2010–2019 թթ․
Հաղթել աշխարհին
Ապրիլ 2017


Հաղթել աշխարհին

Աշխարհին հաղթելը կյանքի վճռորոշ պահերից մեկը չէ, այլ կյանքն է, կազմված այնպիսի պահերից, որոնք սահմանում են հավերժությունը։

Շատ տարիներ առաջ Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը պատմեց մի հրաշալի փորձառության մասին, որը նա ունեցել էր, երբ նավարկում էր Սամոայի ուղղությամբ: Երբ նա քուն մտավ, «տեսիլքում տեսավ անսահման վսեմ մի բան: «Հեռվում, - ասաց նա,- ես տեսա մի գեղեցիկ սպիտակ քաղաք:… Ամենուր քաղցրահամ մրգերով ծառեր էին և … անթերի ծաղկած բազում գեղեցիկ ծաղիկներ: Մարդկանց անհամար բազմություններ էին մոտենում քաղաքին: Նրանցից յուրաքանչյուրը կրում էր սպիտակ կոկիկ պատմուճան:… Իմ ուշադրությունն … անմիջապես կենտրոնացավ նրանց առաջնորդի վրա և, չնայած, տեսնում էի միայն նրա արտաքին ուրվագիծը … , ես անմիջապես ճանաչեցի իմ Փրկիչին: Նրա դեմքի լույսը փառահեղ էր: Նա շրջապատված էր աստվածային խաղաղությամբ»:

Նախագահ Մակքեյը շարունակում է. «Այդ քաղաքը … նրա … Հավերժության Քաղաքն էր, և նրան հետևող մարդիկ ցանկանում էին ապրել այնտեղ խաղաղության և հավերժական երջանկության մեջ»:

Նախագահ Մակքեյը հետաքրքրվեց. «Ովքե՞ր [են] նրանք: [Ովքե՞ր են այս մարդիկ]»:

Նա բացատրում է, թե ինչ պատահեց հետո.

«Կարծես, կարդալով իմ մտքերը, Փրկիչը պատասխանեց՝ մատնացույց անելով  …  [մարդկանց] գլխավերևում հայտնված ոսկեգույն տառերով … կամարաձև գրված բառերը:

«Այդ նրանք են, ովքեր հաղթել են աշխարհին,

«Ովքեր իսկապես վերստին են ծնվել»:1

Տարիներ շարունակ ես հիշում եմ այս բառերը. «Այդ նրանք են, ովքեր հաղթել են աշխարհին»:

Օրհնությունները, որոնք Տերը խոստացել է նրանց, ովքեր հաղթում են աշխարհին, ապշեցուցիչ են: Նրանք «սպիտակ հանդերձներ կ’հագնէ[ն]. Եւ նորա[նց] անունը կեանքի գրքիցը չեմ ջնջիլ»: Տերը «կ’դաւան[ի] նորա[նց] անուն[ներն] ի[ր] Հօր առաջին եւ նորա հրեշտակների առաջին»։2 Նրանցից յուրաքանչյուրը «բաժին կունենա առաջին հարության ժամանակ»3,կստանա հավերժական կյանք, 4 և «այլ եւս դուրս չի գնալ» Աստծո արքայությունից:5

Հնարավո՞ր է հաղթել աշխարհին և ստանալ այս օրհնությունները: Այո, հնարավոր է:

Սերը Փրկիչի հանդեպ

Նրանք, ովքեր հաղթում են աշխարհին, համապարփակ սեր են զարգացնում մեր Տիրոջ և Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Նրա աստվածային ծնունդը, Նրա կատարյալ կյանքը, Նրա անսահման Քավությունը Գեթսեմանիում և Գողգոթայում Հարություն ապահովեցին յուրաքանչյուրիս համար: Մեր անկեղծ ապաշխարության միջոցով միայն Նա կարող է մաքրել մեզ մեղքից, ինչն էլ հնարավորություն կտա մեզ վերադառնալ Աստծո ներկայություն: «Մենք սիրենք նորան, որովհետեւ առաջ նա սիրեց մեզ»:6

Հիսուսն ասաց. «Քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին»։7

Ավելի ուշ Նա ավելացրեց. «Ես կամենում եմ, որ դուք հաղթեք աշխարհին»:8

Աշխարհին հաղթելը կյանքի վճռորոշ պահերից մեկը չէ, այլ կյանքն է, որը կազմված է այնպիսի պահերից, որոնք սահմանում են հավերժությունը:

Այն կարող է սկսվել, երբ մի երեխա սովորում է աղոթել և ակնածանքով երգում է. «Ես փորձում եմ նմանվել Հիսուսին»:9 Այն շարունակվում է, երբ մի մարդ ուսումնասիրում է Փրկիչի կյանքը Նոր Կտակարանում և խորհում է Փրկիչի Քավության զորության շուրջ Մորմոնի Գրքում:

Աղոթելը, ապաշխարելը, Փրկիչին հետևելը և Նրա շնորհը ստանալը մեզ օգնում են ավելի լավ հասկանալ, թե մենք ինչու ենք այստեղ և ինչ պիտի դառնանք:

Ալման այսպես է նկարագրել այն. «Մի հզոր փոփոխություն գործվեց նրանց սրտերում ևս, և նրանք խոնարհեցրին իրենց և դրեցին իրենց վստահությունը ճշմարիտ ու կենդանի Աստծո վրա … հավատարիմ [մնալով] մինչև վերջ»:10

Նրանք, ովքեր հաղթում են աշխարհին, գիտեն, որ իրենք հաշվետու կլինեն իրենց Երկնային Հորը: Անկեղծ փոփոխությունը և մեղքերի ապաշխարությունը ոչ թե ետ են պահում, այլ ազատագրում են մեզ, քանի որ «մեղքերը կարմիրի պէս … ձիւնի պէս պիտի սպիտականան»:11

Հաշվետու լինել Աստծո առաջ

Աշխարհիկ մարդիկ, ովքեր դժվարություն ունեն Աստծո առաջ հաշվետու լինելու գործում, նման են մի երեխայի, ով աղմկոտ խնջույք է կազմակերպում իր ծնողների տանը, մինչ նրանք մեկնել են քաղաքից դուրս, չմտածելով սպասվող հետևանքների մասին, երբ ծնողները վերադառնան 24 ժամ անց:  

Աշխարհը, մյուս կողմից, ավելի շատ հետաքրքրված է բնական մարդուն երես տալով, քան նրան հնազանդեցնելով:

Աշխարհին հաղթելը համընդհանուր արշավանք չէ, այլ մասնավոր, անհատական պայքար, որը պահանջում է անձնական պայքար մեր ներքին գայթակղությունների և հակվածությունների դեմ:

Աշխարհին հաղթելը նշանակում է արժեվորել մեծագույն պատվիրանը. «Եւ սիրիր քո Տէր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զօրութիւնիցդ»:12

Քրիստոնյա գրող Ք. Ս. Լեվիսը այսպես է նկարագրում այն. «Քրիստոսն ասում է. «Տվեք ինձ Ամբողջը: Ես չեմ ցանկանում ձեր ժամանակի մեծ մասը, ձեր փողի մեծ մասը և ձեր աշխատանքի մեծ մասը: Ես ցանկանում եմ Ձեզ»:13

Հաղթել աշխարհին նշանակում է՝ պահել Աստծուն տված մեր խոստումները՝ մեր մկրտության ու մեր տաճարային ուխտերը և մեր հավերժական զուգընկերոջը հավատարիմ մնալու երդումը: Հաղթելով աշխարհին, յուրաքանչյուր շաբաթ մենք ուղղորդվում ենք դեպի հաղորդության սեղանը, ներում խնդրում և խոստանում «միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները», որպեսզի մենք կարողանանք «նրա Հոգին միշտ [մեզ] հետ ունենա[լ]»։14

Մեր սերը Հանգստության օրվա հանդեպ չի վերջանում, երբ հավաքատան դռները փակվում են մեր ետևում, այլ փոխարենը բացվում են դռները դեպի հանգստի, ուսումնասիրության, աղոթքի հրաշալի օրը, երբ մենք հասնում ենք մեր ուշադրության կարիքն ունեցող ընտանիքին և ուրիշ մարդկանց: Փոխանակ եկեղեցու ավարտից հետո թեթևացած շունչ քաշելու և խելակորույս վազելու հեռուստացույց գտնելու հույսով, նախքան ֆուտբոլային խաղը կսկսվի, թող որ մեր կենտրոնացումը մնա Փրկիչի և Նրա սուրբ օրվա վրա:

Աշխարհը մշտապես գտնվում է գայթակղիչ և հրապուրիչ ազդեցությունների ներքո:15

Հաղթել աշխարհին նշանակում է վստահել այն ձայնին, որը նախազգուշացնում է, հանգստացնում է, լուսավորում է և խաղաղություն է բերում «ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս»:16

Այլասիրություն

Հաղթել աշխարհին նշանակում է՝ ավելի շատ կենտրոնանալ ուրիշների, քան մեզ վրա, հիշելով երկրորդ պատվիրանը. 17 «Եւ ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի»։18 Մեր կողակցի երջանկությունն ավելի կարևոր է, քան մեր սեփական հաճույքները: Մեր գլխավոր առաջնահերթությունը պիտի լինի օգնել մեր զավակներին սիրել Աստծուն և պահել Նրա պատվիրանները: Մենք պատրաստակամ կիսվում ենք մեր նյութական օրհնություններով տասանորդի, ծոմի նվիրատվության և կարիքավորներին օգնելու միջոցով: Եվ երբ մեր սեփական ալեհավաքները ուղղված են դեպի երկինք, Աստված առաջնորդում է մեզ դեպի այն մարդիկ, ում մենք կարող ենք օգնել:

Աշխարհիկ մարդը իր աշխարհը կառուցում է իր շուրջը, հպարտ հայտարարելով. «Տե՛ս իմ ունեցվածքը հարևանի ունեցածի համեմատ: Տե՛ս, ինչե՜ր ունեմ ես: Տե՛ս, ի՜նչ կարևոր մարդ եմ ես»:

Աշխարհիկ մարդը բարկացկոտ է, անտարբեր է և պահանջկոտ, սիրում է, երբ ամբոխը հիանում է իրենով, մինչ աշխարհին հաղթելիս, մարդը ձեռք է բերում խոնարհություն, կարեկցանք, համբերություն և գթություն նրանց հանդեպ, ովքեր տարբեր են իրենից:

Ապահովություն Մարգարեների միջոցով

Հաղթահարել աշխարհին միշտ կնշանակի, որ մենք կունենանք որոշ համոզմունքներ, որոնք աշխարհը կծաղրի: Փրկիչն ասել է.

«Եթէ աշխարհքը ձեզ ատում է, գիտացէք, որ ինձ ձեզանից առաջ է ատել»։

«Եթէ այս աշխարհքիցը լինէիք, ապա աշխարհքն իրանը կ’սիրէր»:19

Այս առավոտ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասաց. «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները պատրաստ են առանձնանալ, բարձրաձայնել և տարբերվել աշխարհիկ մարդկանցից»:21

Քրիստոսի հետևորդը չի տագնապում, երբ իր համոզմունքները ֆեյսբուքյան էջում չեն արժանանում 10000 հավանության:

Աշխարհին հաղթել նշանակում է՝ քիչ մտահոգվել մեր առցանց կապերով և ավելի շատ մտահոգվել Աստծո Հետ ունեցած մեր կապով:

Աշխարհին հաղթելու գործընթացում Աստված մեզ ապահովություն կշնորհի, երբ մենք ականջ դնենք Նրա ապրող մարգարեների և առաքյալների առաջնորդությանը:

Նկար
Խոսում է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Աշխարհը մեզ մարտահրավերներ է նետում … [Երբ մենք տաճար ենք գնում] … մենք ավելի ունակ ենք դառնում տանել ամեն մի փորձություն և հաղթահարել յուրաքանչյուր գայթակղություն: … Մենք նորոգվում և ամրանում ենք»: 21

Գայթակղությունների, շեղումների և խեղաթյուրումների աճող քանակությամբ աշխարհը մոլորության մեջ է գցում հավատարիմներին, համոզելով նրանց անտեսել անցյալի հզոր հոգևոր փորձառությունը, վերաձևակերպելով դրանք որպես խենթ խաբկանք:

Աշխարհին հաղթելը, նույնիսկ, երբ մենք հուսահատ ենք, այն ժամանակի հիշեցումն է, երբ մենք ունեինք Փրկիչի սերն ու լույսը: Երեց Նիլ Ա. Մաքսվելը այսպես է մեկնաբանել այդպիսի փորձառություններից մեկը. «Ես օրհնված էի Աստծո կողմից, և ես գիտեի, որ Աստված գիտեր, որ ես գիտեի, որ օրհնված էի»: 22 Չնայած մենք ժամանակավորապես կարող ենք մոռացված զգալ Աստծո կողմից, մենք չենք մոռանում Աստծուն:

Աշխարհին հաղթելը չի նշանակում, որ մենք ապրում ենք մեկուսի կյանքով՝ պաշտպանված մահկանացու կյանքի անարդարություններից և դժվարություններից: Ավելի շուտ այն մեզ տալիս է հավատի ավելի ընդարձակ ըմբռնում, մեզ մոտեցնելով Փրկիչին և Նրա խոստումներին:

Չնայած կատարելագործումը չի ավարտվում այս կյանքում, աշխարհին հաղթահարելը գործուն է պահում մեր հավատը, հույս տալով, որ մի օր մենք «կկանգն[ենք] նրա առջև [և] այն ժամանակ կտեսնե[նք] ես նրա երեսը հաճույքով»23 և կլսենք Նրա ձայնը. «Եկէք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը»։24

Երեց Բրյուս Դ. Փորթերի օրինակը

Անցյալ տարի դեկտեմբերի 28-ին մեր թանկագին ընկեր և սիրելի Բարձրագույն Իշխանավոր Երեց Բրյուս Դ. Փորթերը ավարտեց իր մահկանացու կյանքը: Նա 64 տարեկան էր:

Առաջին անգամ ես հանդիպեցի Բրյուսին, երբ մենք ուսանող էինք Բրիգամ Յանգի Համալսարանում: Նա ամենալավ և ամենափայլուն ուսանողներից մեկն էր: Հարվարդի Համալսարանում Ռուսաստանի քաղաքականության և պատմություն թեմայով դոկտորի աստիճան ստանալուց հետո Բրյուսի մտածելակերպը և գրելու ունակությունը հռչակ բերեցին նրան, որը կարող էր շեղել նրան, բայց աշխարհիկ հարստությունն ու գովասանքը երբեք չմշուշապատեցին նրա տեսադաշտը: Նա հավատարիմ էր իր Փրկիչ Հիսուս Քրիստոսին, իր հավերժական կողակցին՝ Սյուզանին, իր երեխաներին և թոռներին:

Նկար
Երեց Փորթերն իր երիտասարդ ընտանիքի հետ

Բրյուսը ծնվել էր երիկամի արատով: Նա վիրահատվեց, բայց ժամանակի ընթացքում նրա երիկամների վիճակը վատթարացավ:

1995-ին Բրյուսը կանչվեց որպես Բարձրագույն Իշխանավոր, որից հետո մենք ծառայեցինք Ֆրանկֆուրտում (Գերմանիա) մեր ընտանիքների հետ միասին, որտեղ Բրյուսի աշխատանքը կենտրոնացած էր Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում:

Երեց Փորթերի կյանքը կտրուկ փոխվեց 1997թ.-ին, երբ նրա երիկամի ֆունկցիան և առողջությունը սկսեցին վատթարանալ: Փորթերների ընտանիքը վերադարձավ Սոլթ Լեյք Սիթի:

Յոթանասունական ծառայելու 22 տարիների ընթացքում Բրյուսը բազմիզս հոսպիտալացվել է և տարել է 10 վիրահատություն: Երկու անգամ բժիշկներն ասել են Սյուզանին, որ Բրյուսը չի ապրի մինչև լույս, բայց նա ապրել է:

12 տարի որպես Բարձրագույն Իշխանավոր ծառայելու ընթացքում, Բրյուսի արյունը մաքրվել է դիալիզի օգնությամբ: Դիալիզը կատարվում էր շաբաթական հինգ անգամ չորս ժամով երեկոյան, որպեսզի նա կարողանար կատարել իր կոչման ծառայությունները օրվա ընթացքում և ընդուներ համաժողովի հանձնարարությունները հանգստյան օրերին: Երբ նրա առողջությունը չլավացավ մի քանի քահանայական օրհնություններից հետո, Բրյուսը շփոթված էր, բայց գիտեր ում էր ինքը վստահում: 26

2010թ.-ին Բրյուսի որդին՝ Դեյվիդը, նրան տվեց իր երիկամը փոխպատվաստման համար: Այս անգամ նրա մարմինը չմերժեց փոխպատվաստումը: Դա հրաշք էր, որից հետո նրա առողջությունը սկսեց լավանալ և, ի վերջո, նրան և Սյուզանին թույլ տրվեց վերադառնալ նրանց սիրելի Ռուսաստան՝ նրա հետ ծառայելու Տարածքային Նախագահությունում:

Նկար
Երեց և Քույր Փորթերները Ռուսաստանում

Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Սոլթ Լեյք Սիթիի հիվանդանոցում մշտական վարակի դեմ պայքարելուց հետո նա բժիշկներին խնդրեց հեռանալ սենյակից: Բրյուսն ասաց Սյուզանին, «որ ինքը Հոգու միջոցով զգում էր, որ բժիշկներն այլևս ի զորու չեն փրկել իր կյանքը: Նա գիտեր, որ … Երկնային Հայրն իրեն տուն կտանի: Նա լցված էր խաղաղությամբ»:27

Դեկտեմբերի 28-ին Բրյուսը հիվանդանոցից տեղափոխվեց իր տուն: Մի քանի ժամ անց, շրջապատված իր ընտանիքով, նա խաղաղությամբ վերադարձավ իր երկնային տունը:

Նկար
Երեց Բրյուս Դ. Փորթերի դիմանկարը

Տարիներ առաջ Բրյուս Փորթերը հետևյալ բառերն է գրել իր զավակներին.

«Վկայությունը, որ ես ունեմ Հիսուս Քրիստոսի ճշմարտության և սիրո մասին, եղել է իմ կյանքի կողմնացույցը: … Այն մաքուր, ուժգին վկայություն է Հոգուց այն մասին, որ Նա ապրում է, որ Նա իմ Փրկիչն է և Ընկերը կարիքի բոլոր պահերին»:28

«Մեր մարտահրավերն է … ճանաչել Փրկիչին և հաղթել աշխարհի փորձություններն ու գայթակղությունները Նրա հանդեպ ունեցած հավատով»:29

«Եկեք լինենք հավատարիմ և ճշմարիտ, վստահելով Նրան»:30

Բրյուս Դուգլաս Փորթերը հաղթեց աշխարհին:

Թող մեզանից յուրաքանչյուրն ավելի մեծ ջանքեր գործադրի հաղթելու աշխարհին, չանտեսելով լուրջ մեղքերը, սակայն համբերատար լինելով փոքր սխալների ու շեղումների հանդեպ, մեծացնելով մեր հոգևոր առաջնթացի արագությունը և շռայլորեն օգնելով ուրիշներին: Երբ դուք լիովին վստահեք Փրկիչին, ես խոստանում եմ ավելի մեծ խաղաղություն այս կյանքում և ավելի մեծ հավաստիացում ձեր հավերժական ճակատագրում, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: