2010–2019 թթ․
Ուխտերը պահելու զորությունը, ուրախությունը և սերը
Հոկտեմբեր 2013


Ուխտերը պահելու զորությունը, ուրախությունը և սերը

Ես հրավիրում եմ բոլորիս խորհել, թե որքան ենք սիրում Փրկչին, որպես չափորոշիչ ընդունելով, թե որքան ուրախությամբ ենք մենք պահում մեր ուխտերը:

Ուզում եմ խոսքս սկսել պատմելով մի սրտահույզ պատմություն:

Մի երեկո մարդը կանչեց իր հինգ ոչխարներին, որ գան և գիշերեն փարախում: Նրա ընտանիքը մեծ հետաքրքրությամբ էր դիտում, թե ինչպես էր նա պարզապես կանչում՝ եկեք, և անմիջապես բոլոր հինգ ոչխարները, բարձրացնելով գլուխները, հետևում էին նրան: Չորս ոչխարները վազեցին նրա մոտ: Սիրալիր քնքշությամբ նա շոյեց չորսի գլուխը: Ոչխարները ճանաչում էին նրա ձայնը և սիրում էին նրան:

Սակայն հինգերորդ ոչխարը չմոտեցավ: Դա մի մեծ մաքի էր, որից նախկին տերը մի քանի օր առաջ հրաժարվել էր, ասելով, որ նա վայրենի էր, կամակոր և միշտ մյուս ոչխարներին շեղում էր ուղուց: Նոր տերը վերցրել էր այդ ոչխարին և մի քանի օր կապել էր ցցից, որ նա տեղում մնալ սովորեր: Նա համբերատար սովորեցնում էր նրան սիրել իրեն և մյուս ոչխարներին, մինչև որ մի օր նրա վզից միայն մի կարճ պարան էր կախված, բայց նա ցցից կապված չէր:

Այդ երեկո նրա ընտանիքը տեսավ, թե ինչպես այդ մարդը, մոտենալով դաշտի եզրին, կանգնած մաքիին՝ կրկին քնքշորեն ասաց. «Արի, դու այլևս կապված չես: Դու ազատ ես»: Ապա սիրալիր շոյեց նրա գլուխը և նրանք երկուսով քայլեցին դեպի փարախը:1

Այս պատմության ոգով, ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին օգնի մեզ այս երեկո միասին սովորել ուխտերը պահելու մասին: Կապել և պահել ուխտեր նշանակում է ընտրել՝ կապել մեզ մեր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Դա նշանակում է հետևել Փրկչին, վստահել Նրան և ցանկանալ մեր երախտագիտությունը ցույց տալ այն գնի համար, որը Քավության անսահման պարգևի միջոցով Նա վճարել է՝ ազատելով մեզ:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, որ «ուխտը՝ կապող հոգևոր պայմանագիր է, հանդիսավոր խոստում՝ տրված մեր Հայր Աստծուն, որ կապրենք, կմտածենք և կգործենք՝ հետևելով Նրա Որդի Տեր Հիսուս Քրիստոսին: Փոխարենը, Հայրը, Որդին և Սուրբ Հոգին խոստացել են մեզ հավերժական կյանքն իր ողջ փառքով»:2 Ըստ այդ կապող պայմանագրի, Տերն է սահմանում պայմանները, իսկ մենք համաձայնում ենք պահել դրանք: Կապելով և պահելով մեր ուխտերը մենք ցույց ենք տալիս, որ ցանկանում ենք դառնալ Փրկչի նման:3 Մենք պետք է ձգտենք մեր վարքով առավելագույնս արտահայտել սիրելի օրհներգի խոսքերը՝ «Կգնամ, ուր կուզես Դու … Կասեմ այն, ինչ կուզես Դու … Կլինեմ, ինչ կուզես Դու»:4

Ինչո՞ւ ենք ուխտեր կապում և պահում:

1. Ուխտեր պահելը ամրացնում, զորացնում և պաշտպանում է:

Նեփին տեսիլքում տեսավ, ինչպիսի հրաշալի օրհնություններ է Տերը շնորհում ուխտերը պահողներին: «Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, տեսա Աստծո Գառի զորությունը, որ այն իջավ … Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա … և նրանք զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով»:5

Վերջերս իմ սիրելի նոր ընկերուհուն տեսա: Նա վկայեց, որ տաճարային օժտումը ստանալուց հետո զգում է, որ ուժ և զորություն ունի դիմակայելու գայթակղություններին, որոնց դեմ պայքարել էր նախկինում:

Պահելով մեր ուխտերը, մենք նաև ստանում ենք քաջություն և ուժ, որն օգնում է մեզ կրել միմյանց բեռը: Մի վշտահար քույր որդի ուներ, որը կյանքի դժվարություններով էր անցնում: Հավատալով, որ իր Սփոփող Միության քույրերը ուխտեր պահողներ են, նա խիզախորեն կոչ արեց նրանց ծոմ պահել և աղոթել իր որդու համար: Մեկ այլ քույր ասաց, թե որքան կփափագեր, որ քույրերը նույնկերպ աղոթեին իր որդու համար: Մի քանի տարի առաջ իր որդին մաքառումների մեջ էր: Նա կուզենար խնդրել քույրերին, որ օգնեին իր ընտանիքին այդ բեռը կրելիս: Փրկիչն ասել է. «Սորանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, եթե իրար վերայ սեր ունենաք»:6

Օ, քույրեր, մենք բոլորս էլ ունենք բեռներ՝ կրելու և բեռներ՝ կիսելու: Միմյանց բեռը կրելու հրավերը մեր ուխտերը պահելու հրավեր է: Առաջին Սփոփող Միության քույրերին ուղղված Լյուսի Մաք Սմիթի խորհուրդն առավել քան արդիական է այսօր. «Մենք պետք է փայփայենք, հսկենք, սփոփենք միմյանց և ուսուցանվենք, որ կարողանանք միասին նստել երկնքում»:7 Դա կարող ենք անել լավագույնս պահելով ուխտերը և այցելությամբ ուսուցանելով:

Մորմոնի Գիրքը հիշեցնում է մեզ, որ անգամ մարգարե Ալման պետք է կրեր ըմբոստ որդի ունենալու բեռը: Բայց Ալման օրհնված էր ուխտ պահող ավետարանի եղբայրներով և քույրերով, ովքեր խորապես դարձի էին եկել առ Տերը և սովորել էին, թե ինչ է նշանակում կրել միմյանց բեռը: Մեզ քաջածանոթ է Մոսիայի այն հատվածը, որտեղ խոսվում է իր որդու համար ասված Ալմայի հավատքով լի աղոթքների մասին: Սակայն հիշատակարանն ասում է, որ «Տերը լսել էր իր ժողովրդի աղոթքները և նաև՝ իր ծառա Ալմայի աղոթքները»:8

Մենք գիտենք, որ Տերը միշտ ցնծում է «այն հոգու համար, որն ապաշխարում է»,9 բայց մենք առավել քան ցանկանում ենք, որ մեր երեխաները հետևեն Նախագահ Հենրի Բ. Այրինգի խորհրդին՝ «վաղ սկսել և հաստատակամ լինել» ուխտերը կապելիս և պահելիս:10 Վերջերս մտածելու տեղիք տվող անկեղծ հարց բարձրացվեց քահանայության և օժանդակի ղեկավարների խորհրդում. «Արդյո՞ք ակնկալում ենք, որ ութ տարեկանները պահեն իրենց ուխտերը»: Միասին խորհրդակցելիս առաջարկվեց, որ եթե ցանկանում ենք երեխաները պատրաստվեն սուրբ մկրտության ուխտը կապելուն և պահելուն, պետք է օգնենք նրանց սովորել տալ և պահել սովորական խոստումներ:

Բարեխիղճ ծնողները գիտեն ինչպես լավագույնս ուսուցանել, որ բավարարեն իրենց երեխաների կարիքները: Երբ ծնողները ձգտում են գործել անձնական հայտնությամբ, խորհրդակցում են միասին, ծառայում և ուսուցանում են ավետարանի պարզ սկզբունքները, նրանք զորություն կունենան ամրացնելու և պաշտպանելու իրենց ընտանիքները: Ընտանիքի մյուս անդամները ևս կօգնեն: Իմ խելացի պապիկը մեզ ուսուցանել է խոստումները պահելու կարևորությունը մի պարզ երգով: Այն այսպես էր հնչում. «Խոստում տալուց առաջ, այն կարևոր է, իմացիր: Ապա այն սրտիդ մեջ փորագրիր: Սրտիդ մեջ փորագրիր»: Այդ փոքր երգը ուսուցանվել է սիրով, համոզմունքով և զորությամբ, քանի որ պապիկը փորագրել էր իր իսկ խոստումներն իր սրտում:

Ինձ ծանոթ մի իմաստուն մայր դիտավորյալ ընդգրկում է երեխաներին իր ուխտերը պահելու գործում: Նա ուրախությամբ է կրում հարևանների, ընկերների և ծխի անդամների բեռը, և սփոփում է նրանց, ովքեր սփոփման կարիք ունեն: Զարմանալի չէր, երբ նրա փոքր դուստրը վերջերս մոտենալով հարցրել էր, թե ինչպես կարող էր սփոփել իր փոքր ընկերուհուն, որի հայրը նոր էր մահացել: Պահն օգտագործելով նա ուսուցանել էր դստերը, որ վերջինս պահում է իր մկրտության ուխտը, երբ ցանկություն ունի սփոփելու իր ընկերոջը: Ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ երեխաները կկապեն և կպահեն տաճարային ուխտերը, եթե չենք ակնկալում, որ նրանք կպահեն իրենց առաջին ուխտը՝ մկրտության ուխտը:

Երեց Սքոթը նկատել է. «Մեծագույն օրհնություններից մեկը, որ կարող ենք առաջարկել աշխարհին, Քրիստոսակենտրոն տան զորությունն է, որտեղ ուսուցանվում է ավետարանը, պահվում են ուխտերը և թևածում է սերը»:11 Ինչպե՞ս կարող ենք նման տուն ստեղծել, պատրաստելով մեր զավակներին տաճարային ուխտերը կապելուն և պահելուն:

  • Միասին կարող ենք բացահայտել, թե ինչ է նշանակում արժանի լինել տաճարային երաշխավորագրին:

  • Միասին կարող ենք բացահայտել, թե ինչպես պետք է լսել Սուրբ Հոգուն: Մենք պետք է սովորենք այդ կարևոր հմտությունը, քանի որ տաճարային օժտումը ստացվում է հայտնությամբ:

  • Միասին կարող ենք բացահայտել, թե ինչպես սովորել, օգտագործելով խորհրդանիշները՝ սկսած մկրտության և հաղորդության սուրբ խորհրդանիշներից:

  • Միասին կարող ենք բացահայտել, թե ինչու է մարմինը սուրբ, ինչու են այն երբեմն անվանում տաճար, և համեստ հագուստն ու հարդարումը ինչպես է կապված տաճարային հագուստի սուրբ բնույթի հետ:

  • Միասին կարող ենք բացահայտել երջանկության ծրագիրը սուրբ գրություններում: Որքան քաջատեղյակ լինենք Երկնային Հոր ծրագրին և Քավությանը, այնքան իմաստալից կլինի տաճարային երկրպագությունը:

  • Միասին կարող ենք սովորել մեր նախնիների պատմությունները, հետազոտել ընտանիքի պատմությունը, ցուցիչը և կատարել տաճարային փոխարինող աշխատանք մահացած սիրելիների համար:

  • Միասին կարող ենք բացահայտել տաճարային երկրպագությանը առնչվող օժտում, ծես, կնքում, քահանայություն, բանալիներ և այլ բառերի իմաստը:

  • Կարող ենք ուսուցանել, որ գնում ենք տաճար Երկնային Հոր հետ ուխտեր կապելու, և վերադառնում ենք տուն՝ դրանք պահելու:12

Եկեք ուսուցանելիս հիշենք «լավ, ավելի լավ և լավագույն» հասկացողությունները:13 Լավ է, երբ ուսուցանում ենք մեր զավակներին տաճարի մասին: Ավելի լավ է, երբ պատրաստում և սպասում ենք, որ նրանք կկապեն և կպահեն ուխտերը: Լավագույնը կլինի այն, որ օրինակով ցույց տանք նրանց, որ հավատարիմ ենք մնում մեր մկրտության և տաճարային ուխտերին: Քույրեր, արդյոք գիտակցո՞ւմ ենք փրկության աշխատանքում մեր կարևոր դերը, երբ դաստիարակում, ուսուցանում և պատրաստում ենք երեխաներին, որ առաջ գնան ուխտի ճանապարհով: Մենք ուժ կստանանք՝ պատվելով և պահելով մեր ուխտերը:

2. Ուխտերը պահելը կարևոր է իսկական երջանկության համար:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է. «Ակնածանքով պետք է վերաբերվել սուրբ ուխտերին, իսկ դրանց հավատարիմ մնալը՝ երջանկության գրավականն է»:14 2 Նեփիում մենք կարդում ենք. «Եվ եղավ այնպես, որ մենք ապրեցինք երջանիկ»:15 Այդ գլխի սկզբում մենք իմանում ենք, որ Նեփին և նրա ժողովուրդը նոր էին տաճար կառուցել: Անշուշտ նրանք ուրախությամբ էին ուխտերը պահում: Իսկ Ալմայում կարդում ենք. «Բայց ահա, երբեք չէր եղել ավելի երջանիկ ժամանակ Նեփիի ժողովրդի մեջ՝ սկսած Նեփիի օրերից, քան Մորոնիի օրոք»:16 Ինչո՞ւ: Կրկին նախորդ հատվածում մենք իմանում ենք, որ նրանք «հավատարիմ էին Տիրոջ պատվիրանները պահելում»:17 Ուխտեր պահողները պատվիրաններ պահողներ են:

Ես սիրում եմ այս սուրբ գրությունը. «Եվ այժմ, երբ ժողովուրդը լսեց այս խոսքերը [այսինքն մկրտության ուխտի վերաբերյալ խոսքերը], նրանք ուրախությունից ծափ տվեցին, և բացականչեցին. Ա՛յս է մեր սրտի իղձը»:18 Ես սիրում եմ նրանց սրտերի ցանկությունը: Նրանք ուրախությամբ ցանկանում էին կապել և պահել իրենց ուխտերը:

Մի կիրակի մի երիտասարդ քույր ուրախությամբ բացականչեց. «Ես այսօր հաղորդություն եմ ընդունելու»: Ե՞րբ եք վերջին անգամ ուրախացել այդ արտոնությամբ: Իսկ ինչպե՞ս ենք արտահայտում դա: Դա անում ենք միշտ հիշելով Փրկչին և միշտ պահելով Նրա պատվիրանները, այդ թվում՝ սուրբ պահելով Նրա կիրակին: Մենք դա անում ենք միշտ հիշելով Նրան մեր անձնական և ընտանեկան աղոթքներում, միշտ սուրբ գրություններն ուսումնասիրելիս և ամեն շաբաթ ընտանեկան երեկո անցկացնելիս: Իսկ երբ շեղվում ենք կամ անփութորեն ենք վերաբերվում այդ կարևոր բաներին, մենք ապաշխարում ենք և կրկին սկսում:

Մեր ուխտերը կապելը և ուրախությամբ պահելը ուժ ու իմաստ է հաղորդում սուրբ և փրկող ծեսերին, որոնք պետք է ստանանք, որպեսզի ձեռք բերենք «այն ամենն, ինչ Հայրն ունի»:19 Ծեսերն ու ուխտերը «հոգևոր նշակետեր են»: Նախագահ Հենրի Բ. Այրինգը անդրադարձել է դրանց, երբ ուսուցանել է. «Վերջին Օրերի Սրբերը ուխտյալ ժողովուրդ են: Մկրտության օրից ի վեր, անցնելով կյանքի հոգևոր նշակետերով, մենք խոստումներ ենք տալիս Աստծուն, իսկ Նա խոստումներ է տալիս մեզ: Նա միշտ պահում է Իր խոստումները Իր լիազորված ծառաների միջոցով, սակայն մեր կյանքի որոշիչ փորձությունն այն է, թե արդյոք Նրա հետ մենք ուխտեր կկապենք և կպահենք»:20

3. Մեր ուխտերը պահելը արտահայտում է մեր սերը Փրկչի և մեր Երկնային Հոր հանդեպ:

Մեր ուխտերը պահելիս ավելի ջանասեր լինելու համար բոլոր պատճառներից այս մեկն առավել համոզիչ է՝ դա սերն է: Հին Կտակարանում մի հատված է հուզում սիրտս, երբ խոսքը վերաբերում է սիրո սկզբունքին: Ո՞ւմ չի հուզել Հակոբի և Ռաքելի աստվածաշնչյան սիրո պատմությունը, երբ կարդում ենք. «Եվ Հակոբը Ռաքելի համար յոթը տարի ծառայեց. և նորա աչքին մի քանի օրերի պես էր՝ նորան սիրելու պատճառով»:21 Քույրեր, արդյո՞ք պահում ենք մեր ուխտերը այդպիսի խորը և նվիրված սիրով:

Ինչո՞ւ էր Փրկիչը ցանկանում պահել Հոր հետ Իր ուխտը և իրականացնել Իր աստվածային առաքելությունը՝ քավելով աշխարհի մեղքերը: Նա սիրում էր Իր Երկնային Հորը և մեզ: Ինչո՞ւ էր Հայրը ցանկանում, որ Իր Միածին և կատարյալ Որդին աննկարագրելի ցավ կրեր, քավելով աշխարհի մեղքերը, սրտի կսկիծը, հիվանդությունները, անկատարությունները և ամեն անարդարություն, որ կա այս կյանքում: Պատասխանը պարփակված է այս արտահայտության մեջ. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդին տուավ»:22

«Եթե լիարժեք գնահատում ենք փրկագնման միջոցով մեզ հասու դարձած բազում օրհնությունները, չի լինի մի բան, որ Տերը խնդրի մեզանից և մենք մեծ ցանկությամբ ու պատրաստակամորեն չանենք»:23 Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի այս խոսքերի համաձայն, ուխտերը պահելով, մենք մեր սերն ենք արտահայտում առ մեր Փրկչի և Քավչի անըմբռնելի, անսահման Քավությունը և մեր Երկնային Հոր կատարյալ սերը:

Երեց Հոլլանդը սրտառուչ կերպով ասել է. «Ես ստույգ չգիտեմ, թե ինչ տեղի կունենա մեզ հետ Դատաստանի օրը, սակայն ես կզարմանամ, եթե այդ զրույցի ժամանակ Աստված չտա մեզ այն նույն հարցը, որը Քրիստոսը տվեց Պետրոսին. «Դու սիրե՞լ ես ինձ»:24 Այսօր, ես հրավիրում եմ բոլորիս խորհել, թե որքան ենք սիրում Փրկչին, որպես չափորոշիչ ընդունելով, թե որքան ուրախությամբ ենք մենք պահում մեր ուխտերը: Փրկիչն ասել է. «Ով որ իմ պատվիրանքներն ունի և նորանց պահում է, նա է ինձ սիրողը. և ինձ սիրողն իմ Հորիցը կսիրվի. և ես կսիրեմ նորան և ինձ կհայտնեմ նորան»:25 Որքա՜ն շատ ունենք մեր առօրյա կյանքում մշտապես Փրկչի հայտնվելու կարիքը:

Եկեք հիշենք, որ անգամ նրանք, ովքեր կամակոր էին նախկինում, կամ ովքեր այժմ մաքառումների մեջ են, կարող են զգալ Բարի Հովվի ձեռքը իրենց գլխին և լսել Նրա ձայնը. «Արի, դու այլևս կապված չես: Դու ազատ ես»: Փրկիչն ասել է. «Ես եմ բարի հովիվը. բարի հովիվն իր անձը դնում է ոչխարների համար»:26 Նա կարող է ասել դա, քանի որ սիրով է պահել Իր ուխտերը: Հարց է ծագում՝ իսկ մե՞նք: Կարո՞ղ ենք արդյոք հավատքով, ուրախ սրտով և մեծ ցանկությամբ առաջ գնալ և ուխտեր պահողներ լինել: Միայն այդպես ցույց կտանք մեր սերը մեր Երկնային Հոր և մեր Փրկչի հանդեպ, որոնց մասին ես մեծ սիրով վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես D. Todd Christofferson, “You Are Free,” Լիահոնա, մարտ 2013, 16, 18:

  2. Jeffrey R. Holland, “Keeping Covenants: A Message for Those Who Will Serve a Mission,” Լիահոնա, հունվ. 2012, 49:

  3. Տես “Understanding Our Covenants with God,” Լիահոնա, հուլիս 2012, 23:

  4. “I’ll Go Where You Want Me to Go,” Hymns, no. 270; շեշտադրումն ավելացված է:

  5. 1 Նեփի 14.14:

  6. Հովհաննես 13.35:

  7. Lucy Mack Smith, in Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 25:

  8. Մոսիա 27.14; շեշտադրումն ավելացված է:

  9. Վարդապետություն և Ուխտեր 18.13:

  10. Տես Henry B. Eyring, “Spiritual Preparedness: Start Early and Be Steady,” Liahona, Nov. 2005, 37–40:

  11. Richard G. Scott, “For Peace at Home,” Liahona, May 2013, 30:

  12. Տես D. Todd Christofferson, “The Gospel Answers Life’s Problems and Challenges” (worldwide leadership training meeting, Feb. 2012); lds.org/broadcasts:

  13. Տես Dallin H. Oaks, “Good, Better, Best,” Liahona, Nov. 2007, 104:

  14. Thomas S. Monson, “Happiness—the Universal Quest,” Liahona, Mar. 1996, 5:

  15. 2 Նեփի 5.27:

  16. Ալմա 50.23:

  17. Ալմա 50.22:

  18. Մոսիա 18.11:

  19. Վարդապետություն և Ուխտեր 84.38:

  20. Henry B. Eyring, “Witnesses for God,” Ensign, Nov. 1996, 30; շեշտադրումն ավելացված է:

  21. Ծննդոց 29.20:

  22. Հովհաննես 3.16:

  23. Joseph Fielding Smith, “Importance of the Sacrament Meeting,” Relief Society Magazine, Oct. 1943, 592.

  24. Jeffrey R. Holland, “The First Great Commandment,” Liahona, Nov. 2012, 84:

  25. Հովհաննես 14.21:

  26. Հովհաննես 10.11: