Միսիոներական աշխատանքը թվայնացման դարում


Ես երախատպարտ եմ ձեզ հետ լինել այսօր: Մենք ճանաչում ենք Պրովոյի միսիոներների ուսուցման կենտրոնի միսիոներներին, ովքեր ներկա են այսօր: Նայեք նրանց: Արդյո՞ք նրանք հրաշալի չեն: Այս նոր կանչված միսիոներները պատրաստվում են քարոզել Հիսուս Քրիստոսի վերականգված ավետարանը ամեն ցեղի, լեզվի և ժողովրդի:

Միսիոներներ կանչելու տարիքային սահմանը ցածրացնելու հետ Եկեղեցում բացվում է նոր դար միսիոներական աշխատանքի համար: Գիտեմ, որ շատերի համար դա կյանք փոխող իրադարձություն էր: Մենք գիտենք, որ այն ցնցող ազդեցություն գործեց երիտասարդ տղամարդկանց և կանանց վրա:

Անկասկած Տերը և դուք՝ ծնողներդ, դաստիարակել եք մի հատուկ սերունդ, որ ծառայեն այս առանձնահատուկ օրերում, երբ ավետարանն ուսուցանելու կարիքը և հնարավորությունը երբեք ավելի մեծ չի եղել:

Մի քանի օրից միսիոներները, ովքեր նստած են իմ ետևում, կուղարկվեն ձեր ծխերն ու ցցերը: Քանի որ միսիոներների թիվը շարունակում է աճել, մենք հարցրեցինք. «Ի՞նչ են անելու բոլոր այս միսիոներները»: Մեր պատասխանն է՝ նրանք անելու են նույն բանը, ինչ միսիոներները միշտ արել են. նրանք հետևելու են մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին և քարոզելու են Նրա վերականգված ավետարանը:

Միսիայի նախագահը կրում է բանալիները նախագահելու և ղեկավարելու իրեն հանձնարարված միսիան: Ցցի նախագահը կրում է միսիոներական աշխատանքի բանալիները իր ցցում: Եպիսկոպոսը կրում է բանալիները նախագահելու իր ծխի միսիայում: Նրանք պետք է համագործակցեն և միաբանված աշխատեն՝ առաջ տանելով միսիոներական աշխատանքը այս արդի «թվայնացման դարում»: Եպիսկոպոսը կգործադրի իր բանալիները՝ ծխի խորհրդի հետ որոշելով և ուսուցանելով այն ընտանիքներին, որոնց կեսն անդամ են, իսկ կեսը՝ ոչ, և նրանց ընտանիքներին և ընկերներին և ոչ ակտիվ անդամներին, նրանց ընտանիքներին ու ընկերներին:

Ուղերձը, որով նրանք կկիսվեն, այսինքն՝ Քրիստոսի Քավությունը, Մորմոնի Գիրքը և ապրող մարգարեների խոսքերը, նույն ուղերձն է, որով ես եմ կիսվել, երբ երիտասարդ միսիոներ էի Հյուսիսային Նահանգների Միսիայում: Այնուամենայնիվ, որոշ ուղիներ, որոնցով մենք կիսվեցինք այդ ուղերձով, լիովին տարբեր են այն ուղուց, որով դուք կկիսվեք:

Երբ ես երիտասարդ միսիոներ էի, մենք կարողանում էինք խոսել՝ շփման մեջ մտնելով փողոցում և թակելով դռները՝ ավետարանով կիսվելու համար: Աշխարհը փոխվել է այդ ժամանակից ի վեր: Այժմ շատ մարդիկ զբաղված են իրենց կյանքի գործերով: Նրանք շտապում են այստեղ ու այնտեղ և հաճախ նրանք այնքան էլ չեն ուզում, որ լիովին անծանոթ մարդիկ մտնեն իրենց տները առանց հրավիրված լինելու կիսվել վերականգված ավետարանի ուղերձով: Ուրիշների հետ շփվելու հիմնական միջոցը՝ նույնիսկ, մոտ ընկերների հետ, հաճախ տեղի է ունենում համացանցի միջոցով: Ուստի միսիոներական աշխատանքի բուն էությունը պետք է փոխվի, եթե Տերը պետք է իրականացնի Իսրայելը հավաքելու Իր աշխատանքը «աշխարհի չորս ծայրերից» (2 Նեփի 21.12): Միսիոներներն այժմ լիազորված են օգտագործել համացանցը իրենց քարոզման ջանքերում:

Օրվա ոչ արդյունավետ պահերին, հիմնականում առավոտյան, միսիոներները կօգտագործեն ժողովատների և Եկեղեցու այլ շենքերի համակարգիչները կապվելու համար ունկնդիրների և անդամների հետ, աշխատելու համար տեղի քահանայության ղեկավարների և միսիայի ղեկավարների հետ, ստանալու և կապվելու համար հանձնարարված մարդկանց հետ, առաջ տանելու պարտավորությունները, հաստատելու պայմանավորվածությունները և ուսուցանելու սկզբունքներ Քարոզիր Իմ Ավետարանը գրքույկից, օգտագործելով mormon.org ը, Facebook ը, բլոգները, է-փոստերը և տեքստային ուղերձները:

Համացանցի մատչելիությունը միսիոներների համար և թվայնացնող միջոցները աստիճանաբար կօգտագործվեն հաջորդ մի քանի ամիսների ընթացքում և հաջորդ տարի: Մենք կապի մեջ կլինենք ձեզ հետ, երբ ժամանակը գա ձեր միսիայում և տարածքում այս միջոցներն օգտագործելու համար: Իհարկե, ապահովությունը ամենակարևորն է միսիոներական աշխատանքի այս նոր ձևերը կիրառելիս: Միսիաների նախագահները կղեկավարեն միսիոներների առցանց աշխատանքը, օգնելով նրանց ապահով մնալ այն բոլոր բաներում, որ նրանք անում են:

Բողոքներից մեկը, որը մենք հաճախ ենք լսում նրանցից, ովքեր հետաքրքրվում են մեր Եկեղեցով, այն է, որ նրանք քաջություն են հավաքում այցելելու մեր շենքերից մեկը և հանկարծ պարզում, որ այն փակ է և դատարկ: Այսպիսով, մենք նաև որոշել ենք բացել մեր ժողովատները շրջայցների համար: Միսիոներները կլինեն ժողովատներում՝ ողջունելու հետաքրքրվող անձանց և առաջնորդելու նրանց երկրպագության տնով, որտեղ նրանք կկարողանան ուսուցանվել և հրավիրվել մի վայր, որը գտնվում է Հոգու ուժեղ ազդեցության ներքո:

Երբ միսիոներները մտնեն այս նոր դարը, որտեղ նրանք կօգտագործեն համակարգիչներ Տիրոջ աշխատանքում, մենք հրավիրում ենք երիտասարդներին և մեծերին, չափահասներին և դեռահասներին, պատանիներին և երեխաներին ամենուրեք միանալ մեզ այս հուզումնալի նոր աշխատանքում՝ դառնալով Facebook-ի ընկերներ ձեր տարածքի միսիոներների հետ ՝ ձեր իսկ համակարգիչների միջոցով, և առցանց կիսվելով նրանց ավետարանական ուղերձով, այսպիսով մասնակից դառնալով միսիոներական աշխատանքին:

Դեռ մեկ տարին չի բոլորել, ինչ Նախագահ Մոնսոնը հնչեցրեց պատմական հայտարարություն՝ նվազեցնելով միսիոներական ծառայության տարիքը: Այդ ժամանակից ի վեր, հազարավորներ են ականջ դրել մարգարեի կոչին, և ավելի շատերն են միանում նրանց շարքերին ամեն շաբաթ: Համաձայն երկու օր առաջ հրապարակված տվյալների, ծառայող միսիոներների ընհանուր թիվը կազմում էր 70274: Երբեք նախկինում այսքան շատ միսիոներներ չեն հեղեղել աշխարհը: Իհարկե, մենք պետք է բոլոր այս սքանչելի միսիոներներին տեղավորեինք ինչ որ տեղերում և մենք ստեղծեցինք 58 նոր միսիաներ այս տարի՝ դարձնելով միսիաների ընդհանուր թիվը 405: Այս տարի մենք կանչեցինք նաև 173 նոր միսիաների նախագահներ. ավելի քան երբևէ կանչել էինք:

Միսիոներները և միսիայի նախագահները հստակորեն արձագանքեցին Տիրոջ կանչին: Այժմ Նա կանչում է մեզ՝ անդամներիս ծառայելու նրանց և Նրա կողքին Իր մեծ աշխատանքում:

Ճիշտ ինչպես միսիոներները պետք է հարմարվեն փոփոխվող աշխարհին, անդամները ևս պետք է փոխեն իրենց մտածելակերպը անդամների միսիոներության վերաբերյալ: Այս ասելով, ես ցանկանում եմ պարզ դարձնել, որ որպես անդամներ աշխատանք կատարելու մեզ ուղղված խնդրանքը չի փոխվել. փոխվել է այն ձևը, որով մենք կատարում ենք ավետարանով կիսվելու մեր պարտականությունը, որը պետք է հարմարեցնենք փոփոխվող աշխարհին:

Գրեթե 54 տարի առաջ էր, երբ Նախագահ Դեյվիդ Օ.ՄակՔեյն առաջին անգամ կոչ արեց յուրաքանչյուր անդամի միսիոներ լինել: Նախագահ Հինքլին կոչ արեց մեզ օգտագործել ավելի լավ ուղի միսիոներական աշխատանք կատարելու համար: Դա միայն դռնե-դուռ լսողներ գտնելը չէ: Կա ավելի լավ ուղի: Նախագահ Մոնսոնն ընդգծեց, որ ավելի լավ ուղին անդամների և միսիոներների համատեղ աշխատանքն է. ավետարանը քարոզելիս իրենց ջանքերում համագործակցելը:

Այս հայտարարությունները ուղղակի կրկնողություններն են նրա, ինչ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ինքն է ուսուցանել. «Այն ամենից հետո, ինչ ասվել է, մեծագույն և ամենակարևոր պարտականությունը ավետարանը քարոզելն է» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 330):

Ոչ մի բան մարգարեական այս կոչերում չի փոխվել: Մեզանից ամեն մեկի մեծագույն պարտականությունը, անկախ մեր կոչումից կամ Եկեղեցու դիրքից, ավետարանը քարոզելն է: Դա այնքան ճշմարիտ է այսօր, որքան եղել է Ջոզեֆ Սմիթի օրերում կամ ժամանակի որևէ այլ տնտեսությունում:

Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք կատարել ավետարանը քարոզելու Տիրոջ այս կոչը: Մեզ համար ուղիներից մեկը միսիոներական աշխատանքում մեկ նպատակի մեջ լինելն է:

Մեկ նպատակի մեջ լինելը նշանակում է ավելին, քան ուղղակի մեկ ընդհանուր նպատակ ունենալն է: Օրինակ, մեր երեխաներից շատերը հետաքրքրվում են ֆուտբոլով: Նրանք արագ սովորում են, որ գնդակը ցանցի մեջ նետելը բերում է միավոր: Սկզբում նրանք չեն հասկանում խաղի գեղեցիկ պահերը: Նրանք ունեն նույն նպատակը՝ միավոր վաստակելը, սակայն նրանք լավ կազմակերպված չեն: Նրանք ուղղակի ողջ խմբով հավաքվում են գնդակի շուրջը:

Մեզանից շատերը միսիոներական աշխատանքում ընկնում են այս նույն կարգավիճակի մեջ: Կարծում ենք, թե մենք տեսնում ենք վերջնական նպատակը, սակայն մենք չենք տեսնում մեր նպատակը դրանում, մենք չգիտենք այն դերը, որը մենք պետք է խաղանք: Մենք ունենք հասկացողության, ոչ թե ցանկության պակաս:

Հարցրեք այսօր որևէ լիաժամկետ միսիոների այստեղ, թե ո՞րն է նրանց միսիայի նպատակը, և ես վստահ եմ, որ յուրաքանչյուրը կպատասխանի ոգևորությամբ. «Իմ նպատակն է «հրավիրել ուրիշներին գալ դեպի Քրիստոսը, օգնելով նրանց ստանալ վերականգնված ավետարանը Հիսուս Քրիստոսի ու Նրա Քավության հանդեպ հավատքի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևի և մինչև վերջ համբերելու միջոցով» (Քարոզիր Իմ Ավետարանը. միսիոներական ծառայության ուղեցույց [2004], 1):

Եղբայրներ և քույրեր, եթե մեր «մեծագույն և ամենակարևոր պարտականությունն է՝ քարոզել ավետարանը», ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթն է նշել, ապա մեր նպատակը պարզ է. Նրա Եկեղեցում մեր անդամակցության շնորհիվ մեզանից յուրաքանչյուրը կանչված է և լիազորված «հրավիրել ուրիշներին գալ դեպի Քրիստոս», լինեն նրանք ակտիվ անդամներ, նոր անդամներ, քիչ ակտիվ անդամներ, թե՝ ոչ անդամներ: Եթե կա որևէ մեկը մեր շրջապատում՝ ոչ անդամ կամ քիչ ակտիվ անդամ, ով չի ստացել «վերականգված ավետարանը Հիսուս Քրիստոսի ու Նրա Քավության հանդեպ հավատքի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևի և մինչև վերջ համբերելու միջոցով», մենք հրավիրում ենք նրանց անել դա:

Այս պարտականությունը միմիայն միսիոներների վրա չէ դրված:

Այս թյուրըմբռնման վերաբերյալ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին նշել է. «Մենք կարող ենք թողնել, որ միսիոներները միայնակ փորձեն անել դա, կամ մենք կարող ենք օգնել նրանց: Եթե նրանք դա մենակ անեն, նրանք կթակեն դռներ օրեց-օր և բերքահավաքն աղքատիկ կլինի: Կամ էլ՝ որպես անդամներ մենք կարող ենք օգնել նրանց գտնել և ուսուցանել ունկնդիրների» (“Find the Lambs, Feed the Sheep,” Ensign, May 1999, 107):

Ժամանակն է, որ հասկանանք, որ մենք՝ հարևանները, ընկերները և քիչ ակտիվ անդամների և ոչ անդամների ընտանիքները կատարյալ դիրքում ենք, որպեսզի սիրով և հարգանքով պատշաճ հրավեր հղենք նրանց, ովքեր արժանի են դրան: Մենք հույս ունենք, որ հրավերը կընդունվի, բայց եթե այն չի ընդունվում, մենք պետք է շարունակենք ցույց տալ ընկերասիրություն և Քրիստոսանման սեր, որպեսզի նա, ում մենք հրավերել ենք, իմանա, որ հարաբերությունը, որ մենք ստեղծել ենք և զարգացրել, պարզապես միջոց չէր նրանց մղելու ինչ որ բան անել, այլ հարատև և ճշմարիտ ընկերություն:

Իհարկե Տիրոջ Եկեղեցին կարգուկանոնի եկեղեցի է, և այս աշխատանքը առաջ կշարժվի քահանայության համապատասխան բանալիների ներքո: «Եպիսկոպոսի ղեկավարության ներքո ծխի խորհուրդը մշակում է ծխի միսիայի ծրագիր: Ծրագիրը պետք է լինի համառոտ և պարզ: Այն պետք է ներառի հատուկ նպատակներ և միջոցառումներ՝ օգնելու ծխի քահանայության անդամներին և օժանդակ կազմակերպություններին մասնակցել անդամների միսիոներական, պահպանման և ակտիվացման աշխատանքին: Ծխի խորհուրդը համաձայնեցնում է ծխի միսիոներական ծրագիրը լիաժամկետ միսիոներների ծրագրի հետ, ովքեր նշանակված են ծխում» (Handbook 2: Administering the Church [2010], 5.1.8):

Եպիսկոպոսը ղեկավարում է փրկության աշխատանքը իր ծխում՝ ծխի խորհրդի միջոցով: Ծխի խորհուրդը որոշում է նրանց, ովքեր կարող են ստանալ հրավեր՝ ուսուցանվելու միսիոներական դասերը կամ վերադառնալու լրիվ ակտիվության, և որոշում է, թե ծխում ով է հարմար՝ լավագույն ձևով, պատշաճ սիրով և հարգանքով այդպիսի հրավեր անելու:

Երեցների քվորումի նախագահը և քահանայապետերի խմբի ղեկավարը ծխի խորհրդի անդամներ են: Նրանք պարտավոր են գտնել քվորումի քիչ ակտիվ անդամներին և աշխատելով ծխի խորհրդի մեկ այլ անդամի հետ նրանց առաջնորդել ետ՝ դեպի Եկեղեցու լիակատար ակտիվություն: Քահանայությունը իրենց տները վերադարձնելը կօրհնի ընտանիքներին սերունդներ շարունակ:

Այնուհետև ծխի խորհուրդը գտնում է քիչ ակտիվ անդամներին, ում կարող են այցելել և ուսուցանել լիաժամկետ միսիոներները: Ծխի միսիոներական աշխատանքի ղեկավարը՝ լինելով ծխի խորհրդի անդամ, աշխատում է միսիոներների հետ՝ լրացնելով միսիոներների աշխատանքային օրացույցները անուններով, ովքեր առավել մեծ օգուտ կքաղեն այցելությունից:

Չնայած լիաժամկետ միսիոներները պատասխանատու են ունկնդիրներին ուսուցանելու համար, նրանք կարող են և պետք է ուղեկցվեն ծխի խորհրդի անդամների, ծխի միսիոներների կամ այն անդամների կողմից, ովքեր անձնական կապեր ունեն ունկնդիրների հետ: Անդամները, ովքեր ուղեկցում են միսիոներներին, պետք է բերեն վկայություն այն սկզբունքների վերաբերյալ, որոնք ուսուցանվում են միսիոներական դասերի ժամանակ, և անրապնդեն այդ սկզբունքները միսիոներների հետ տեսակցությունների միջև ընկած ժամանակահատվածում:

Ծխի խորհուրդը կարող է հրավիրել լիաժամկետ միսիոներներին օգնել ծխի միսիոներներին՝ քիչ ակտիվ անդամների տնային ուսուցում կամ այցելությամբ ուսուցում տրամադրելիս, կամ ուսուցանել նոր անդամների դասերը: Մենք հասկանում ենք, որ շատ քիչ նոր մկրտված անդամներ են ստանում նոր անդամների համար դասերը:

Տերը ցանկանում է, որ մենք «ջերմեռանդ ներգրավված լինենք բարի գործի մեջ և շատ բաներ անենք [մեր] իսկ ազատ կամքով, և շատ արդարություն գործենք» (ՎևՈւ 58.27):

Երբ ես ասում եմ՝ «ջերմեռանդ ներգրավված լինելու բարի գործի մեջ», ես հիշում եմ իմ երիտասարդ ընկեր Սքոթին: Սքոթը որոշ դժվարություններ ունի, որոնք նրան ինչ որ տեղ սահմանափակում են, բայց մյուս կողմերից նա արտասովոր է: Օրինակ, նրա համարձակությունը որպես միսիոներ մրցակցում է Մոսիայի որդիների համարձակության հետ: Ես համոզված եմ, որ Սքոթի մտքում աներևակայելի է, որ բոլորը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ չեն և որ ոչ բոլորն են կարդացել Մորմոնի Գիրքը և չունեն վկայություն դրա ճշմարտացիության մասին:

Երբ Սքոթը մենակ իր առաջին թռիչքն էր կատարում օդանավով՝ իր եղբորը հանդիպելու համար, նրա կողքին նստած անձնավորությունը լսեց այս խոսակցությունը.

«Ողջույն, իմ անունը Սքոթ է: Իսկ ձ՞եր անունը»:

Նրա հարևանն ասաց իր անունը:

«Ի՞նչ եք աշխատում»:

«Ես ինժեներ եմ»:

«Հիանալի է: Որտե՞ղ եք ապրում»:

«Լաս Վեգասում»:

«Մենք տաճար ունենք այնտեղ: Գիտե՞ք, թե որտեղ է Մորմոնական տաճարը»:

«Այո: Գեղեցիկ շենք է»:

«Դուք Մորմո՞ն եք»:

«Ոչ»:

«Դեհ, պետք է դառնաք: Դա հիանալի կրոն է: Կարդացե՞լ եք Մորմոնի Գիրքը»:

«Ոչ»:

«Ուրեմն, պետք է կարդաք: Այն հիանալի գիրք է»:

Ոչ ոք չէր հանձնարարել Սքոթին խոսել իր հարևան ուղևորի հետ: Ես նունիսկ չգիտեմ, թե նա արդյոք գիտակցաբար մտածում էր իր մկրտության ուխտի մասին՝ «կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ դուք կարող է լինեք, նույնիսկ մինչև մահ» (Մոսիա 18.9), սակայն նրա հրավերը, անշուշտ, ցույց է տալիս, որ այդ ուխտն արմատացած է նրա մեջ:

Մենք նույնպես չպետք է սպասենք հանձնարարության՝ հրավիրելու մեր ոչ անդամ ընտանիքի անդամին, ընկերներին և հարևաններին Եկեղեցի հաճախել, կարդալ Մորմոնի Գիքը կամ հանդիպել լիաժամկետ միսիոներների հետ: Որպես տնային և այցելող ուսուցիչներ մենք չպետք հանձնարարություն ստանանք հրավիրելու քիչ ակտիվ անդամներին մեր տուն կամ այցելելու և ուսուցանելու լիարժեք ակտիվությանը վերադառնալու համար կամ նախապատրաստելու տաճարային օրհնությունները ստանալուն: Վերոհիշյալ ուխտից բացի մենք նաև սուրբ ուխտ ենք կապել «կրելու մեկս մյոսի բեռը, որ դրանք թեթև լինեն … և սգալու նրանց հետ, ովքեր սգում են. Այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության» (Մոսիա 18.8–9):

Կատարելով ավետարանով կիսվելու մեր պարտականությունը և օգնելով մեր քիչ ակտիվ ընկերներին և հարևաններին վերադառնալ լիակատար ակտիվության, մենք առավել արդյունավետ կլինենք, եթե ոգեշնչում որոնենք և գործենք սիրուց մղված, ինչպես Փրկչի, այնպես էլ՝ այն անձնավորության հանդեպ, ում մենք սպասավորում ենք: Օրինակ, մտածեք այն աղոթքի մասին, որ Ալման ասաց, երբ նա և նրա ընկերակիցները պատրաստվում էին ուսուցանել Զորամացիներին:

«Ով Տեր, խնդրում եմ շնորհիր մեզ, որ մենք կարողանանք հաջողություն ունենալ՝ նրանց կրկին Քրիստոսով դեպի քեզ բերելու:

Ահա, ով Տեր, նրանց հոգիներն արժեքավոր են, և նրանցից շատերը մեր եղբայրներն են. Հետևաբար, ով Տեր, տուր մեզ զորություն և իմաստություն, որ կարողանանք մեր այս եղբայրներին կրկին բերել քեզ մոտ» (Ալմա 31.34–35):

Ալման ընդունեց, որ յուրաքանչյուր անձավորություն, որի համար նա ուղարկվել էր ուսուցանելու, Աստծո հոգևոր զավակն էր և իր իսկ հոգևոր եղբայրը կամ քույրը, և նա սիրում էր նրանց: Աղոթելուց հետո Ալման և նրա ընկերակիցները լցվեցին Սուրբ Հոգով և անմիջապես գնացին աշխատելու:

Խոսելով Ալմայի փորձառության և աղոթքի մասին մեր օրերում, Նախագահ Գորդոն Բ.Հինքլին ասել է. «Յուրաքանչյուր անդամի սրտում թող գիտելիք սերմանվի ուրիշներին ճշմարտության գիտությանը բերելու իր սեփական ներուժի վերաբերյալ: Թող նա աշխատի այդ ուղղությամբ: Թող նա աղոթի մեծ անկեղծությամբ դրա համար: Թող ամեն անդամ աղոթի, ինչպես Ալման հին օրերում» (“Find the Lambs, Feed the Sheep,” 106):

Տիրոջ աշխատանքն առաջ է շարժվում, երբ մեզանից յուրաքանչյուրը հասկանում է և կատարում իր նպատակը: Քահանայությունը կզորացվի և մենք կզգանք մեծ հաջողություն միսիոներական և վերակտիվացման գործում, երբ ծխի խորհուրդները, անդամները և լիաժամկետ միսիոներները միավորված լինեն Տիրոջ նպատակով:

Անկասկած չի կարող լինել ավելի հուզումնալի ժամանակ Տիրոջ աշխատանքի մեջ ներգրավվելու համար: Մի աշխարհում, որտեղ մենք կարող ենք այնքան հեշտորեն կիսվել մեր վկայություններով, Աստծո արքայությունը անկասկած կտարածվի, ինչպես քարը Նաբուգոդոնոսորի երազում, մինչև որ լցնի ողջ աշխարհը (տես Դանիել Բ):

Թող որ, ինչպես անդամները, այնպես էլ՝ միսիոներները, ընդմիշտ միավորված լինեն մեր միսիոներական նպատակներն իրականացնելիս, օգնելով ուրիշներին գալ դեպի Քրիստոսը: Թող որ մենք լինենք լույս և փարոս ողջ աշխարհի և, հատկապես, Աստծո զավակների համար, ովքեր որոնում են Տիրոջ օրհնությունները: Սա իմ աղոթքն է՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: