոխելու նրան։

Մի հոգևոր ազդանշան նշմարվեց նրա սրտում, որն ասում էր․ «Թույլ տուր այդ վատ զգացողությանը հեռանալ, թույլ տուր, որ այդ ամբողջը հեռանա։ Ջնջիր այդ նշումները։ Դրանք չեն կարող օգնել»: Ապա նա գրել է, և ես մեջբերում եմ․ «Ժամանակ պահանջվեց, որ ես կարողանայի սեղմել «նշել բոլորը» և նույնիսկ ավելի երկար ժամանակ պահանջվեց, որ սեղմեի «ջնջել»։ Սակայն հենց արեցի դա, այդ բոլոր բացասական զգացողությունները կորան տարածության մեջ։ Սիրտս լցվեց սիրով՝ ամուսնուս հանդեպ սիրով և Տիրոջ հանդեպ սիրով»։ Նրա տեսիլքը փոխվեց, ինչպես Սողոսինը՝ Դամասկոս տանող ճանապարհին։ Աղավաղող թեփերը թափվեցին նրա աչքերից։

Մեր Փրկիչը հաճախ է բացել ֆիզիկապես և հոգեպես կույրերի աչքերը։ Մեր աչքերը բառացիորեն կամ փոխաբերական իմաստով աստվածային ճշմարտության համար բացելը նախապատրաստում է մեզ բժշկվելու մահկանացու կարճատեսությունից։Եթե մենք ուշադրություն ենք դարձնում հոգևոր «զգուշացումներին», որոնք ազդանշում են ճիշտ ուղղություն բռնելու կամ ավելի լայն հավերժական հեռանկար ունենալու կարիքի մասին, մենք ստանում ենք հաղորդության խոստումը՝ ունենալու Նրա Հոգին մեզ հետ։ Դա տեղի ունեցավ Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի հետ Կիրթլենդի Տաճարում, երբ Հիսուս Քրիստոսն ուսուցանեց ազդեցիկ ճշմարտություններ և խոստացավ, որ մահկանացու սահմանափակումների «վարագույրը [կհեռացվեն նրանց] մտքերից և [նրանց] հասկացողության աչքերը [կբացվեն]» (ՎևՈւ 110․1

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի զորության միջոցով մենք կարողանում ենք հոգևորապես նայել այն ամենից այն կողմ, ինչ տեսնում ենք մեր ֆիզիկական աչքերով։ Եթե մենք հիշենք Նրան և Նրա Հոգին մեզ հետ ունենանք (տես ՎևՈւ 20․77), մեր հասկացողության աչքերը կբացվեն։ Ապա մեզանից յուրաքանչյուրի մեջ աստվածայնության առկայության հրաշալի իրողությունը ավելի մեծ զորությամբ կամրապնդվի մեր սրտերում։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: