2010–2019 թթ․
Որպեսզի կորածները գտնվեն
Ապրիլ 2012


Որպեսզի կորածները գտնվեն

Երբ ձգտեք ապրել Քրիստոսի ավետարանով և վարդապետությամբ Սուրբ Հոգին կառաջնորդի ձեզ և ձեր ընտանիքը:

Եղբայրներ և քույրեր, ըստ սուրբ գրությունների՝ Լիահոնան «զարմանալի վարպետության մի կլոր գունդ» էր, երկու սլաքներով, որոնցից մեկը ցուց էր տալիս ուղին, որով Հայր Լեքիի ընտանիքը պետք է գնար անապատ (1 Նեփի 16.10):

Կարծում եմ գիտեմ, թե ինչու Լեքին խիստ ապշեց, երբ առաջին անգամ տեսավ այն, որովհետև ես հիշում եմ իմ արձագանքը, երբ առաջին անգամ տեսա GPS-ը (Երկրագնդի Տեղորոշման Համակարգը): Իմ մտքում այն «զարմանալի վարպետության» ժամանակակից սարք էր: Ինչ-որ կերպ, ինչ-որ տեղ ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, այս փոքրիկ սարքը հենց իմ հեռախոսի մեջ, ինչպես է կարողանում ճշգրիտ ցույց տալ, թե որտեղ եմ ես և ճշգրտորեն ասել ինձ, թե ինչպես հասնեմ այնտեղ, ուր ես եմ ուզում գնալ:

Մեզ երկուսիս՝ Բարբարայի և ինձ համար GPS-ը օրհնություն է: Բարբարայի համար դա նշանակում է, որ նա ստիպված չի լինի ասել ինձ կանգ առնել և հարցնել ուղղությունը, իսկ ինձ համար դա նշանակում է ես կարող եմ ճիշտ լինել, երբ ասեմ. «Ես կարիք չունեմ հարցնել որևէ մեկից: Ես ճշգրիտ գիտեմ, թե ուր եմ գնում»:

Այժմ, եղբայրներ և քույրեր, մենք մեզ համար ունենք մի մատչելի սարք, նույնիսկ ավելի նշանավոր, քան լավագույն GPS-ը: Ամենքն էլ ինչ-որ դեպքում, ինչ-որ չափով կորցնում են իրենց ճանապարհը: Սուրբ Հոգու հուշումների միջոցով է, որ մենք կարող ենք ետ բերվել ճիշտ ուղու վրա, և դա Փրկչի քավող զոհաբերությունն է, որ կարող է մեզ վերադարձնել տուն:

Կորած լինելը կարող է վերաբերել ինչպես ամբողջ հասարակությանը, այնպես էլ անձանց: Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ այս աշխարհի մեծ մասը կորցրել է իր ճանապարհը, մասնավորապես, ինչ վերաբերում է մեր տներում առկա արժեքներին և առաջնահերթություններին:

Հարյուր տարի առաջ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը ուղղակիորեն կապում էր երջանկությունը ընտանիքի հետ և հորդորում մեզ կենտրոնացնել մեր ջանքերն այնտեղ: Նա ասել է. «Չի կարող լինել իսկական երջանկություն տնից առանձին և անջատ: … Չկա երջանկություն առանց ծառայության և չկա ավելի մեծ ծառայություն, քան այն, որը դարձնում է տունը աստվածային հաստատություն, և որը խթանում է և պահպանում ընտանեկան կյանքը: … Տունն է այն, ինչը պետք է բարեփոխվի» (Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 382, 384):

Մեր տներն ու ընտանիքներն են, որ կարիք ունեն բարեփոխման՝ ավելի ու ավելի նյութական և աշխարհիկ դարձող այս աշխարհում: Շշմեցուցիչ օրինակ է աճող արհամարհանքը ամուսնության հանդեպ այստեղ՝ Միացյալ Նահանգներում: Այս տարվա սկզբին New York Times պարբերականը զեկուցեց, որ «Չամուսնացած կանանցից ծնված երեխաների բաժնեմասը անցել է շեմը. մինչև 30 տարեկան ամերիկացի կանանց ծնունդների ավելի քան կեսը տեղի է ունենում ամուսնությունից դուրս» (Jason DeParle and Sabrina Tavernise, “Unwed Mothers Now a Majority Before Age of 30,” New York Times, փետր. 18, 2012, A1):

Իսկ Միացյալ Նահանգներում ամուսնացած զույգերի մոտավորապես կեսը բաժանվում են: Նույնիսկ նրանք, ովքեր մնում են ամուսնացած, հաճախ կորցնում են իրենց ուղին թույլ տալով, որ այլ բաներ խանգարեն իրենց ընտանեկան հարաբերություններին:

Հավասարապես անհանգստացնող է հարուստների և աղքատների միջև անընդհատ աճող անդունդը, և նրանց միջև, ով ձգտում է պահպանել ընտանեկան արժեքներն ու պարտավորությունները և նրանց, ովքեր հրաժարվել են այդ անելուց: Վիճակագրական տվյալների համաձայն՝ նրանք, ովքեր ունեն ավելի ցածր կրթություն և, հետևաբար, ավելի քիչ եկամուտներ, ավելի քիչ հավանականություն ունեն ամուսնանալու և գնալու եկեղեցի և ավելի շատ հավանականություն՝ ներքաշվելու հանցագործության մեջ և ունենալու երեխաներ ամուսնությունից դուրս: Եվ այս միտումներն անհանգստացնում են նաև աշխարհի մնացած մեծ մասին: (See W. Bradford Wilcox and others, “No Money, No Honey, No Church: The Deinstitutionalization of Religious Life among the White Working Class,” available at www.virginia.edu/marriageproject/pdfs/Religion_WorkingPaper.pdf.)

Հակառակ տարածված կարծիքի, բարգավաճումն ու կրթությունը թվում է կապված են ավանդական ընտանիքներ և արժեքներ ունենալու ավելի բարձր հավանականության հետ:

Իրականում, իհարկե, հարցը պատճառի և հետևանքի մասին է: Արդյոք մեր հասարակության որոշ մասերն ունեն ավելի ուժեղ արժեքներ և ընտանիքներ, որովհետև նրանք ավելի լա՞վ են դաստիարակված և հաջողակ են, թե նրանք ավելի լավ դաստիարակված են և հաջողակ են, որովհետև նրանք ունեն արժեքներ և ամուր ընտանիքներ: Այս համաշխարհային Եկեղեցում մենք գիտենք, որ ճիշտը վերջինն է: Երբ մարդիկ ընտանիք են կազմում և կրոնական պարտավորություններ ստանձնում՝ ըստ ավետարանի սկզբունքների, նրանց վիճակն ավելի բարվոք է դառնում հոգեպես և հաճախ նաև նյութապես:

Եվ, իհարկե, հասարակություններն ընդհանուր առմամբ զորանում են, երբ ընտանիքներն ավելի են ամրանում: Հիմնական սկզբնապատճառը ընտանիքի հանդեպ պարտավորություններն ու արժեքներն են: Գրեթե մնացած բոլորը հետևանքներ են: Երբ զույգերն ամուսնանում են և պարտավորություններ ստանձնում միմյանց հանդեպ, նրանք խիստ մեծացնում են տնտեսական բարեկեցության իրենց հնարավորությունները: Երբ երեխաները ծնվում են ամուսնական կապի մեջ և ունենում և մայր և հայր, նրանց հնարավորությունները և մասնագիտական հաջողությունների հավանականությունը խիստ մեծանում է: Եվ երբ ընտանիքները աշխատում են և խաղում միասին, հարևանությունը և համայնքները ծաղկում են, տնտեսությունը բարելավվում է և ավելի քիչ կառավարական և ավելի սակավ թանկարժեք ծրագրեր են պահանջվում աղքատներին օգնելու համար:

Այսպիսով, վատ նորությունն այն է, որ ընտանիքի խորտակումը առաջացնում է հասարակական և տնտեսական մեծ քանակությամբ խնդիրներ: Իսկ լավ նորությունն այն է, որ ինչպես ամեն մի պատճառ և հետևանք այդ խնդիրները կարելի է վերափոխել, եթե այն, ինչ առաջացնում է դրանք, փոխվեն: Անօրինությունները լուծվում են ապրելով ճիշտ սկզբունքներով և արժեքներով: Եղբայրներ և քույրեր, մեր կյանքի ժամանակի ամենակարևոր հարցը մեր ընտանիքներն են: Եթե մենք նվիրվենք այդ գործին, մենք կբարելավենք մեր կյանքի յուրաքանչյուր մյուս կողմերը և կդառնանք որպես ժողովուրդ և եկեղեցի օրինակ և փարոս աշխարհի բոլոր ժողովուրդների համար:

Բայց սա հեշտ չէ մի աշխարհում, որտեղ սրտերը շրջվում են բազմաթիվ ուղղություններով և որտեղ ողջ մոլորակը թվում է անընդհատ շարժվում է փոխվում այնպիսի մի արագությամբ, որ երբեք նախկինում չէր կարելի պատկերացնել: Ոչինչ չի մնում նույնը երկար ժամանակ: Ոճեր, սովորույթներ, գաղափարներ, քաղաքական ճշտություն և նույնիսկ ճշտի և սխալի ըմբռնումները փոխվում են և տեղաշարժվում: Ինչպես Եսայիա մարգարեն է կանխագուշակել, սխալը ներկայացվում է որպես ճիշտ և ճիշտը որպես սխալ (տես Եսայիա Ե.20):

Հոգևոր անջրպետը անգամ ավելի էխորանում, քան երբևէ, քանի որ չարը դառնում է ավելի խաբուսիկ և նենգ և քաշում մարդկանց այնտեղ՝ խավար մագնիսի պես, ճիշտ ինչպես ճշմարտության և լույսի ավետարանը գրավում է սրտով ազնիվներին և աշխարհի պատվավորներին, ովքեր ձգտում են նրան, ինչն առաքինի է և բարի:

Մենք համեմատաբար թվով փոքր ենք, բայց որպես այս Եկեղեցու անդամներ, մենք կարող ենք հասնել այս լայնացող անդունդների վրայով: Մենք գիտենք Քրիստոսակենտրոն ծառայության զորությունը, որը բերում է միատեղ Աստծո զավակներին, անկախ նրանց հոգևոր կամ տնտեսական վիճակից: Մեկ տարի առաջ Առաջին Նախագահությունը հրավիրեց մեզ մասնակցել մեկօրյա ծառայության ընթացքում տոնելու բարօրության ծրագրի 75-ամյակը, որն օգնում է մարդկանց դառնալ ավելի ինքնապահովող: Միլիոնավոր ժամեր նվիրաբերվեցին մեր անդամների կողմից ողջ աշխարհով մեկ:

Եկեղեցին ապաստան է այս փոթորկահույզ ծովում, խարիսխ փոփոխությունների և բաժանումների անհանգիստ ջրերում և փարոս նրանց համար, ովքեր գնահատում են և փնտրում արդարակեցություն: Տերն օգտագործում է այս Եկեղեցին որպես գործիք՝ քաշելով Իր զավակներին ողջ աշխարհով մեկ դեպի Իր ավետարանի պաշտպանությունը:

Եղիայի Ոգին, որը սահմաններ չունի, նույնպես մեծ զորություն է Տիրոջ նպատակներում և Իր զավակների հավերժական ճակատագրում: Մաղաքիայի խոսքերում Սուրբ Հոգու Ոգին դարձնում է «հայրերի սիրտը դէպի որդիքը եւ որդկանց սիրտը՝ դէպի իրանց հայրերը» (Մաղաքիա Դ.6):

Աշխարհի համար Եկեղեցին կանգնած է որպես սրտերը դարձի բերելու և բարին տարանջատելու օրինակ: Եկեղեցու անդամների մեջ, ովքեր ամուսնացած են տաճարում, և ովքեր կանոնավորապես հաճախում են կիրակնօրյա ժողովներին, ամուսնալուծության մակարդակը նշանակալիորեն ցածր է, քան աշխարհինը և ընտանիքներն ավելի մոտիկ են մնում միմյանց և ավելի հաճախ հաղորդակցվում: Մեր ընտանիքների առողջությունն ավելի լավ վիճակում է և մենք մի քանի տարի ավելի երկար ենք ապրում, քան բնակչության միջին ցուցանիշն է: Մենք նվիրաբերում ենք ավելի շատ ֆինանսական միջոցներ և ավելի շատ ծառայություն մեկ մարդու հաշվով նրանց, ովքեր կարիքի մեջ են և մենք, ամենայն հավանականությամբ, ավելի շատ ենք ձգտում բարձրագույն կրթության: Ես նշում եմ այս բաները ոչ թե պարծենալու համար, այլ վկայելու, որ կյանքն ավելի լավ է (և շատ ավելի երջանիկ), երբ սրտերը դառնում են դեպի ընտանիքը, և երբ ընտանիքներն ապրում են Քրիստոսի ավետարանի լույսով:

Այսպիսով, ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի չկորչենք: Առաջինը, որ կարող եմ առաջարկել, առաջնահերթություն սահմանելն է: Դրեք ամեն ինչ, որ դուք անում եք տնից դուրս՝ ի ենթակայություն և ի աջակցություն նրա, ինչ պատահում է ձեր տան ներսում: Հիշեք Նախագահ Հարոլդ Բ. Լիի խորհուրդը, որ «ամենակարևոր … աշխատանքը, որ դուք երբևէ կանեք, կլինի ձեր սեփական տան պատերի ներքո» (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 134), իսկ Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյն ասել է. «Ոչ մի այլ հաջողություն չի կարող փոխհատուցել տանը ունեցած ձեր ձախողմանը» (quoted from J. E. McCulloch, Home: The Savior of Civilization [1924], 42; in Conference Report, Apr. 1935, 116):

Կազմակերպեք ձեր անձնական կյանքը՝ ժամանակ հատկացնելով աղոթքին, սուրբ գրություններին և ընտանեկան գործերին: Ձեր երեխաներին պարտականություններ տվեք տանը, որոնք կսովորեցնեն նրանց, թե ինչպես աշխատեն: Ուսուցանեք նրանց, որ ավետարանով ապրելը նրանց հեռու կպահի համացանցի, տեսաձայնանյութերի և տեսախաղերի լկտիությունից, խառնաշփոթից ու բռնությունից: Նրանք չեն կորչի և նրանք նախապատրաստված կլինեն ստանձնել պարտականություն, երբ այն դրվում է նրանց վրա:

Երկրորդը, մենք պետք է գործերը ճիշտ հերթականությամբ անենք: Նախ՝ ամուսնություն, իսկ հետո ընտանիք: Աշխարհում շատ-շատերն են մոռացել իրերի այս բնական կարգը և կարծում են, թե կարող են փոխել կամ նույնիսկ շրջել հերթականությունը: Վերացրեք ձեր բոլոր երկյուղները հավատքով: Վստահեք Աստծո զորությանը ձեզ առաջնորդելու համար:

Դուք, որ դեռ ամուսնացած չեք, մեծ ուշադրություն դարձրեք ձեզ համար հավերժական զուգընկեր գտնելուն: Երիտասարդներ, հիշեք մեկ բան ևս, որը Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն է ասել. «Ամուրիությունը … մակերեսային մտքին [բերում] է այն գաղափարը, որ [ամուրի լինելը] ցանակալի [է], որովհետև այն իր հետ [բերում է] նվազագույն պարտավորվածություն: … Իրականում, մեղքը երիտասարդ տղամարդկանց վրա է: Չափահաս երիտասարդ տարիքի ազատությունը նրանց հեռու է տանում պատասխանատվության ուղիներից և պարտականություններից: [Եկեղեցու] նրանց քույրերը զոհ են … [և] կամուսնանային, եթե հնարավորություն ունենային և ուրախությամբ կընդունեին ընտանեկան կյանքի պարտականությունները»: (Gospel Doctrine, 5th ed. [1939], 281):

Եվ դիմելով երիտասարդ կանանց, ես կավելացնեի, որ դուք ևս չպետք է աչքից բաց թողնեք այս պատասխանատվությունը: Ոչ մի կարիերա չի կարող բերել ձեզ կայացած լինելու այնքան շատ զգացողություն, որքան ընտանիք մեծացնելը: Եվ երբ դուք իմ տարիքի լինեք, շատ ավելի լավ կգիտակցեք դա:

Երրորդը, ամուսիններ և կանայք, դուք պետք է լինեք հավասար ընկերակիցներ ձեր ամուսնությունում: Հաճախ կարդացեք և հասկացեք «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» ուղերձը և հետևեք դրան: Խուսափեք անարդար իշխանության որևէ դրսևորումից: Կողակիցը կամ երեխաները ոչ մեկի սեփականությունը չեն, Աստված է մեր բոլորի Հայրը և ընձեռել է մեզ մեր սեփական ընտանիքի արտոնությունը, որը նախկինում միայն Իրենն էր, օգնելով մեզ ավելի շատ նմանվելու Իրեն: Որպես Նրա զավակներ մենք պետք է տանը սովորենք սիրել Աստծուն և իմանալ, որ մենք կարող ենք խնդրել Նրանից օգնություն, որի կարիքն ունենք: Յուրաքանչյուրդ՝ ամուսնացած, թե միայնակ, կարող եք երջանիկ և աջակցող լինել, ինչպիսի ընտանիք էլ որ դուք ունենաք:

Եվ վերջապես, օգտագործեք Եկեղեցու ընտանեկան ռեսուրսները: Երեխաներ մեծացնելիս ընտանիքները կարող են օգնություն հայցել ծխից: Աջակցեք և աշխատեք համատեղ քահանայության և օժանդակների ղեկավարների հետ և լիովին օգտվեք Եկեղեցու երիտասարդական և ընտանեկան ծրագրերից: Հիշեք Նախագահ Լիի ներըմբռնմամբ լի արտահայտություններից ևս մեկը, որ Եկեղեցին այն կառույցն է, որի միջոցով մենք կառուցում ենք հավերժական ընտանիքներ (տես Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 148):

Այժմ, եթե ինչ-որ պատճառով դուք անձնապես կամ որպես ընտանիք կորցրել եք ձեր ճանապարհը, ապա դուք պետք է միայն կիրառեք Ղուկասի ԺԵ գլխի Փրկչի ուսմունքները ձեր ուղղությունը ճշտելու համար: Այստեղ Փրկիչը խոսում է հովվի ջանքերի մասին, որը որոնում էր իր կորած ոչխարին, մի կնոջ կորած մետաղադրամը որոնելու մասին և այն ողջույնի, որը ստացավ անառակ որդին տուն վերադառնալով: Ինչո՞ւ Հիսուսը սովորեցրեց այս առակները: Նա ուզում էր, որ մենք իմանայինք, որ մեզանից ոչ ոք երբևէ չէր կարող այնպես կորել, որ չկարողանայինք կրկին գտնել մեր ճանապարհը Նրա Քավության և Նրա ուսմունքների միջոցով:

Երբ դուք ձգտեք ապրել Քրիստոսի ավետարանով և վարդապետությամբ, Սուրբ Հոգին կառաջնորդի ձեզ և ձեր ընտանիքին: Դուք կունենաք հոգևոր GPS, որը միշտ կասի ձեզ, թե դուք որտեղ եք և ուր եք գնում: Ես բերում եմ վկայություն, որ հարություն առած մարդկության Քավիչը սիրում է մեզ բոլորիս և Նա խոստացել է, եթե մենք հետևենք Իրեն, Նա կառաջնորդի մեզ ետ՝ դեպի մեր Երկնային Հոր ներկայությունը, որի մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: