2010–2019 թթ․
Էլ ի՞նչ բանով եմ պակաս
Հոկտեմբեր 2015


Էլ ի՞նչ բանով եմ պակաս

Եթե մենք խոնարհ ենք և ուսուցանվող, Սուրբ Հոգին կհուշի մեզ բարելավել և կառաջնորդի մեզ տուն, սակայն ճանապարհին մենք պետք է առաջնորդություն խնդրենք Տիրոջից։

Երբ չափահաս ամուրի էի, ես սկսեցի հետաքրքրվել Եկեղեցու մասին։ Սկզբում ես սկսեցի հետաքրքրվել ավետարանով իմ ընկերների շնորհիվ, ովքեր Վերջին Օրերի Սրբեր էին, սակայն ի վերջո ինձ գրավեց յուրահատուկ վարդապետությունը։ Երբ ես իմացա, որ հավատարիմ տղամարդիկ և կանայք կարող են շարունակ զարգանալ և ի վերջո դառնալ մեր երկնային ծնողների նման, ես, անկեղծ ասած, զարմացել էի։ Ինձ դուր եկավ այդ գաղափարը․ ես զգացի, որ այն ճշմարիտ է։

Իմ մկրտվելուց կարճ ժամանակ անց ես ուսումնասիրում էի Լեռան քարոզը, և ես նկատեցի, որ Հիսուսն Աստվածաշնչում ուսուցանել է հավերժական զարգացման մասին այս նույն ճշմարտությունը։ Նա ասել է․ «Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր հայրը որ երկնքումն է, կատարեալ է»։1

Այժմ արդեն ավելի քան 40 տարի է, որ ես Եկեղեցու անդամ եմ, և ամեն անգամ, երբ կարդում եմ սուրբ գրության այս հատվածը, այն հիշեցնում է ինձ երկրի վրա մեր նպատակի մասին։ Մենք գալիս ենք սովորելու և զարգանալու՝ մինչև որ աստիճանաբար սրբագործվենք կամ կատարելագործվենք Քրիստոսում։

Աշակերտության ճանապարհը հեշտ չէ։ Այն անվանվել է «մշտական բարելավման ուղի»։2 Մինչ մենք ճամփորդում ենք այդ նեղ ու անձուկ արահետով, Հոգին մշտապես խրախուսում է մեզ լինել ավելի լավը և ավելի վեր բարձրանալ։ Սուրբ Հոգին ճամփորդության կատարյալ ուղեկից է։ Եթե մենք խոնարհ ենք և ուսուցանվող, Նա կբռնի մեր ձեռքից և կառաջնորդի տուն։

Այնուամենայնիվ, մենք պետք է ճանապարհին խնդրենք Տիրոջ առաջնորդությունը։ Մենք պետք է տանք որոշ դժվար հարցեր, ինչպես օրինակ՝ «Ի՞նչ պետք է ես փոխեմ»։ «Ինչպե՞ս ես կարող եմ զարգանալ»։ «Ի՞նչ թուլություն ես պետք է հաղթահարեմ»։

Եկեք խորհենք Նոր Կտակարանի հարուստ երիտասարդ իշխանավորի մասին։ Նա արդար պատանի էր, ով արդեն իսկ պահում էր Տասը Պատվիրանները, սակայն նա ցանկանում էր ավելի լավը դառնալ։ Նրա նպատակը հավերժական կյանքն էր։

Երբ նա հանդիպեց Փրկիչին, նա հարցրեց․ «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»։3

Հիսուսն անմիջապես պատասխանեց՝ տալով մի խորհուրդ, որը հատկապես նախատեսված էր երիտասարդ պատանու համար։ «Յիսուսը նորան ասեց․ Եթե կամենում ես կատարեալ լինել, գնա ունեցածներդ ծախիր եւ տուր աղքատներին, եւ … եկ հետեւիր ինձ»։4

Պատանին ապշել էր․ նա երբեք չէր մտածել նման զոհաբերության մասին։ Նա բավականաչափ խոնարհ էր հարցնելու Տիրոջը, սակայն բավականաչափ հավատարիմ չէր հետևելու աստվածային խորհրդին, որը տրվեց նրան։ Մենք պետք է հոժար լինենք գործելու, երբ պատասխան ենք ստանում։

Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է․ «Մեզանից յուրաքանչյուրը, եթե հասնենք կատարելության, պետք է մեկ անգամ տանք մեզ հետևյալ հարց․ «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»։5

Ես ճանաչում էի մի հավատարիմ մոր, ով խոնարհեցրեց իրեն և հարցրել․ «Ի՞նչն է կասեցնում իմ զարգացումը»։ Նրա դեպքում Հոգու պատասխանը եկավ անմիջապես․ «Մի դժգոհիր»։ Այս պատասխանն անակնկալի բերեց նրան․ նա երբեք չէր կարծել, որ ինքը դժգոհող էր։ Այնուամենայնիվ, Սուրբ Հոգու հուշումը շատ պարզ էր։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում նա սկսեց ուշադրություն դարձնել դժգոհելու իր սովորության վրա։ Երախտապարտ լինելով զարգանալու ոգեշնչման համար՝ նա որոշեց հաշվել իր օրհնությունները՝ իր դժվարությունները հաշվելու փոխարեն։ Մի քանի օրվա ընթացքում նա զգաց Հոգու ջերմ հավանությունը։

Մի խոնարհ երիտասարդ, ով կարծես չէր կարողանում գտնել համապատասխան երիտասարդ կնոջ , գնաց Տիրոջ մոտ օգնություն խնդրելու․«Ի՞նչն է ինձ խանգարում ճիշտ տղամարդ լինելու համար», հարցրեց նա։ Այս պատասխանը տրվեց նրան իր մտքում և սրտում․ «Մաքրիր քո խոսքը»։ Այդ պահին նա հասկացավ, որ մի քանի կոպիտ արտահայտություններ դարձել էին նրա բառապաշարի մի մասը, և նա պարտավորվեց փոխվել։

Մի միայնակ քույր խիզախորեն տվեց այս հարցը․ «Ի՞նչը ես պետք է փոխեմ», և Հոգին շշնջաց նրան․ «Մի ընդհատիր մարդկանց, երբ նրանք խոսում են»։ Սուրբ Հոգին իսկապես տալիս է անհատական խորհուրդ։ Նա լիովին անկեղծ ընկեր է և կասի մեզ բաներ, որ ուրիշ ոչ ոք չգիտի կամ խիզախություն չունի ասելու։

Մի վերադարձած միսիոների խիստ անհանգստացնում էր իր ծանրաբեռնված օրակարգը։ Նա փորձում էր ժամանակ գտնել աշխատանքի, սովորելու, ընտանիքի և Եկեղեցու կոչման համար։ Նա խորհուրդ հարցրեց Տիրոջից․ «Ինչպե՞ս կարող եմ խաղաղություն զգալ այն ամենի հետ մեկտեղ, որ ես պետք է անեմ»։ Պատասխանն անակնկալի բերեց նրան․ նա այնպիսի տպավորություն ստացավ, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձներ հանգստյան օրվա վրա և այն սուրբ պահեր։ Նա որոշեց կիրակին նվիրաբերել Աստծո ծառայությանը՝ մի կողմ դնել այդ օրվա համար նախատեսած համալսարանի դասընթացները և դրա փոխարեն ուսումնասիրել ավետարանը։ Այդ փոքրիկ շտկումը բերեց այն խաղաղությունն ու հավասարակշռությունը, որը նա փնտրում էր։

Տարիներ առաջ Եկեղեցու թերթում ես կարդացի հետևյալ պատմությունը մի աղջկա մասին, ով հեռու էր ապրում տանից և հաճախում էր քոլեջ։ Նա հետ էր մնում իր դասերից, նրա աշխարհիկ կյանքն այնպիսին չէր, ինչպիսին նա հույս ուներև, ընդհանուր առմամբ, նա երջանիկ չէր։ Ի վերջո, մի օր նա ծնկի իջավ և լացակումած աղոթեց․ «Ի՞նչ կարող եմ անել իմ կյանքը բարելավելու համար»։ Սուրբ Հոգին շշնջաց․ «Վեր կաց և մաքրիր քո սենյակը»։ Այս հուշումը եկավ որպես մեծ անակնկալ, սակայն դա պարզապես սկիզբն էր այն ամենի, ինչի կարիքը նա ուներ։ Երբ ժամանակ տրամադրեց ամեն բան կարգի բերելու համար, նա զգաց, որ Հոգին լցրեց սենյակը և սիրտը խաղաղվեց։

Սուրբ Հոգին մեզ չի ասում, որ ամեն բան պետք է բարելավենք միանգամից։ Եթե նա այդպես վարվեր, մենք կհուսալքվեինք և կհանձնվեինք։ Հոգին աշխատում է մեր հետ՝ մեր ունակությունների համաձայն, քայլ առ քայլ, կամ ինչպես Տերն է ուսուցանել՝ «տող առ տող, ցուցում առ ցուցում, … քանզի նրան, ով ընդունում է, ես կտամ ավելին»։6 Օրինակ, եթե Սուրբ Հոգին ավելի հաճախակի է ձեզ հուշում ասել «շնորհակալություն» և դուք արձագանքում եք այդ հուշմանը, ապա միգուցե Նա զգա, որ ժամանակն է, որ դուք առաջ շարժվեք և անեք ավելի դժվար մի բան, ինչպես օրինակ՝ սովորել արտաբերել «Ներողություն, դա իմ սխալն էր» արտահայտությունը։

Նկար
Հաղորդություն ընդունող ընտանիք

«Էլ ի՞նչ բանով եմ պակաս» հարցը տալու կատարյալ ժամանակը հաղորդություն ընդունելու պահն է։ Պողոս Առաքյալն ուսուցանել է, որ մեզանից յուրաքանչյուրի համար դա է մեր անձերը քննելու ժամանակը։7 Այդ ակնածալից մթնոլորտում, երբ մեր մտքերն ուղղված են երկինք, Տերը կարող է քնքշությամբ ասել մեզ, թե հաջորդն ինչի վրա պետք է աշխատենք։

Ձեր նման ես ել շատ հուշումներ եմ ստացել Հոգուց տարիների ընթացքում, որոնք ցույց են տվել, թե ինչպես կարող եմ բարելավել։ Թույլ տվեք կիսվել հուշումների մի քանի անձնական օրինակներով, որոնք դիպչել են իմ սրտին։ Այդ հուշումները ներառում են հետևյալը․

  • Մի բարձրացրեք ձեր ձայնը։

  • Կարգ ու կանոն հաստատեք ձեր կյանքում․ կազմեք գործերի ցանկ, որոնք ամեն օր պետք է կատարեք։

  • Ավելի լավ հոգ տարեք ձեր մարմնի համար՝ ուտելով ավելի շատ մրգեր և բանջարեղեններ։

  • Ավելի հաճախ տաճար այցելեք։

  • Աղոթելուց առաջ ժամանակ տրամադրեք խորհրդածելու համար։

  • Խնդրեք ձեր կնոջը խորհուրդ տալ ձեզ։

  • Եվ համբերատար եղեք մեքենա վարելիս․ մի գերազանցեք նախատեսված արագությունը։ (Ես դեռևս աշխատում եմ այս վերջինի վրա։)

Փրկիչի քավող զոհաբերությունը հնարավոր է դարձնում կատարելագործումը կամ սրբագործումը։ Մենք երբեք չէինք կարողանա ինքնուրույն հասնել դրան, սակայն Աստծո շնորհը բավարար է մեզ օգնելու համար։ Ինչպես մի անգամ նկատել է Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը․ «Մեզանից շատերը պարզորոշ կերպով հասկանում են, որ Քավությունը մեղավորների համար է։ Ես այնքան էլ վստահ չեմ, այնուամենայնիվ, որ մենք գիտենք և հասկանում ենք, որ Քավությունը նաև սրբերի համար է՝ լավ տղամարդկանց և կանանց համար, ովքեր հնազանդ են, արժանի ու բարեխիղճ և ովքեր ձգտում են դառնալ ավելի լավը»։8

Նկար
Աղոթող կինը

Ես կցանկանայի խորհուրդ տալ, որ ձեզանից յուրաքանչյուրը մոտակա ժամանակներում կիրառեր այդ հոգևոր վարժությունը, միգուցե նույնիսկ այս երեկո՝ մինչ կասեք ձեր աղոթքները։ Տիրոջը խոնարհաբար տվեք այս հարցը․ «Ի՞նչն է կասեցնում իմ զարգացումը»։ Այլ կերպ ասած՝ «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»։ Ապա՝ լուռ սպասեք պատասխանին։ Եթե դուք անկեղծ եք, պատասխանը շուտով պարզ կդառնա։ Դա կլինի հայտնություն՝ նախատեսված միայն ձեզ համար։

Հավանաբար Հոգին կասի ձեզ, որ դուք պետք է ներեք ինչ-որ մեկին։ Կամ միգուցե դուք հուշում ստանաք լինելու ավելի զգույշ, երբ ընտրում եք, թե ինչ ֆիլմ դիտեք կամ ինչ երաժշտություն լսեք։ Միգուցե, դուք զգաք, որ պետք է ավելի ազնիվ լինեք ձեր աշխատանքային գործարքներում կամ ավելի առատաձեռն ձեր ծոմապահության նվիրատվություններում։ Հնարավոր տարբերակներն անվերջանալի են թվում։

Հոգին մեզ կարող է ցույց տալ մեր թուլությունները, սակայն Նա նաև մեզ կարող է ցույց տալ մեր ուժեղ կողմերը։ Երբեմն, մենք պետք է հարցնենք, թե ինչն ենք մենք ճիշտ անում, որպեսզի Տերը կարողանա բարձրացնել և քաջալերել մեզ։ Երբ մենք կարդում ենք մեր հայրապետական օրհնությունները, մեզ հիշեցվում է, որ մեր Երկնային Հայրը գիտի մեր աստվածային ներուժը։ Նա ամեն անգամ ուրախանում է, երբ մենք մի քայլ առաջ ենք շարժվում։ Նրա համար շատ ավելի կարևոր է մեր շարժման ուղղությունը, քան արագությունը։

Եղբայրներ և քույրեր, եղեք հետևողական, սակայն երբեք մի հուսահատվեք։ Մենք պետք է անցնենք վարագույրի մյուս կողմը, մինչև որ իրականում կհասնենք կատարելության, սակայն այստեղ՝ մահկանացու կյանքում, մենք կարող ենք դնել հիմքը։ «Մեր պարտականությունն է՝ այսօր լինելու ավելի լավը, քան երեկ էինք, իսկ վաղը լինելու ավելի լավը, քան այսօր ենք»։9

Եթե հոգևոր աճը մեր կյանքում առաջնահերթություն չէ, եթե մենք մշտական բարելավման ուղին չենք բռնել, մենք բաց կթողնենք կարևոր փորձառությունները, որոնք Աստված ցանկանում է մեզ ընձեռել։

Տարիներ առաջ ես կարդացի Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ խոսքերը, որոնք տևական ազդեցություն ունեցան ինձ վրա։ Նա ասել է․ «Ես հասկացել եմ, որ որտեղ կա աղոթքով լի սիրտ, արդարության ծարավ, մեղքերի խոստովանություն և հնազանդություն Աստծո պատվիրաններին, Աստված ավելի ու ավելի շատ լույս է սփռում, մինչև ի վերջո զորություն է տրվում թափանցելու երկնային վարագույրի միջով։ … Նման արդար մարդն ունի անգին խոստում, որ մի օր կտեսնի Տիրոջ երեսը և կիմանա, որ Նա է»։10

Իմ աղոթքն է, որ այս վերջին փորձառությունը մի օր բոլորս էլ ունենանք, մինչ թույլ կտանք Սուրբ Հոգուն առաջնորդել մեզ տուն։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Մատթեոս 5․48

  2. Neal A. Maxwell, “Testifying of the Great and Glorious Atonement,” Liahona, Apr. 2002, 9.

  3. Մատթեոս 19․20

  4. Մատթեոս 19․21

  5. Teachings of Presidents of the Church: Harold B. Lee (2000), 197.

  6. 2 Նեփի 28․30

  7. Տես Ա Կորնթացիս 11․28

  8. Դեյվիդ Ա. Բեդնար, «Քավությունը և մահկանացու ճամփորդությունը», Լիահոնա, Ապրիլ 2012, 14։

  9. Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. (1954–56), 2:18.

  10. Spencer W. Kimball, “Give the Lord Your Loyalty,” Tambuli, Feb. 1981, 47.