Փրկության աշխատանքը. Հոգատար հոր առակը քնելու ժամին


Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես շնորհակալ եմ այս հատուկ առիթով ձեզ հետ լինելու համար: Այս իրադարձությունը պատմական է, քանի որ ներկա են 173 միսիայի նոր նախագահներ և նրանց զուգընկերները: Նրանք եկել են 19 տարբեր երկներից և նշանակվել են ծառայելու 50 ազգերի մեջ ողջ աշխարհով մեկ: Նոր միսիայի նախագահների այս բարձր թիվը՝ միսիոներների 70000 ռեկորդային թվի հետ մեկտեղ, մեծ նշան է այն բանի, որ Տերն արագացնում է Իր աշխատանքը:

Միսիոներական աշխատանքը կյանքի է կոչվում, երբ մենք լսում ենք անհատական դարձի ուշագրավ պատմությունները: Կցանկանայի այսօրվա իմ ուղերձը սկսել Քույր Նեյլ Ֆ. Մարիոթի հետ վերջերս ունեցած իմ զրույցի տեսագրությամբ, ով ապրիլ ամսին կանչվեց որպես Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդական: Ուշադիր լսելով նրա պատմությունը, կարելի է շատ դասեր սովորել:

Զրույց Քույր Նեյլ Ֆ. Մարիոթի հետ

ԵՐԵՑ ՆԵԼՍՈՆ

Քույր Մարիոթ, նախկինում ես հնարավորություն եմ ունեցել շփվել ձեր և ձեր ամուսնու՝ Դեյվիդի հետ: Սակայն Եկեղեցու շատ անդամներ ձեզ այնքան լավ չեն ճանաչում, ինչպես ես: Չէ՞իք ցանկանա մի փոքր պատմել Եկեղեցում ձեր դարձի գալու մասին:

ՔՈՒՅՐ ՄԱՐԻՈԹ

Շնորհակալություն, Երեց Նելսոն: Երբ ես 22 տարեկան էի, աշխատանքի բերումով տեղափոխվեցի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքը: Այնտեղ ես հանդիպեցի Եկեղեցու երկու անդամի և նրանցից մեկն ասաց. «Ես մորմոն եմ»: Ես և իմ սենյակի հարևանը հարցրեցինք. «Ի՞նչ է մորմոնը»:

Նրանցից մեկն ասաց. «Կցանկանայի՞ք, որ մենք մեզ հետ ձեր բնակարան բերեինք մեր երկու ընկերներին, որպեսզի նրանք ձեզ ավելի շատ բան պատմեն մեր հավատքի մասին»: Այնպես որ, մոտ մեկ շաբաթ անց նրանք մեր տուն բերեցին իրենց երկու ընկերներին, և դա իմ առաջին տպավորությունն էր, որ ստացա մորմոն միսիոներներից: Եվ պետք է ասեմ, որ ես շատ հարցեր ունեի:

Նրանք շարունակում էին մեզ այցելել և, վերջապես, նրանք հասան փրկության ծրագրին: Եվ ես դեռ շատ լավ եմ հիշում այդ երեկոն: Նրանք ասացին. «Նախքան այստեղ գալը դուք ապրել եք հոգևոր աշխարհում ձեր Երկնային Հոր հետ: Դուք Նրա հոգևոր դուստրն եք»: Երեց Նելսոն, ես ճանաչեցի այդ խոսքերը: Նրանք ծանոթ էին ինձ: Ես երբեք չէի լսել դրանք այս կյանքում, բայց ես գիտեի, որ լսել էի դրանք նախկինում:

Այդ հանդիպման վերջում անդամներից մեկն ինձ ասաց. «Ես կցանկանայի վերջին հարցս հղել»: Նա ուղիղ նայեց ինձ վրա և ասաց. «Նեյլ, ի՞նչ ես մտածում Մորմոնի Գրքի մասին»: Եվ, ահա՛ բառերը որոնք դուրս թռան իմ բերանից. «Ես կարծում եմ, որ այն ճշմարիտ է»: Ես այնքան ապշած էի այդ խոսքերից. «Ես կարծում եմ, որ այն ճշմարիտ է»: Եվ նա շատ խելացի ձևով, առանց ճնշում գործադրելու, ասաց. «Դե, ուրեմն, այդ հասկանալով, ի՞նչ ես պատրաստվում անել»: Եվ ես նրան խոստացա, որ այդ գիշեր անկեղծորեն կաղոթեմ: Ես ծնկի եկա իմ ննջարանում – ես ունեի իմ առանձին սենյակը - և պարզապես ասացի. «Երկնային Հայր, եթե սա Փրկչի միակ ճշմարիտ եկեղեցին է Երկրի վրա, ապա ես կմկրտվեմ: Ես պարզապես պետք է իմանամ, որ այն ճշմարիտ է»: Եվ անմիջապես մի ձայն՝ իմ գլխում կամ իմ սրտում, ասաց ինձ. «Այն ճշմարիտ է»: Ես վեր թռա և ասացի. «Այն ճշմարի՛տ է»: Գրեթե զարմացած էի այդ հրաշալի պատասխանից: Հաջորդ առավոտյան ես զանգահարեցի միսիայի նախագահին և ասացի. «Ողջույն, ես ուզում եմ մկրտվել»:

ԵՐԵՑ ՆԵԼՍՈՆ

Օ, վստահ եմ, նա երջանիկ էր դա լսելու ձեզանից: Ունեցե՞լ եք որևէ զգացում ձեր նախնիների վերաբերյալ:

ՔՈՒՅՐ ՄԱՐԻՈԹ

Շատ հետաքրքիր է, որ դուք ինձ այդ հարցը տվեցիք, քանի որ Եկեղեցում իմ ամենա առաջին կոչումը այնքան ոգեշնչված էր: Եպիսկոպոսը կանչեց ինձ և հարցրեց, թե արդյո՞ք ես կցանկանայի լինել տոհմաբանական հանձնախմբի անդամ:

Ես նամակ գրեցի իմ երկու տատիկներին, ովքեր իրենց 80-ականներում էին: Մի քանի շաբաթ չէր անցել, երբ ես փոստով մի փոքրիկ արկղ ստացա, որը լիքն էր լուսանկարներով, որոնց ետնամասում անուններ և փոքրիկ գրառումներ էին արված: Այսպիսով, ես նստեցի իմ ննջասենյակի հատակին և սկսեցի կույտերով խմբավորել ընտանիքիս, հայրիկիս ընտանիքի, Հիլ, Ռեյ և Ֆիլդինգ ընտանիքների լուսանկարները: Դասավորելու ժամանակ ես հանկարծակի նայեցի վերև: Ես չտեսա ոչինչ, սակայն սենյակը լի էր: Ես զգում էի, որ այն լի էր մարդկանցով, ովքեր հետաքրքրված էին և երջանիկ: Եվ ես ինչ-որ կերպ զգում էի նրանց ներկայությունը:

Կարծում եմ, որ Եկեղեցու անդամ լինելու առաջիկա երկու կամ երեք տարիների ընթացքում ես հավաքեցի շուրջ 70 հոգու անուններ, տաճարում կատարեցի օժտում շուրջ 70 հոգու համար: Ես ուղարկում էի դրանք ամուսնուս՝ Դեյվիդի հարազատներին: Ես պետք է մի փոքր պատմեմ Դեյվիդի մասին:

ԵՐԵՑ ՆԵԼՍՈՆ

Իհարկե, խնդրեմ: Պատմեք մեզ, թե ով է Դեյվիդը:

ՔՈՒՅՐ ՄԱՐԻՈԹ

Դեյվիդը շատ առանձնահատուկ անձնավորություն է: Նա այն անդամներից մեկն էր, ով մեզ հարցրեց, թե ցանկանում ենք արդյոք ավելին իմանալ Եկեղեցու մասին: Մենք ամուսնացանք Սոլթ Լեյքի տաճարում իմ մկրտվելուց 13 ամիս անց:

ԵՐԵՑ ՆԵԼՍՈՆ

Մի՞թե անդամ միսիոներ լինելը լրացուցիչ առավելություն չէ:

ՔՈՒՅՐ ՄԱՐԻՈԹ

Այո, խորհուրդ եմ տալիս:

ԵՐԵՑ ՆԵԼՍՈՆ

Դե, իսկ հիմա դուք և Դեյվիդը ունեք հրաշալի ընտանիք: Պատմեք ձեր ընտանիքի մասին:

ՔՈՒՅՐ ՄԱՐԻՈԹ

Դե, մենք ունենք 11 երեխա, և երբ մենք ամուսնացանք, մենք ուզում էինք ունենալ երեխաներ՝ ընտանիք ստեղծելու համար, իսկ երեխաները պարզապես ծնվեցին: Նրանք ընտրված հոգիներ են:

ԵՐԵՑ ՆԵԼՍՈՆ

Ի՞նչ խորհուրդ կտայիք մեր հրաշալի քույրերին, ովքեր փորձում են համատեղել իրենց կյանքը որպես կին և մայր և որպես Տիրոջ հավատարիմ ծառա և Տիրոջ աշակերտ:

ՔՈՒՅՐ ՄԱՐԻՈԹ

Դե, ես սիրում եմ Եկեղեցու ժողովները: Ես գիտեմ, դա տարօրինակ է հնչում, բայց իմ իրական սիրտը իմ ընտանիքում է: Եվ դա այդպես է յուրաքանչյուր կոչման ժամանակ: Դրանք, իհարկե, հիմնված են մեկը մյուսի վրա: Ես առաջին հերթին հոգ կտանեմ իմ ընտանիքի մասին: Որոշ ժողովներ ես բաց եմ թողել, բայց դա ներխուժում չէր իմ ընտանեկան կյանքի մեջ: Համենայն դեպս, դա ինձ սովորեցրել է լավ մայր լինել:

ԵՐԵՑ ՆԵԼՍՈՆ

Դուք ավելի լավ մայր եք, քանի որ դուք խարսխված եք ավետարանին:

ՔՈՒՅՐ ՄԱՐԻՈԹ

Դա ճիշտ է:

ԵՐԵՑ ՆԵԼՍՈՆ

Դե, մենք շատ շնորհակալ ենք ձեզ ձեր ծառայության համար, որը դուք ցուցաբերում եք, և դեռ կցուցաբերեք:

ՔՈՒՅՐ ՄԱՐԻՈԹ

Շնորհակալությոն:

Շնորհակալություն, Քույր Մարիոթ: Արդյո՞ք նրա պատմությունը ոգեշնչող և ուսանելի չէր: Նկատեցիք արդյո՞ք անդամների և միսիոներների միջև համագործակցությունը: (Նա անգամ դարձավ նրա ամուսինը:) Արդյո՞ք նրանք իսկապես չէին մտածում նրա մասին: Մյուս կողմից, զգացի՞ք արդյոք հարազատների դերը, ովքեր նույնպես մտածում էին նրա մասին: Զգացի՞ք արդյոք կնոջ առաքինությունը, ով սիրում է իր ամուսնուն և երեխաներին: Երբ ես զգացի այն ուրախությունը, որ նա ունեցել էր իր և գալիք սերունդների կյանքում, իմ անձնական վկայությունը ամրապնդվեց և ավետարանով կիսվելու իմ խանդավառությունը մեծացավ:

Շատ հաճախ մենք բաժանում ենք Տիրոջ աշխատանքը մասերի, որոնք, մեր կարծիքով, իրար հետ կապ չունեն: Լինի դա ոչ անդամներին ավետարանը քարոզելը, նորադարձներին ծառայելը, քիչ ակտիվ անդամներին ակտիվացնելը, ակտիվ անդամներին ուսուցանելը և ամրապնդելը, թե՝ ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք կատարելը, աշխատանքն անբաժանելի է: Դրանք առանձին չեն, բոլորն էլ փրկության աշխատանքի մասն են կազմում:

Նրանք, ովքեր վարագույրի մյուս կողմում են, ուրախանում են և գովք բացականչում, երբ նրանց ժառանգները ընդունում են կամ ետ գալիս դեպի ավետարանը, քանզի գիտեն, որ իրենց ժառանգները այժմ կկարողանան կատարել անհրաժեշտ տաճարային արարողություններն իրենց համար՝ անցած սերունդները կապելով միմյանց: Այդ դասը Քույր Մարիոթը յուրացրեց մկրտությունից անմիջապես հետո: Հույսով եմ, որ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ կունենա հնարավորություն զգալու իր նախնիների այդ վեհացնող սերը:

Ցուցադրելու համար, թե մեր Երկնային Հայրը ինչպես է ցանկանում, որ մենք սիրենք մեկս մյուսին, ես կպատմեմ մի առակ, որը կոչվում է «Հոգատար հոր առակը քնելու ժամին»:

Մի երեկո իր կնոջ և երեխաների քնելուց հետո, հոգատար հայրը նստած է լինում տանը: Նա զգում է մի դրդում, հուշում՝ ստուգել երեխաներին: Նա հանում է կոշիկները և անձայն քայլում է դեպի ննջասենայկի դուռը: Դռան աղոտ լույսի տակ նա բարձերի վրա տեսնում է երկու փոքրիկ գլուխներ, և վերմակները, որոնք ծածկում էին այս իրար փաթաթված, խորը քնած երեխաներին:

Երբ նա լսում էր նրանց հանգիստ շնչառությունը, հիշեց այդ նույն օրվա տեսարանները: Նա լսում էր նրանց ծիծաղը, երբ նրանք միասին խաղում էին: Նա տեսնում էր նրանց ժպիտները, երբ նրանք կիսում էին ուտելիքը, և նրանց քրքջոցը, երբ փորձում էին շանը պաղպաղակ կերակրել: (Երեխաների հետ համբերատար լինելն ավելի հեշտ է լինում, երբ նրանք քնած են): Քանի դեռ նրանք ննջում էին, նա մտածում էր, թե ինչ էր նրանց անհրաժեշտ և ինչպես ինքը կարող էր օգնել նրանց: Նա սիրո մեծ ալիք և նրանց պաշտպանելու ուժեղ պարտականություն էր զգում:

Նա ոտքի թաթերի վրա քայլեց դեպի մյուս ննջասենյակ, որտեղ պետք է լինեին իր երկու ավագ զավակները: Նա տեսավ երկու մահճակալ, բայց նրա սիրտը կանգ առավ, երբ նա տեսավ, որ մահճակալներից մեկը դատարկ էր:

Նա շրջվեց և քայլեց դեպի աշխատասենյակ, որտեղ հանկարծակի գտավ իր բացակայող դստերը: Աթոռին նստած նա հանգիստ գիրք էր կարդում:

«Ես չէի կարողանում քնել», - ասաց նա:

Նա աթոռը մոտեցրեց աղջկան: Նրանք խոսեցին նրա անցած օրվա մասին, նրա ընկերների մասին, նրա նպատակների ու երազանքների մասին: Վերջում նա գնաց քնելու, իսկ հայրը վերջին անգամ շրջայց արեց նախքան լույսերն անջատելը և անկողին վերադառնալը:

Առավոտյան, հայրն օգնեց իր սիրելի կնոջը նախաճաշը պատրաստել: Նա յուրաքանչյուրի համար տեղ պատրաստեց, նույնիսկ ամենափոքրի, ով սիրում էր երկար քնել: Խոհանոցի հոտերից երեխաներն արթնացան և քնկոտ շարժումներով ու աղմկոտ ձայներով վազեցին խոհանոց:

Սակայն աթոռներից մեկը դատարկ էր: Հայրը խնդրեց նրանց սպասել մինչև ինքը կարթնացներ բացակայող երեխային: Շուտով ողջ ընտանիքը վայելում էր նախաճաշը միասին:

Ի՞նչ կարող ենք մենք սովորել այս պարզ առակից: Հայրը հետևեց իր երեխաներին ստուգելու դրդմանը: Նա գնահատեց իր հարաբերությունները նրանց հետ: Նա փնտրեց բացակայող զավակին: Նրա գործողությունները հիմնավորված էին միայն մաքուր սիրով: Նա չարեց դա, քանի որ նա ձեռնարկ էր կարդացել: Ոչ ոք նրան ստուգման ցանկ չէր տվել: Նա հետևեց իր սրտի զգացմունքներին:

Դա նույնն է նաև միսիոներական աշխատանքի դեպքում: Առավել արդյունավետ միսիոներները միշտ գործել են սիրուց դրդված: Սերը հանդիսանում է լավ միսիոներական աշխատանքի շարժառիթը և կյանքը:

Առակի մեջ հայրը սիրում էր յուրաքանչյուր երեխային: Մենք ևս՝ սիրուց դրդված պետք է օգնենք բոլորին, ոչ թե միայն մի քանի սիրելիների: Հնարավորությունները գալիս են տարբեր ձևերով և, դժբախտաբար, նրանցից ոմանք բաց թողնված հնարավորություններ են:

Այդ օրինակը վերցված է իմ ընտանիքից: Բոլոր իմ ութ նախատատերն ու նախապապերը նորադարձ էին Եկեղեցում՝ Եվրոպայում: Ութն էլ գաղթել են Ամերիկա: Ավետարանը նրանց համար ամեն ինչ էր: Այնուամենայնիվ, իմ ծնողների սերնդից ոմանք հեռացան Եկեղեցուց: Արդյունքում, ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ծնողները չէին հաճախում Եկեղեցի:

Մասնագիտական վիրաբուժության ու հետազոտության իմ երկար տարիների ընթացքում, կինս և ես մեր երեխաների հետ հեռու ենք ապրել մեր ծնողներից՝ երկրի տարբեր ծայրերում: Իմ ծնողների հավերժական բարեկեցության մասին անընդմեջ մտահոգությունների և նույնիսկ տառապանքի ազդեցության տակ, ես մի սրտաճմլիկ նամակ գրեցի նրանց եպիսկոպոսին: Ես նրան լավ էի ճանաչում և մեծ հույսեր ունեի, որ նա կօգներ: Ես իմ ծնողներիս հանդեպ իմ սերն արտահայտեցի և այս բարի եպիսկոպոսին խնդրեցի, որ նա հրավիրի կամ կանչի որևէ մեկին ուսուցանելու ավետարանը իմ սիրելի մայրիկին ու հայրիկին:

Ավելի ուշ ես նրանից ստացա պատասխան: Նա գրել էր, որ շատ էր ցավում, որ չուներ որևէ մեկին, ում նա կարող էր կանչել ծնողներիս ուսուցանելու համար:

Եպիսկոպոսի պատասխանը փշրեց իմ հույսերը: Նա չուներ որևէ մեկին, ով կարող էր օգնել նրան:

Այժմ՝ մեր օրերում, դա երբեք չպետք է պատահի: Այլևս երբեք եպիսկոպոսը չպետք է առանց մարդկանց մնա: Այժմ եպիսկոպոսները ունեն իրենց ծխերի խորհուրդների անդամներ, ծխի միսիայի ղեկավարներ և միսիոներներ, ովքեր պատրաստ են և կարող են օգնել փրկագնել աղերսող երեխաների ծնողներին:

Տասնամյակներ անց, իմ ծնողները իսկապես դարձի եկան դեպի Տերը: Նրանք կնքվեցին տաճարում և նրանց զավակները կնքվեցին նրանց հետ: Սակայն ես երբեք չեմ մոռանա այն դասը, որը սովորել եմ նրանց փորձից: Կարո՞ղ է արդյոք սիրող Երկնային Հայրը, ով պատվիրել է մեզ քարոզել ավետարանը ամեն արարածի, տարբերություն դնել այն մարդկանց միջև, ովքեր երբեք չեն լսել ավետարանի մասին, և նրանց, ովքեր մի անգամ լսել են, իսկ հետո մոռացել:

Անկասկած, պատասխանը «ոչ» է: Փրկության աշխատանքը չի բացառում և ոչ մեկին: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներն ու անդամներն ուղարկված են առաջ աշխատելու Տիրոջ այգում՝ մարդկության հոգիների փրկության համար: 1Դա ներառում է անդամ-միսիոներ աշխատանքը քիչ-ակտիվ անդամներին ակտիվացնելու համար և Աստծո զավակներին տաճարի օրհնություններին նախապատրաստելը: Աստված ցանկանում է, որ բոլոր Իր զավակները վերադառնան Իր մոտ և արժանանան հավերժական կյանքի:

Տիրոջ թագավորությունում միսիոներական աշխատանքը փրկարար ջանք է: Մեր սիրելի մարգարե Թոմաս Ս. Մոնսոնը բազմիցս մեզ ուսուցանել է փրկության հասնելու մասին: Նա ասել է. «Մենք կարող ենք գտնել նրանց, ում համար մենք պատասխանատու են,ք և բերել նրանց Տիրոջ սեղանի մոտ, որպեսզի սնվեն Նրա խոսքով և վայելեն Նրա հոգու ներկայությունը:»2

Այս մեծ աշխատանքում մենք սիրով՝ իրենց առաջին ուխտի միջոցով, հոգիներին բերում ենք դեպի Քրիստոսը, և նաև սիրով հոգիներին բերում ենք դեպի իրենց նախկին ուխտերը: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն այսպես է բացատրել. «Փրկել այն հոգիներին, ովքեր շեղվել են հոտից, նույնքան արժանի ու գնահատելի է և նույնքան ուրախություն է պատճառում երկնքում, որքան հոգիներին փրկելն աշխարհի հեռավոր մասերում:»3

Յուրաքանչյուր ծխում կան երկու անձնավորություն, ովքեր սահմանում են միսիոներական աշխատանքի արագությունը: Դա եպիսկոպոսն է և ծխի միսիայի նախագահը: Եպիսկոպոսն ունի աշխատանքը ղեկավարելու բանալիները: Ձեռնարկ 2-ում ասվում է, որ «եպիկոպոսն ու խորհրդականները առաջնահերթությունը տալիս են անդամների միսիոներական աշխատանքին: Նրանք կանոնավոր կերպով ուսուցանում են միսիոներական աշխատանքի վարդապետությունը: Նրանք խրախուսում են ծխի անդամներին աշխատել լիաժամկետ միսիոներների հետ՝ գտնելու, ուսուցանելու և մկրտելու լսողներին: Նրանք օրինակ են ծառայում՝ միսիոներների ուսուցանման համար գտնելով և նախապատրաստելով անհատների ու ընտանիքների:»4

Եպիսկոպոսի ոգեշնչված կանչի ներքո ծխի միսիայի ղեկավարը ուղղորդում է միսիոներական աշխատանքը, որտեղ նա համակարգում է, վարում է, կազմակերպում է, օգնում է, մասնակցում է, այցելում է և այլ կերպ ղեկավարում է ծխի միսիոներական աշխատանքը: Նա կանոնավոր կերպով անց է կացնում միսիոներների համակարգման ժողովներ լիաժամկետ միսիոներների հետ և հավաստիանում է, որ նրանք հրավիրված են հաճախելու և մասնակցելու ծխի խորհրդի ժողովներին, որտեղ դա անհրաժեշտ է: Ծխի միսիայի ղեկավարը միսիոներների ակտիվ զուգընկերն է և օգնում է նրանց ուսուցանման հնարավորություններ գտնելու հարցում, խորհուրդ է տալիս նրանց և համակարգում է ծխի բոլոր ռեսուրսները: Դա ներառում է այն անդամների բացահայտումը, ովքեր պատրաստակամ են գնալ փոխանակման, իրենց տներում դաս անցկացնել, ապահովել անհրաժեշտ տրանսպորտը և օգնել միսիոներներին ուսուցանել հակառակ սեռի լսողներին:

Ծխի միսիայի ղեկավարը ունի բարձրացնող դեր: Դուք ծխի միսիայի ղեկավարներ, խնդրում ենք նկատի ունեցեք. Մենք խնդրում ենք ձեզ բարձրանալ այս նոր պատասխանատվության մեջ: Ճանաչեք միսիոներներին: Եղեք նրանց լավագույն ընկերը: Աշխատեք նրանց հետ: Օգնեք նրանց իմաստալից տեսակցություններով լցնել իրենց պայմանավորվածության գրքերը, որպեսզի նրանք մարդկանց ուսուցանելու համար ժամանակ չունենան դռներ ծեծել:

Եպիսկոպոսի ղեկավարության ներքո ծխի միսիայի ղեկավարները և լիաժամկետ միսիոներները կենտրոնացնում են իրենց ջանքերը նոր, քիչ-ակտիվ և վերադարձող անդամների վրա: Նրանք կենտրոնանում են ընկերների, մասամբ-անդամ ընտանիքների և նրանց ընտանիքների ու ընկերների վրա, հետաքրքրվող հարևանների և ծխի անդամների ընկերների վրա, և բոլոր նրանց վրա ովքեր անկեղծորեն կլսեն:

Ձեռնարկները մեզ ուսուցանում են, թե ինչ մենք պետք է անենք, բայց ոչ թե՝ ինչպես մենք պետք է անենք: Չկա որևէ սցենար, թե ինչ մենք պետք է ասենք, ոչ էլ կան հատուկ քայլեր ավետարանի ուրախությունը մարդկանց կյանք բերելու համար:

Մեր առակից մենք սովորում ենք, որ չկա որևէ գիրք, որն ուսուցանում է ծնողին, թե ինչ անել, եթե երեխան բացակայում է: Բայց, ո՞ր ծնողը կհետաձգի զավակին փնտրելը մինչև որ դրա ձեռնարկը տպագրվի: Լավ ղեկավարները, ինչպես և լավ ծնողները գործում են սիրուց դրդված: Երբ նրանք սիրով են գործում, Հոգին առաջնորդում է նրանց և օգնում հասկանալ, որ յուրաքանչյուր անձ կարիք ունի հատուկ հոգատարության, որը կօգնի նրանց, Տիրոջ ձևով ապրելով, կյանքում գտնել ուրախություն:

Ծխի միսիայի ղեկավարը կապող օղակ է միսիոներների, ծխի խորհրդի և ծխի անդամների միջև: Ինչպե՞ս նա կարող է անել դա: Ինչպե՞ս կարող է նա ծխի խորհրդի յուրաքանչյուր անդամի մոտ խանդավառություն մտցնել միսիոներական աշխատանքի հանդեպ:

Մենք կցուցադրենք ձեզ մի տեսագրություն այն մասին, թե ինչպես է Սթիլվոթեր Օկլահոմա վցի Էդմունդս 3-րդ ծխի միսիայի ղեկավարը անում դա: Նա կարողացավ փոխել իր ծխի միսիոներական մշակույթը:

Ծխի միսիայի ղեկավարը փրկության աշխատանքում

ՔՐԻՍ ՈՒԲԵՆՔՍ

Մենք գտնվում էինք 50 տարիների ընթացքում ունեցած վատթարագույն երաշտի կեսերում:

Երաշտի հետ կյանքը համատեղելու ընթացքում ցցի միսիոներական աշխատանքը մեծ առաջընթաց չէր ապրում: Մեր ծխի համար կարող եմ ասել, որ վերջին երեք տարվա ընթացքում մենք չենք ունեցել որևէ նորադարձի մկրտություն:

ՆԱԽԱԳԱՀ ԲՈՈՒՄԵՆ

Որպես նախագահություն մենք անհանգստացած էինք պատահածի համար և խորհրդակցեցինք միասին: Մենք մի նամակ ուղարկեցինք, խնդրելով անդամներին միասին ծոմ պահել միսիոներական աշխատանքի և երաշտի համար:

ՔՐԻՍ ՈՒԲԵՆՔՍ

Մենք ստացանք այս նամակը և ամբողջ ցիցը և մյուս ցցերը մեր շրջապատում ծոմ պահեցին և միսիոներական աշխատանքն անմիջապես սկսեց աճել:

Կարծես, ջրի դարպասները բացվեցին և բոլոր մարդիկ ներգրավվեցին:

Յոթանասունականից Երեց Բոուենը եկավ այս տարածաշրջան և անցկացրեց միսիոներական ուսուցում: Նրա առաջին դիտողությունն էր՝ «Ձեր ծխի կամ ճյուղի լիաժամկետ միսիոներները ձեր կողքին են՝ ձեզ օգնելու համար:»

Որպես Եկեղեցու անդամներ դա մեր գործն է ակտիվորեն ներգրավվելու աշխատանքի մեջ, որպեսզի հրավիրենք մեր ընկերներին ու ընտանիքներին գալ Եկեղեցի:

ՆԱԽԱԳԱՀ ԲՈՈՒՄԵՆ

Դա տեղի չի ունենա առանց լիաժամկետ միսիոներների և ներգրավված անդամների մասնակցության: Դա, կարծես, մեր նպատակն է, որ ընտրենք այնպիսի ծխի միսիայի նախագահ և ծխի խորհուրդ, որ նրանք առաջ տանեն աշխատանքը, ոչ թե՝ լիաժամկետ միսիոներները:

ԵՊԻՍԿՈՊՈՍ

Ծխի միսիայի ղեկավարի դերը եպիսկոպոսի և ծխի խորհրդի հետ հանդիպելն ու ծխի միսիայի ծրագիր կազմելն է, այնուհետև, այդ ծրագիրն իրագործելն է, որի նպատակն է՝ օգնել անդամներին լիաժամկետ միսիոներների ուսուցանման համար մարդիկ գտնել և ընկերանալ նրանց հետ:

ՔՐԻՍ ՈՒԲԵՆՔՍ

Միակ բանը, որ փորձում եմ անել իմ օգնականի, ծխի միսիայի ղեկավարի և միսիոներների հետ միասին, դա միսիոներների օրակարգը հագեցած պահելն է: Մեկ տարի առաջ այս ամբողջ միսիոներական ջանքերը սկսելուց հետո, մենք շաբաթական միջինում երկու, երեք, չորս անդամների ներկայությամբ դաս ունենալուց հասել ենք մինչև 10–12 դասի: Մի քանի ամիս առաջ միջինում մենք ունեինք 14-ից 16, իսկ այժմ մեր նպատակն է շաբաթական ունենալ 20 դաս անդամի ներկայությամբ:

Երբ ես հետ եմ նայում մեր ծխում և ցցում տեղի ունեցած այս փոխակերպմանը, իսկապես հեշտ է տեսնել այն երկու հիմնական պատճառները, որոնք հանգեցրել են այս միսիոներական ջանքերի պայթյունին: Դրանք անդամներն են, ովքեր ներգրավված են եղել միսիոներական ջանքերին, իսկ հետո ընդարձակել իրենց հրավերը հաճախելու Եկեղեցի կամ հադիպելու միսիոներների հետ:

ԹՐԻՇ ԳՈՎԻՆ

Ես Թրիշ Գովինն եմ: Սա Մարկ Գովինն է:

ՄԱՐԿ ԳՈՎԻՆ

Մենք մկրտվել ենք 2013թ. հունվարի 26-ին:

ՔՐԻՍ ՈՒԲԵՆՔՍ

Դա անդամի միսիոներական աշխատանքի մի հրաշալի պատմություն էր: Մենք ունեինք մի ընտանիք, ովքեր նրանց ընկերներն էին, նրանք ծանոթացրեցին նրանց մեկ այլ ընտանիքի: Մեր ծխում նրանց երեխաները հանդիպեցին ուրիշ երեխաների և նրանք ընկերացան:

ԹՐԻՇ ԳՈՎԻՆ

Ես գիտեմ, որ Աստված նպատակի համար է Եկեղեցու բազմաթիվ անդամների ծանոթացրել մեզ հետ:

ՔՐԻՍ ՈՒԲԵՆՔՍ

Եվ դա բերեց միսիոներների հետ ավելի լուրջ քննարկումների, և նրանք սկսեցին հաճախել եկեղեցի կանոնավոր ձևով:

ԹՐԻՇ ԳՈՎԻՆ

Ես տեսա, թե ինչպես է ավետարանը գործում նրանց կյանքում, և թե ինչպես են նրանք դառնում լույսի նման:

ՔՐԻՍ ՈՒԲԵՆՔՍ

Մեր անդամների համար շատ կարևոր է ճանաչելը մեր միսիոներներին, իսկ մեր միսիոներների համար՝ ճանաչելը մեր անդամներին: Բայց մեր անդամների համար նույնիսկ ավելի կարևոր ու վճռական է լսողներին ճանաչելն ու նրանց հետ ընկերանալը:

ՄԱՐԿ ԳՈՎԻՆ

Դա անկաշկանդ մթնոլորտ է ստեղծում, երբ իմանում եք կամ ծանոթանում մարդկանց նման ձևով, քանի որ դուք ազատ եք զգում հարցեր տալու: Ազատ եք զգում ուսումնասիրելու և սովորելու այն, ինչ դուք չգիտեք: Ոչ ոք չի դատապարտում:

ԹՐԻՇ ԳՈՎԻՆ

Իմ դեպքում ես, կարծես, Ջոզեֆ Սմիթը լինեի, ով գնում էր եկեղեցին եկեղեցու հետևից: Երբեք զգացում չունեի, որ ինչ որ մեծ բան պակասում էր, և ես չէի գտնում այն: Այն համապատասխանում է: Այն համապատասխանում է իմ ընտանիքին, այն համապատասխանում է իմ կյանքին:

ՔՐԻՍ ՈՒԲԵՆՔՍ

Միսիոներական երաշտի ու լճացման ժամանակաշրջանը իսկապես ավարտվեց, և աշխատանքը թափ էր առնում օր-օրի: Եվ ես չեմ տեսնում, որ այն կնվազի մոտակա ժամանակներում:

Սա վերջին օրերի հրաշալի աշխատանքն է: Սա է մեր այստեղ լինելու պատճառը` հավաքել Իզրայելը: Իմ և Եկեղեցու բոլոր անդամների պարտականությունն է՝ կիսվել ավետարանով որքան հնարավոր է շատ մարդկանց հետ:

Մենք շնորհակալ ենք Նախագահ Քենտ Վ. Բոումենին և նրա ծխի հրաշալի միսիայի ղեկավարին, որոնք ցույց տվեցին մեզ, թե ինչպես ծխի խորհուրդը և միսիոներները աշխատեցին միասին: Մեկ նպատակ և միասնական մտապատկեր ունենալով, նրանք պարզեցին նրանց հոգևոր ու աշխարհիկ կարիքները, ում սիրում էին: Այո, ծխի խորհրդի իրական պարգևատրումը և աշխատանքը տեղի ունեցավ նրանց ժողովներից դուրս, այն մարդկանց ներկայության մեջ, ում նրանք ուսուցանեցին:

Մեր առակի մեջ դուք կարող եք ենթադրել, որ հայրը հանդիսանում էր ծխի եպիսկոպոս կամ ծխի միսիայի ղեկավար: Իրականում, հայրը կարող է ներկայացնել Եկեղեցու ցանկացած անդամի: Սեր ունենալով, յուրաքնչյուրը կարող է անել այն, ինչը կաներ Բարի Հովիվը ծրագրելու և փրկելու համար: Եվ յուրաքանչյուր ոք Հորից ոգեշնչված աղոթքով կարող է դա անել մեր բոլորի համար:

Աստվածային առաջնորդությամբ ծխի օժանդակ կազմակերպության յուրաքանչյուր ղեկավար կարիք չունի սպասելու հանձնարարակնի եպիսկոպոսի կամ ծխի միսիայի ղեկավարի կողմից: Ամեն մեկը կզգա, որ «մեր հոտը ամբողջական կլինի, եթե մենք սեղանի շուրջ տեղ հատկացնենք ոչ միայն նրանց, ովքեր գալիս են, այլև նրանց, ովքեր պետք է լինեն այդտեղ:» Յուրաքանչյուր անդամ պետք է փնտրի նրանց, ովքեր դեռ Եկեղեցու անդամ չեն, կամ նրանց, ովքեր ավետարանի ուրախության կարիքն ունեն: Նրանք կգործեն ոգեշնչմամբ, սիրով դրդված:

Երբ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին, մենք գործում ենք ինչպես Նա կգործեր և սիրում ենք ինչպես Նա կսիրեր: Նրա նպատակները կիրագործվեն տվյալի պահին մեկ հոգու համար: Մեր ջանքերը գործադրվում են սիրո շնորհիվ, որը մենք տածում ենք մեր մերձավորի և մեր Երկնային Հոր հանդեպ, ում զավակներն ենք մենք:

Այո՛, Աստված մեր Հայրն է: Հիսուսը Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին է: Մենք Նրա ծառաներն ենք: Այս ամենը ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Հղումներ

  1. Sես Վարդապետություն և Ուխտեր 138.56; նաև Handbook 2: Administering the Church (2010), 5.1.1:

  2. Thomas S. Monson, “To the Rescue,” Ensign, May 2001, 48.

  3. Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. (1954–56), 3:118.

  4. Handbook 2, 5.1.1.