2010–2019 թթ․
Միշտ հիշենք Նրան
Ապրիլ 2016


Միշտ հիշենք Նրան

Ես խոնարհաբար վկայում և աղոթում եմ, որ մենք միշտ հիշենք Նրան` բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր վայրերում, որ մենք կարող ենք լինել:

Սիրելի եղբայրներ ու քույրեր, երբ ես ծառայում էի Ասիայում, մարդիկ երբեմն հարցնում էին. «Երեց Գոնգ, քա՞նի մարդ է ապրում Եկեղեցու Ասիական տարածքում»:

Ես ասում էի. «Աշխարհի բնակչության կեսը` 3.6 միլիարդ մարդ»:

Մի մարդ հարցրեց. «Դժվա՞ր է հիշել նրանց բոլորի անունները»:

Հիշելն ու մոռանալն ամենօրյա կյանքի մասն են: Օրինակ, մի անգամ, կինս իր բջջային հեռախոսն ամենուրեք փնտրելուց հետո վերջապես որոշեց զանգահարել այդ համարին մեկուրիշ հեռախոսից: Երբ կինս լսեց իր հեռախոսի ձայնը, նա մտածեց. «Ո՞վ կարող է զանգել ինձ: Այդ համարը ոչ ոքի չեմ տվել»:

Հիշելն ու մոռանալը նաև մեր հավերժական ճամփորդության մասն են: Ժամանակը, ընտրության իրավունքը և հիշողությունն օգնում են մեզ սովորել, աճել ու ամրանալ հավատքում:

Սիրված օրհներգի բառերում ասվում է.

Մենք գովեստի երգեր կերգենք Հիսուսի անվան համար,

Եվ գովք ու պատիվ կտանք Նրան: …

Դուք` Սրբե´ր, ճաշակեք ու վկայեք

Որ հիշեք Նրան:1

Ամեն շաբաթ հաղորդությունը ճաշակելիս` մենք ուխտ ենք կապում, որ միշտ կհիշենք Նրան: Ուսումնասիրելով հիշել բառը պարունակող մոտ 400 սուրբ գրության հատվածներ` առաջարկում եմ վեց եղանակ, որով մենք կարող ենք միշտ հիշել Նրան:

Առաջին, մենք կարող ենք միշտ հիշել Նրան` վստահություն ունենալով Նրա ուխտերի, խոստումների և հավաստիացումների նկատմամբ:

Տերը հիշում է Իր հավիտենական ուխտերը. սկսած Ադամի ժամանակից, մինչև Ադամի սերունդները «կընդունեն ճշմարտությունը և վեր կնայեն, այնուհետև Սիոնը վայր կնայի, և երկինքները կցնծան ուրախությունից, և երկիրը կդողա հրճվանքից»:2

Տերը հիշում է Իր խոստումները, ընդհուպ ցրված Իսրայելը Մորմոնի Գրքի միջոցով հավաքելու խոստումը, որը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին, ինչպես նաև յուրաքանչյուր անդամի և միսիոների տրված խոստումը, ովքեր հիշում են հոգիների արժեքի մասին:3

Տերը հիշում և մխիթարում է ազգերին ու ժողովուրդներին: Այս իրարանցման ու խառնաշփոթի օրերին4 «ոմանք կառքերով և ոմանք ձիերով էին պարծենում. բայց մենք Տէր Աստուծոյ անունը կյիշենք»5 ով առաջնորդում է «ապագան, ինչպես որ առաջնորդել է անցյալը»6: «Չար ժամանակներում»7 մենք «[հիշում ենք], որ Աստծո գործը չէ, որ խափանվումէ, այլ մարդկանց գործը»:8

Երկրորդ, մենք կարող ենք միշտ հիշել Նրան` երախտագիտությամբ ընդունելով Իր ձեռքը մեր կյանքում:

Տիրոջ ձեռքը մեր կյանքում հաճախ ավելի հեշտ է նկատել, երբ մենք հետ ենք նայում մեր կյանքի իրողություններին: Ինչպես ասել է քրիստոնյա փիլիսոփա Սորեն Կիրքգարդը. «Կյանքը հասկանում ենք հետադարձ հայացք գցելով անցյալի վրա: Սակայն … պետք է ապրենք այն ներկայով և պատրաստ լինենք այն ամենին, ինչը գալու է ապագայում»:9

Վերջերս իմ սիրելի մայրը տոնեց իր 90-րդ տարեդարձը: Նա երախտագիտությամբ վկայեց իր կյանքի կարևոր իրադարձություններում Աստծո օրհնության մասին: Ընտանեկան պատմությունները, ընտանեկան սովորույթներն ու ընտանեկան կապերն օգնում են մեզ քնքշորեն հիշել անցյալի բաները` միևնույն ժամանակ ապահովելով օրինակներ ու հույս ապագայի համար:

Երբևէ մտածե՞լ եք ինքներդ ձեր մասին իբրև դուք ձեր անձնական հիշատակի գիրքն եք` կազմված միայն այն հիշողություններից, որոնք դուք ուզում եք հիշել:

Օրինակ, երբ ես երիտասարդ էի, ես իսկապես ուզում էի խաղալ դպրոցի բասկետբոլի թիմում: Ես շարունակ պարապում էի: Մի օր մարզիչը մեր 1.93մ հասակ ունեցող մարզիկին որակեց որպես կենտրոնական դիրքում հրաշալի խաղացող, և մեր 1.88մ հասակ ունեցող մարզիկին կրկին որակեց որպես հրաշալի խաղացող, իսկ այնուհետև ասաց ինձ. «Ես կարող եմ քեզ ընդգրկել խմբում, բայց հավանաբար դու երբեք չես խաղա»: Ես հիշում եմ, թե այնուհետև որքան սիրալիր կերպով նա խրախուսեց ինձ. «Ինչո՞ւ չես փորձում միանալ ֆուտբոլի թիմին: Լավ խաղացող կլինես»: Ընտանիքս ուրախացավ, երբ ես խփեցի իմ առաջին գոլը:

Մենք հիշում ենք նրանց, ովքեր մեզ մեկ հնարավորություն են տալիս, երկու հնարավորություն` ազնվությամբ, բարությամբ, համբերությամբ և խրախուսանքով: Եվ մենք կարող ենք դառնալ այն մեկը, ում ուրիշները կհիշեն, երբ նրանք ամենաշատն են ունեցել օգնության կարիք: Ուրիշների աջակցությունն ու Սուրբ Հոգու առաջնորդող ազդեցությունը երախտագիտությամբ հիշելը Նրան հիշելու մի եղանակ է: Դա մի եղանակ է մեր բազմաթիվ օրհնությունները հաշվելու և Աստծո տվածը տեսնելու համար:10

Երրորդ, մենք կարող ենք Տիրոջը միշտ հիշել` վստահելով Նրան, երբ Նա հավաստիացնում է մեզ, որ «ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես` Տերս, այլևս չեմ հիշում դրանք»:11

Երբ մենք լիովին ապաշխարում ենք` խոստովանելով և թողնելով մեր մեղքը, և երբ մեղքից մաքրվում ենք, մենք Ենովսի նման հարցնում ենք. «Տե´ր, ի՞նչպես եղավ դա», և լսում ենք պատասխանը` «Քրիստոսի հանդեպ քո հավատքի շնորհիվ»,12և Նրա հրավերը` «Բայց դու յիշի՜ր»:13

Երբ մենք ապաշխարում ենք, և քահանայության ղեկավարները մեզ արժանի են հայտարարում, մենք չպիտի շարունակենք խոստովանել այդ անցյալի մեղքերը: Լինել արժանի` չի նշանակում լինել կատարյալ: Երկնային Հոր երջանկության ծրագիրը հրավիրում է մեզ խոնարհաբար ու խաղաղությամբ առաջ ընթանալ մեր կյանքի ուղիով, մինչև որ մի օր կատարելագործվենք Քրիստոսում,14 այլ ոչ թե շարունակ անհանգստանանք, հիասթափվենք կամ դժբախտ լինենք մեր այսօրվա թերությունների պատճառով: Հիշեք՝ Նա գիտի այն բոլոր բաները մեր մասին, որ մենք չենք ուզում որևէ մեկն իմանա, բայց տակավին սիրում է մեզ:

Երբեմն կյանքը փորձում է մեր վստահությունը Քրիստոսի ողորմածության, արդարության, դատաստանի և Նրա ազատագրող հրավերքի նկատմամբ, որը թույլ է տալիս, որպեսզի Նրա Քավությունն ամոքի մեզ, մինչ մենք կներենք ուրիշներին և ինքներս մեզ:

Մի երիտասարդ կին այլ երկրում դիմեց որպես լրագրող աշխատելու համար, սակայն աշխատանքի նշանակող պաշտոնյան անգութ մարդ էր: Նա ասաց նրան. «Իմ ստորագրությամբ ես խոստանում եմ, որ դու լրագրող չես դառնա, այլ կոյուղու խողովակաշարեր կանցկացնես»: Նա միակ կինն էր կոյուղու խողովակաշար անցկացնող տղամարդկանց խմբում:

Տարիներ անց այս կինը պաշտոնյա դարձավ: Մի օր մի մարդ եկավ նրա մոտ, ով աշխատանքի անցնելու համար ուներ նրա ստորագրության կարիքը:

Նա հարցրեց. «Դուք ինձ հիշո՞ւմ եք»: Նա չէր հիշում:

Նա ասաց. «Դուք ինձ չեք հիշում, սակայն ես ձեզ հիշում եմ: Ձեր ստորագրությամբ դուք երաշխավորեցիք ինձ, որ երբեք լրագրող չդառնամ: Ձեր ստորագրությամբ դուք ուղարկեցիք ինձ կոյուղու խողովակաշարեր անցկացնելու, ուր ես միակ կինն էի տղամարդկանց խմբում»:

Նա ինձ ասաց. «Ես զգում էի, որ պետք է ավելի լավ վերաբերվեի այդ մարդու հետ, քան նա ինձ հետ վերաբերվեց»: Երբեմն այդ ուժը բացակայում է մեր մեջ, բայց այն կարող ենք գտնել` հիշելով մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Քավությունը:

Երբ վստահությունը չարաշահվում է, երազանքները` փշրվում, սրտերը` կրկին ու կրկին կոտրվում, երբ մենք արդարություն ենք ուզում և ունենք ողորմածության կարիք, երբ մենք լի ենք զայրույթով, և մեր աչքերը լցված են արցունքով, երբ մենք կարիք ունենք իմանալու` ինչից կառչել, և ինչը թողնել, մենք միշտ կարող ենք հիշել Նրան: Կյանքն այնքան էլ դաժան չէ, ինչպես երբեմն կարող է թվալ: Նրա անսահման կարեկցանքը կարող է օգնել մեզ գտնել մեր ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը:15

Երբ մենք հիշում ենք Նրա խոսքերն ու օրինակը, մենք չենք նեղացնի ու չենք էլ նեղանա:

Իմ ընկերոջ հայրն աշխատում էր որպես մեխանիկ: Նրա ազնիվ աշխատանքի հետքերը երևում էին նույնիսկ այն ժամանակ, երբ նա խնամքով լվանում էր իր ձեռքերը: Մի օր տաճարում մեկն ասաց իմ ընկերոջ հորը, որ նա պետք է լվանա իր ձեռքերը` նախքան այնտեղ ծառայելը: Նեղանալու փոխարեն, այս բարի մարդը տաճար գնալուց առաջ սկսեց ձեռքով մանրակրկիտ լվանալ ընտանիքի սպասքը` օգտագործելով ավելի շատ օճառաջուր: Նա օրինակ է հանդիսանում նրանց, ովքեր «վեր կգնայ Տիրոջ սարը», և «կկանգնի նորա սրբութեան տեղումը» ամենամաքուր ձեռքերով ու ամենամաքուր սրտով:16

Եթե մենք ունենք անբարյացակամ զգացմունքներ, լցված ենք ոխակալությամբ, վրդովմունքով, կամ ուրիշներից ներողություն խնդրելու պատճառ ունենք, ապա հիմա է դա անելու ժամանակը:

Չորրորդ, Նա հրավիրում է մեզ հիշել, որ միշտ պատրաստ է մեզ տուն ընդունելու:

Մենք սովորում ենք հարցնելով և փնտրելով: Բայց խնդրում եմ, մի դադարեցրեք հետազոտությունը, մինչև որ հասնեք, Թ. Ս. Էլիոթի բառերով ասած, «այն տեղին, որտեղից սկսել եք, ու ձեզ թվում է, որ առաջին անգամ եք այդտեղ»:17 Երբ պատրաստ լինեք, խնդրում եմ, կրկին բացեք ձեր սրտերը Մորմոնի Գրքի համար, համարելով, որ բացում եք այն առաջին անգամ: Խնդրում եմ կրկին, աղոթեք անկեղծ միտումով, կարծես, առաջին անգամն է:

Վստահեք այդ աղոտ հիշողությանը: Թող որ այն մեծացնի ձեր հավատքը: Աստծո համար չկա որևէ ժամանակ, երբ մենք այնքան հեռու ենք գնում, որ չենք ունենում հետ վերադառնալու հնարավորություն:

Հին ու նոր ժամանակների մարգարեները մեզ խնդրում են թույլ չտալ, որ մարդկային թույլ կողմերը, սխալներն ու թերությունները, լինեն դրանք մերը, թե ուրիշներինը, մեզ համար ճշմարտությունը, ուխտերը և Նրա վերականգնված ավետարանի քավիչ զորությունը կորցնելու պատճառ հանդիսանան:18 Սա հատկապես կարևոր է Եկեղեցում, որտեղ մենք յուրաքանչյուրս աճում ենք մեր ոչ կատարյալ մասնակցությամբ: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Ես երբեք չեմ ասել, որ ես կատարյալ եմ, բայց սխալ չկա այն հայտնություններում, որոնք ես եմ ուսուցանել»:19

Հինգերորդ, մենք կարող ենք միշտ հիշել Նրան հանգստի օրը հաղորդության միջոցով: Իր մահկանացու կյանքի ծառայության ավարտին ու հարությունից հետո Իր ծառայության սկզբում` երկու անգամն էլ, մեր Փրկիչը վերցրեց հացն ու գինին և խնդրեց, որ մենք հիշենք Նրա մարմինն ու արյունը,20 «քանզի որքան հաճախ դուք սա անեք, դուք կհիշեք այս ժամը, որ ես ձեզ հետ էի»:21

Հաղորդության արարողության ժամանակ մենք վկայում ենք Հայր Աստծուն, որ հոժար ենք մեզ վրա վերցնել Իր Որդու անունը և միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները, որոնք Նա տվել է մեզ, որպեսզի մենք Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենանք:22

Ինչպես ուսուցանում է Ամուղեկը, մենք հիշում ենք Նրան, երբ մենք աղոթում ենք մեր դաշտերում, մեր հոտերի համար, մեր գերդաստանի համար և երբ մենք հիշում ենք կարիքավորներին, մերկերին, հիվանդներին ու չարչարվածներին:23

Վերջապես, վեցերորդ, մեր Փրկիչը հրավիրում է մեզ միշտ հիշել Իրեն այնպես, ինչպես Նա է մեզ միշտ հիշում:

Հարություն առած Փրկիչը Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում հրավիրեց ներկաներին առաջ գալ մեկ առ մեկ ու մտցնել իրենց ձեռքերն Իր կողը ու շոշափել Իր ձեռքերի ու ոտքերի բևեռների նշանները:24

Սուրբ գրությունները նկարագրում են, որ հարության ժամանակ «ամեն վերջավորություն և ամեն հոդ պիտի վերականգնվեն … իրենց ճիշտ ու կատարյալ կառուցվածքով», և «նույնիսկ գլխի մի մազ չպիտի կորչի»:25 Եթե դա այդպես է, խնդրում եմ խորհեք, թե ինչպես է, որ մեր Փրկիչի կատարյալ, հարություն առած մարմինը դեռ կրում էր Իր կողքի խոցվածքն ու Իր ձեռքերի ու ոտքերի վրայի բևեռների նշանները:26

Պատմության մեջ մահկանացու մարդիկ երբեմն մահապատժի էին ենթարկվում խաչելության միջոցով: Բայց միայն մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն է, որ գրկաբաց ընդունում է մեզ` Իր վրա դեռ կրելով մաքուր սիրո նշանները: Միայն Նա է իրականացնում խաչի վրա բարձրացվելու մարգարեությունը, որպեսզի կարողանա մեզանից յուրաքանչյուրին, անուն առ անուն, ձգել դեպի Իրեն:27

Մեր Փրկիչը հայտարարում է.

«Այո´, նրանք կարող է մոռանան, սակայն ես քեզ չեմ մոռանա»:

«Ահա, ես փորագրել եմ քեզ իմ ձեռքերի ափերի վրա»:28

Նա վկայում է. «Ես նա եմ, որին բարձրացրեցին: Ես Հիսուսն եմ, որին խաչեցին: Ես Աստծո Որդին եմ»:29

Ես խոնարհաբար վկայում եմ և աղոթում, որ մենք միշտ հիշենք Նրան` բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր վայրերում, որ մենք կարող ենք լինել:30 Հիսուս Քրիստոսի սուրբ ու նվիրական անունով, ամեն: