2010–2019 թթ․
Մեր Հոր փառահեղ ծրագիրը
Ապրիլ 2017


Մեր Հոր փառահեղ ծրագիրը

Աստծո սրբազան ծրագրի շնորհիվ մենք գիտենք, որ ծնունդն ու մահն իրականում պարզապես կարևոր պահեր են հանդիսանում մեր Երկնային Հոր հետ հավերժական կյանք տանող ճանապարհին:

Որպես բժիշկ, իմ ուսումնառության վաղ շրջանում հնարավորություն ունեցա օգնել մի երիտասարդ կնոջ իր առաջին երեխայի ծննդաբերության ժամանակ: Նա հանգիստ էր, ուշադիր ու երջանիկ: Երբ երեխան ծնվեց, ես թանկագին նորածնին նրան տվեցի: Երջանկության արցունքները հոսում էին նրա դեմքի վրայով, երբ նա վերցրեց իր նորածին բալիկին և ոտքից գլուխ զննեց նրան: Նա ամուր գրկեց նրան ու սիրում էր այնպես, ինչպես միայն մայրն է կարողանում սիրել: Հրաշալի էր այդ սենյակում նրա հետ լինելը:

Այդպես է սկսվում մեզանից յուրաքանչյուրի կյանքը: Սակայն իրականում մեր ծնունդո՞վ է ամեն ինչ սկսվում: Աշխարհը ծնունդն ու մահն ընկալում է որպես սկիզբ ու վերջ: Սակայն Աստծո սրբազան ծրագրի շնորհիվ մենք գիտենք, որ ծնունդն ու մահն իրականում կարևոր պահեր են հանդիսանում մեր Երկնային Հոր հետ հավերժական կյանք տանող ճանապարհին: 1 Դրանք կարևոր մաս են կազմում մեր Երկնային Հոր ծրագրում ` սրբազան պահեր, երբ երկիրն ու երկինքը հատվում են: Այսօր, խորհելով ծնունդի ու մահվան դիտարկումների մասին, որ կատարել եմ իմ բժշկական ուսումնառության տարիների ու Եկեղեցում ծառայելու ընթացքում, ցանկանում եմ վկայել մեր Հոր փառավոր ծրագրի մասին:

«Նախքան մեր ծնունդը մենք ապրել ենք Աստծո` մեր հոգիների Հոր հետ: [Բոլորս], որ երկրի վրա ենք գտնվում, բառացիորեն եղբայրներ ու քույրեր ենք Նրա ընտանիքում,2 և մեզանից յուրաքանչյուրը սիրելի է Նրա համար: Մենք Նրա հետ շատ երկար ենք ապրել, նախքան մեր ծնունդը մահկանացու կյանքում, որն իր մեջ ներառում է սովորել, ընտրել ու պատրաստվել:

Քանի որ Երկնային Հայրը սիրում է մեզ, Նա ցանկանում է, որ մենք ունենանք ամենամեծ պարգևը, որ Նա կարող է տալ` հավերժական կյանքի պարգևը: 3 Նա չէր կարող հեշտությամբ տալ մեզ այս պարգևը. մենք պետք է ստանայինք այն` ընտրելով Իրեն ու Իր ուղիները: Սա պահանջում էր, որ մենք հեռանայինք Նրա ներկայությունից ու սկսեինք հավատքի, աճի ու ավելի լավը դառնալու մի հրաշալի ու դժվարին ճանապարհ: Ճանապարհը, որ մեր Երկնային Հայրը պատրաստել է մեզ համար, կոչվում է փրկության ծրագիր կամ երջանկության ծրագիր:4

Նախաերկրային մեծ խորհրդի ժամանակ մեր Երկնային Հայրն ասաց մեզ Իր ծրագրի մասին:5 Երբ մենք հասկացանք այն, այնքան ուրախացանք, որ բոլորս գովաբանում էինք, իսկ «առավոտյան աստղերը միասին ցնծում էին»:6

Այդ ծրագիրը կառուցված է երեք հիմնական սյուների վրա, որոնք հանդիսանում են հավերժության սյուները:7

Առաջին սյունը երկրի արարումն է` մեր մահկանացու կյանքի ճամփորդության միջավայրը:8

Երկրորդ սյունը մեր առաջին երկրային ծնողների` Ադամի ու Եվայի անկումն է: Անկումի շնորհիվ մեզ մի քանի հրաշալի բան տրվեց: Մենք կարողացանք ծնվել ու ֆիզիկական մարմին ստանալ:9 Ես հավերժ երախտապարտ կլինեմ մայրիկիս ինձ ու եղբայրներիս լույս աշխարհ բերելու և մեզ Աստծո մասին ուսուցանելու համար:

Աստված մեզ տվել է նաև ազատ ընտրության իրավունք` ինքներս մեզ համար ընտրելու և գործելու կարողություն ու արտոնություն:10 Որպեսզի մեզ ընտրության հարցում օգնի, Երկնային Հայրը պատվիրաններ է տվել: Ամեն օր, երբ պահում ենք Նրա պատվիրանները, ցույց ենք տալիս Աստծուն, որ սիրում ենք Նրան ու Նա օրհնում է մեր կյանքը: 11

Գիտենալով, որ ոչ միշտ լավ ընտրություն կկատարենք, կամ, այսպես ասած, մեղք կգործենք, Հայրը մեզ տվեց երրորդ սյունը` Փրկիչ Հիսուս Քրիստոսին ու Նրա Քավությունը: Իր տառապանքի միջոցով Քրիստոսը քավեց և՛ ֆիզիկական մահը, և՛ մեղքը: 12 Նա ուսուցանել է. «Որովհետև Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ, որ ամեն նորան հաւատացողը չկորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ»:13

Հիսուս Քրիստոսը կատարյալ կյանք է ապրել` միշտ պահելով Իր Հոր պատվիրանները: «Նա քայլում էր Պաղեստինի ճանապարհներով»` ուսուցանելով հավերժության ճշմարտությունները, «բուժելով հիվանդներին, տեսողություն շնորհելով կույրերին և կենդանացնելով մահացածներին»:14 Նա «ման եկաւ բարի անելով»15 և «կոչ արեց բոլորին հետևել Իր օրինակին»:16

Իր մահկանացու կյանքի ավարտին Նա ծնկի իջավ ու աղոթեց` ասելով.

«Հայր, եթէ կամիս այս բաժակը անցրու ինձանից. սակայն ոչ թէ իմ կամքը` բայց քո կամքը լինի: …

Եվ նա տագնապի մէջ լինելով, աւելի եռանդով էր աղօթք անում: Են նորա քրտինքն էր ինչպէս արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերայ»:17

Քրիստոսը մեզ օգնեց ավելի լավ հասկանալ Իր տառապանքի աստիճանը, երբ Նա Մարգարե Ջոզեֆ Սմիթին ասաց.

«Ես` Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն.

Բայց, եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես.

Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել` թե՛ մարմնով, թե՛ ոգով»:18

Այնտեղ` Գեթսեմանի պարտեզում, Նա քավեց մեր բոլորի մեղքերը, հիվանդությունները, ցավերն ու թուլությունները: 19 Քանի որ Նա այդպես վարվեց, մենք երբեք միայնակ չենք լինի մեր թուլությունների մեջ, եթե ընտրենք քայլել Իր հետքերով: «Նա ձերբակալվեց ու դատապարտվեց կեղծ մեղադրանքներով, մեղավոր ճանաչվեց ամբոխին բավարարելու համար, և մահվան դատապարտվեց Գագաթի խաչի վրա»: «Նա Իր կյանքը տվեց» խաչի վրա, «որպեսզի քավեր ողջ մարդկության մեղքերը` որպես մեծ փոխարինող պարգև բոլոր նրանց օգտի համար, ովքեր երբևէ կապրեին երկրի երեսին»:20

Նա հայտնել է.

«Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը, ում մասին մարգարեները վկայել էին, որ պիտի գա աշխարհ:

Եվ ահա, ես եմ լույսն ու կյանքն աշխարհի. և ես խմեցի այն դառը բաժակից, որը Հայրը տվեց ինձ, և փառավորեցի Հորը` վերցնելով ինձ վրա աշխարհի մեղքերը, որով ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:21

Այնուհետև, շաբաթվա առաջին օրը, 22 Նա գերեզմանից դուրս եկավ հարություն առած կատարյալ անմահ մարմնով: Եվ քանի որ Նա հարություն է առել, մենք նույնպես հարություն կառնենք:

Ես վկայում եմ, որ Քրիստոսն իսկապես գերեզմանից դուրս է եկել: Սակայն որպեսզի դուրս գար այդ գերեզմանից, Նա նախ և առաջ պետք է մահանար: Դա այդպես է նաև մեզ համար:

Իմ կյանքի մյուս ամենամեծ օրհնություններից մեկն էլ եղել է այն պահին, երբ նստել եմ մահացող մարդու անկողնու մոտ ու զգացել եմ, թե որքան մոտիկ է երկինքը: Մի քանի տարի առաջ վաղ առավոտյան ես մտա մի հավատարիմ Վերջին Օրերի Սուրբ այրի կնոջ հիվանդասենյակը, ով քաղցկեղ ուներ: Նրա երկու դուստրերը նստած էին նրա մոտ: Երբ մոտեցա մահճակալին, ես անմիջապես զգացի, որ նա այլևս չէր տանջվում, որովհետև հենց նոր էր մահացել:

Մահվան այդ պահին սենյակը լի էր խաղաղությամբ: Նրա դուստրերը լցված էին հանգիստ տխրությամբ, և նրանց սրտերը լի էին հավատքով: Նրանք գիտեին, որ իրենց մայրը չի հեռացել, այլ տուն է վերադարձել:23 Նույնիսկ մեր ամենածանր վշտի պահերին, երբ թվում է, թե ժամանակը կանգ է առել, ու կյանքն այնքան անարդար է, մենք կարող ենք սփոփանք գտնել մեր Փրկիչի մեջ, որովհետև Նա էլ է տանջվել:24 Ինձ համար այդ սենյակում գտնվելը պատիվ էր:

Երբ մահանում ենք, մեր հոգին լքում է մեր մարմինն ու մենք գնում ենք մեր ճամփորդության հաջորդ փուլ` հոգևոր աշխարհ: Դա սովորելու, ապաշխարելու, ներելու և ավելի լավը դառնալու մի վայր է25, որտեղ մենք սպասում ենք հարություն առնելուն:26

Մի հրաշալի օր, բոլոր նրանք, ովքեր ծնվել են, հարություն են առնելու: Մեր հոգին ու մեր ֆիզիկական մարմինը կմիավորվեն իրենց կատարյալ ձևով: Բոլորը հարություն կառնեն` «տարեց, թե երիտասարդ, տղամարդ, թե կին, ամբարիշտ, թե արդար», և «ամեն ինչ պիտի վերականգնվի իր կատարյալ կառուցվածքով»:27

Հարություն առնելուց հետո մենք Փրկիչի կողմից դատվելու գերագույն օրհնությունը կունենանք, ով ասել է.

«Ես բոլոր մարդկանց կձգեմ դեպի ինձ, որպեսզի նրանք կարողանան դատվել` համաձայն իրենց գործերի:

«Եվ կլինի այնպես, որ ով որ ապաշխարի և մկրտվի իմ անունով, նա կլցվի. և եթե նա համբերի մինչև վերջ, ահա, նրան ես անմեղ կհամարեմ իմ Հոր առաջ այն օրը, երբ ես կկանգնեմ` դատելու աշխարհը»:28

Ու այնուհետև, Քրիստոսի ու Նրա Քավության միջոցով, բոլոր նրանք, ովքեր կընտրեն հետևել Նրան հավատքի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգին ստանալու միջոցով ու կհամբերեն մինչև վերջ,29 կտեսնեն, որ ճանապարհի վերջը հավերժական կյանքի «իրենց աստվածային ճակատագրի ժառանգությունը ստանալն է»:30 Նրանք կվերադառնան իրենց Հոր ներկայություն` Նրա հետ հավերժ ապրելու: Հուսով եմ, որ մենք լավ ընտրություն կկատարենք:

Մեր գոյության հետ կապված ավելի շատ բան կա, քան այն, ինչ տեղի է ունենում ծնունդի ու մահվան միջև: Ես ձեզ հրավիրում եմ գալ ու հետևել Քրիստոսին:31

Ես հրավիրում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բոլոր անդամներին ամեն օր «[գալ] Քրիստոսի մոտ և [կատարելագործվել] նրանում, և [հրաժարվել] ամեն անաստվածությունից, … [որ] Քրիստոսի արյան հեղվելով, … դուք [դառնաք] սուրբ` առանց բծի»:32

Բոլոր նրանց, ովքեր դեռ այս Եկեղեցու անդամ չեն, ես հրավիրում եմ գալ ու կարդալ Մորմոնի Գիրքն ու լսել միսիոներներին: Եկեք ու հավատացեք և ապաշխարեք ձեր մեղքերը: Եկեք ու մկրտվեք ու ստացեք Սուրբ Հոգին: Եկեք և ապրեք երջանիկ ու Քրիստոսով լի կյանք: Եթե մոտենաք Նրան ու պահեք Նրա պատվիրանները, ես խոստանում եմ, որ դուք կգտնեք խաղաղություն ու նպատակ մահկանացու կյանքի այս դժվար փորձառության մեջ և «հավերժական կյանք գալիք աշխարհում»:33

Նրանց, ովքեր զգացել են այս ճշմարտությունները, սակայն որոշ պատճառով հեռացել են, ես հրավիրում եմ ձեզ ետ գալ: Ետ եկեք այսօր: Մեր Հայրն ու Փրկիչը սիրում են ձեզ: Ես վկայում եմ, որ Քրիստոսը ձեր հարցերին պատասխանելու, ձեր ցավերն ու տառապանքները բուժելու և ձեր մեղքերը ներելու զորություն ունի: Գիտեմ, որ սա ճիշտ է: Գիտեմ, որ բոլոր այս բաները ճիշտ են: Քրիստոսն ապրում է: Սա Նրա Եկեղեցին է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: